• am
  • ru
  • en
Версия для печати
29.09.2009

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԱՐԱՑԱԾ ՎՐԱՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԶԱՅՐՈՒՅԹԸ ՍՏԱԼԻՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎՐԱ ԵՆ ԹԱՓՈՒՄ

   

Georgians protest (medium)Այն փաստը, որ արձանը դեռեւս մնում է օգոստոսյան պատերազմում տուժած քաղաքում, արտահայտում է բռնապետի նկատմամբ ազգի ոչ միանշանակ վերաբերմունքը:

Օգոստոսյան վերջին պատերազմից հետո դեռեւս չվերականգնված Գորիում բարձրացած բողոքի ալիքը սպառնում է վերացնել քաղաքի ամենահայտնի բնակչի` Ստալինի արձանը:

Այս ամռանը տեղական իշխանություններն արդեն մի քանի անգամ մաքրել են 15 մետր բարձրություն ունեցող արձանը կարմիր ներկից, բայց բողոքարար ուսանողները խոստանում են, որ կանգ չեն առնի, մինչեւ հուշարձանը չհանեն:

Նրանց խոսքերով` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ստալինի գործը շարունակողներն են. մի մարդ, ում գլխավորությամբ Խորհրդային Միությունը հաղթանակ տարավ Գերմանիայի հանդեպ, եւ ում հրամանով ռեպրեսիաների տարիներին (1930-1940 թթ.) միլիոնավոր մարդիկ մահացան:

Գորին, որտեղ 1879 թվականին ծնվել է Ստալինը (իրական անունը` Իոսիֆ Ջուգաշվիլի), Վրաստանի հսկողության տակ գտնվող քաղաքներից ամենաշատն է տուժել անցյալ տարվա օգոստոսին Ռուսաստանի հետ տեղի ունեցած պատերազմի արդյունքում: Մի ռումբ նույնիսկ ընկել էր կենտրոնական հրապարակում` սպանելով մի քանի տեղացիների եւ մի հոլանդացի օպերատորի, սակայն Ստալինի արձանին ոչինչ էչ պատահել :

«Կարծում եմ, որ Պուտինը եւ Մեդվեդեւը, ովքեր անցյալ տարի ռմբակոծեցին Գորին, Ստալինի քաղաքական հետնորդներն են: Ուստի, այս հուշարձանը չպետք է այստեղ մնա: Թող տանեն որեւէ թանգարան, քանի որ այն մեր պատմության մի մասն է, թերեւս ամոթալի մասը», - ասում է 21-ամյա ուսանող Դաթոն:

«Այստեղ պետք է անցյալ տարվա պատերազմում զոհված հերոսների պատվին կերտված հուշարձան լինի», - համոզված է նա:

Դաթոյի ձեռքի ցուցանակի վրա գրված է` «Գորիում Ստալինի հուշարձանը նույնն է, ինչ Երուսաղեմում Հիտլերի հուշարձանը»: Երիտասարդը հենց այն ակտիվիստների խմբից էր, ովքեր արձանի պատվանդանի շուրջ իմպրովիզացված մի պատ էին կառուցել: Պատի վրայի ձեռագիր արձանագրություններն ասում են`«Արձանի դեմոնտաժը նոր քայլ է դեպի ազատություն», «Տարե´ք Ստալինին» եւ «Հանե´ք այս խայտառակությունը Գորիի կենտրոնից»:

Այնուհանդերձ, հրապարակում նրանք միակ բողոքարարները չեն: Դաթոյին եւ նրա ընկերներին մշտապես ուղեկցում են Վրաստանի Կոմունիստական կուսակցության մի խումբ ակտիվիստներ: Նրանք ներկայացնում են Վրաստանում տարածված հակասական կարծիքի այն մասը, որը շարունակում է բարձր գնահատել իր հռչակավոր զավակի պատմական դերը, եւ կտրականապես դեմ են, որպեսզի Ստալինի արձանը վերացվի քաղաքից, որտեղ այն կանգնած է եղել 1952 թվականից ի վեր:

«Ստալինը հանճար էր: Նա հաղթել է այնպիսի հզոր թշնամու, ինչպիսին ֆաշիզմն էր: Ցավոք, այսօրվա երիտասարդությունը քիչ է տեղեկացված մեր պատմությունից, ուստի հաջորդ ուսումնական տարվա սկզբից ծրագրում ենք Ստալինին նվիրված մի շարք հասարակական դասախոսություններ անցկացնել», - նշում է կուսակցության ներկայացուցիչ Ջեմալ Նիկաբաձեն:

Հարցումները ցույց են տալիս, որ վրացիների մեծամասնությունը` 60-70 տոկոսը, կողմ են, որ արձանը վերացվի, սակայն քիչ չեն եւ այնպիսիները, ովքեր դեմ են դրան: Կրթության նախկին նախարար եւ փիլիսոփա Գիա Նոդիայի կարծիքով` վրաց հասարակությունը բաժան-բաժան է եղած`չիմանալով ինչ մտածել բռնապետի մասին:

«Կարճ ասած` Գորիի կենտրոնում տեղադրված Ստալինի հուշարձանը…ազգային շիզոֆրենիայի նշան է: Եթե պահպանենք այն, ապա պետք է իսկական բռնապետություն հաստատենք եւ վերջ տանք այն բողոքներին, թե չկան կառավարությանը քննադատող բավարար քանակությամբ քաղաքական հեռուստատեսային շոուներ», - գրում է նախկին նախարարն իր բլոգում:

«Էլ ինչո՞ւ ենք դեռ բողոքում Ռուսաստանից, որը բոլորից էլ լավ է շարունակում Ստալինի գործը»:

Գորիի համալսարանի ուսանողներն ու դասախոսները դիմել են տեղական իշխանություններին` արձանի հետագա ճակատագրի վերաբերյալ փոքրիկ հանրաքվե անցկացնելու պահանջով, սակայն պաշտոնյաներն ասում են, որ առայժմ դա իրենց ծրագրերի մեջ չի մտնում:

Համալսարանի ռեկտոր Զազա Ցոթնիաշվիլին ասում է, որ օտարերկրացի այցելուներն իրեն անըդհատ հարցնում են արձանի մասին:

«Մենք ստիպված ենք մեր հյուրերին բացատրել, որ Ստալինն ընդհամենը մեր պատմության մի մասն է, եւ ոչ թե հիացմունքի առարկա, սակայն շատերի համար սա պարզապես անհասկանալի է», - նշում է ռեկտորը:

Քաղաքի վարչության շենքի պատուհանները նայում են կենտրոնական հրապարակին եւ նրա հսկայական բնակչին: Վարչության աշխատակիցները հրաժարվում են պատասխանել այն հարցին, թե արդյոք չեն նեղվում կենտրոնական հրապարակում Ստալինի ներկայությունից. դիրքորոշում, որը Նոդիան անվանում է «քաղաքական նպատակահարմարություն», եւ որն առաջ է քաշվել Ստալինին դեռեւս երկրպագող վրացիների աջակցության կորստի հանդեպ եղած վախից: Նրա խոսքերով` նույն պատճառով էլ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են միանալ արձանի դեմ իրականացվող քարոզարշավին:

Սակայն կոմունիստները համաձայն չեն: Նրանք համոզված են, որ կառավարությունը վատ է կատարում արձանը պահպանելու իր պարտականությունները:

«Եթե իշխանությունները հարգեին Ստալինին, ապա հուշարձանի վրա կարնիր ներկ լցնողները վաղուց բանտարկված կլինեին», - համոզված է Նիկաբաձեն:

Դաթոն, սակայն, չի վախենում ձերբակալությունից:

«Չեմ հասկանում`ինչու սա չեն հանում այստեղից: Վրաստանի պատմության մեջ ամենահաջող ղեկավարի` Դավիթ Շինարարի արձանն առանց որեւէ մեկին հարցնելու հանեցին Թբիլիսիի կենտրոնից, այդ դեպքում ինչո՞ւ են վախենում ձեռք տալ Ստալինի արձանին», - դժգոհում է Դաթոն:

«Այնուամենայնիվ, նոր ուսումնական տարին սկսվել է, ուսանողները վերադարձել են, եւ հիմա կտեսնեք, թե ինչ շատ ենք մենք: Ինչ էլ որ լինի, միեւնուն է, մենք կհանենք Ստալինի արձանն այստեղից»:

Նաթիա Կուպրաշվիլի, Գորի (Կովկասյան Լրատու # 511, 17-ը սեպտեմբերի, 2009թ.)

Նաթիա Կուպրաշվիլին ազատ լրագրող է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

 


դեպի ետ