
ՎՐԱՍՏԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Նաթիա Կուպրաշվիլի, Թբիլիսի
(Կովկասյան լրատու # 519, 13-ը նոյեմբերի, 2009թ.)
Ավելի քան մեկ տարի է անցել վրաց-օսական պատերազմից, սակայն 11-ամյա Սոֆիկո Օկրոպիրիձեն ամեն օր վերապրում է դրա սարսափները:
«Հայրիկի մեքենայով հեռացանք գյուղից օգոստոսի 9-ին: Այն ճանապարհը, որով անցնում էինք ռմբակոծեցին: Այդ ամենն այնքան սարսափելի էր», - իր ապրած վախը վերհիշում է աղջիկը, երբ խնդրում են նկարագրել, թե ինչպես է նրա ընտանիքը թողել հայրենի գյուղը` Բանաթան, որը գտնվում է անմիջապես Հարավային Օսիայի մոտ: Գյուղը սարսափելի վնասվել էր անցյալ տարվա օգոսոտոսին տեղի ունեցած ռուս-վրացական բախումների ժամանակ:
Հոգեբանական սթրեսն այնքան մեծ էր եղել, որ Սոֆիկոյի մոր` Նինո Կազիեւայի խոսքերով` երեխան 2 շաբաթ հիվանդանոցում էր անցկացրել, եւ հիմա, էլ նախկինը չէ, նման չէ պատերազմից առաջ իրենց ճանաչած Սոֆիկոին:
Այս երեխաներն անցյալ տարվա հակամարտության թողած սարսափելի ժառանգությունն են, եւ մասնագետների խոսքերով` բավարար միջոցներ չկան նրանցից յուրաքանչյուրին անհրաժեշտ բուժում ապահովելու համար:
Երեխաների համար վերջերս կազմակերպվել էր մի հանդիպում, որի ընթացքում թերապեվտները փորձում էին ազատել նրանց տառապանքներից: Այստեղ 6-ամյա Գիորգին, ում հայրը զոհվել է պատերազմում, հանդիպել էր իր նման տասնյակ երեխաների:
Երբ ԱՄՆ-ի <<Վրացի ընկերների ակումբը>> երեխաներին տարել էր Թբիլիսիից դուրս գտնվող Մտածմինդայի զվարճանքների այգի, նրանք որոշ ժամանակ ծիծաղում եւ խաղում էին այնտեղ սովորական երեխաների նման:
«Այստեղ շատ-շատ լավ է», - ասում է Գիորգին` լայն ժպտալով, - «Մեր գյուղում այսպիսի ճոճանակներ չկան: Երբ տուն վերադառնամ, բոլորին դրանց մասին կպատմեմ»:
Երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ այս 70 երեխաների համար կազմակերպվող նման հանդիպումները նրանց հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրի հիմնական մասն են կազմում:
«Տղան իր շուրջն ամեն օր արցունքներ ու վիշտ է տեսնում, եւ մյուս երեխաների հետ հանդիպելն իսկապես օգնում է նրան. նա միշտ հիշում է նրանց: Լավ կլիներ, եթե նման հանդիպումներ ավելի հաճախ տեղի ունենային», - ասում է Գիորգիի մայրը`Նանան:
Վրաստանի կառավարության տվյալների համաձայն` 228 քաղաքացիական անձինք, 146 զինվոր եւ 14 ոստիկան է զոհվել պատերազմում: Եւս 23 զինվոր անհայտ կորած են համարվում: Պատերազմի հետեւանքով մոտ 150 հազար մարդ փախստական է դարձել, եւ նրանցից մոտ 30 հազարը` հիմնականում կանայք եւ երեխաներ, չեն կարողացել վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը:
Դատելով կառավարության եւ բարեգործական կազմակերպությունների առջեւ եղած խնդրի մասշտաբներից` հավանաբար ավելի հեշտ կլինի պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ 150 երեխաների բարդ իրադրությունը մասամբ անտեսվել:
Վիրավոր կամ ծնողազուրկ երեխաների օգնությանն ուղղված գրքերի հրապարակմամբ եւ փոքր նախագծերի կազմակերպմամբ զբաղվող «Կովկասյան տուն» կազմակերպության տնօրեն, խաղաղության ակտիվիստ Նաիրա Ջելաշվիլին նշում է, որ իր խնամքի տակ գտնվող երեխաների մոտ նա լուրջ հոգեբանական բարդությունների ականատես է եղել:
«Պատերազմը միայն արյուն, ավերված տներ եւ զոհված մարդիկ չեն», ասում է Ջելաշվիլին, - «Այդ սարսափներն ամենից շատ երեխաների վրա են ազդում: «Կովկասյան տուն» եկած երեխաները սկզբնական շրջանում շատ ինքնամփոփ եւ զգույշ էին: Մի 12-ամյա երեխա ինձ ասաց, որ կուզենար այրված լինել իր տան հետ միասին: Մյուսը չի կարողանում մոռանալ այն, որ իր ճագարին չէր կարողացել իր հետ վերցնել»:
8-ամյա Դիթո Ռազմաձեն ծանր հարված ստացած այդ երեխաներից մեկն է: Նրա կորուստը դարձել է պատերազմի խորհրդանիշը. օգոստոսի 9-ին, երբ ռուսական ուժերը ռմբակոծում էին Գորին, տղայի հայրն ու հղի մայրը սպանվել էին հենց նրա աչքերի առջեւ: Նրա մեռած հոր եւ սգացող հորեղբոր նկարները տարածվեցին աշխարհով մեկ, եւ տղային անընդհատ շրջապատում են դրանք, որտեղ էլ նա գնա:
Ռմբակոծությունից հետո հարազատները գտել էին նրան Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, եւ չնայած նրա բնակարանն այժմ վերանորոգված է, երեխան հրաժարվում է հետ վերադառնալ` նախընտրելով մնալ Գորիի մոտ տեղակայված Խելթուբանի գյուղում բնակվող իր տատիկի եւ պապիկի տանը:
Հոգեբան Գյուլի Թեվզադեն բազմաթիվ ծնողազուրկ երեխաների հետ է աշխատել եւ ասում է, որ Դիթոյի վիճակն իր փորձի ընթացքում տեսած ամենածանր դեպքերից է:
«Դիթոն չի այցելի իր ծնողների գերեզմանին: Պատճառը ոչ թե այն է, որ նա չի ուզում հիշել ողբերգությունը, այլ պարզապես չի ուզում այն ճանաչել: Պատկերացրեք երեխայի վիճակը, ով անընդհատ տեսնում է իր հոր մահը պատկերող նկարները», - ասում է Թեվզադեն:
«Պատերազմի ժամանակ հոգեկան տրամվա ստացած երեխաների հոգեբանական վերականգնմանն ուղղված միջոցները ակնհայտորեն բավարար չեն »:
Այլ բարեգործական կազմակերպություններում նշում են, որ երեխաներից շատերը, ովքեր անմիջականորեն չեն վիրավորվել կամ կորցրել իրենց ծնողներին հակամարտության ժամանակ, նույնպես հոգեկան սթրես են ապրել:
Բռնության զոհերի վերականգնմամբ զբաղվող «Կարեկցանք» ՀԿ-ի ներկայացուցիչ Ցիցինո Գրձելիշվիլին նշում է, որ անցյալ տարվա պատերազմից հետո Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված Հարավային Օսիայում եւ Աբխազիայում այնպիսի վատ կենսապայմաններ են եղել, որ հազարավոր երեխաներ հոգեբանական խնդիրներ են ձեռք բերել:
Աբխազիայի Գալիի շրջանը համարյա ամբողջությամբ բնակեցված է էթնիկ վրացիներով, ովքեր ընդհանրապես անտեսվում են Աբխազիայի կառավարական կառույցների կողմից:
«Գալիի շրջանի, ինչպես նաեւ վրաց-օսական հակամարտության տարածքների հարակից գյուղերի երեխաները մշտական սթրեսի պայմաններում են ապրում: Նրանք մշտական վերականգնման եւ բուժման կարիք ունեն», - ասում է Գրձելիշվիլին:
«Ներկայում այս երեխաների մասին միայն մի քանի ՀԿ-ներ եւ հիմնադրամներ են մտահոգվում, բայց սա ընդհանրապես բավարար չէ. յուրաքանչյուր նախագիծ եւ դրամաշնորհ ունի իրեն հատուկ սահմանափակումները: Անհրաժեշտ է, որպեսզի պետությունն ավելի մասշտաբային քայլերի դիմի` խնդիրը լուծելու համար: Մեր կազմակերպությունն ինքնուրույն է վճարում երեխաների բուժման համար: Պետական մարմիններին դիմել ենք միայն մի քանի առանձնապես լուրջ դեպքերում, սակայն մեր դիմումներից համարյա ոչ մեկը չի հաստատվել»:
Կառավարական շրջանակներում ընդունում են, որ այս երեխաներին օգնելու համար ավելի շատ աշխատանք է անհրաժեշտ կատարել, սակայն նաեւ նշում են, որ ձեռքի տակ եղած միջոցները խիստ սուղ են:
Աբխազիայի վրացական կառավարության (նեկայում տեղակայված է Թբիլիսիում եւ Վրաստանի կողմից դիտվում է որպես այնտեղի օրինական իշխանություն) առողջապահության փոխնախարար Նանա Ուբիլավան ասում է, որ երեխաներին բուժելու համար ընդամենը մեկ հիվանդանոց է հատկացված:
«Հաշվի առնելով խնդրի մասշտաբները` սա ընդհանարապես բավարար չէ», - ասում է Ուբիլավան:
«Սա չափազանց լուրջ խնդիր է, եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այն լուծելու ուղղությամբ: Մենք այս հակամարտությունների ժամանակ կորուստներ ունեցած մարդկանց հոգեբանական եւ սոցիալական վերականգնման նախագիծ ենք մշակել, սակայն դեռ հայտնի չէ` արդյոք դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցներ կհատկացվեն 2010 թվականի բյուջեից»:
Նաթիա Կուպրաշվիլին ազատ լրագրող է:
լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
դեպի ետ