
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Արման Եղիազարյան, Գրիգոր ԱրշակյանԹուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունները
2008թ. օգոստոսին վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունում լուրջ տեղաշարժեր տեղի ունեցան: Հաշվի առնելով Թուրքիայի նախաձեռնությունները Մերձավոր Արևելքում և Կովկասում, հարևանների հետ «զրո խնդիրներ» ունենալու արտաքին քաղաքական առաջնայնությունը, Իսրայելի հետ հարաբերությունների լարումը, կարելի է եզրակացնել, թե Թուրքիան փոխում է արտաքին քաղաքական գիծը և շարժվում Արևելք:
Երբ 2003թ. Թուրքիայում իշխանության եկան իսլամիստները` ի դեմս Արդարություն և զարգացում կուսակցության (AKP), Թուրքիան որդեգրեց «զրո խնդիրներ հարևանների հետ» բանաձևը. արտաքին քաղաքական ուղղություն, որի կնքահայրը Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն է: Թերևս 2002թ. ոչ ոք չէր պատկերացնում, թե հարևանների հետ ոչ մի խնդիր չունենալու իսլամիստների ցանկությունն այդքան հեռուն կհասնի: Այդ քաղաքականության արդյունքում Թուրքիան, ըստ էության, զգալիորեն կարգավորեց հարաբերություններն անմիջական հարևանների` Հունաստանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ: Ակտիվորեն ներքաշվեց Մերձավոր Արևելքի հակամարտություններում միջնորդի դեր ստանձնելու նախաձեռնությունների մեջ: Անկարան ձեռք բերեց ողջ իսլամական աշխարհի վստահությունը` քննադատելով Իսրայելին Գազայում կատարած գործողությունների համար:
2009թ. հոկտեմբերին Անկարան թույլ չտվեց Իսրայելին մասնակցել Թուրքիայում ՆԱՏՕ զինավարժություններին` ի նշան Գազայի ռմբակոծությունների դեմ բողոքի: Ավելին, Թուրքիան հայտարարեց, որ մոտ ապագայում համատեղ ռազմական զորավարժություններ կանցկացնի Սիրիայի հետ: Այսօր Անկարան ոչ միայն կարգավորում, այլև, ըստ էության, ռազմավարական հարաբերություններ է կառուցում Դամասկոսի հետ: Այս ամենով հանդերձ, սակայն, Թուրքիան չի հրաժարվում Սիրիայի և Իսրայելի միջև միջնորդի դերը շարունակելու ցանկությունից:
Թուրքիան որակապես այլ մակարդակ տեղափոխեց հարաբերություններն Իրանի հետ: 2009թ. հոկտեմբերին` Թեհրան մեկնելուց առաջ, բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում, Էրդողանը պաշտպանեց Իրանի միջուկային ծրագիրը և Արևմուտքին մեղադրեց Իրանի հանդեպ երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառելու մեջ: Այս ամենից հետո բազմաթիվ վերլուծաբաններ սկսեցին խոսել ոչ միայն Թուրքիայի` արևմտամետ քաղաքական ուղեգիծը փոխելու, այլև ՆԱՏՕ-ից հեռանալու հնարավորության մասին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Անկարան ռազմավարական հարաբերություններ հաստատեց նաև Մոսկվայի հետ:
Հստակորեն կարող ենք նշել, որ Թուրքիան վերջին շրջանում արտաքին քաղաքական ակտիվությունը շրջել է դեպի հարևան երկրները: Այս փոփոխության պատճառներից է երկրում աճող դժգոհությունը ԱՄՆ-ի և եվրոպական երկրների` Գազայի հատվածի և Իրանի հանդեպ քաղաքականության նկատմամբ: Բացի այդ, այս ամենը պայմանավորված է նաև «իսլամական վերածննդով», որն այժմ նկատվում է Թուրքիայում: Եթե Թուրքիան շարունակի նույն ուղով ընթանալ, այս ամենը կարող է լուրջ ռազմավարական նշանակություն ունենալ տարածաշրջանի համար, քանի որ այս երկիրը կարող է հակակշիռ դառնալ Իրանին:
Լարվածությունը թուրք-իսրայելյան հարաբերություններում
Իսրայել-Թուրքիա հարաբերությունները լուրջ փորձությունների առջև կանգնեցին Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքները 2008թ. վերջին սկսված և 22 օր տևած ռմբահարումների հետևանքով: Լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտեց Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունը` այն որակելով ցեղասպանություն: Թուրք-իսրայելյան հարաբերությունները խիստ լարվեցին 2009թ. հունվարի 30-ին Դավոսում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի «Գազան` մոդել Միջին Արևելքի համար» խորհրդաժողովից հետո: Ուղիղ եթերում Էրդողանը մեղադրանքներ ուղղեց Իսրայելի հասցեին: Բացի այդ, Թուրքիայի վարչապետը հանդիմանել էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին` նշելով. «քո արարքը բխում է հանցագործի հոգեբանությունից, և իսրայելցիներդ սպանել լավ գիտեք»:
Վարչապետ Էրդողանի խոսքերին անմիջապես արձագանքեցին Իսրայելն ու ԱՄՆ հրեական կազմակերպությունները:
Ակնկալվում էր, որ վարչապետ Էրդողանն, այնուամենայնիվ, հետքայլ կկատարի, սակայն դա տեղի չունեցավ: Էրդողանի ելույթը դրվատեցին պաղեստինյան «Համաս» արմատական շարժման ներկայացուցիչները, իսկ թուրքերն օդանավակայանում իրենց վարչապետին դիմավորել էին որպես ազգային հերոսի:
Թուրք-իսրայելյան հարաբերությունները մինչ օրս շարունակում են բավական լարված մնալ, թեև երկու երկրների ղեկավարներն էլ ժամանակ առ ժամանակ հարաբերությունները բարելավելու քայլեր են ձեռնարկում:
Միևնույն ժամանակ, Իսրայելը մտավախություն է հայտնել, որ Թուրքիայում իշխանության եկած իսլամիստական կուսակցությունը կարողացել է ճնշել բանակի դիմադրությունը, և Թուրքիայի ու Իսրայելի միջև ավանդական ռազմավարական համագործակցությունը մոտեցել է վերջին: Ավելին, իսրայելյան լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիան անչափ մոտ է Իրանի հետ դաշինքի ստեղծմանը, սա, ըստ իսրայելցիների, հաստատում են նաև Հայաստանի հետ վերջերս ստորագրած համաձայնագրերը: Ամրապնդվում են Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ, և Իսրայելին շատ է մտահոգում Անկարա-Դամասկոս-Թեհրան դաշինքի ձևավորումը, քանի որ կարող է լրջորեն վտանգել Իսրայելի անվտանգությանը: Իրենց հերթին, իսրայելյան լրատվամիջոցներն ավելի հաճախ սկսեցին հայտարարել, որ ռազմավարական կապերը Թուրքիայի հետ կարծես «ավարտվել» են:
Անկարա-Թեհրան և Անկարա-Դամասկոս համագործակցությունը` սպառնալիք Իսրայելի համար
Թուրքիայի և Իրանի հարաբերությունները, թեև ավանդաբար մրցակցային և հակամարտող բնույթ են կրել, այնուամենայնիվ, Թուրքիայի ներկայիս ղեկավարող վարչակարգը` վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, էական հաջողության է հասել Իրանի հետ համագործակցության և հարաբերությունների բարելավման հարցում: Մասնավորապես, բավական ինտենսիվորեն զարգանում են թուրք-իրանյան տնտեսական և քաղաքական հարաբերությունները:
Դրա ապացույցն է 2009թ. հոկտեմբերին Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգունի հայտարարությունը, թե Թուրքիան և Իրանը պատրաստվում են ստեղծել միացյալ ազատ առևտրի գոտի, որին կարող են միանալ նաև Հայաստանն ու Սիրիան: Թուրք նախարարի խոսքերով. «Թուրքական Իգդիր քաղաքի մերձակայքը կլինի այն տարածքը, որտեղ երկու երկրների ընկերությունները կարող են ազատ ռեժիմով վաճառել նավթամթերքներ, էլեկտրաէներգիա, տեխնիկական սարքավորումներ և այլն:
Վելոհիշյալ նախագծի կապակցությամբ Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեինպուրան Թուրքիայի ներքին առևտրի նախարար Զաֆեր Չագլեյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ այս նախագծի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջև բեռնափոխադրումը: Դեսպանի խոսքերով` Իրանն ու Թուրքիան նախատեսում են մեծացնել երկկողմ ապրանքափոխանակությունն առաջիկա հինգ տարիներին. այն 2008թ. կազմել է $10 մլրդ: Թեհրանն ու Անկարան ուզում են նաև հանել ոչ ցամաքային փոխադրումների բոլոր արգելքները:
Միաժամանակ ակտիվորեն քննարկվում է նաև Թուրքիա-Իրան-Իրաք առևտրատնտեսական գոտու ստեղծման գաղափարը, որի առնչությամբ Թուրքիայի արդյունաբերության նախարար Էրգունը դեռևս սույն թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ այն կարող է դառնալ Մերձավոր Արևելքի խոշորագույն տնտեսական բազան, ընդ որում՝ նշելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են միանալ այդ նախագծին:
Թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով 2009թ. մարտին Իրանը և Թուքիան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով համաձայնեցին համագործակցել օդային, ծովային և ցամաքային փոխադրումների ոլորտում` ցանկանալով կրկնապատկել ապրանքաշրջանառությունը` $10 մլրդ-ից 2011թ. հասցնելով $20 մլրդ-ի (ներկայումս Թուրքիայի արտահանումը Իրան տարեկան կազմում է մոտ $1,87 մլրդ, իսկ ներմուծումը` 7,84 մլրդ, որտեղ գերակշռում է էներգակիրների ներմուծումը): Այս համատեքստում հիշատակման է արժանի այն, որ 2009թ. դեկտեմբերին Թուրքիայի տնտեսական կցորդ Ահմադ Նուրին հայտարարեց, թե Թուրքիան Իրանից օրական ստանում է 18 մլն մ3 գազ, ինչի արդյունքում Իրանը դարձել է Թուրքիային երկրորդ ամենախոշոր գազ տրամադրողը` Ռուսաստանից հետո:
2009թ. դեկտեմբերին BBC-ին հրատարակեց Իրանի միջազգային առևտրային արժեքների մասին տեղեկություն, ըստ որի՝ 2009թ. հունիսի դրությամբ Թուրքիան ներմուծման և արտահանման 5,6%-ով Իրանի առևտրային գործընկերների շարքում 5–րդ տեղում էր` հետևելով ԵՄ-ին, Չինաստանին, Ճապոնիային և Հարավային Կորեային:
Թուրք-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում մեծ կարևորություն ստացավ 2009թ. հոկտեմբերի 27-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցելությունը Իրան, որի ընթացքում Էրդողանը հանդիպել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեիի և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Թուրքիայի վարչապետի՝ Իրան կատարած այցը նշանավորվեց էներգետիկ պայմանագրի ստորագրմամբ: Շուրջ երկուսուկես տարի սեղանին դրված բնական գազի պայմանագիրը վերջապես ստորագրվեց:
Համաձայն այդ փաստաթղթի` Թուրքիան, ի դեմս թուրքական TPAO ընկերության, հնարավորություն է ստանում «Հարավային ֆարս» ավազանից գազ արդյունահանել: Այդ գազի պաշարի մի մասը նախատեսված է ուղարկել «Նաբուկո»-ին: Թուրքական աղբյուրները թուրք-իրանական այդ պայմանագիրը համարել են պատմական: Պայմանագիրը երեք առանցքային կետ է բովանդակում.
- «Հարավային ֆարս» ավազանի բնական գազի որոշ հանքավայրեր հատկացվելու են Թուրքական TPAO-ին:
- Իրանական գազը Թուրքիայով արտահանվելու է եվրոպական շուկա:
- Թուրքմենական գազն Իրանով մատակարարվելու է Թուրքիա:
Մինչ Իրան ժամանելը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էր Պակիստան: Այդ այցելությունն Անկարան պայմանավորում էր Իրան-Պակիստան լարվածությունը մեղմելու համար Թուրքիայի ստանձնած միջնորդական առաքելությամբ: Իսլամաբադում Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե թույլ չի տա, որ Իրանի ու Պակիստանի միջև հարաբերություններում առկա ճգնաժամը խորանա: Նա Իրանը որակել է որպես Թուրքիայի ընկեր և ընդգծել Արևմուտքի «ոչ օբյեկտիվ հարաբերությունն» իրանական միջուկային ուսումնասիրությունների նկատմամբ: Ըստ Թուրքիայի վարչապետի, դա խաղաղ բնույթ ունի:
Թուրքիայի միջնորդությանը Իրան-Պակիստան հարաբերություններում նախորդել էր միջնորդական մեկ այլ առաքելություն Սիրիա-Իրաք լարվածության առումով, և թուրքական նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել: Այս համատեքստում ուշագրավ էր այն փաստը, որ Թուրքիայի միջնորդությամբ Ստամբուլում տեղի էին ունեցել Իսրայել-Սիրիա գաղտնի բանակցությունները: Թեև Իսրայելը մերժել էր «Համասի» հարցում միջնորդի դեր կատարելու Թուրքիայի առաջարկը, սակայն վերջինը միջնորդական առաքելությամբ հանդես գալու պատրաստակամություն է ցուցաբերում պաղեստինյան երկու կազմակերպությունների` «Ֆաթհի» և «Համասի» հակասությունները հարթելու համար:
Չի բացառվում, որ պաղեստինյան այս կազմակերպություններն ընդունեն Թուրքիայի առաջարկը: Այդ դեպքում արդեն իրատեսական կդառնա նրա միջնորդությունը Պաղեստին-Իսրայել հակամարտությունում: Դա կնպաստի տարածաշրջանում Թուրքիայի աննախադեպ ակտիվացմանն ու միջազգային հեղինակության աճին:
Թուրք-իրանական հարաբերությունների ջերմացման ֆոնին տպավորիչ էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը, որ Եվրամիությունը պետք է խնդրի Թուրքիային դառնալ այդ կառույցի անդամ: Իրանի նախագահի կարծիքով՝ աշխարհում նոր պայմաններ և նոր միջավայր է առաջացել, և սկսվել է մարդասիրության, մշակույթի և բարոյականության նոր դարաշրջան: Նրա խոսքերով` հնագույն մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող պետությունները, ինչպիսին Թուրքիան և Իրանն են, պետք է զարգանան այս փուլում:
Վերջին ժամանակներս էականորեն զարգանում են ոչ միայն թուրք-իրանական առևտրատնտեսական, այլև քաղաքական հարաբերությունները: Մասնավորապես, 2008թ. օգոստոսին Իրանի նախագահ Ահմադինեժադի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցից հետո Թուրքիան և Իրանը սկսեցին ձևավորել նոր քաղաքական հարաբերություններ: Այցի ընթացքում երկու երկրները ստորագրեցին անվտանգության, համագործակցության, փոխըմբռնման 5 հուշագիր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և կրթության ոլորտներում: Թուրք-իրանական հարաբերությունների զարգացման մասին են վկայում վերջին ամիսներին թուրք-իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները: Այս շրջանակներում մեծ կարևորություն էր ներկայացնում 2009թ. նոյեմբերի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, քանի որ Դավութօղլուն Իրան է մեկնել միջուկային ծրագրի շուրջ վարվող Իրան-Արևմուտք բանակցություններում ծագած ճգնաժամի պայմաններում:
Իրանի նախագահ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ հարցեր և տնտեսական հարաբերությունները տարածաշրջանում: Ահմադինեժադ-Դավութօղլու հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ երկու պետություններն էլ գտնվում են համաշխարհային կարևորության առևտրային ճանապարհների վրա: Մասնավորապես, Իրանով և Թուրքիայով են անցնում Բանդար Աբաս-Տրապիզոն և Չինաստան-Եվրոպա հանգուցային մայրուղիները: Կողմերը եկել են ընդհանուր համաձայնության` Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը մինչև $30 մլրդ-ի հասցնելու շուրջ: Շեշտվել է այն հանգամանքը, որ թուրք-իրանական հարաբերությունները շարունակվելու են զարգանալ, և ոչ մի պետություն չի կարող խոչընդոտել այդ գործընթացին:
Թուրք-իրանական համագործակցության լավագույն օրինակներից են 2009թ. դեկտեմբերին Թուրքիայի զինված ուժերի և իրանական բանակի համատեղ գործողությունները Թուրքիայի Մարդին և Շրնաք նահանգներում, որի արդյունքում սպանվել էին Քրդական բանվորական կուսակցության (PKK) 9 զինյալներ: Սպանված զինյալների մեջ եղել են և PKK-ի Մարդինի պատասխանատու` Ռուստում ծածկանունով Օմեր Մուսլումը և Շրնաքի պատասխանատու` Ջուդի ծածկանունով Ռեշադ Չիչեքը:
Ըստ էության, թուրք-իրանական տնտեսական համագործակցությունը որակական նոր մակարդակ է թևակոխում: Եթե ներկայումս Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը հասնում է $12 մլրդ-ի, ապա երկու տերությունները նախատեսում են այն ավելացնել` հասցնելով 30 մլրդ-ի: Լուրջ տեղաշարժ է նկատվում երկկողմ քաղաքական հարաբերություններում: Եթե հաշվի առնենք նաև թուրք-սիրիական հարաբերություններում վերջին ժամանակներս նկատվող էական բարելավումը և Թուրքիայի ու Սիրիայի իշխանությունների ձգտումները՝ հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա խոչընդոտները, ուստի բավական իրատեսական է Իսրայելի մտահոգությունը Անկարա-Դամասկոս-Թեհրան դաշինքի ձևավորման հնարավորության հեռանկարների շուրջ, քանի որ այն կարող է լրջորեն վտանգել Իսրայելի անվտանգությունը: Իսրայելի մտահոգություններն էլ ավելի խորացան, երբ 2009թ. դեկտեմբերին ի հայտ եկան Թուրքիայի ու Սիրիայի միջև ճգնաժամ առաջացնող ջրի խնդրի վերջնական լուծման մասին լուրերը, համաձայն որի՝ երկու երկրների միջև կնքվել էր Սիրիայի Տիգրիս գետից ջրօգտագործման և Ասի գետի վրա համատեղ արգելափակոց կառուցելու մասին պայմանագիր:
Հարկ է նշել, որ թեև Թուրքիայի և Սիրիայի միջև առկա են բազմաթիվ լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ, 2003թ. թուրք-սիրիական հարաբերությունները թևակոխվեցին որակական նոր փուլ, երբ Թուրքիայում իշխանության եկավ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնավորապես, Սիրիայի իշխանությունները Թուրքիան սկսեցին դիտարկել որպես նոր բարեկամ երկիր, երբ Էրդողանը 2004թ. մերժեց Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի` Իսրայել այցելության հրավերը, իսկ 2004թ. դեկտեմբերին այցելեց Դամասկոս: Բացի այդ, Էրդողանը ոչ միայն չմասնակցեց 2005թ. փետրվարին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի դեմ իրականացված մահափորձից հետո ԱՄՆ գլխավորությամբ հակասիրիական արշավին, այլև 2005թ. մայիսին թուրքական պատվիրակություն ուղարկեց Դամասկոս, որի անդամները Սիրիայի խորհրդարանի դարպասների առջև մամլո ասուլիս տվեցին` իրենց աջակցությունը հայտնելով Սիրիային: Զարգանում են նաև թուրք-սիրիական առևտրատնտեսական հարաբերությունները. 2008թ. երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է $2,5 մլրդ:
Թուրք-սիրիական հարաբերություններն աննախադեպ սերտացան 2009թ. դեկտեմբերի վերջին ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիա կատարած այցելությունից հետո: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետն ասել էր. «Սիրիան մեզ համար ոչ միայն 20 միլիոնանոց բնակչությամբ շուկա է, այլև դարպաս դեպի 320 միլիոնանոց Մերձավոր Արևելքի շուկա»: Էրդողանը նաև նշել էր, որ թուրքական բանկերը պատրաստվում են մասնաճյուղեր բացել Սիրիայում: Բացի այդ, Թուրքիան և Սիրիան ստորագրել են ազատ առևտրի պայմանագիր և փոխադարձաբար հանել մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը, ինչպես նաև կնքել են տարբեր ոլորտներին առնչվող 50 պայմանագիր:
Կարող ենք եզրակացնել, որ Թուրքիայի ռազմավարությունը կապված է Մերձավոր Արևելքի արաբական երկրներին աջակցելու և իրեն՝ որպես Արևմուտքի և Արևելքի միջև միջնորդ ներկայացնելու հետ: Մերձավոր Արևելքը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար որպես ապրանքների արտահանման շուկա և էներգակիրների աղբյուր: Կարևոր նշանակություն ունեին նաև աշխարհում Իսրայելի հեղինակության ընդհանուր անկումը, Թուրքիայի ներսում հակաիսրայելյան տրամադրությունների աճը:
Թուրքիայի գործողությունները Մերձավոր Արևելքում նրա դերակատարության բարձացմանն ուղղված ռազմավարության մասնիկն են: Արաբա-իսրայելյան շարունակվող հակամարտության պայմաններում տարածաշրջանում լիդերության հավակնելն անհնար է առանց հակաիսրայելյան քաղաքականության: Թեև ներկայումս թուրք-իսրայելյան հարաբերություններում առկա է մեծ լարվածություն, այնուամենայնիվ, Թուրքիայի և Իսրայելի միջև գոյություն ունի ռազմական, առևտրատնտեսական, աշխարհաքաղաքական և ռազմավարական սերտ համագործակցություն, որի ֆոնին կասկածելի է Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում առկա լարվածության լրջությունը։ Կարելի է եզրակացնել, որ այս սրումը կարող է շուտով ավարտվել հերթական հաշտեցումով:
դեպի ետ