
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Վլադիմիր Խոջաբեկյան` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Հաճախ կարելի է լսել կարծիք, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի է ունենալու բեկում։ Եվրամիության ընկերակցության մեջ մտնելու նպատակով երկիրն ընդունելու է համապատասխան արտաքին քաղաքականություն վարելու կեցվածք, այսինքն` ԵՄ անդամ դառնալուց հետո Թուրքիան կվարի եվրոպականին հատուկ արտաքին քաղաքականություն։
Կարծում ենք` նման պնդումները համոզիչ չեն։ Արդյոք 50-100 տարի հետո Եվրոպան չի՞ ողողվի թուրքերով։ Չ՞է որ եվրոպական ժողովուրդների թվաքանակը չի աճում, բնակչությունը ծերանում է, իսկ թուրքերն ունեն և կպահպանեն բարձր աճ. բարձր է ծնելիությունը, բնակչությունը ծերացած չէ, մահացությունն էլ կնվազի։ Ինչպիսի՞ն կլինի 100 տարի հետո Եվրոպան, եթե թուրքերն ընդգրկվեն ԵՄ կազմում, և աշխատող ձեռքերի կարիք ունեցող Եվրոպան համալրվի և ողողվի երիտասարդ թուրք աշխատուժով։ Չպետք է մոռանալ, որ դարերի ընթացքում Թուրքիան վարել է ռազմատենչ քաղաքականություն, իրեն ենթարկել աշխարհի շատ երկրներ և ժողովուրդներ, ասիմիլացրել, ձուլելով թուրքացրել, կրոնափոխել և բազմակնությամբ ապահովել թուրքերի արագ աճ։
Թեև բարդ է ապագա ռազմաքաղաքական ուժերի փոխհարաբերությունները կանխորոշելը, սակայն պարզ է, որ Թուրքիան միշտ էլ ժամանակի ոգին լավ է ըմբռնել, և առաջին հերթին ապահովել ամենաշահեկան ելքն իր համար։ Մասնավորապես, Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները Թուրքիան փորձում է վարել ուժի դիրքերից։ Դա բխում է նաև նրա աշխարհագրական բարենպաստ պայմաններից, Արևմուտքի հետ շահավետ տնտեսական ու ռազմաքաղաքական սերտ ինտեգրումից, արևմտյան տերությունների և հարևանների հետ ունեցած հարաբերություններում խուսանավելու մեծ հնարավորություններից։ Նկատենք, որ աշխարհագրական դիրքը որոշիչ է եղել նաև խորհրդա-թուրքական հարաբերությունների ձևավորման ընթացքում։ Պատահական չէր, որ 1915թ., 1918-1920թթ., ինչպես նաև 1988-1991թթ. Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում ո՛չ արևմտյան տերությունները, ո՛չ էլ Խորհրդային Միությունը գործնականում հանդես չեկան Թուրքիայում և Ադրբեջանում հայերի նկատմամբ կիրառվող ցեղասպանության, Ադրբեջանի հայաթափության քաղաքականության դեմ։ Ավելին, 1920թ. Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին, խորհրդային կառավարությունը, «իմպերիալիստական» հորջորջելով Հայաստանը, թուրքական կառավարությանը տրամադրեց նյութական օգնություն՝ 10 մլն ռուբլու սահմաններում (ոսկով), մեծ քանակությամբ զենք և զինամթերք, և Քեմալ Աթաթուրքը 1920թ. սեպտեմբերին սկսեց ռազմական գործողություններ Հայաստանի դեմ։ Իհարկե, այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչում և դատապարտում են տասնյակ երկրներ, որոնք գտնում են, որ Թուրքիան պետք է դատապարտի 1915թ. ցեղասպանությունը, ներողություն խնդրի իր մեղքի համար և փոխհատուցի վնասները, ճանաչի ժառանգական իրավունք։
Անցել է 95 տարի, բայց Թուրքիայի այսօրվա քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չկա. պահանջատիրության, ընդհանրապես պատմությունը վերհիշելու մասին ոչ մի խոսք, այլապես բանակցությունների սեղանի շուրջ նստել և Թուրքիայի հետ դիվանագիտական, տնտեսական, առևտրական որևէ հարաբերություն ստեղծել չի կարելի։ Իսկ եթե պատմությունը վերհիշվի, ապա միայն Թուրքիայի դիրքերից և խեղաթյուրված տեսքով։
Նախապայմաններից մյուսը ԼՂՀ ազատագրված պատմական հայկական տարածքները Ադրբեջանին վերադարձնելն է։ Մինչդեռ Ադրբեջանի տիրապետության տակ է մնացել Հյուսիսային Արցախը, որը ռուսական «Օղակ» օպերացիայով, մարդկային մեծ զոհեր տալով, բռնակցեցին Ադրբեջանին։ Ադրբեջանին մնաց պատմական Հայաստանի անքակտելի մասը կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։
ԱՄՆ-ը (և աշխարհի շատ պետություններ) հարկադրում են Թուրքիային առանց նախապայմանների վավերացնել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նախապես Ցյուրիխում ստորագրված արձանագրությունը։ Եթե այսօր խաղաքարտի վրա է դրվում Հայ դատից և պահանջատիրությունից հրաժարվելու հարցը, վաղը դիվանագիտական խաղի մեջ կներքաշվի Արցախի, Նախիջևանի, Մեղրու միջանցքի և Գարդմանաց աշխարհի հիմնախնդիրը։ Չպետք է մոռանալ, որ ավելի քան 400 հազ. կմ2 պատմական Հայաստանից բռնազավթել են Թուրքիան և Ադրբեջանը, մեզ բաժին է մնացել 29,8 հազ. կմ2։
Եթե բազմաթիվ երկրների հետ Հայաստանը կարող է վարել տնտեսական ինտեգրման քաղաքականություն, ապա Թուրքիայի հետ այդ հարաբերությունները կարող են կրել առևտրական ապրանքափոխանակության բնույթ։ Ներկա փուլում և մոտ ապագայում, մեր կարծիքով, չպետք է տարվել Թուրքիայի հետ տնտեսական այնպիսի խոր և համակողմանի ինտեգրացիոն կապերի հաստատմամբ, որը ժամանակի ընթացքում կհանգեցնի մեր հանրապետության տնտեսության խորքային ինտեգրմանը Թուրքիայի տնտեսության հետ։ Նման միտումը հղի է Թուրքիայից կախվածության և թելադրանքի վտանգի աճով, իսկ նման երևույթը խորքային հետք կթողնի ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության և անվտանգության վրա։ Չմոռանանք, որ Թուրքիան փորձում է իր կամքը թելադրել հենց այսօրվանից, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև շփման եզրերը ծավալված չեն, երբ խորքային տնտեսական կապերը բացակայում են։ Հետագա կախվածության մասշտաբները և դրանով հարուցվող երևույթները տեսանելի են Թուրքիայի հենց այսօրվա դիրքորոշումից։
Հայտնի է, որ իր ներկա տարածքային, աշխարհագրական, տնտեսական կացությամբ և ռազմական հզորությամբ Հայաստանը միայնակ չի կարող լուծել նաև Հայ դատի և պահանջատիրության խնդիրները։ Ներկայումս հարցի այդպիսի լուծում չի էլ առաջադրվում։ Սակայն պետք է հիշել, որ պահանջատիրությունը ոչ միայն Հայաստանում ապրող, այլև ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովրդի համազգային խնդիրն է, որի լուծումը մնում է պատմությանն ու սերունդներին և այն էլ ոչ թե ուժի դիրքերից, այլ պատմական տրամաբանական զարգացման ընթացքով, դիվանագիտական ճանապարհով, մարդկային առողջ բանականությամբ լուծելու համար։
Կասկած չի հարուցում, որ Թուրքիայի հետ քաղաքական, դիվանագիտական, առևտրատնտեսական հարաբերությունների բնույթն այլ կերպարանք կստանա, եթե Հայաստանը` որպես Եվրամիության անդամ, իր մասնակցությունը բերի բոլոր առաջադեմ երկրների հետ սերտ կապերի ստեղծմանը կամ, ինչու չէ, կոնֆեդերատիվ հիմունքներով նրանց հետ մտնի տնտեսական, ռազմաքաղաքական հարաբերությունների մեջ։
Դրանով իսկ Հայաստանը ոչ միայն իր տնտեսությունը կապահովագրի Թուրքիայի կամքին ենթարկելուց, այլև կապահովի Թուրքիայի հետ բարիդրացիական, առևտրական, տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների հետագա ծավալումը, կապահովի սահմանային և տնտեսական անվտանգությունը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր