• am
  • ru
  • en
Версия для печати
07.12.2009

ԻՐԱՆԻ «ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ»

Руский

   

Սևակ Սարուխանյան

Իրանում քաղաքական և ռազմավարական հետազոտությունների ոլորտում գործող կենտրոնների ընդհանուր թիվը հասնում է մոտավորապես 200-ի։ Դրանց մեծ մասը գործում են որպես հասարակական կազմակերպություններ կամ որպես համալսարաններին կից գործող հաստատություններ։ Վերջիններիս քանակը մոտենում է մոտավորապես 100-ի, գործունեությունն անմիջականորեն խրախուսվում է պետության կողմից, որը շահագրգռված է Իրանում վերլուծական, իսկ ինչպես իրանցիներն են ասում, «փիլիսոփայական» մտքի զարգացմամբ։

Սակայն լուրջ և ազդեցիկ «ուղեղային կենտրոնները», որոնք անմիջականորեն սպասարկում են պետական մարմինների գործունեությունն Իրանում, շատ չեն։ Դրանք գործում են կա՛մ պետական կառույցներին կից, կամ ունեն ոչպետական հասարակական կազմակերպությունների կարգավիճակ, սակայն, որպես կանոն, ղեկավարվում են նախկինում բարձրաստիճան պետական գործիչների կողմից, ուղղակի կամ անուղղակի ձևով ստանում են պետական ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ այս ուղեղային կենտրոնների շատ փորձագետներ, որպես կանոն, որոշ ժամանակ անց իրենք են անցնում աշխատանքի պետական կառավարման համակարգ, ինչն ապահովում է «ուղեղային կենտրոն – պետական համակարգ» հաջող կապի ստեղծում, դրական ազդեցություն է ունենում պետության կողմից կայացվող որոշումների մշակման արդյունավետության վրա։

Իրանի յուրահատկություններից մեկն է նաև այն, որ պետության տարածքում գործող «ուղեղային կենտրոնները» արտասահմանյան ֆինանսավորում չեն ստանում, մինչդեռ բնագիտական ոլորտում գործող հետազոտական և գիտական հաստատություններն իրականացնում են բազմաթիվ միջազգային ծրագրեր, այդ թվում նաև արտասահմանյան ֆինանսավորմամբ։

Ստորև ներկայացվող հաստատություններն Իրանի ամենից ազդեցիկ «ուղեղային կենտրոններն» են, որոնք սպասարկում են պետական կառավարման համակարգի տարբեր հատվածներին, կատարում են ազգային անվտանգությունից բխող բազմաթիվ գործառույթներ, այդ թվում նաև տեղեկատվական բնույթի։

«Ռազմավարական հետազոտությունների կենտրոն»

Ստեղծվել է 1989թ. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին կից։ 1997թ., երբ նախագահի պաշտոնից հեռացավ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանին, կենտրոնը դուրս բերվեց նախագահական աշխատակազմից և միացվեց Ընդունվող քաղաքական և տնտեսական որոշումների նպատակահարմարության խորհրդին (Expediency Council), որը 1997-ից մինչ օրս ղեկավարվում է նախկին նախագահ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանիի կողմից։

Կենտրոնի աշխատակիցների թիվը, ներառյալ տեխնիկական անձնակազմը, 25 հոգի է։ Աշխատող 10 փորձագետներից բոլորն էլ ԱԳՆ և հետախուզության նախկին աշխատակիցներ են։ Կենտրոնի ղեկավարը 1997-2009թթ. նախկին փոխարտգործնախարար Մահմուդ Վաեզին էր, որը 1989-1997թթ. ԱԳՆ-ում պատասխանել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի շրջանում տարվող քաղաքականության համար, 1992-1993թթ. հայ-ադրբեջանական հրադադարի հաստատման բանակցություններում եղել է միջնորդ։ 2009թ. հունվարից Կենտրոնի նախագահն է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին։

Կենտրոնը ֆինանսավորվում է Ընդունվող քաղաքական և տնտեսական որոշումների նպատակահարմարության խորհրդի աշխատանքների շրջանակներում, որն իր հերթին հատուկ հոդվածով ֆինանսավորվում է Իրանի պետական բյուջեից։

Կենտրոնը տեղակայված է Թեհրանի հյուսիսում, Նիավարան այգու հարևանությամբ, մայրաքաղաքի ամենաթանկ մասում և ունի բավական մեծ ու տեխնիկապես լավ հագեցած տարածք։ Ինտերնետային կայքի հասցեն է՝ http://www.csr.ir:

Կենտրոնը կազմակերպում է սեմինարներ և կոնֆերանսներ, որոնց մեծ մասը միջազգային չեն։ Հիմնականում Պարսից ծոցում տեղ գտած զարգացումների մասին են, իսկ հրավիրվող փորձագետները՝ արաբական երկրներից։ Վերջին տարիներին կենտրոնի կազմակերպած կոնֆերանսների մեծ մասը նվիրված է Իրաքի հիմնախնդիրներին։ Մասնակիցների թվում կան նաև Իրաքի շիական քաղաքական և կրոնական գործիչներ։

Պարսից ծոցի հիմնախնդիրներին են նվիրված նաև կենտրոնի հրատարակումների մեծ մասը, որոնք, սակայն, հիմնականում քարոզչական բնույթ ունեն։

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտ»

Ի տարբերություն Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտը ավելի բաց կառույց է, սակայն անհամեմատ ավելի փոքր ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա։

Ինստիտուտը որպես առանձին դեպարտամենտ ստեղծվել է 1990թ. Իրանի ԱԳՆ կից, իսկ 1992թ. ստացել է ինստիտուտի կարգավիճակ, որի աշխատանքներն անմիջականորեն ղեկավարվում են Իրանի արտաքին գործերի նախարարի հետազոտությունների և կրթական ծրագրերի գծով տեղակալի կողմից։ Ինստիտուտն իր ողջ անձնակազմով սպասարկում է Իրանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի աշխատանքները։

Ինստիտուտի աշխատակիցների թիվը հասնում է 50-ի, որոնցից միայն կեսն է զբաղվում հետազոտական աշխատանքներով։ Մնացած մասը թարգմանիչներ են, խմբագիրներ, կազմակերպչական և հրատարակչական ոլորտների աշխատակիցներ։ Հետազոտողների մեծ մասն իրանական համալսարանների դասախոսներ են և ԱԳՆ գործող աշխատակիցներ։

Ինստիտուտն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից՝ ԱԳՆ հատկացված ծախսերից։ Հետազոտող-աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 3000 ԱՄՆ դոլար։

Ինստիտուտը Թեհրանի հյուսիսային մասում է, Թաջրիշ թաղամասում, ԱԳՆ-ից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Կայքի հասցեն է՝ http://www.ipis.ir:

Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններից է միջազգային կոնֆերանսների կազմակերպումը։ Դրանցից ամենից հայտնիներն են ամեն տարվա մարտին և հոկտեմբերին կազմակերպվող «Պարսից ծոց» ու «Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա» կոնֆերանսները՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին։ Կոնֆերանսին հրավիրվում են տարածաշրջանի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։

Ինստիտուտի կողմից հրատարակվող նյութերի մեծ մասը կազմակերպված կոնֆերանսների արդյունքների և ելույթների մասին են, մի մասն ուսումնական գրականություն է Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների և դոկտորանտների համար։

Նշենք նաև, որ ինստիտուտի գործունեությունը հիմնականում քարոզչական նշանակություն ունի։ Այստեղ կազմակերպված կոնֆերանսների մեծ մասն Իրանի ԱԳՆ ղեկավարի համար արտաքին քաղաքականության ելույթների հարթակ է դառնում, կապեր են հաստատվում արտասահմանցի մասնագետների հետ, որոնք, ըստ հավաստի աղբյուրների, շատ հաճախ ֆինանսական բաղկացուցիչ են ունենում։

«Ազգային հետազոտությունների ինստիտուտ»

Իրանի «Ազգային հետազոտությունների ինստիտուտը» (ԱՀԻ) ստեղծվել է 1997թ. ազգային ինքնությանը, կրոնական և ազգային փոքրամասնություններին նվիրված հետազոտությունների անցկացման համար։ ԱՀԻ-ը ոչկառավարական և շահույթ չհետապնդող կազմակերպության կարգավիճակ ունի, սակայն, ըստ հավաստի տվյալների, ֆինանսավորվում է Իրանի ներքին գործերի նախարարության, Կրթության նախարարության և Տեղեկատվության նախարարության (Ազգային անվտանգության նախարարություն) կողմից։

ԱՀԻ-ում աշխատում է 15 մարդ, որոնց մեծ մասը տեխնիկական բնույթի աշխատանքների մեջ է ընդգրկված։ Ինստիտուտի գործունեությունն ապահովվում է հիմնական այլ հաստատություններում աշխատող հետազոտողների և մասնագետների միջոցով, որոնց պատվիրվում են աշխատանքներ ազգային ինքնության և փոքրամասնությունների վերաբերյալ։

ԱՀԻ-ն ակտիվ մասնակցություն ունի ազգային և կրոնական փոքրամասնությունների բնակման վայրերում գործող կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի կազմման գործում։ Այս գործունեության հիմական ուղղությունը կրթական ծրագրերում ազգային պատկանելության հիմնախնդիրների քննարկումն է և ներկայացումն այն տեսքով, որն ապահովում է անջատողականության, ազգայնականության զգացմունքների նվազում, սերմանում է ընդհանուր իրանական ինքնագիտակցություն։ Այս աշխատանքները տարվում են բավական գրագետ, քանի որ զուտ ֆորմալ տեսակետից դրանք ուղղված են ինքնագիտակցության բարձրացմանը, այլ ոչ թե նվազմանը։ Օրինակ, Իրանի Ադրբեջան նահանգներում բոլոր փոքր և մեծ բնակավայրերում գործող դպրոցներում ներդրվում են բնակավայրերի և բնակչության պատմության դասընթացներ։ Դրանք, սակայն, բնակավայրերի պատմությունը ներկայացնում են որպես ամբողջովին ուրույն և յուրահատուկ, տարբերվող հարևան բնակավայրի և համայնքի պատմությունից։ Սա, փաստորեն, հատուկ մեթոդական քաղաքականություն է՝ ուղղված ազգային փոքրամասնության ընդհանուր ինքնագիտակցության տրոհմանը։

Ինստիտուտի տնօրենը Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ալի Քարիմին է։

Ինստիտուտն ունի ինտերնետային կայք՝ http://www.rinsweb.org:

ԱՀԻ-ն ակտիվորեն համագործակցում է օտարերկրյա իրանագետների հետ, կազմակերպում նրանց այցելություններն Իրան և ֆինանսավորում ազգային ինքնության խնդիրներին վերաբերող նրանց հետազոտությունները։ Ամենից ակտիվ կապերը հաստատված են գերմանացի և հոլանդացի իրանագետների հետ, ինչը մասամբ պայմանավորված է Գերմանիայում և Նիդեռլանդներում առկա մեծաքանակ իրանական համայնքի և իրանագիտության դպրոցի առկայության հետ։

«Կասպիական հետազոտությունների միջազգային ինստիտուտ»

«Կասպիական հետազոտությունների միջազգային ինստիտուտը» (ԿՀՄԻ) Իրանի խոշոր և ազդեցիկ ուղեղային կենտրոններից է։ Կառուցվածքային տեսակետից ոչկառավարական և խորհրդակցային (консалтинговый) կազմակերպություն է, որն իրականացնում է հետազոտություններ Կասպից ծովի քաղաքական, իրավական և էներգետիկ հիմնախնդիրների վերաբերյալ։ Սակայն սրանով ԿՀՄԻ գործունեությունը չի սահմանափակվում, քանի որ այստեղ մշակվում են ընդհանուր էներգետիկ քաղաքականության և ռազմավարության սկզբունքները, իրականացվում են գործառույթներ, որոնք բխում են Իրանի արտաքին քաղաքականության ուղղություններից։

Ինստիտուտը ստեղծվել է 1998թ.։ Փորձագետների մեծ մասը Իրանի ԱԳՆ նախկին կամ ներկա աշխատակիցներ են, կան մասնագետներ, որոնք միաժամանակ աշխատում են նաև Ընդունվող քաղաքական և տնտեսական որոշումների նպատակահարմարության խորհրդում։

Ինստիտուտը կառավարվում է Ակադեմիական խորհրդի կողմից, որի 12 անդամները բարձր որակավորման մասնագետներ և դիվանագետներ են։ Աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 20-ի։

ԿՀՄԻ-ն ֆինանսավորվում է Իրանի ԱԳՆ և Նավթի նախարարությունների կողմից։ Ունի ֆինանսավորման նաև ոչպետական աղբյուրներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ԿՀՄԻ-ն իրականացնում է Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանում ներդրումներ կատարող իրանական ընկերությունների շահերի պաշտպանություն և տրամադրում է համապատասխան խորհրդատվություններ։ Ինստիտուտի գործունեության արդյունավետությունն ապահովվում է նաև այն հանգամանքով, որ այստեղ են մշակվում Կենտրոնական Ասիայում իրանական արտաքին քաղաքականության հիմնադրույթներն ու ուղղությունները։ Ինստիտուտի աշխատակիցների և փորձագետների մի մասն ունի բավական բարձր մակարդակի արևմտյան կրթություն։ Այդ թվում նաև Ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աբբաս Մալեքին, ով ավարտել է Հարվարդի համալսարանը և հեռակա աշխատում է նույն Հարվարդի Ջ.Քենեդու անվան կառավարման դպրոցի հետ։

ԿՀՄԻ յուրահատկություններից է նաև այն, որ Ինստիտուտը համագործակցում է առաջատար ամերիկյան հետազոտական կենտրոնների ու փորձագետների հետ, իսկ Ինստիտուտի մասնագետները, և առաջին հերթին տնօրեն Ա.Մալեքին, հաճախ հրատարկվում են առաջատար ամերիկյան վերլուծական ամսագրերում ու թերթերում։ ԿՀՄԻ վրա դրված են «public diplomocy»-ի շատ կարևոր ֆունկցիաներ։ Սրանից ելնելով՝ ԿՀՄԻ փորձագետները հաճախ արտահայտում են Իրանի պետական քաղաքականության կուրսին որոշակիորեն հակասող տեսակետներ, ինչի արդյունքում ստեղծվում է թյուր տպավորություն Ինստիտուտի կիսաընդդիմադիր լինելու վերաբերյալ։

ԿՀՄԻ-ն ունի պաշտոնական կայք՝ http://www.caspianstudies.com:

Վերը նշված բոլոր կենտրոններն ակտիվ դեր են խաղում Իրանում քաղաքական մշակումների ոլորտում։ Միևնույն ժամանակ, դրանք նաև որոշակի գիտահետազոտական նշանակություն ունեն, քանի որ իրականացնում են կիրառական ոլորտին առնչվող մշակումներ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր