• am
  • ru
  • en
Версия для печати
21.07.2009

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ

Руский

   

Սևակ Սարուխանյան

Post-Election-Riots-in-Iran_1 (medium)Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները մեծ արձագանք ստացան միջազգային քաղաքական եւ լրատվական շրջանակներում: Սակավ չէին կարծիքներն այն մասին, որ Իրանը գտնվում է նոր հեղափոխության նախաշեմին: Մինչդեռ վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ իրավիճակը երկրում վերահսկվում է իշխանությունների կողմից:

Իրանում հետընտրական զարգացումների հիմնական առանձնահատկությունն այն է, որ զանգվածային ցույցերը եւ արյունոտ բախումները ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ չհանգեցրին ընդդիմության եւ նրան պաշտպանող հասարակության մի մեծ հատվածի շրջանում հակահամակարգային նպատակների ձեւավորման: Ինչպես ցույցերի առաջին օրերին, այնպես էլ հետագայում` ցուցարարների հիմնական պահանջը ոչ թե առանցքային քաղաքական փոփոխություններ իրականացնելն էր, այլ նոր նախագահական ընտրությունները:

Հունիսի 20-ին Միր-Հոսեյն Մուսավին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որով կոչ արեց իրեն պաշտպանող ցուցարարներին զերծ մնալ բռնություններից եւ շարունակել ցույցերը միայն խաղաղ ճանապարհով: Նա իր կոչում, եւս մեկ անգամ ընդգծելով, որ հեղափոխական չէ, որպես իր գործողությունների հիմնական ուղենիշ նշեց իսլամական հեղափոխության խորհուրդն ու դրա նպատակները: Հաջորդ օրը Մուսավիի անունից հայտարարություն տարածվեց, ինչն, ի դեպ, հետագայում չհաստատվեց, որ ընդդիմությունը մարմնավորող Մուսավին պատրաստ է որպես շահիդ սեփական կյանքը զոհաբերել հանուն ցուցարարների եւ արդարության:

Իրանում ծավալված ներքաղաքական պայքարը հունիսի 24-ից` փողոցային ցույցերի դադարեցումից հետո, տեղափոխվեց ստվերային դաշտ, որտեղ հիմնական գործող անձինք ոչ թե փողոց դուրս եկած երիտասարդներն էին, այլ իրանական վերնախավի տարբեր բեւեռները: Հունիսի 26-ին Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի կազմակերպած` մեջլիսի անդամների ամենամյա ընդունելությունը ցույց տվեց, թե որքան է խորացել գործող նախագահի նկատմամբ իրանական քաղաքական վերնախավի մի մեծ հատվածի դժգոհությունը: Ընդունելության հրավերն ընդունեցին եւ հանդիպմանը մասնակցեցին Իրանի խորհրդարանի 290 պատգամավորներից միայն 105-ը: Հանդիպմանը, որի ընթացքում հնչեցվում էին շնորհավորանքներ Մ.Ահմադինեժադի վերընտրման կապակցությամբ, չմասնակցեց նաեւ խորհրդարանի նախագահ, պահպանողականների ճամբարի հիմնական առաջնորդներից մեկը համարվող Ա.Լարիջանին: Նշենք, որ 290 պատգամավորներից բաղկացած խորհրդարանում այսպես կոչված «բարեփոխիչներն» ունեն ընդամենը 76 պատգամավոր, այն դեպքում, երբ ընդունելությանը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել 185 պատգամավորներ: Սա խոսում է այն մասին, որ գործող նախագահի դեմ ձեւավորված ընդդիմության բեւեռը կազմված է տարբեր թեւերի ներկայացուցիչներից:

Այստեղ ուշադրության է արժանի եւս մեկ կարեւոր փաստ։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարան` պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման էին եկել Մ.Հ. Մուսավին եւ Փորձագետների վեհաժողովի նախագահ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանին: Առաջին տեղեկությունն այս այցի եւ տեղի ունեցած հանդիպումների մասին հաղորդեցին Արեւմուտքում գործող իրանական ընդդիմադիր գործակալությունները, իսկ պաշտոնական հավաստիացումը Հաշեմի-Ռաֆսանջանիի կողմից ստացվեց միայն մեկ շաբաթ անց:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ համաշխարհային լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ էին տարածում Մուսավիի մասին. իբր նա ձերբակալվել է, գտնվում է տնային կալանքի տակ եւն: Սակայն ակնհայտ է, որ Մ.Ահմադինեժադի հակառակորդը բավական ազատ քաղաքական գործունեությամբ է զբաղվում, իսկ նրա ստվերում գտնվելը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ Մուսավին ցանկանում է կտրել ցուցարարների ագրեսիվ հատվածի հետ իրեն կապող թելը` դրանով իսկ խուսափելով անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրված լինելուց: Նման վարվելաձեւ է դրսեւորում նաեւ Հաշեմի-Ռաֆսանջանին, ով հունիսի 29-ին հայտարարություն տարածեց այն մասին, թե անկարգությունները դավադրություն են Իրանի պետության եւ ժողովրդի նկատմամբ, իսկ դրանց իսկական կազմակերպիչները «ժողովրդից չեն»:

Մեկ շաբաթ անց Հաշեմի-Ռաֆսանջանին կոչ արեց ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կապ չունեն դավադրության կազմակերպման հետ: Նշենք, որ հունիսի երկրորդ կեսին, ըստ իրանական ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, անկարգությունների կազմակերպման եւ իրականացման մեղադրանքով ձերբակալվել է 1000-ից ավելի մարդ:

Թե՛ Մուսավիի եւ թե՛ Հաշեմի-Ռաֆսանջանիի ցանկությունը` խզել կապը ցուցարարների ակտիվ զանգվածի հետ, ամենայն հավանականությամբ արդյունք է այն գիտակցության, թե փողոցային պայքարը սպառել է իրեն: Իշխանություններն իրենց հերթին բավական կարեւոր քայլ են արել Մուսավիի եւ նրա քաղաքական կողմնակիցների նկատմամբ` որպես պաշտոնական կարծիք եւ գնահատական տարածելով այն դատողությունը, թե ցույցերի եւ սպանությունների հետեւում կանգնած են արեւմտյան ուժերը: Թե ինչպիսին է Արեւմուտքի մասնակցությունը Իրանում տեղ գտած քաղաքական ճգնաժամին, այս դեպքում կարեւոր չէ: Առաջնային կարեւորություն է ներկայացնում այն փաստը, որ Արեւմուտքի հետ կապված այս վարկածը ձեռնտու է թե՛ իշխանություններին, թե՛ Մուսավիին` թույլ տալով երկուսին էլ խուսափել իրենց բաժին պատասխանատվությունից:

Նշենք, որ հակաարեւմտյան եւ ընդհանրապես իսլամիստական բնույթի քարոզչությունն Իրանում վերջին շաբաթների ընթացքում աճել է: Այն ուղղված է հասարակական որոշակի համախմբվածության ստեղծմանը եւ ուշադրությունը շեղելուն: Սակայն այն, որոշ դեպքերում, սկսում է հիշեցնել 30-ամյա հնության հետհեղափոխական իրանական քարոզչությունը, որն ուղղված էր բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում էին մահմեդականների շահերը: Այսպես, օրինակ, հուլիսի 12-ին հեղինակավոր եւ ազդեցիկ մեծ այաթոլաներ Մ.Շիրազին եւ Լ.Գոլփայգային կոչ արեցին իրանական կառավարությանը` չլռել Չինաստանի կողմից ույղուր մահմեդական բնակչության դեմ իրականացվող գործողությունների առիթով: Սա այն պայմաններում, երբ Չինաստանը Իրանի կարեւորագույն քաղաքական եւ տնտեսական գործընկերն է հանդիսանում: Նույն օրը Իրանի փոխարտգործնախարար Մ.Սանային հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների վրա` պահանջելով դադարեցնել տնտեսական եւ քաղաքական հարաբերություններն Իրանի հետ: Ինչ վերաբերում է Իրաքին եւ Աֆղանստանին, ապա ներքաղաքական ճգնաժամից հետո Իրանի դիրքորոշումն այս երկու երկրներում ամերիկյան ներկայության վերաբերյալ միանգամից կարծրացավ: Միեւնույն ժամանակ, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացան գրոհայինների հարձակումներն Իրաքում եւ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ուժերի վրա, ահաբեկչության ալիքը նոր ծավալում ստացավ:

Միեւնույն ժամանակ, ներքաղաքական անկայունության պայմաններում աճել է անհանգստությունը Իրանի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների բնակության շրջաններում: Խոսքն առաջին հերթին Բելուջիստանի մասին է, որի բնակչության մեծ մասն անգամ պաշտոնական տվյալներով քվեարկել է Մ.Հ. Մուսավիի օգտին` հույս ունենալով ազատվել Մ.Ահմադինեժադի շիա-ծայրահեղական վարչախմբից: Սուննի բելուջներով բնակեցված իրանական այս տարածքում ընտրություններից հետո արդեն երեք խոշոր ահաբեկչական ակտեր են իրականացվել, որոնց արդյունքում 30-ից ավելի մարդ է զոհվել: Բացառված չէ, որ այս անհանգստությունների կազմակերպման մեջ ակտիվ դեր են ունեցել այլ պետությունները, սակայն իրանական ներքին կրոնական քաղաքականության մեջ վերջին տարիներին ամրապնդված հակասուննիականությունը պարարտ հող է ստեղծել արտաքին միջամտության համար:

Վերադառնալով Իրանում բուն ներքաղաքական զարգացումներին` պետք է նշել, որ մոտակա շրջանում իշխանությունները հասարակությանն այսպես թե այնպես պետք է ներկայացնեն բախումների մեղավորների եւ դրանց քաղաքական կազմակերպիչների անունները: Վերջին շրջանում իրանական պետական լրատվամիջոցներում ակտիվացել են հրապարակումները «Մոջահեդդինե Խալք» կազմակերպության եւ նրա` բրիտանական կառավարության հետ ունեցած կապերի մասին: Ամենայն հավանականությամբ հենց «Մոջահեդդինե Խալքը» եւ բրիտանա-ամերիկյան իշխանությունները կներկայացվեն որպես անհանգստությունների եւ բախումների կազմակերպիչներ, ինչը թե՛ իրանական ղեկավարության եւ թե՛ Մուսավիի քաղաքական թիմին թույլ կտա մասնակիորեն խուսափել հասարակության առջեւ պատասխանատվությունից:

Այսպես թե այնպես, քաղաքական թեժ պայքարն Իրանում մոտենում է մարման:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր