ՆԱԽԻՋԵՎԱՆ. ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերջին շրջանում Հարավային Կովկասում մի շարք առանցքային հիմնահարցերի շուրջ ընթացող զարգացումները հետին պլան են մղել տարածաշրջանի ոչ պակաս կարեւոր այնպիսի խնդիրներ, որոնց շարքին պետք է դասել Նախիջեւանի ինքնավարությունում ընթացող զարգացումները եւ դրանցում արտաքին ուժերի, առաջին հերթին` Թուրքիայի ներգրավվածության հարցերը։ Փաստերը ցույց են տալիս, որ հատկապես վերջին տասնամյակում Թուրքիան կարողացել է ապահովել քաղաքական ու տնտեսական զգալի ներկայություն Նախիջեւանի ինքնավարությունում, ինչը պետք է որ լրջորեն մտահոգի Բաքվի իշխանություններին։ Ինքնավարությունում թուրքական գործոնի ակտիվացման հարցում Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների զուսպ կեցվածքը, թերեւս, պայմանավորված է Թուրքիայի հետ եղբայրական հարաբերությունները չխախտելու եւ խնդրի շուրջ թուրք-ադրբեջանական հակասությունները չշահարկելու տրամաբանությամբ։ Նախիջեւանի շուրջ Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները, որոնք, ըստ էության, կրում են սկզբունքային բնույթ, կարելի է դասակարգել մի քանի հիմնական ուղղությունների։
Ժողովրդագրական խնդիրներ
Չունենալով ցամաքային սահման Ադրբեջանի Հանրապետության հետ` Նախիջեւանը հայտնվել է սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակում, ինչի հետեւանքով տեղի բնակչության մի զգալի հատված գերադասում է արտագաղթել։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, սոցիալական անբարենպաստ պայմանների, համատարած գործազրկության հետեւանքով ինքնավարության բնակչության թվաքանակն էապես կրճատվել է։ 1999թ. բնակչության վերջին մարդահամարի տվյալների համաձայն, ինքնավարությունում բնակվում էր շուրջ 370 հազար մարդ, իսկ ներկայում այդ թվաքանակը չի գերազանցում 150 հազարը։
Խնդիրը Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների համար ավելի մտահոգիչ է դառնում, երբ առաջ է գալիս մեկ այլ օրակարգային խնդիր` ինքնավարության ժողովրդագրության վերափոխման միտումը։ Վերջին շրջանում նկատելի է Թուրքիայի արեւելյան շրջանների բնակչության, որի ճնշող մեծամասնությունը քրդեր են, կանոնավոր ներհոսք Նախիջեւանի ինքնավարություն։ Թուրքիայի` սոցիալ-տնտեսական բավական վատ վիճակում հայտնված արեւելյան շրջաններից գաղթած նորաբնակները համեմատաբար հեշտ են ինտեգրվում ինքնավարության սոցիալական պայմաններին ու հասարակական կյանքին։ Ավելին, նրանց մի զգալի հատված կարողանում է կարճ ժամանակահատվածում նույնիսկ ձեռք բերել անշարժ գույք, ինչը դարձել է բավական կանոնավոր երեւույթ։ Խնդրի առնչությամբ մտահոգություն են հայտնել նաեւ Ադրբեջանի փորձագետները, որոնք Նախիջեւանի ժողովրդագրության աստիճանական վերափոխման միտումը կապում են Թուրքիայի հատուկ քաղաքականության հետ, ինչի արդյունքում ոչ հեռու ապագայում Նախիջեւանը կհայտնվի քրդացման վտանգի շեմին։
Հիմնականում կենտրոնանալով ինքնավարության քրդացման երեւույթի վրա` մամուլում ընդհանրապես չի խոսվում Նախիջեւանի ինքնավարության այն բնակիչների վերաբերյալ, որոնք արտագաղթել են սահմանակից Թուրքիա եւ որպես կանոն հաստատվել Իգդիր ու Ստամբուլ քաղաքներում։ Խնդիրն այն է, որ թուրքական կողմը լուրջ աշխատանքներ է ծավալում արտագաղթած ադրբեջանցիների հետ, փորձում օգտագործել նրանց ներկայությունը` ինքնավարությունում թուրքական գործոնի ակտիվացման ուղղությամբ։ Պաշտոնական Անկարան մի կողմից աջակցում է նորաբնակ ադրբեջանցիների` համեմատաբար անխոչընդոտ ինտեգրմանը տեղի սոցիալական ու հասարակական կյանքին, մյուս կողմից` ամեն կերպ նպաստում է ինքնավարությունում մնացած իրենց ազգականների հետ շփումների պահպանման գործընթացին։
Կլանային պայքար
Նախիջեւանի ինքնավարության հետ ցամաքային սահմանի բացակայությունը հատկապես վերջին տասնամյակում զգալիորեն թուլացրել է Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունը ինքնավարության ներքին ու արտաքին գործընթացների վրա։ Սակայն ոչ միայն. այսօր գրեթե չի խոսվում Նախիջեւանի ինքնավարության ղեկավարության` կենտրոնական իշխանությունների հետ ունեցած հակասությունների մասին։ Անկլավային կարգավիճակում հայտնված ինքնավարությունում ստեղծված են գրեթե բոլոր պայմանները ավտորիտար կամ բռնատիրական կարգերի հաստատման համար, ինչի ականատեսն ենք այսօր։ Ինչպես նշում են ինքնավարության բնակիչները, ամենուրեք ոտնահարվում են մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները, սակայն վերջիններս, տեղական ղեկավարության ճնշումների ներքո, որեւէ հնարավորություն չունեն այդ մասին բարձրաձայնելու։ Քիչ չեն այն դեպքերը, երբ ինքնավարության տեղական ղեկավարության ընդդիմախոսները, որոնք անթաքույց հայտնել են իրենց վրդովմունքը ինքնավարությունում հաստատված բռնատիրության, անարդարության ու անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ, ձերբակալվել են` Հայաստանի օգտին կատարած լրտեսության մեղադրանքներով։
Ինքնավարության վերնախավի նկատմամբ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ազդեցության թուլացման արդյունքում խորացել են կենտրոնի ու շրջանի միջեւ առկա ներկլանային տարաձայնությունները։ Հայտնի է, որ Ադրբեջանի կենտրոնական ղեկավարությունը` ի դեմս Ալիեւների ընտանիքի, նույնպես սերում է Նախիջեւանից եւ բավական լուրջ տարաձայնություններ ունի ինքնավարության իշխանական կլանի հետ։ Վերջինիս նկատմամբ վերահսկողության ու ազդեցության պահպանման նպատակով Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները փորձել են ակտիվացնել ինքնավարության տեղական ղեկավարությանն ընդդիմադիր թեւը, սակայն լուրջ հաջողությունների չեն հասել։ Կենտրոնի հետ հարաբերությունների բարելավմանը զգալիորեն խոչընդոտում է նաեւ ինքնավարության տեղական վերնախավի մեջ ձեւավորված «անկլավային» կամ այսպես կոչված մեկուսացված գոյակցման հոգեբանությունը կամ բարդույթը։
Նախիջեւանի ղեկավարության ու Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների միջեւ առկա հակասությունները լավ առիթ են թուրքական կողմի համար` ինքնավարության ներքին խնդիրներում իր ներկայացվածության ընդլայնման համար։ Վերջին տարիներին պաշտոնական Անկարան զգալիորեն ակտիվացրել է համագործակցությունն ինքնավարության ղեկավարության հետ, ինչի կապակցությամբ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները քանիցս հայտնել են իրենց վրդովմունքը։ Մյուս կողմից, սակայն, պաշտոնական Անկարայում բավական ջերմ են ընդունում ինքնավարության հակաիշխանական ներկայացուցիչներին ու շարքային քաղաքացիներին։ Չպետք է մոռանալ, որ ինքնավարության վերնախավի ընդդիմախոսները երկրում տիրող կամայականությունների ու բարձիթողի վիճակի մասին իրենց դժգոհությունները հաճախ ստիպված են հայտնել թուրքական կողմի միջամտությամբ ու աջակցությամբ։
Տնտեսական գործոն
Նախիջեւանի ինքնավարության ու Թուրքիայի միջեւ համագործակցությանը զգալիորեն նպաստում է ինքնավարության սոցիալ-տնտեսական անմխիթար իրադրությունը։ Ադրբեջանի հետ ցամաքային սահմանի բացակայությունը զգալիորեն դժվարացնում է կենտրոն-շրջան հաղորդակցությունն ու ապրանքափոխադրումները, որոնք հիմնականում իրականացվում են Իրանի տարածքով։ Տեխնիկապես ու ֆինանսապես առավել շահավետ է ինքնավարության տնտեսական համագործակցությունը սահմանակից Թուրքիայի հետ, ինչը հանգեցրել է եւ այդ երկրից Նախիջեւանի տնտեսության կախվածությանը։ Նախիջեւան առաքվող էլեկտրաէներգիայի մատակարարումների հիմնական մասն իրականացվում է Թուրքիայից, ոչ մեծ տոկոս էլ` հարեւան Իրանից։
Ինքնավարության ու Թուրքիայի միջեւ տնտեսական, ինչպես եւ քաղաքական հարաբերությունների խորացման հարցում կարեւոր նախադրյալներից մեկն էլ սահմանակից Իրանի գործոնն է։ Խնդիրն այն է, որ իրանական կողմը, հաշվի առնելով Իրանի ադրբեջանցիների գործոնը` բավական զգուշավորությամբ է մոտենում Նախիջեւանի ադրբեջանցիների ցանկացած ակտիվացմանը եւ տարածաշրջանում Նախիջեւանի ինքնավարության քաղաքական կամ տնտեսական կշռի մեծացմանը։ Ուստի տրամաբանական է, որ իրանական կողմը, ըստ էության, ամենեւին էլ շահագրգռված չէ ինքնավարության տնտեսական զարգացմամբ։ Փաստորեն, Ադրբեջանի հետ ցամաքային սահմանի բացակայությունը, Իրանի հետ, մեղմ ասած, ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունները եւ սահմանակից մյուս երկրի` Հայաստանի հետ հարաբերությունների իսպառ բացակայությունը Թուրքիայի հետ համագործակցությունը վեր են ածել այլընտրանքային շահավետ ուղու։ Թուրքիան շարունակում է կարեւոր դերակատարում ունենալ Նախիջեւանի ինքնավարության տնտեսության զարգացման գործում։ Թուրքական կապիտալն այսօր հաստատուն դիրքեր է գրավել ինքնավարության տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, սպասարկման ծառայությունները, շինարարությունն ու զբոսաշրջությունը։
Հետեւություն
Նախիջեւանի հիմնահարցը Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ շարունակվող եղբայրական հարաբերությունների թերեւս ամենահակասական կողմն է։ Այսօր, կարելի է ասել, Նախիջեւանի ինքնավարությունը շարունակում է մնալ «տեղեկատվական վակուումում», ինչը թույլ է տալիս թուրքական կողմին առավել ազատ գործել այս ուղղությամբ։
Վերջին շրջանում Նախիջեւանի ինքնավարության հետագա ճակատագրի շուրջ խոսակցությունները վերստին ակտիվացել են, մասնավորապես` կապված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի հետ։ Ադրբեջանի ղեկավարությունը հստակ գիտակցում է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր վերաբացումը կխորացնի Ադրբեջանի Հանրապետության ու Նախիջեւանի ինքնավարության միջեւ գոյացած անջրպետը` էլ ավելի թուլացնելով կենտրոնական իշխանությունների վերահսկողությունն ու ներգրավվածությունը ինքնավարության ներքին զարգացումներին, ինչի արդյունքում կմեծանա թուրքական կողմի ազդեցությունը Նախիջեւանի ներքին ու արտաքին խնդիրներում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]