• am
  • ru
  • en
Версия для печати
15.04.2009

ՌՈՒՍԱՍՏԱՆ ՏԱՆՈՂ ԿԱՄՈՒՐՋՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ

   

Սեյմուր Քազիմով, Յարագ Քազմալյար (Կովկասյան Լրատու # 487, 6 ապրիլի, 2009թ.)
Այսպես կոչված Ոսկե կամրջի վրա, որն անցնում է Ռուսաստանն Ադրբեջանից բաժանող գետի վրայով, ամեն օր հսկայական գումարներ են ձեռքից ձեռք անցնում:

Ադրբեջանից Ռուսաստան ճանապարհվող և վերադարձող ուղևորներն առանց հաստափոր դրամապանակների օգնության չեն կարող սահմանն անցնել:

Ահա թե ինչ պարզեց IWPR-ի թղթակիցը, երբ որոշեց կատարել այս ճանապարհորդությունը՝ հետևելով, թե ինչպես է դրամ շրջանառվում տաքսու վարորդների և ադրբեջանցի ու ռուս սահմանապահների միջև. և այս ամենն ընդամենը մի քանի հարյուր մետր անցնելու համար:

Ադրբեջանական մաքսակետին հասնելուն պես ուղևորների դրամապանակները միանգամից բացվում են, իսկ հետո նրանց շրջապատում են իրենց ծառայությունները եռանդուն կերպով առաջարկող երթուղայինների և տաքսիների ադրբեջանցի վարորդները:

Ադրբեջանը Ռուսաստանից սահմանազատող Սամուր գետի կամրջով քայլելն արգելվում է. ուղևորներին կարելի է միայն մեքենաներով տեղափոխել:

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են ենթարկվում այս կանոնին: Այսպես, IWPR-ի թղթակիցը, ևս երկու ադրբեջանցիների հետ անտեսելով արգելքը, քայլեց կամրջի ուղղությամբ:

Սահմանի երկու կողմում էլ կամուրջն իրեն լրիվ արդարացնող մականուն ունի՝ Ոսկե կամուրջ՝ նկատի ունենալով դրա միջոցով ստացվող գումարները:

Կամրջին հասանք ճիշտ երթուղայիններից մեկի հասնելու պահին: Ծռմռված «Գազելի» ուղևորները բարկացան, երբ տեսան, որ մեզանից մի քանիսը նույն ճանապարհը ոտքով էին անցել. չէ՞ որ իրենցից յուրաքանչյուրը 30 ռուբլի (1 դոլար) էր վճարել այս կարճ ուղևորության համար:

Ճանապարհի հաջորդ մասը՝ կամրջի կեսից մինչև ռուսական մաքսակետը հասնելու համար, այս անգամ արդեն ռուսական տաքսիով կամ երթուղայինով պետք է անցնել, որոնք ավելի թանկ արժեն՝ անձի համար 150 ռուբլի տաքսին և մոտ 100 ռուբլի երթուղայինը:

Ուղեվարձը չափազանց բարձր թվաց ադրբեջանական պահակետից մինչև կամրջի կեսը 500 մետր անցնելու համար ընդամենը 30 ռուբլի վճարած ուղևորներին:

Մի քանի նորեկ ուղևորների ժամանումից հետո կամրջի վրա արդեն 50-60 մարդ կար. ոմանք արդեն երկու ժամից ավելի սպասում էին, որպեզի հասնեն ռուսական մաքսակետին:

«Այս Ոսկե կամուրջն իսկական պատուհաս է մարդկանց գլխին»,- ասում է Մեխթի անունով մի ադրբեջանցի,- «մարդիկ ստիպված են ընկնել ավտոբուսների ու տաքսիների հետևից, որպեսզի ընդամենը մի քանի հարյուր մետր անցնեն ու դրա համար էլ դեռ հսկայական գումար վճարեն»:

Վերջապես մի «Գազել» հայտնվեց՝ շատ արագ լցվելով, և ուղևորվեց դեպի ռուսական մաքսակետ, իսկ արդեն 5 րոպե հետո ռուս մի սպա մեզ ստուգում էր ամենայն մանրամասնությամբ:

Տեսնելով մի երիտասարդի, ով մեքենայում միակ կանգնած ուղևորն էր՝ սպան քաշեց նրա թևքից՝ նշաններով հասկացնելով, որ հետևի իրեն. ուղևորության ժամանակ մեքենայի մեջ կանգնելն արգելվում էր:

Երբ երիտասարդը սկսեց դիմադրել, իսկ ուղևորներից մեկը միջամտեց՝ պաշտպանելով նրան, լեզվակռիվ սկսվեց:

«Եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն վարորդից բացատրություններ պահանջեք: Նա է չափազանց շատ ուղևոր հավաքել»,- բողոքեց մի ծեր կին: Իսկ սպան նրան կոպտեց՝ ասելով որ «տեղը նստի և բերանը փակ պահի»:

Մեկ այլ վեճ ծագեց, երբ վարորդը հրաժարվեց սպային ավելի փող վճարել:

«Ախ այդպես հա՞»,- ասաց մոլեգնած սպան,- «ուրեմն վատ պատմության մեջ կընկնեք. դեռ շատ երկար այստեղ կմնաք»,- սպառնաց նա:

Միայն 20 րոպե հետո մեքենային թույլ տվեցին շարժվել, և ուղևորները հասան Յարագ Քազմալյարի ռուսական պահակետին:

Պահակետի ներսում հայտնված ուղևորներին մաքուր, դատարկ ձևաթղթեր բաժանեցին, որպեսզի լրացնեն: Եվ քանի որ նրանցից ոմանք դժվարանում էին փաստաթղթերը լրացնել, ստիպված էին դիմել պահակետի աշխատակիցներին, որոնցից մեկնը 100 ռուբլու դիմաց առաջարկեց իր «օգնությունը»:

Ուղևորներից շատերը հանդարտվեցին և մտածեցին, որ իրենց ֆինանսական փորձություններին վերջ եկավ, երբ իրենց անձնագրերում Ռուսաստան մուտքի կնիքը տեսան:

Սակայն այս ենթադրությունները վաղաժամ էին: Իսկապես, չափազանց դյուրահավատների համար ճանապարհորդության շարունակությունն ամենաթանկը դարձավ:

Պահակետից դուրս գալով՝ մի քանի մարդ սկսեցին քայլել ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող ելքի դարպասի ուղղությամբ, բայց մի պաշտոնյա կանգնեցրեց նրանց՝ հայտարարելով, որ պահակետից ոտքով հեռանալու համար տուգանք է հասնում: Նրանք պետք է 1000 ռուբլի վճարեին:

Ալլահվերդի Ալիև անունով մի մարդ դա հաստատեց, քանի որ արդեն վճարել էր տուգանքը: Ստավրոպոլում բնակվող ադրբեջանցին պատմեց հետևյալը. «Ադրբեջան էի վերադարձել եղբորս թաղմանը մասնակցելու համար: Բոլոր ձևականություններն անցնելուց հետո դուրս եկա պահակետի շենքից: Երբ խնդրեցի մի սպայի ինձ ուղեկցել դեպի ելքը, նա գլխով նշան արեց դարպասի ուղղությամբ: Ես շարժվեցի այնտեղ, բայց հանկարծ մեկ այլ սպա ինձ կանգնեցրեց՝ հայտարարելով, որ ծանր խախտում եմ արել՝ բակը ոտքով կտրելով և պետք է 1000 ռուբլիով տուգանվեմ»:

Այս նորություններից սթափված՝ մյուս ուղևորները որոշեցին սպասել այն «Գազելի» վերադարձին, որը նրանց բերել էր կամրջով:

Քսան րոպե հետո հայտնվեց «Գազելի» վարորդը, բայց առանց մեքենայի: Պարզվեց, որ նա էլ էր խնդիրներ ունեցել: Նրա մեքենան ստուգման նպատակով տարել էին թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վարչություն: Քիչ հետո երթուղայինը վերադարձվեց վարորդին, և բոլորը վերջապես հեռացան պահակետից:

Սա, իհարկե, վերջին ծախսը չէր, որ հոգնատանջ ուղևորները պետք է անեին: Այստեղից մոտ 200կմ հեռավորության վրա գտնվող Դաղստանի մայրաքաղաք՝ Մախաչկալա հասնելու համար պահանջվում է 200-400 ռուբլի՝ կախված մեքենայի տեսակից՝ տաքսի կամ երթուղային:

Մախաչկալայի բնակիչները քաջատեղյակ են, թե ինչպիսի շահավետ առևտուր է ընթանում ու թե ինչպես են ուղևորներից փող պլոկում Ոսկե կամուրջի երկու կողմերում գտնվող ադրբեջանական և ռուսական պահակետերը:

Ղուրբան Հասանովը՝ հագուստի խանութի տերը, ասում է, որ թարմ տեղեկություններ է ունենում ճանապարհորդների փորձությունների մասին:

«Առևտրականները նույնիսկ ավելի շատ խնդիրներ են ունենում»,- ասում է Հասանովը՝ ակնարկելով սահմանի այս կողմում ապրանք գնող և մյուս կողմում այն վերավաճառելու միջոցով չարքաշ կյանք վարող մարդկանց:

Խանութում աշխատող վաճառողուհու՝ Թարանա Զուլֆուգարովայի խոսքերով, ուղևորներից փող կլպելու պատճառները ժամանակին ավելի տարօրինակ էին, քան հիմա:

«Նրանք, ովքեր ցանկանում էին Ադրբեջան գնալ, պետք է որոշակի գումար վճարեին, որպեսզի «ապացուցեին», որ թռչնագրիպի վարակակիր չեն: Այժմ, քանի որ համաճարակի վտանգ այլևս չկա, գոնե այս «հարկերից» ազատվել են»,- ասում է կինը:

Վաճառողուհին պատմում է, որ մեծ չափի պայուսակներով պահակետն անցնելու համար մարդիկ ստիպված էին մի փոքրիկ կարողության չափ փող վճարել. «Որքան մեծ է պայուսակը, այնքան մեծ գումար պետք է վճարել»:

Մախաչկալայի ավտոբուսային կանգառում Իլյաս Ջալիլով անունով վարորդը պատմում է, որ ժամանակ չի վատնում կամրջի վրա շահավետ առևտրով զբաղվող վարորդների վրա:

«Դրանցից շատերը նույնիսկ վարորդական իրավունք չունեն»,- պնդում է Ջալիլովը:

Հետդարձի ճանապարհին բազմաթիվ դատարկ «Գազելներ» ու տաքսիներ էին սպասում ռուսական պահակետի մոտ, որպեսզի ուղևորներին տեղափոխեին Ադրբեջան: Մեքենաների շարժիչներն անջատած վարորդները սպասում էին, թե երբ են ռուս սահմանապահները բացելու դարպասները:

Եվ նորից ինչ-որ բան անելու համար փող էր պետք վճարել: Դարպասները բացվեցին միայն այն ժամանակ, երբ վարորդի ու սահմանապահներից մեկի միջև ավարտվեցին բանակցությունները, որոնց ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչպես էր փողը ձեռքից ձեռք անցնում:

Այնուհետև ճանապարհորդները ուղեբեռը հանձնեցին ստուգման: Բայց արգելված ապրանքներ հայտնաբերելու նպատակով սարքի էկրանին նայելու փոխարեն, մաքսատան պաշտոնյան զբաղված էր դրամահավաքությամբ: Իրեն մոտեցող յուրաքանչյուր ուղևորին նա պարզում էր ստուգման մատյանը, և այնտեղ թղթադրամ էր հայտնվում:

Դրանից հետո միայն մարդիկ կարողացան նստել Ոսկե կամուրջ տանող համապասխան «Գազելները»: Կամրջի կեսին հասնելիս, ադրբեջանցի սահմանապահները զգուշացրին ուղևորներին, որ չի կարելի սահմանը ոտքով հատել, իսկ երբ փորձեցինք իմանալ պատճառը, աղոտ պատասխան տվեցին, թե «վերևից այդպիսի հրաման կա»:

IWPR-ը դիմեց թե' ադրբեջանական, թե' ռուսական իշխանություններին, որպեսզի արձագանքեն ուղևորների՝ երթուղայինների ու տաքսիների շահամոլ վարորդների և կոռուպցիայի մասին արված հայտարարություններին, սակայն երկու կողմն էլ հրաժարվեցին պարզաբանումներ տալ:

Սեյմուր Քազիմովն ազատ լրագրող է Բաքվում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:


դեպի ետ