
ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՂՄՈՒԿ ՀԿ-ՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Քաղաքացիական հասարակության խմբերի բուռն բողոքների ներքո փոփոխությունների եւ լրացումների փաթեթի ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում:
Այն բանից հետո, երբ քաղաքացիական հասարակության խմբերը եւ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բողոքել ՀԿ-ների վերաբերյալ հակասական օրենքների փաթեթի ընդունման դեմ, Ադրբեջանի խորհրդարանում դրա վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց:
Օրենսդրական նախագծի քննադատները համոզված են, որ առաջարկվող փոփոխությունները միտված են զրկել ՀԿ-ներին արտերկրից եկող անհրաժեշտ ֆինանսական աջակցությունից եւ խոչընդոտել անկախ հասարակական խմբերի գործունեությունը:
Խորհրդարանի շենքի ներսում եւ դրանից դուրս սկսված բողոքի ակցիաների ալիքը, կարծես, անակնկալի բերեց իշխանություններին, որոնք պնդում են, թե օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն ավելի թափանցիկ եւ պարզ դարձնելու ՀԿ-ների գործունեությունն ու ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը:
Հունիսի 19-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի նստաշրջանի օրակարգում դրված օրենսդրական փաթեթն անմիջապես քննադատության արժանացավ ընդդիմադիր պատգամավորների կողմից:
Խորհրդարանականներից մեկը` Ջամիլ Հասանլին, նշում է, որ փոփոխությունները հակասում են ինչպես Ադրբեջանի գործող օրենսդրությանը, այնպես էլ պետության կողմից ստորագրված տարբեր միջազգային կոնվենցիաներին:
«ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրական այս փոփոխությունները ոչ միայն մեծ վնաս կհասցնեն քաղաքացիական հասարակությանը, այլեւ` Ադրբեջանի միջազգային վարկանիշին», - մտահոգվում է Հասանլին:
Միլի մեջլիսի ընդդիմադիր պատգամավոր Փանահ Հուսեյնը նույնպիսի քննադատական մոտեցում է ցուցաբերում նախագծի նկատմամբ. նրա կարծիքով` օրենսդրական փոփոխությունները հարձակման թիրախ են դարձնում քաղաքացիական հասարակության խմբերին:
«Փոփոխություններից մեկի համաձայն` անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները հաստատեն, որ նոր ՀԿ-ները վտանգ չեն ներկայացնում հասարակական կարգի համար: Այս բանաձեւն ուղղակի անհեթեթություն է, քանի որ հնարավոր չէ գնահատական տալ ՀԿ-ի գործունեությանը, մինչեւ այն չսկսի աշխատել», - նշում է պատգամավորը:
Հակաժողովրդավարական բնույթի մյուս դրույթը, նրա կարծիքով, այն է, որ ՀԿ-ներից պահանջվելու է ունենալ մասնաճյուղեր երկրի վարչական շրջանների առնվազն 30%-ում:
Հուսեյնի համոզմամբ` այս բանաձեւը եւս անիրատեսական է, քանի որ «ՀԿ-ն կարեւոր քաղաքական կուսակցություն չէ»:
Պատգամավորը նաեւ կասկած հայտնեց մեկ այլ օրենսդրական փոփոխության նպատակահարմարության վերաբերյալ, որը պարտադրում է ՀԿ-ներին իրենց բյուջեի առնվազն 50 տոկոսը կազմել միայն տեղական աղբյուրների հաշվին:
«Այս փոփոխության հետեւանքով գործող ազդեցիկ ՀԿ-ների մեծ մասը կզրկվի արտասահմանյան դոնորների աջակացությունից», - նշում է Հուսեյնը`ավելացնելով, որ նման կարգի փոփոխությունները միտված են խոչընդոտելու Ադրբեջանում մասնաճյուղեր ունեցող արտասահմանյան ՀԿ-ների գործունեությանը:
Այս մեղադրանքները կտրականապես հերքվում են կառավարական շրջանակներում: Ոչ կառավարական կազմակերպությունների աջակցության կառավարական խորհրդի նախագահ Այազ Գուլիեւը անհիմն է համարում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հնչող քննադատությունը:
Նա, այնուամենայնիվ, չհերքեց, որ փոփոխությունների մի մասը կարող է խնդիրներ առաջացնել մի շարք ՀԿ-ների գործունեության համար, ինչպես նաեւ ընդունեց, որ մի շարք օրենսդրական առաջարկներ «անհանգստության տեղիք են տալիս»:
«Սակայն Ադրբեջանի ազգային անվտանգության, պետական մարմինների գործունեության թափանցիկության եւ ապահովության պահանջները պետք է ողջունելի լինեն», - եզրակացնում է Գուլիեւը:
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն օրենսդրական փոփոխոթյունների ամբողջ փաթեթի օգտին է հանդես գալիս:
«Նախ դրանք կնպաստեն ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը, - նշում է պատգամավորը, - ՀԿ-ների տարբեր նախաձեռնությունների համար հսկայական գումարներ են հատկացվում առանց հստակ պատկերացման, թե իրականում ինչի վրա են դրանք ծախսվում: Փոփոխությունները վերջ կդնեն նման դեպքերին»:
Երկրում գործող անկախ ՀԿ-ների մեծ մասը, իրենց հերթին այս փոփոխությունները դիտում են որպես բազմակողմանի գրոհ:
«Եթե ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները եւ լրացումները ուժի մեջ մտնեն, այդ ոլորտն ամբողջությամբ կկործանվի», - կանխատեսում է Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գուբադ Իբադօղլուն:
«Օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում առնվազն 500 ՀԿ-ների գործունեությունը ինքնաբերաբար կդադարի», - հավելում է Իբադօղլուն` բերելով առաջարկներից մեկի` բացասական մեկնաբանություն պարունակող հոդված 16-ի օրինակը, որի համաձայն` ոչ մի ՀԿ չի կարող գործել առանց գրանցման:
«Եթե այս պահանջը չկատարվի, ղեկավարության դեմ սանկցիաներ կկիրառվեն, իսկ կազմակերպությունը կվերացվի օրենքի ուժով», - նշում է Իբադօղլուն:
Մեկ այլ ՀԿ-ի` Տնտեսական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի տնօրենի օգնական Ռովշան Ագաեւը կարեւորում է այն փաստը, որ Ադրբեջանի անկախ ՀԿ-ների մեծ մասը գործում է միջազգային դոնորների ֆինանսական օգնության հաշվին, եւ հենց դրանք են հանդիսանում օրենսդրական փոփոխությունների հիմնական թիրախը:
«Այս մեթոդով իշխանությունները ցանկանում են վերացնել ընդդիմության կողմից հանդես եկող բոլոր ՀԿ-ները: Գաղտնիք չէ, որ տեղական դոնորները երբեք չեն հանդգնի ֆինանսավորել իշխանությունների հավանությանը չարժանացած նախագծերը, - համոզված է Ագաեւը, - իշխանությունները պարզապես նպատակ ունեն զրկելու անկախ ՀԿ-ներին գոյության միջոցներից` փակելով րանց մուտքը միջազգային ֆինանսավորման աղբյուրներ»:
Օրենսդրական նախագծի քննարկման առաջին օրն իսկ խորհրդարանի շենքի մոտ սկսված բողոքի ցույցը, կարծես, անակնկալի բերեց իշխանություններին:
Ոստիկանության եւ անվտանգության ուժերը քննարկմանը հետեւելու ակնկալիքով եկած լրագրողների աչքի առաջ ամրացրեցին Միլի մեջլիսի մուտքը ներսի եւ դրսի կողմից, ինչի հետեւանքով նույնիսկ խորհրդարանի մուտքի թույլտվություն ունեցող լրագրողները չկարողացան շենք թափանցել:
Բաքվի ոստիկանական վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Յաշար Ալիեւի հրամաններով առաջնորդվելով` ոստիկանության աշխատակիցները համարյա ոչ մի լրագրողի թույլ չտվեցին ներս մտնել`ստիպելով նրանց նահանջել մինչեւ պաշտպանության նախարարության շենքը: Գեներալ Ալիեւի հետ վարած բանակցություններից հետո միայն լրագրողների մի մասին վերջապես թույլ տվեցին մտնել խորհրդարան:
Միեւնույն ժամանակ, տեղական ՀԿ-ների հովանավոր կազմակերպության` Քաղաքացիական հասարակության պաշտպանության կոմիտեի կողմից խորհրդարանի շենքը շրջապատելու փորձն անցել էր փոփոխական հաջողությամբ:
Շուտով ոստիկանությունը միջամտությամբ ակցիան ցրվել էր, ինչի արդյունքում ենթադրյալ մասնակիցները հասցրել էին լսել Իբադօղլուի կարդացած բանաձեւի մի հատվածը միայն: Ոստիկանությունը նույնիսկ թույլ չտվեց նրան ավարտել բարձրաձայն ընթերցանությունը` ստիպելով ցուցարարներին նահանջել ազգային անվտանգության նախարարության շենքի ուղղությամբ:
Մինչ Իբադօղլուն եւ մեկ այլ ակտիվիստ Իրադա Ջաֆարովան ՀԿ-ի ներկայացուցիչների կարգավիճակով կարողացան մուտք գործել Միլի մեջլիս` իրենց բանաձեւը խորհրդարանում ներկայացնելու համար, հավաքվածների մյուս մասը փորձում էր նստացույց կազմակերպել Փառքի պողոտայի վրա:
Քաղաքացիական հասարակության մոտավորապես 100 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մարդու իրավունքների մի շարք ակտիվիստներ` Նովելլա Ջաֆարօղլուն, Սաադաթ Բանանյարլին եւ Սայիդա Գոջամանլին նստել էին փողոցում:
Չնայած նրան, որ ոստիկանությունը շտապեց ցրել նստացույցի մասնակիցներին` Պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Իլգար Մամմադովը նշեց, որ նրանք կարողացել էին համոզիչ կերպով ներկայացնել իրենց մոտեցումը` ավելացնելով, որ օրենսդրական փոփոխությունների հակառակորդները այս ակցիայով չեն սահմանափակվի. հակառակը` նրանք շարունակելու են ցույցերը մինչեւ խորհրդարանը չկասեցնի նախագծված փոփոխությունների ընդունումը:
Միեւնույն ժամանակ, խորհրդարանում օրենսդրական փոփոխությունների քննարկումը հետաձգվեց, երբ դրան հատկացված ժամկետն ավարտվեց: Միլի մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը հետաձգեց քննարկումը մինչեւ հունիսի 30-ը:
Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան, իր հերթին, դիմեց խորհրդարանին` խնդրելով հետաձգել փոփոխությունների փաթեթի քննարկումը մինչեւ աշուն:
Այնուամենայնիվ, Մամմադովի համոզմամբ`քննարկման հետաձգումը ժամանակի պակասի հիմնավորմամբ «ընդամենը պատրվակ էր»:
«Միլի մեջլիսում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ անմիջապես քվեարկություն տեղի չունեցավ մեր բողոքի ցույցերի եւ Եվրոպական Միության կողմից գործադրվաղ ճնշման պատճառով: Ահա թե ինչու հաջորդ քննարկման օր նշանակվեց հունիսի 30-ը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո», - ասաց Մամադովը` նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսի 22-26 անցկացվող նստաշրջանը:
Եթե օրենսդրական փոփոխություններն ընդունվեն հունիսի 30-ից հետո, եւ Ադրբեջանը հետագայում քննադատվի ԵԽԽՎ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից, իշխանությունները կկարողանան ժամանակ շահել, ըստ Մամադովի` «միջազգային կազմակերպությունների որոշումը չեզոքացնելու կամ առնվազն այն այլ կերպ հասարակությանը ներկայացնելու համար»:
Սամիրա Ահմեդբեյլի, Բաքու (Կովկասյան Լրատու # 499, 25-ը հունիսի, 2009թ.)
Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
www.iwpr.net
դեպի ետ