• am
  • ru
  • en
Версия для печати
24.07.2009

ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁԸ` ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ

   

GeorgianFlag (medium)Մասնագետներից քչերն են կիսում կառավարության այն հույսերը, որ արդյունաբերական նոր գոտու ստեղծումը կարող է թեթեւացնել տնտեսական ճգնաժամը:

Վրաստանը գովազդում է իր այսպես կոչված ազատ արդյունաբերական գոտին` երկրի երերուն տնտեսությունը զարգացնելու համար, սակայն տնտեսագետները եւ փորձագետները մտահոգված են այս նախագծի կապակցությամբ, որը նրանց կարծիքով`անորոշ, անհասկանալի եւ անիրական է:

Քութայիսիում` Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում, ներկայում սպասում են կենցաղային սարքավորումների երեք նոր գործարանի համար նախատեսված տեխնիկային. սրանք կլինեն առաջին գործարանները, որոնք կկառուցվեն հարկային եւ իրավական թեթեւացրած պայմաններում:

Գործարանները պատկանելու են եգիպտական «Fresh Electric» ընկերությանը եւ նախատեսում են առաջին արտադրանքը թողարկել այս տարվա օգոստոսից ոչ ուշ:

Արդյունաբերական նոր շրջանը չափազանց բարենպաստ բիզնես միջավայր է լինելու ներդրողների համար: Ներդրումներ կատարելու համար նախատեսված ընթացակարգը կթեթեւացվի կամ ընդհանրապես կվերացվի, իսկ ներմուծվող ապրանքները ազատ կլինեն ավելացված արժեքի հարկից կամ մաքսատուրքերից: Բացի այդ, տարածքում գործող ընկերությունները կազատվեն գույքահարկից:

Արդյունաբերական գոտում բազմարժույթային ռեժիմ է գործելու, իսկ այստեղ արտադրվող ապրանքների տեղափոխումը Վրաստանի այլ շրջաններ կատարվելու է անմաքս ռեժիմում:

Իշխանությունների խոսքերով` իրենք նպատակ ունեն Վրաստանի արեւմուտքում գտնվող Քութայիսին, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր անկում էր ապրում, վերածելու երկրի արդյունաբերական կենտրոնի: Նրանք խոստանում են այստեղ երկու տարվա ընթացքում 20,000 նոր աշխատատեղ ստեղծել:

«Մենք պատրաստվում ենք փրկել Քութայիսին, - հայտարարել էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր կատարած վերջին այցի ժամանակ, - ես լուրջ եմ վերաբերվում իմ խոստումներին: Քութայիսին արդյունաբերական շրջան կդառնա, ինչպես նաեւ` Վրաստանի երկրորդ մայրաքաղաքը»:

Այնուամենայնիվ, փորձագետներից քչերն են կիսում այս լավատեսությունը: Իրավաբաններին մտահոգում են «Fresh Electric» ընկերության եւ նրա տեղական գործընկերոջ` «Georgian International Holding» կազմակերպության կողմից համագործակցության հուշագրի ստորագրությամբ ամրագրված նախագծի իրավական հիմքերը:

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Նոդար Ջիկիայի խոսքերով` հուշագիրը ոչ մի իրավական արժեք չունի, հետեւաբար` կողմերին ոչինչ չի կարող ստիպել կատարել իրենց պարտավորությունները:

«Հուշագիրն ընդամենը երկու կողմերի բարի կամքի արտահայտությունն է եւ ընդհանրապես ոչ մի իրավական ուժ չունի: Փաստաթուղթը չի պարտադրում կողմերին որոշակի գործողություններ կատարել. դա կիրականացվի միայն նրանց բարի կամքի արտահայտության դեպքում», - նշում է իրավաբանը:

Եգիպտական ընկերությունը կզբաղվի շրջանում արդյունաբերական օբյեկտների շինարարությամբ, իսկ նրա վրացական գործընկերը իր վրա կվերցնի կազմակերպչական ու վարչական խնդիրները: Հուշագիրը ստորագրվել է ապրիլի 6-ին:

Fresh Electric-ի ներկայացուցիչների խոսքերով` ընկերությունը պլանավորում է 2 միլլիարդ դոլարի ներդրում կատարել արդյունաբերական գոտում: Գումարի մի մասը` 1, 2 միլիարդ դոլարը, նախատեսված է այս տարի օգտագործել նոր գործարանների կառուցման նպատակով: Սակայն տնտեսագետները կասկածում են ընկերության` այս խոստումը կատարելու հնարավորություններին, քանի որ նրա կայքի տվյալների համաձայն` իր տարեկան շրջանառության ծավալը կազմում է ընդամենը 90 միլիոն դոլար:

«Ներդրում կատարող ընկերությունը արդյունաբերական շրջան կառուցելու համար ո´չ անհրաժեշտ միջոցներ ունի, ո´չ էլ փորձ: Բացի այդ, համաշխարհային ճգնաժամի ներկայ պայմաններում նման ծավալի ներդրումները շատ հազվադեպ են», -համոզված է տնտեսական փորձագետ Օթար Կոնջարիան:

Սակայն «Georgian International Holding» ընկերության նախագահ Միխեիլ Թիգիշվիլին

հերքում է այս վտանգավոր ձեռնարկման ֆինանսական կողմի հետ կապված բոլոր տեսակի խնդիրների առաջացման հնարավորությունը:

«Սա լուրջ, կայուն ընկերություն է, որն իր արտադրանքը տասնյակ երկրներ է արտահանում: Հետեւաբար` խոստացված ներդրումներին ոչինչ չի սպառնում», - նշում է Թիգիշվիլին:

Միեւնույն ժամանակ, եգիպտական ընկերությունը վստահ է այս ռիսկային գործի շահավետության վրա:

«Մենք մեծապես կարեւորում ենք Վրաստանի աշխարհագրական դիրքը: Նրա հարեւան պետություններն ունեն մեր արտադրած էլեկտրական սարքավորումների կարիքը: Մենք ուսումնասիրել ենք վրացական շուկան. մեր արտադրանքը բարձր որակ ունի, եւ հույս ունենք` այն կգտնի իր տեղը շուկայում», - նշում է ընկերության փոխնախագահ Մուհամմեդ Ռաֆաթը:

Հունիսի 5-ին կառավարությունը հատուկ բանաձեւ ընդունեց ազատ արդյունաբերական գոտու ստեղծման վերաբերյալ: Նախկինում Քութայիսիի մեքենաշինական գործարանի համար ծառայող 27 հեկտար տարածքով հողամասում ընդհանուր առմամբ 12 նոր գործարան է կառուցվելու, որոնք գործելու են 99 տարի ժամկետով: Այստեղ արդեն իսկ մաքսակետ են կառուցել:

Ինչպես նշում են տնտեսական զարգացման նախարարությունում, կառավարությունը խստորեն վերահսկելու է արդյունաբերական գոտու զարգացման գործընթացը եւ կարող է չեղյալ հայտարարել իր տրամադրած հատուկ արտոնությունները, եթե այնտեղ աշխատող ընկերությունները չկատարեն իրենց խոստումները:

«Ազատ արդյունաբերական գոտու ստեղծման, կառուցապատման եւ գործունեության կարգը նշված է Վրաստանի օրենսդրության մեջ: Բացի այդ, գոյություն ունեն որոշակի համաձայնեցված երաշխիքներ, որոնք պիտի ապահովվեն արդյունաբերական գոտում գործող ընկերությունների կողմից: Եթե այս ընթացակարգերին չհետեւեն, պետությունը թույլ չի տա, որպեսզի գոտում սկսվեն աշխատանքները», - նշում է նախարարության քաղաքական եւ վերլուծական բաժնի փոխղեկավար Ցիսնամի Սաբաձեն:

Վրաստանում արդեն իսկ գոյություն ունի ազատ արդյունաբերական գոտի. խոսքը սեւծովյան Փոթի նավահանգստի մասին է: Փորձագետների կարծիքով` երկրորդ նման գոտի ստեղծելու հնարավորությունները քննարկելիս, կառավարությունը պետք է հաշվի առնի այն, որ իրենց համոզմամբ` նախկին փորձը հիասթափեցնող էր:

«Փոթիի ազատ արդյունաբերական գոտին չարդարացրեց իրեն, - ասում է փորձագետ Նոդար Խադուրին, - որքան գիտեմ, այնտեղ մի շարք լուրջ խնդիրներ են եղել»:

Շատերը կարծում են, որ կառավարությունը ցանկանում է գրավիչ դարձնել Ռուսաստանի հետ անցյալ տարվա պատերզամից եւ քաղաքական խժդժություններից վնասված վրացական ներդրումային դաշտը:

«Կան, իհարկե, բիզնեսի տեսանկյունից ավելի կայուն երկրներ», - նշում է Խադուրին:

Միաժամանակ, Քութայիսիի բնակիչները, որոնց Վրաստանի նախագահն արդեն իսկ շնորհավորել է աշխատատեղեր ստանալու հնարավորություն կապակցությամբ, բողոքում են, որ չեն ստանում անհրաժեշտ տեղեկատվություն աշխատանք ձեռք բերելու վերաբերյալ:

«Ոչ ոք չի բացատրել մեզ, թե ինչպես պետք է աշխատանք ստանանք արդյունաբերական գոտում: Ամուսինս գնացել էր այնտեղ ու ձեռնունայն վերադարձել: Մինչեւ հիմա մեզ միայն խոստումներ են տվել», - դժգոհում է Քութայիսիի բնակչուհի Նանա Մայիսուրաձեն:

«Այնտեղ հնարավոր չէ մտնել: Ընդունարանի պատին ընկերության ներկայացուցիչների հետ կապվելու համար հեռախոսահամար էր փակցված: Բայց այն հանել են. ասում են ` զանգերը չափազանց շատ են եղել», - ասում է Քութայիսիի մեկ այլ բնակիչ Գուրամ Կիկնաձեն:

Թեա Զիբզիբաձե, Քութայիսի (Կովկասյան Լրատու # 502, 17-ը հուլիսի, 2009թ.)

Թեա Զիբզիբաձեն Քութայիսիում լույս տեսնող «Akhali Gazeti» թերթի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)


դեպի ետ