• am
  • ru
  • en
Версия для печати
09.04.2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Ռուբեն Մելքոնյան

Patriarch Shnorhk (original)Հայոց ցեղասպանության տարիներին մուսուլմանների առեւանգած հայ կանանց եւ աղջիկների խնդիրը հատկապես վերջին տարիներին հայտնվում է թուրքական գիտական եւ գրական շրջանակների ուշադրության կենտրոնում` իր հետ բերելով ինչպես նորություններ, այնպես էլ հարցականներ: Հատկապես Թուրքիայի արեւելյան շրջաններում, այն է` պատմական Հայաստանի մի շարք վայրերում, բավական հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր պնդում են, թե ունեն հայ նախնիներ: Իսլամացված հայ կանանց խնդիրը դարձել է նաեւ թուրքական ժամանակակից գրականության նյութ, եւ անգամ կարելի է խոսել որոշակի գրական թեմատիկայի սկզբնավորման մասին: Բռնի իսլամացված հայ կանանց եւ աղջիկների ու նրանց առեւանգած մուսուլմանների խառնամուսնությունների հետեւանքով է նաեւ ձեւավորվել ներկայիս Թուրքիայում բնակվող բավական հոծ խառնածինների բանակը, որոնց շրջանում եւս նկատվում են արմատների որոնման, ինքնության ճգնաժամի երեւույթներ: Թուրքիայի համար նուրբ այս հարցը ներկայումս ծավալում է ստացել եւ բարձրաձայնվելուն զուգահեռ` բերում է նոր երեւույթներ, տասնամյակներով թաքցված ընտանեկան պատմությունների, հաճախ անձնական ողբերգությունների ի հայտ գալու պատճառ դառնում:

Էթնիկ ծագման թեման, միաժամանակ, չի շրջանցում թուրքական հասարակության թվում է թե ոչ մի շերտը։ Թուրքիայի ամենաբարձրաստիճան հոգեւոր ղեկավարներից մի քանիսի անունները նույնպես շրջանառվում են հայկական ծագում ունենալու խնդրի համատեքստում` դառնալով համաթուրքական քննարկման առարկա:

Մի քանի տարի առաջ Թուրքիայում սկսեց ակտիվորեն քննարկվել այն հարցը, թե Պոլսո Հայոց 82-րդ պատրիարք Շնորհք Գալուստյանը եւ Թուրքիայի կրոնական հարցերի վարչության նախագահ (Թուրքիայի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ) Լյութֆի Դողանը խորթ եղբայրներ են: Նշվում է, որ ապագա Շնորհք պատրիարքի մորը` Շուշան Գյուլթանեին, 1915թ. ցեղասպանության ժամանակ առեւանգում է մի մուսուլման թուրք, որից ունեցած երեխաներից մեկն էլ իբր թե 1970-ականներին դառնում է Թուրքիայի մուսուլմանների կրոնապետ: Ինչպես նշում են բազմաթիվ աղբյուրներ, նրանց եղբայրներ լինելու մասին տասնամյակներ շարունակ խոսվել է պոլսահայ համայնքում, սակայն հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ 2005թ. սեպտեմբերին թուրքական «Յենի Աքթուել» հանդեսում հրատարակվեց Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր հետեւյալը. «Շնորհք պատրիարքը ինձ պատմել է, որ մորը (1915-ին) փախցրել են, իսկ ինքն ընկել է որբանոց։ Մայրն այնուհետեւ ամուսնացել է իրեն փախցրած մուսուլմանի հետ, որից երկու թե երեք երեխա է ունեցել, որոնցից մեկն էլ կրոնական հարցերի վարչության նախագահ Լյութֆի Դողանն է»: Բեքչյանը հավելել է նաեւ, որ պատրիարքի մոր հուղարկավորության արարողությանը մասնակցել են նաեւ նրա մուսուլման երեխաները, այդ թվում եւ Լյութֆի Դողանը։ Այդ ժամանակ շատերն ասել են. «Ինչ սուրբ կին է եղել, երկու տղա ունի. մեկը քրիստոնյաների պատրիարքն է, մյուսը` մուսուլմանների»: «Յենի Աքթուել»-ի այս նյութն արտատպվեց մի շարք թուրքական թերթերում` քննարկման գլխավոր նյութ դառնալով։ Արձագանքները երկար շարունակվեցին եւ, կարելի է ասել, լիովին չեն մարել անգամ ներկայումս:

Հարկ է նշել, որ Թուրքիայի կրոնական հարցերի վարչությունը ղեկավարել են երկու Լյութֆի Դողաններ, ընդ որում` մեկը հաջորդել է մյուսին։ Լուրը տպագրվելուց հետո անմիջապես ծառացավ այն հարցը, թե Թուրքիայի 10-րդ եւ 11-րդ կրոնապետեր Լյութֆի Դողաններից որ մեկն է Շնորհք պատրիարքի ենթադրյալ խորթ եղբայրը: Ավելացնենք նաեւ, որ երկու նախկին կրոնապետերն էլ անմիջապես հերքեցին իրենց հայկական ծագում ունենալու մասին լուրերը, սակայն ուշագրավ է, որ նրանք երկուսն էլ դա վիրավորանք համարեցին։ Նույնիսկ խոսվեց դատական գործի հարուցման մասին։ Բացի այդ, միմյանց հակառակորդ լինելով` նրանք չզլացան նաեւ հայկական ծագման մասին պնդումներն օգտագործել իրենց նպատակների համար, եւ երկուսն էլ ակնարկեցին, թե հայկական ծագում ունի ոչ թե ինքը, այլ մյուս Լյութֆի Դողանը: Եթե զուգահեռ անցկացնենք մեր օրերի Թուրքիայում կատարվող նմանատիպ իրադարձությունների միջեւ, ապա ակնհայտ կլինի նմանությունը:

Խնդրի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես եկան շատերը, սակայն իր ընտանիքի այս մութ ծալքի մասին ավելի վաղ խոսել էր հենց ինքը` երջանկահիշատակ պատրիարքը: Այսպես, 1965թ., Հայոց ցեղասպանության 50-ամյակին, թուրք լրագրողներն ուղղակիորեն հարցրել էին Շնորհք պատրիարքին, թե արդյոք եղել է ցեղասպանություն: Հանրապետական շրջանի բոլոր հայ պատրիարքների համար այս հարցը միշտ էլ եղել է ամենադժվար հարցերից մեկը, եւ նրանցից դիվանագիտական հմտություն է պահանջվել` խուսափելու համար այդ հարցի պատասխանից: Շնորհք պատրիարքը խուսափողական պատասխան է տվել, թե ինքը պատմաբան չէ, թող պատմաբանները պատասխանեն: Սակայն երբ թուրք լրագրողները պնդել են իրենց հարցը, պատրիարքն ասել է. «1915-ին ես 7 տարեկան էի, մեր 70 հոգանոց գերդաստանից միայն ես ու մայրս ողջ մնացինք: Աքսորի ժամանակ մորս էլ կորցրի, քանի որ նա ստիպված ամուսնացավ մուսուլման մի թուրքի հետ: Հիմա դուք ինձ պատասխան տվեք, թե ուր են իմ ազգականները: Եթե դուք գտնեք այս հարցի պատասխանը, դրանով նաեւ պատասխանած կլինեք ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ ոչ հարցին»:

Շնորհք պատրիարքի ընտանիքի հետ կապված խնդրին 2005թ. բավական մանրամասնորեն անդրադարձավ նաեւ Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Ըստ նրա` Լյութֆի Դողաններից ոչ մեկը Շնորհք պատրիարքի խորթ եղբայրը չէ. «Շնորհք պատրիարքի հայրը` Միհրանը, ժամանակին Սեբաստիայից փոխադրվել է Յոզղաթի Իղդելի գյուղ: Գալուստյան ընտանիքը գյուղի հարգարժան, ազնվական ընտանիքներից էր, իսկ պատրիարքի մայրը Յոզղաթի Բեբեք գյուղից է, նրա անունը ոչ թե Գյուլդանե է, այլ Շուշան Գյուլթանե: Եթե չեմ սխալվում, 1908թ. գալով Իղդելի գյուղ` ամուսնանում է Միհրան Գալուստյանի հետ: Այս ամուսնությունից ծնվում են չորս երեխա` Անուշը, Շնորհիկը, Արմենը եւ Արշակը (հետագայում` Շնորհք պատրիարքը): Անուշը երկու տարեկան հասակում մահանում է հիվանդությունից: Իղդելիի կոտորածի ժամանակ Միհրան Գալուստյանը, նրա եղբայրները եւ ազգականները սպանվում են: Շնորհք պատրիարքն ասում էր, որ իրենց գյուղի մոտակա ձորի մոտ է գտնվում սպանվածների եղբայրական գերեզմանը: Ոմանք նույնիսկ այդ վայրը կոչում են Արյունոտ ձոր (թուրքերեն` քանլը դերե): Երեք երեխաների հետ այրի մնացած Շուշան Գյուլթանեին վերցնում է իրենց հարեւան Հաջը Ալի Դողանը` որպես երկրորդ կին: Շուշանը երեխաների հետ ապրում է ամուսնու` Միհրանի թալանված տան առաջին հարկում»։ Մեսրոպ Մութաֆյանը հավանական չի համարում Լյութֆի Դողանի եւ Շնորհք պատրիարքի եղբայրներ լինելու հանգամանքը, քանի որ Շուշան Գյուլթանեն երկրորդ ամուսնուց տղա երեխա չի ունեցել: Սակայն ուշագրավ է հետեւյալը. Մեսրոպ Մութաֆյանը նշել է, թե Շուշան Գալուստյանն անհանգստացել է, որ իր փրկված երեխաներին մուսուլման գյուղացիները վատ կվերաբերվեն եւ միգուցե վնաս տան, ուստի նրանց փրկության եղանակներ է փնտրել։ Նախ ավագ որդուն` Արմենին ուղարկում է Թալասի որբանոց, իսկ դրանից մեկ ու կես տարի հետո հանգուցյալ ամուսնու Կեսարիայում գտնվող ազգականներին լուր տալով` այս անգամ փոքր որդուն` Արշակին է ուղարկում Թալասի որբանոց: Ավագ որդին` Արմենը, 1923թ. որբանոցում հիվանդանում եւ մահանում է: Արշակին ամերիկյան բողոքական միսիոներները նախ տեղավորում են Բեյրութի մերձակա մի որբանոցում, հետո էլ` Պաղեստինի Նազարեթ քաղաքի մեկ այլ որբանոցում: 1927թ. Արշակ Գալուստյանն ընդունվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգեւոր դպրոց, իսկ 1935թ. ստանալով Շնորհք անունը` դառնում է հոգեւորական: 1955թ. Էջմիածնում եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո վերադառնում է Ստամբուլ եւ 33 տարվա ընդմիջումից հետո այցելում իր հայրենի գյուղ, հանդիպում մորը:

Երբ ակտիվորեն ծավալվում էին այս քննարկումները, մեկնաբանությամբ հանդես եկավ նաեւ Շնորհք պատրիարքի զարմիկը` նրա խորթ քրոջ որդի Հանիֆի Յըլմազը, ով ապրում է Յոզղաթի նահանգի Չանդըր գավառի Իղդելի, այսինքն` պատրիարքի հայրենի գյուղում: Նա նույնպես հայտարարեց, որ Լյութֆի Դողանը Շնորհք Գալուստյանի խորթ եղբայրը չէ, եւ այդ պատմությունը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Շուշանի երկրորդ ամուսնու ազգանունը նույնպես Դողան էր: Պատրիարքի մուսուլման զարմիկը նաեւ հայտարարել է, որ իր տատը` պատրիարքի մայրը, երկրորդ ամուսնությունից հետո իսլամ է ընդունել: Ինչպես ասել է Հանիֆի Յըլմազը, «Այս փաստը հայտնի էր նաեւ մեր քեռուն» (այսինքն` Շնորհք պատրիարքին–Ռ.Մ.): Հանիֆի Յըլմազը պատմում է, որ Ստամբուլ տեղափոխվելուց հետո Շուշանին է այցելել նրա երկրորդ ամուսնությունից ծնված աղջիկը` Հանըմքըզը, որին իբր թե Շուշան Գյուլթանեն հայտնել է, թե ինքը շարունակում է մնալ իսկական մուսուլման, եւ դրա մասին գիտի նաեւ Շնորհք պատրիարքը, սակայն որպեսզի իր տղային վնաս չլինի, նա բացահայտ ցույց չի տալիս իր իրական կրոնական պատկանելությունն ու գաղտնի կատարում է մուսուլմանական ծեսերը, այսինքն` յուրատեսակ ծպտյալ մուսուլման է:

Հարկ է նշել, որ Շուշան Գյուլթանեի կյանքի այս դրվագն արժանի է հատուկ ուշադրության. հայտնի է, որ ամուսնու մահից հետո նրան իսլամացրել են եւ տվել Գյուլքըզ անունը։ Սակայն Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն իր հարցազրույցում նշել է, որ 1959թ., երբ Շնորհք եպիսկոպոսը Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահն էր, նրա մայրը` Շուշան Գյուլթանեն, գնում է Երուսաղեմ եւ դառնում ուխտավոր, բնակվում Սուրբ Հակոբ հայկական վանքում: 1961թ. Շնորհք արքեպիսկոպոսն ընտրվում է Պոլսո Հայոց պատրիարք։ Դրանից հետո նրա մայրը տեղափոխվում է պատրիարքարան եւ ապրում որդու հետ միասին: «Երբ առողջությունը թույլ էր տալիս, ամեն կիրակի իր պատրիարք որդու հետ միասին այցելում էր եկեղեցիները եւ անձամբ մասնակցում պատարագներին: Այնպես որ` ասեկոսեները նրա «ծպտյալ մուսուլման» լինելու մասին փոքր-ինչ տարօրինակ են»,– կարծում է Մեսրոպ Մութաֆյանը: Հայտնի է նաեւ, որ պատրիարքի մայրը մինչեւ մահն ապրել է որդու մոտ, թաղված է հայկական գերեզմանատանը, հայկական մամուլում անգամ պահպանված են լուրեր նրա հուղարկավորության մասին։ Այսինքն` բավական իրատեսական է ենթադրել, որ նա պաշտոնապես վերընդունել է քրիստոնեություն, իսկ մուսուլման լինելու պարագայում թույլ չէր տրվի նրան թաղել քրիստոնեական ծեսով եւ հայոց գերեզմանատանը:

Ներկայացված փաստերը, իրոք, հերքում են Շնորհք պատրիարքի եւ Թուրքիայի կրոնապետի ազգակցությունը։ Ինչպես ասել է Հրանտ Դինքը, «Վերջ տրվեց տասնամյակներով հայկական համայնքում շրջանառվող այդ ասեկոսեներին, սակայն պարզ դարձավ, որ պատրիարքը նաեւ մուսուլման ազգականներ ունի»։ Այս սկանդալի հետեւանքով նաեւ իր պաշտոնից հեռացավ «Յենի Աքթուել» հանդեսի գլխավոր խմբագիրը։ Իսկ օրերս մեզ է հասել նաեւ Գարեգին Բեքչյանի մեկնաբանությունը խնդրի առնչությամբ, որտեղ Սրբազանը կրկին պնդում է, որ այդ մասին իրեն պատմել է անձամբ Շնորհք պատրիարքը։

Սակայն վերոնշյալ պարզաբանումներից հետո էլ Թուրքիայի կրոնական առաջնորդներից մեկի հայկական ծագում ունենալու մասին լուրերը չէին դադարում, եւ Շնորհք պատրիարքի հետ կապված աղմուկի օրերին հեռուստատեսությամբ թուրք պրոֆեսոր Զեքերիա Բեյազը հայտարարեց, որ իրականում Թուրքիայի 12-րդ կրոնապետ Սուլեյման Աթեշի մայրն է հայ։ Ավելին, ըստ պրոֆեսորի` Սուլեյման Աթեշը իր հոդվածներում քրիստոնեության մասին դրական է խոսում եւ այդպիսով ծառայում հայ լոբբիին: Որոշ ժամանակ հետո նրան միացավ նաեւ ազգայնամոլական հայացքներով աչքի ընկնող Սուլեյման Յեշիլյուրթը` 2007թ. տպագրած «Անցյալից մինչեւ մեր օրերը հայ եւ հույն կրոնափոխները» գրքում մանրամասն անդրադառնալով Սուլեյման Աթեշի հայկական ծագմանը: Նշենք, որ գիտական հավակնություններ ունեցող նրա գիրքը լի է բամբասանքային «փաստերով» եւ «բացահայտումներով»: Իսկ ընդհանրապես գրքում հեղինակը կրոնափոխության համար մեղադրում է միայն զոհերին, բայց ոչ այդ ամենը կազմակերպած եւ դրան դրդած թուրքական պետությանը:

Վերոնշյալ Սուլեյման Յեշիլյուրթը պնդում է, որ տարբեր աղբյուրների ուսումնասիրության արդյունքում պարզել է հետեւյալը. դոկտոր, պրոֆեսոր Սուլեյման Աթեշը ծնվել է 1933թ. հունվարի 31-ին Էլյազիգի (Խարբերդ) Թադըմ գյուղում։ Հայրը Իբրահիմ աղան է, մայրը` հայազգի Բեթին, որին 1915-ի «աքսորի» ժամանակ նրա հայ ծնողները թողել են տեղի թուրք ընտանիքներից մեկին։ Ավելի ուշ Բեթիին ամուսնացրել են կրոնասերի համարում ունեցող Իբրահիմ աղայի հետ եւ անվանափոխել` տալով մուսուլմանական Բեհիյե անունը: Իսլամացված Բեհիյեն ունենում է երկու տղա` Սուլեյման եւ Յավուզ: Սուլեյմանին մանկուց իսլամական կրթություն են տալիս: Նա ընդունվում եւ ավարտում է Անկարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, այնուհետեւ պաշտպանում գիտական ատենախոսություն, ստանում դոկտորի գիտական աստիճան, ավելի ուշ` նաեւ պրոֆեսորի կոչում: 1976թ. իշխանության եկած նոր կոալիցիոն կառավարությունը գործից ազատում է Թուրքիայի կրոնական հարցերի վարչության 11-րդ պետ Լյութֆի Դողանին, որը համարվում էր ձախ եւ նրա փոխարեն նշանակում Սուլեյման Աթեշին: Արդեն այդ ժամանակ սկսվում են նրա մոր հայ լինելու մասին խոսակցությունները, նույնիսկ տարածվում է այն կարծիքը, թե փոխեցին ձախ նախագահին եւ նրա փոխարեն բերեցին հայ նախագահ: 1978թ. իշխանության եկած նոր կառավարությունը գործից ազատում է Սուլեյման Աթեշին, որն էլ վերադառնում է համալսարանական գործունեությանը: Ժամանակի թուրքական մամուլում Աթեշի մոր հայկական ծագման մասին լուրերը մեծ աղմուկ են ստեղծել, իսկ այնուհետեւ` մարել: Սակայն Գարեգին Բեքչյանի հարցազրույցից հետո այդ հարցը նոր թափով սկսեց շրջանառվել։ Հետաքրքիր է, որ Սուլեյման Աթեշը հերքում էր մոր հայկական ծագումը, սակայն Խարբերդում բնակվող նրա եղբայրը` Յավուզը, լրատվամիջոցներին հարցազրույց տալով հայտարարել է. «Այո, իմ մայրը ծագումով հայ էր, սակայն ամբողջ կյանքի ընթացքում որպես իսկական մուսուլման է ապրել»։

Այս ամենը Թուրքիայում լայն թափով ծավալվող «էթնիկ ծագման հիվանդության» դրսեւորումներն են։ Անդրադառնալով այս խնդրին` թուրքական մի պարբերական հետեւյալ հետաքրքիր միտքն է արտահայտում. «Այսօր հայերի դեմ պայքարի կոչ անողները պետք է պատրաստ լինեն անակնկալների, որովհետեւ այն վայրերի մարդիկ, որտեղ տեղի է ունեցել կոտորածը, իրենց ծագման վրա ընդհանրապես վստահ չեն կարող լինել»: Թուրքիայում հայկական ծագումը որպես «մեղադրանք» գործածելու տարածված սովորությանն է օրերս անդրադարձել պոլսահայ Ալին Թաշչյանը` սարկազմով նշելով, որ Թուրքիայում բացահայտ հայ լինելու շահեկան կողմերից է այն, որ քեզ երբեք չեն «մեղադրի» հայկական ծագում ունենալու մեջ։

Այն, որ ցեղասպանության ժամանակ առեւանգված կանանց պարտադրվել է ընդունել իսլամ, հայտնի է, եւ բացառություն չի եղել նաեւ Շնորհք պատրիարքի մայր Շուշան Գյուլթանեն: Սակայն հարմար առիթի դեպքում թեկուզ մեծ տարիքում նա վերադարձել է իր արմատներին, քրիստոնեությանը, իսկ նրա ճակատագիրը կիսած հազարավոր հայ կանայք նման հնարավորություն չեն ունեցել ու իրենց հայ լինելու գաղտնիքն ու հիշողությունը մեծ մասամբ գաղտնի են պահել մինչեւ կյանքի վերջ: Բացի այդ, նրանք ունեցել են բարդ հոգեբանական վիճակ եւ դաժան ընտրություն` մնալ արդեն պարտադրված նոր ընտանիքում եւ խնամել իրենց առեւանգիչներից ծնված երեխաների՞ն, թե՞ փախչել: Այս դաժան երկընտրանքը եւ մայրական բնազդը շատերին ստիպել է գնալ յուրատեսակ ինքնազոհության եւ ամբողջ կյանքում տառապել։ Սակայն եղել են դեպքեր, երբ հնարավորության դեպքում նրանք լքել են իրենց պարտադրված ընտանիքները, իսկ երեխաները մեծացել են իրենց հայ մոր հանդեպ ատելությամբ, որը նրանց լքել է: Փաստերը ցույց են տալիս նաեւ, որ Շնորհք պատրիարքի մայրն ամեն կերպ ցանկացել է փրկել իր երեխաներին, եւ դա հաջողվել է միայն մեկի պարագայում, իսկ գյուղում մնացած աղջիկը` Շնորհիկը, ի վերջո, ամուսնացել է քրդի հետ: Այստեղ պարզորոշ նկատում ենք, որ պարտադրված իսլամ ընդունելուց հետո էլ հայ կանանց մեջ չի մարում հայկականության զգացումը, եւ բավական խոսուն է, որ Պոլսո Հայոց պատրիարքության մեջ ամենանշանավոր ղեկավարներից մեկը` Շնորհք պատրիարքը, այդպիսի մի կնոջ որդին է: Այսինքն` եւս մեկ անգամ տեսնում ենք, որ իսլամացված հայերի դեպքում շատ կարեւոր են հանգամանքները, եւ բոլորի հանդեպ ժխտողական դիրքորոշում ընդունելն առնվազն ճիշտ չէ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր