• am
  • ru
  • en
Версия для печати
20.10.2009

ԱԴՐԲԵՋԱՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏՈՒՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ

   

«Նա ուզում էր նկարիչ դառնալ: Բայց հոր կամքով հովիվ դարձավ: Մի անգամ նա կընդհարվի գայլի հետ և կենաց ու մահու պայքարի կմտնի: Հաղթանակը կլինի նրանը: Որովհետև նա աստվածային էակ է…»

Ես առաջինն եմ, ում Ջորջը պատմեց ֆիլմի մասին, որտեղ նա նկարահանվել է: Նա ասում է, որ իր ստեղծած կերպարի հետ ինքը ոչ մի ընդհանրություն չունի: Դրա համար էլ ես խնդրում եմ թողնի ֆիլմը ու պատմի իր մասին: Պարզվում է` միայն ֆիլմում նա ունի մայր, հայր, քույրեր: Իսկ կյանքում նա բոլորովին միայնակ է: Ու չի էլ վախենում մենությունից…

Ջորջի հետ ծանոթացել եմ ոչ թե արտասահմանում, այլ` Բաքվում: 14-ամյա Ջորջ Գաֆարովն ապրում է №2 մանկատանը, որը գտնվում է Սուրախանին շրջանի Ենի Գյունեշլի ավանում: 7-րդ դասարանցի Ջորջը կերպարվեստի և դերասանության ընդունակություններ ունի.

«Մանկատանը ընտրություն անցկացրին 13-14 տարեկան երեխաների միջև: Քանի որ ես լավ եմ նկարում, ընտրությունը կանգ առավ իմ վրա, և հենց ինձ վիճակվեց նկարահանվել «Աստվածային էակ» ֆիլմում…»

Ազատ ժամանակ Ջորջը սիրում է նայել ֆիլմեր: Նրա ամենասիրած ֆիլմը «Դաշնակահարն» է: Նրան դուր է գալիս, որ ֆիլմի հերոսը, մնալով մենակ, գլուխ է հանում դժոխային դժվարություններից. «Չնայած այստեղ ես ընկերներ ունեմ, միևնույն է` ինձ միայնակ եմ զգում, որովհետև իմ կողքին չկան հարազատներ, ընտանիք»:

Բայց ամենից շատ Ջորջին, ինչպես նաև մանկատան մյուս երեխաներին, հուզում է իրենց ապագան: Ավելի կոնկրետ, թե որտեղ պիտի ապրեն հետագայում:

Երեխաների իրավունքների պաշտպանության լիգայի ղեկավար Յուսիֆ Բեկիրովը ցավով նշում է, որ մանկատան երեխաներին չեն ծանոթացնում իրենց իրավունքներին:

«Քանի որ դա չի հետաքրքրում Կրթության նախարարությանը: Ծնողազուրկ երեխաների պաշտպանության մասին օրենքի համաձայն` երեխաները գիշերօթիկ դպրոցն ավարտելուն պես պետք է ապահովվեն բնակատեղով և աշխատանքով: Չնայած այն բանին, որ գործադիր իշխանություններին այդ առումով տրված են ցուցումներ, մանկատան երեխաները ոչ բնակարան են ստանում, ոչ էլ` աշխատանք»,- նշում է Բեկիրովը:

Երեխաների իրավունքների կլինիկայի ղեկավար Նազիր Գուլիևն ասում է` հարկավոր է ուժեղացնել երեխաների պաշտպանության համակարգը. «Պետք չէ հեռուն գնալ: Հարևան Ռուսաստանում ու Թուրքիայում այդ ոլորտի օրենքները իրականում աշխատում են: Երեխաների համար թեժ գծերը, հասարակական աշխատանքները կազմակերպված են բարձր մակարդակի վրա: Այսօր շատ բաներում մենք պետք է օրինակ վերցնենք արտասահմանյան երկրների փորձից»:

«Անհրաժեշտ է անհատական աշխատանք տանել խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի հետ: Հարկավոր է ուժեղացնել հոգաբարձության ինստիտուտը, մարդկանց ներգրավել խնամակալության մեջ: Ավելի արդյունավետ կլինի գումարներ հատկացնել ընդունող-ընտանիքներին, խնամակալներին, քան գիշերօթիկ դպրոցներին ու մանկատներին, որպեսզի այդ երեխաները հնարավորություն ունենան մեծանալ ընտանիքներում»,- հավելում է փորձագետը:

Գուլիևը նույնպես կարծում է, որ երեխաներին մանկատներում պետք է բացատրեն իրենց իրավունքները, ինչը պետք է ակրգադրել այդ հաստատությունների աշխատակիցներին.

«Ամբողջ աշխարհում հասարակական աշխատողները այդ ուղղությամբ մեծ գործ են անում: Երեխաների իրավունքների կլինիկան լուսաբանման աշխատանքներ է իրականացրել տասը գիշերօթիկ դպրոցներում: Մենք ջանք ենք գործադրում պաշտպանել այն երեխաների իրավունքները, որոնք լքել են մանկատները: Սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են: Լավ կլիներ ձևավորել երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ»,- նշում է Գուլիևը:

Նա հավելում է, որ երեխաների իրավունքների կլինիկան «Մանկական ավան – SOS» կազմակերպությունը համատեղ մի շարք շատ նախագծեր են իրականացրել. «Ստեղծվել է պետական հոգածությունը լքած երեխաների «Վստահության ցանց»: Այդ ցանցը արդեն միավորում է 70 մարդ: Մենք աշխատում ենքերեխաների հետ, լուսաբանում նրանց իրավունքները»:

Ոլորտում գործում է նաև պետական երեխաներին պետական հաստատություններից ընտանիքներին հանձնելու, այլընտրանքային խնամակալության և դեինստիտուալիզացիայի 2006-2028 թթ. ծրագիրը:

Ծրագրի կառավարման աշխատանքային խմբի ղեկավար Մալախաթ Հաջիևան ասում է, որ ծրագրի շրջանակներում տեղական և UNISEF-ի միջազգային փորձագետների հետ միասին անց է կացվել մոնիտորինգ 55 մանկական հաստատություններում.

«Պարզվել է, որ 55 մանկական հաստատություններում սովորում և դաստիարակվում են 14389 երեխաներ: Նրանցից միայն 4055-ն են գիշերում այդ հաստատություններում, իսկ 696 ապրում են այդտեղ մշտական: 236 երեխաների մոտ գալիս են ծնողները կամ խնամակալները, սակայն նրանք չեն կարող իրենց հետ տուն տանել երեխաներին, քանի որ չունեն մշտական բնակության վայր»:

Հաջիևայի կարծիքով երեխաները պետական մանկական հաստատություններում են հայտնվում, քանի որ գոյություն չունեն այլընտրանքային ծառայություններ:

Մինչ այդ, առայժմ ծնողական հոգածությունից զրկված երեխաների մեծ մասի խնդիրը ապրելու տեղի բացակայությունն է:

19-ամյա Գյուլյարա Սեիդովան նույնպես բացառություն չէ: Նա Ջորջի հետ ապրում է նույն գիշերօթիկ դպրոցում: Այս տարի նա ավարտել է 9-րդ դասարանը. «Իմ կյանքի հիմնական նպատակը կարիք ունեցող մարդկանց օգնելն է: Իսկ առայժմ ես ուզում եմ ընդունվել տեխնիկում: Ինչպես նաև… Ինչպես նաև` ունենալ բնակարան»:

Գյուլյարան արդեն հանձնել է փաստաթղթերը Սաբիրի անվան մանկավարժական տեխնիկում: Եվ հիմա անհամբերությամբ սպասում է ընդունելության քննություններին: Ասում է, եթե կարողանա ընդունվել, ապա, գուցե, պետությունը բնակարանով կապահովի: Իսկ եթե ո՞չ. «Այդ մասին ցանկություն էլ չկա մտածելու»:

Սաբինա Վագիֆգզի
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից, IWPR-ի ´Հարեւաններ´ նախագծի մասնակից:

Հոդվածը պատրաստվել է IWPR-ի “Հարեւաններ” հայ-ադրբեջանական նախագծի շրջանակներում:


դեպի ետ