ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կաթոլիկների կողմից ուղղափառ եկեղեցիների օգտագործման շուրջ վիճաբանությունն ընդգծում է Վրաստանի կրոնական փոքրամասնությունների առջեւ ծառացած խնդիրները:
Վրաց-թուրքական սահմանին գտնվող փոքրիկ եկեղեցին, որը հազիվ 20 հավատացյալ է տեղավորում, բախման նոր կետ է դարձել երկրում գերիշխող ուղղափառ կրոնի եւ կրոնական փոքրամասնությունների միջեւ պայքարում:
Վրաստանի փոքրաթիվ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ ամեն տարի եկեղեցական արարողություն էին անցկացնում Բուզմարեթի մատուռի առջեւ, որը կառուցվել է 5-րդ կամ 6-րդ դարում եւ վերանորոգվել է երկու տարի առաջ: Սակայն այժմ տեղի ուղղափառ վանականը խոչընդոտում է ժամերգության անցկացմանը:
Ուղղափառ վանքի վանահայր Գրիգոլ Խուրցիձեն ասում է, որ դադարեցրել է կաթոլիկ պատարագը, քանի որ մատուռն իր եկեղեցուն է պատկանում, իսկ դա նշանակում է, որ կաթոլիկներն այստեղ աղոթելու իրավունք չունեն:
«Սա զայրացրել է կաթոլիկ հավատացյալներին, քանի որ տարիներ շարունակ մեզ ոչ ոք չէր արգելել աղոթել այնտեղ Համբարձման տոնին»,- ասում է կաթոլիկ քահանա Զուրաբ Կակաչիշվիլին, ով մեղադրում է վրաց հովվապետին իր եկեղեցական համայնքին անօրինական կերպով խանգարելու համար:
«Եկեղեցին չեզոք տարածքում է գտնվում: Երբ Վրաստանի սահմանները հսկում էին ռուս սահմանապահները, տարին մեկ անգամ` Համբարձման տոնին, նրանք թույլ էին տալիս կաթոլիկ հավատացյալներին այնտեղ ժամերգություն անցկացնել»:
Մատուռի պատկանելությունը ուղղափառ եկեղեցու չի վիճարկվում, սակայն իրավապաշտպանների կարծիքով, ուղղափառ եկեղեցու անդարդուրժողականությունը այս վայրում կաթոլիկների ավանդական պատարագի անցկացմանը երկրի քաղաքական կյանքում հայրապետի դերի մեծացման նշան է հանդիսանում: Վրացիների 80 տոկոսն ուղղափառ է, իսկ հասարակական հարցման տվյալներով, պատրիարք Իլիա Երկրորդն առավել վստահելի գործիչներից մեկն է համարվում:
«Պետության թողտվությամբ Վրաստանում կոպտորեն խախտվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները»,- ասում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Նինո Գվեդաշվիլին:
«Վրաստանի սահմանադրությունը բոլորի համար հավասար իրավունքներ է հռչակում: Սակայն պետության եւ ուղղափառ եկեղեցու միջեւ սահմանադրական համաձայնագիր է գործում, եկեղեցին զգալի ֆինանսավորում է ստանում պետությունից, ինչը չի կարելի ասել կրոնական փոքրամասնությունների մասին: Ուղղափառ հիերարխիայի ներկայացուցիչներն ազատված են բանակում ծառայելուց, սակայն այլ կրոնների դավանողները նման իրավունք չունեն»:
Նրա խոսքով, այս խտրականությունը տարածվում է նույնիսկ դպրոցներում, որտեղ դասավանդվում է ուղղափառ կրոնը, բայց ոչ այլ դավանանքների հիմունքները:
«Այլ կրոնի դավանող ընտանիքի երեխաները հաճախ ճնշման ու ծաղրի են ենթարկվում մյուս աշակերտների, երբեմն նույնիսկ ուսուցիչների կողմից»,- ասում է Գվեդաշվիլին:
Վրաստանի հինգ միլիոն բնակիչներից 50 հազարը կաթոլիկներ են, նրանց մեծամասնությունը բնակվում է Ախալցիխե շրջանում, որտեղ եւ գտնվում է Բուզմարեթ մատուռը: Ուղղափառ հավատացյալներն ասում են, թե նրանց հավակնությունները մատուռներից շատերի նկատմամբ այնքան էլ հիմնավոր չեն, քանի որ նրանց համայնքը Վրաստան է եկել այդ շինությունների կառուցումից հետո:
«Բուզմարեթ մատուռն ուղղափառ կառույց է, նույնիսկ կաթոլիկները դա գիտեն: Առաջին կաթոլիկ քարոզիչները Վրաստան են եկել 1240թ., իսկ այս մատուռը կառուցվել է 5-րդ կամ 6-րդ դարում»,- ասում է պատմաբան Թինա Իվելաշվիլին:
Հերքելով կաթոլիկների հավակնությունները` ուղղափառ կրոնավորները հիմնվում են պատմության վրա:
«Երբ ռուս սահմանապահներին փոխարինեցին վրացիները, այս տարածքը հանձնվեց վրաց հայրապետությանը: Եվ միայն դրանից հետո վրաց Բուզմար արքայի անունով կոչված Բուզմարեթ մատուռը սկսեց գործել»,- ասում է ուղղափառ վանքի վանահայր Գրիգոլ Խուրցիձեն:
«Ինչպես ուղղափառ քահանաները չեն կարող ժամերգություն անցկացնել գործող կաթոլիկ եկեղեցիներում, այդպես էլ կաթոլիկները չպետք է դա անեն ուղղափառ եկեղեցիներում կամ դրանց տարածքում»:
Կաթոլիկների խոսքերով, խորհրդային տարիների կրոնական սահմանափակումների թուլացումից ի վեր սա արդեն 6-րդ վրացական եկեղեցին է, որում իրենք կորցրել են աղոթելու իրավունքը: Որոշ ժամանակ մի քանի եկեղեցիներ օգտագործվում էին երկու կրոնների ջատագովների կողմից, իսկ ուղղափառ եկեղեցու կոշտ վարքագիծը Վրաստանի պատմության նոր զարգացումներից է:
Առաջին եկեղեցին Հայրապետությանը հանձնվեց 1987թ., այնուհետեւ 1989թ. հանձնվեցին եւս երեքը` Քութաիսիում, Բաթումում եւ Գորիում, իսկ հետո եւս մեկը` 1991թ.:
«Բաթումի եկեղեցու ճարտարապետությունից հստակ երեւում է նրա կաթոլիկ ծագումը: Նույնը կարելի է ասել Քութաիսիի եկեղեցու մասին: Այս եկեղեցիներում նաեւ կաթոլիկ շիրիմներ կան»,- ասում է Վրաստանի օմբուդսմենի գրասենյակին կից գործող հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեկա Մինդիաշվիլին:
Սակայն փորձագետների կարծիքով, իշխանությունները չեն ցանկանում փչացնել սերտ հարաբերությունները ուղղափառ եկեղեցու հետ` միջամտելով կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցին, հատկապես հաշվի առնելով երկրի ներկա քաղաքական ճգնաժամը: Ցանկացած գործողություն, որ կարող է հայրապետության դեմ ուղղված դիտարկվել, կարող է լրջորեն վնասել կառավարության վարկը հանրության աչքերում:
«Այժմ քաղաքական իրավիճակը լարված է, եւ մենք ոք ոքին չենք հետաքրքրում: Նույնիսկ եթե այդպես չլիներ, միեւնույն է, նրանք մեզ ուշադրություն չէին դարձնի: Մենք ցանկանում ենք դիմել նախագահին, բայց արդյո՞ք մեր դիմումը նրան կհասնի»,- ասում է Թամար Չիթաշվիլին` Վալե գյուղի կաթոլիկ բնակչուհին, ով մատուռում էր գտնվում Համբարձման տոնին:
Նրա հոռետեսությունը կիսում է օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչ Մինդիաշվիլին, որի կարծիքով հայրապետի ազդեցությունը չափազանց մեծ է:
«Այսօր բացակայում է այս խնդիրն արդար կերպով լուծելու քաղաքական կամքը, քանի որ իշխանությունները չեն ընդդիմանա հայրապետությանը»,- ասում է նա:
Ֆաթի Մամիաշվիլի, Թբիլիսի (Կովկասյան Լրատու # 498, 19-ը հունիսի, 2009թ.)
Ֆաթի Մամիաշվիլին Թբիլիսիի «Ռուստավի 2» հեռուստաընկերության թղթակից է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
(IWPR) “Կովկասյան լրատու” պարբերականից:
դեպի ետ