ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԴԺԳՈՀՈՂՆԵՐԻ ԲԵՐԱՆՆԵՐԸ
Իդրակ Աբբասով, Նախիջևան (Կովկասյան Լրատու # 488, 10 ապրիլի, 2009թ.)
Մեկուսացված ինքնավարության՝ Նախիջևանի բնակիչների խոսքերով, տեղական իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի իրենց բողոքները հասնեն Բաքու:
«Եթե խնդրի մասին չեն բարձրաձայնում, ապա այն գոյություն չունի». Թուրքիային, Իրանին և Հայաստանին սահմանակցող ադրբեջանական անկլավի վիրավորված բնակիչներից մեկի խոսքերով՝ այսպիսի կարգախոսով են առաջնորդվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության իշխանությունները:
«Տեղական բնակչությունը պարզապես զրկված է սեփական ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար կենտրոնական իշխանություններին կամ եվրոպական կառույցներին դիմելու որևէ հնարավորությունից»,- ասում է նա:
Նրա և իր բախտակիցների այս խնդրի պատճառն այն է, որ շրջանը փաստացիորեն կտրված է Ադրբեջանից՝ Հայաստանի հետ ունեցած թշնամանքի պատճառով:
Բաքու հասնելու համար տեղացիները պետք է կա՛մ ինքնաթիռ նստեն, կա՛մ Իրանով անցնող ավտոբուսով մեկնեն՝ մեկուսացված կյանք վարելով և տեղական իշխանությունների կամքին հանձնվելով:
«Չափազանց դժվար է Նախիջևանից հեռանալը»,- ասում է բողոքողը,- «բայց տեղական կառավարության ընդդիմադիրների խնդիրն ավելի բարդ է. նրանց հետապնդում են... և նրանք ոչ մի հնարավորություն չունեն հանրապետությունից դուրս գալու և իրենց բողոքները հասցնելու կառավարությանը»:
Իրենց խնդիրների մասին բացեիբաց խոսող տեղացիներին սպառնում է դավաճանի պիտակը, իսկ խնդիրները լուսաբանելու նպատակով այստեղ եկած լրագրողներին մեղադրում են իրենց ոխերիմ թշնամու՝ Հայաստանի օգտին կատարվող լրտեսության մեջ: Այս մասին IWPR-ի թղթակիցը գիտի սեփական փորձից:
Փետրվարին, երբ վերջինս եկել էր Նախիջևան՝ իր հոդվածի համար նյութ հավաքելու նպատակով, Ինքնավարության ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին նրան՝ լրտեսության մեղադրանքով և բաց թողել միայն մի քանի ժամ հետո:
Իսկ ահա Նախիջևանի Բեբեք շրջանի Գահաբ գյուղի բնակիչ 58-ամյա Նովրուզ Ալիևի բախտն ավելի քիչ բերեց:
Անցյալ տարվա դեկտեմբերին նրան 18 ամսվա ազատազրկման էին դատապարտել՝ անկլավի ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու հայցով:
Բանտարկյալի հարազատների խոսքերով՝ Նովրուզ Ալիևի սխալն այն էր եղել, որ նախագահ Իլհամ Ալիևի անունով նամակ էր գրել, որտեղ բողոքել էր Նախիջևանի սոցիալական ապահովության նախարար Ազեր Ալեքբերովի դեմ, ով զրկել էր նրան շաքարախտի պատճառով սահմանված անդամալուծության նպաստից:
Նովրուզ Ալիևը տասը տարի շարունակ ստացել էր այս նպաստը, մինչև որ երկու տարի առաջ անհայտ պատճառներով զրկվեց դրանից:
2008թ. հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Նովրուզ Ալիևին կանչեցին Ահմեդովի գրասենյակ՝ կարգադրելով հետ վերցնել բողոքը: Երբ վերջինս հրաժարվեց, նրան բանտարկեցին 5 օրով: Ազատվելուց հետո, սակայն, նա մեկ այլ բողոք ուղարկեց նախագահին՝ այս անգամ Ահմեդովի դեմ:
Ալիևի հարազատները պատմում են, որ նույնիսկ չեն էլ իմացել Ահմեդովի հայցի մասին: Բայց իրադարձությունները շատ արագ էին զարգանում:
Ինչպես պատմեց նրա ընտանիքի անդամներից մեկը IWPR-ի հետ զրույցում, արդեն դեկտեմբերի 3-ին Ալիևին պարտադրեցին դատարան ներկայանալ:
«Նովրուզը գնաց այդ օրը և երբ երեկոյան չվերադարձավ, սկսեցինք անհանգստանալ: Միայն հաջորդ օրը պարզեցինք, որ նրան դատապարտել էին»,-պատմում է Ալիևի հարազատներից մեկը:
Անցավ ևս երկու ամիս, մինչև Ալիևի ընտանիքը կարողացավ պարզել, թե նրան որտեղ էին պահում: Ներկայում Նովրուզ Ալիևը պատիժ է կրում «Բոյուկդուզ» բանտում:
Նախիջևանի դատարանի նախագահ Հուսեյն Մամեդովի հավաստամամբ՝ իշխանությունները ոչ մի հիմք չունեն ներողություն խնդրելու:
«Ալիևը բողոք էր ներկայացրել մի շարք պաշտոնական կառույցներին ներքին գործերի նախարարի դեմ՝ նրան անհիմն մեղադրելով քրեական օրենսգրքի 16 հոդվածներով»,- նշում է Մամեդովը:
«Ինը հոդված պարունակում է ծանր հանցագործությունների մեղադրանք, իսկ մեկը՝ առանձնապես ծանր հանցագործության: Նովրուզ Ալիևը դատապարտվել է մեկ ու կես տարվա ազատազրկման՝ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար»:
Մամեդովի խոսքերով, Ալիևին հնարավորություն էր տրվել վճիռը բողոքարկել, սակայն նա հրաժարվել էր դրանից:
«Ծանր հանցագործություն» տերմինը վերագրվում է այն փաստին, որ Ալիևը բազմիցս բողոքել էր նախագահին, թե Ահմեդովը ատրճանակ էր պահել իր գլխին:
Ենթադրաբար, նախարարը սպառնացել էր գնդակահարել Նովրուզ Ալիևին, եթե վերջինս հրաժարվեր հետ վերցնել սոցիալական ապահովության նախարարի դեմ իր բողոքը:
IWPR-ի թղթակցին չհաջողվեց ստանալ ո՛չ գրավոր բողոքի պատճենը, ո՛չ էլ Ահմեդովի պարզաբանումները:
Նովրուզ Ալիևի ընտանիքի անդամներն իրենց հերթին անհանգստությամբ են խոսում դեպքի մասին օտարների հետ:
Այնուամենայնիվ, IWPR-ին հաջողվեց խոսել Ալիևի կնոջ՝ Յասմինի հետ այն բանից հետո, երբ տեղացիների օգնությամբ գտնվեց նրա տունը:
Թեյի սեղանի շուրջ կինը պատմեց, որ անհանգստանում է ամուսնու համար. չէ՞ որ նա արդեն երիտասարդ չէր և առողջության հետ խնդիրներ ուներ: Յասմինի կարծիքով, ամուսնուն անարդար էին դատապարտել:
Շուտով, սակայն, պաշտոնյաները շտապեցին վերջ տալ այս խոսակցությանը: Այն ընդհատվեց հեռախոսազանգով, որին Յասմինը շտապեց պատասխանել: Լսվում էր, թե նա ինչպես էր բացատրում. «Ո'չ, ես չեմ բողոքել, նրանք իրենց կամքով են եկել: Անմիջապես նրանց կուղարկեմ տանից...»։
Խոսափողը դնելուց հետո կինը վերադարձավ հյուրերի մոտ, սակայն նրա բարեհամբույր և հյուրընկալ վերաբերմունքից հետք անգամ չէր մնացել:
Բանտարկությունից հետո առաջին անգամ նրան զանգահարել էր ամուսինը, և, հավանաբար գործելով հրամաններին համապատասխան, պատվիրել, որպեսզի կինն ազատվի այցելուներից:
Ավելի շուտ լրագրողները դիմել էին Նախիջևանի արդարադատության նախարարություն՝ բանտարկյալին տեսնելու թույլտվություն ստանալու նպատակով:
Յասմինին այցելելուց հետո IWPR-ի թղթակիցն իր գործընկերների հետ շտապեց «Բոյուկդուզ» բանտ, որտեղ պաշտոնյաները նրանց հավատացրին, որ Նովրուզ Ալիևը հրաժարվել էր նրանց տեսակցել և ոչ մի բողոք չուներ:
Բողոքների ճանապարհը դեպի Բաքու փակվում է տարբեր միջոցներով, այն աստիճան, որ տեղական փոստատանը հրաժարվում են կենտրոնական կառավարությանն ուղղված նամակներն ուղարկել, բայց որոշ տեղացիներ գտել են իրենց բնորոշմամբ տեղեկատվական այս բլոկադան շրջանցելու ճանապարհը:
Նրանք մեկնել էին Թուրքիա և այնտեղից բողոքի նամակներ հղել Բաքու: Ճիշտ այսպես էր վարվել Սադարակի շրջանի Հեյդարաբադ գյուղի բնակիչ, տեսողական խնդիրներ ունեցող 72-ամյա Իսմայիլ Հասանովը:
Նա պատմում է, որ բողոք է ներկայացրել Սադարակի շրջանային իշխանությունների, ոստիկանության, ինչպես նաև Նախիջևանի ներքին գործերի նախարարության դեմ՝ անցյալ տարվա դեկտեմբերի դեպքի կապակցությամբ:
2008թ. դեկտեմբերի 24-ի երեկոյան նրա որդին՝ Էլվին Հասանովը և հեյդարաբադցի մի քանի այլ երիտասարդներ՝ Աֆիգ Վելիևը, Իլկին Յագուբովը, Էլմադդին Ահմեդովը, Գալիբ Ահմեդլին, Քերեմ Էլդարօղլին և Օնալ Վեթենօղլին ձերբակալվել և բերման էին ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Իսմայիլ Հասանովը պատմում է, որ երբ մի քանի ձերբակալված երիտասարդների ծնողների հետ գնացել էր ոստիկանության բաժին՝ պարզելու, թե ինչու էին նրանց կալանքի տակ պահում, փոխոստիկանապետ Դագբեյ Ալեքպերովը հայտարարել էր, որ տղաները կոտրել էին տոնածառը զարդարող լույսերը:
Հաջորդ օրը տղաներին բաց էին թողել, բայց մինչ այդ, երեկոյան ժամը 18-ին ժամանակավորապես գործող պարեկային ժամ սահմանվեց:
Սակայն ծնողների խոսքերով, տղաներին ձերբակալության ժամանակ ենթարկել են ֆիզիկական և հոգեբանական ճնշման և դրանում մեղավոր էին ոստիկանապետ Ֆարիզ Մամեդովը, նրա տեղակալ Դագբեյ Ալեքպերովը և մեկ այլ պաշտոնյա՝ Անալ Ալիևը:
Այնուհետև ծնողները մեկնել էին Թուրքիայի սահման, որպեսզի այնտեղից կարողանային բողոք ուղարկել նախագահ Ալիևին՝ խնդրելով, վերջինիս հոր՝ Հեյդար Ալիևի անունը կրող գյուղում անօրինություն սերմանող ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն:
Իսմայիլ Հասանովի խոսքերով, սակայն, նախագահին ուղղված նամակն այդպես էլ օգուտ չի բերել: Մյուս ծնողներն ընդհանրապես հետ էին վերցրել իրենց բողոքները՝ տեղի տալով ոստիկանության ճնշմանը:
Հասանովի խոսքերով, ինքն էլ սռացել իր պատիժը. տեղական իշխանությունների պահանջով ներկայանալուց հետո նրան 10 օրով ուղարկել էին հոգեբուժարան:
Սադարակի շրջանային վարչության ներկայացուցիչներից մեկը՝ Աշրաֆ Հասիմովը, բոլորովին այլ է ներկայացնում այս պատմությունը:
Նրա խոսքերով, Իսմայիլ Հասանովը ոչ թե պաշտոնական պահանջով էր ներկայացել տեղական իշխանությունների գրասենյակ, այլ ինքնակամ էր եկել, ներխուժել վարչության պետի սենյակ և փայտով հարվածել նրա գլխին:
«Նա եկել էր ոչ թե տղաների ձերբակալության դեպքը քննարկելու, այլ նոր բնակարան պահանջելու նպատակով»,- նշում է Հասիմովը:
Իսմայիլ Հասանովը հերքում է այս ամենը՝ ավելացնելով, որ չի հրաժարվել իր ծրագրից, որով պիտի ստիպի Բաքվին միջամտել մեկուսացված անկլավի գործերին:
Դրանից հետո նա վերադարձավ Թուրքիա՝ այս անգամ նոր բողոքներ ուղարկելու նախագահ Ալիևին և Եվրոպայի Խորհուրդ:
Իսկ թե արդյոք ադրբեջանական կառավարությունը մեծ ուշադրության կարժանացնի Հասանովի և նրա նմանների բողոքները, արդեն այլ հարց է:
Խորհրդարանում Նախիջևանը ներկայացնող պատգամավոր Էլդար Իբրահիմովը արհամարհանքով է ընդունում Իսմայիլ Հասանովի պես մարդկանց ենթադրյալ հետապնդման հետ կապված մամուլում տեղ գտած հրապարակումները:
«Չեմ հավատում թերթերում գրածներին»,- IWPR-ի հետ զրույցում ասաց նա,- «առողջ մարդկանց չեն ուղարկում հոգեբուժարան՝ ինչ-որ պաշտոնական մարմիններին բողոքելու համար: Այս պատմությունները հորինված են ընդդիմադիր թերթերի կողմից»:
Իբրահիմովն ասում է, որ ամենևին էլ զարմանալի չէ այն, որ Նախիջևանում իր իսկ արտահայտությամբ՝ «ուժեղացված անվտանգության ռեժիմ» է գործում:
«Սա կապված է այն փաստի հետ, որ անկլավը սահմանային շրջան է և գտնվում Հայաստանի հարևանությամբ: Ահա թե ինչու իրավապահ մարմինները պետք է չափազանց զգույշ լինեն»,- նշում է նա:
Իդրակ Աբբասովը «Այնա» թերթի թղթակից է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:
դեպի ետ