• am
  • ru
  • en
Версия для печати
Tbilisi26.01.2010

ԹԲԻԼԻՍԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

   

Վերլուծաբանները կանխատեսում են, որ հաղթողը լավ հնարավորություն կունենա պայքարել նախագահի պաշտոնի համար

Սոֆո Բուկիա, Թբիլիսի (Կովկասյան լրատու #527, 15-ը հունվարի, 2010թ.)

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում Վրաստանում, որտեղ գլխավոր մրցանակը քաղաքապետի պաշտոնն է. սա հետագայում նախագահի պաշտոնի համար պայքարելու լավ հնարավորություն է ընձեռում:

Ընտրությունները տեղի կունենան ոչ ուշ, քան մայիսին, բայց Թբիլիսիի բնակիչներին արդեն խոստացել են միջոցներ ձեռնարկել բազմանդամ ընտանիքների ծնողներին աշխատանքով ապահովելու, թոշակները բարձրացնելու, կրթության ոլորտին ավելի շատ միջոցներ հատկացնելու, իրավաբանական և բժշկական անվճար խորհրդատվություններ տրամադրելու նպատակով եւ այլն:

«Այս պահին ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել Թբիլիսիի բնակիչների կյանքը», - մեծամտությամբ հայտարարում է ներկայիս քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ով, սակայն, արդեն իսկ ամբողջությամբ զբաղված է իր նախընտրական արշավով:

«Նախընտրական արշավի ժամանակ քաղաքի վարչական ռեսուրսների շահագործման մեջ ինձ մեղադրելն իմ հակառակորդների գործն է: Իսկ ես` որպես քաղաքապետ, պետք է անեմ իմ գործը»:

Թբիլիսյան ընտրություններին, որոնց ժամանակ ուղղակի քվեարկության միջոցով կընտրվի քաղաքապետը, մեծ հետաքրքրությամբ են սպասում, քանի որ վերլուծաբանները կանխատեսում են, որ հաղթողը 2013 թվի նախագահական ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություն կունենա:

Գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իշխանության եկավ 2003-ի խաղաղ հեղափոխությունից հետո, և ըստ Սահմանադրության`նրա նախագահության երկրորդ և վերջին ժամկետը ավարտվելու է երեք տարուց:

«Այս գարնանն անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջին քայլը կլինեն դեպի նոր`հետսահակաշվիլյան ժամանակաշրջան», - ասում է կրթության նախկին նախարար, իսկ ներկայում` վերլուծաբան Գիա Նոդիան:

«Պարզ է, որ ընտրություններից հետո քննարկման գլխավոր առարկան կդառնա Սահակաշվիլու հաջորդը: Եթե Գիգի Ուգալավան հաղթի ընտրություններում, կառավարությունը նրան կվերաբերվի որպես նախագահի հաջորդի: Բայց նրա պարտությունը ինքնաբերաբար կկործանի նրա կարիերան»:

Մյուս փորձագետները եւս մեծ ուշադրությամբ են հետևում ընտրությունների ընթացքին հատկապես այս պատճառով:

«Շատերը քաղաքապետի ընտրությունները դիտում են որպես նախագահական ընտրությունների փորձ», - ասում է Կոնֆլիկտաբանության և բանակցությունների ռազմավարության միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին:

«Մեր երկրում դեպքերի զարգացման մի քանի սցենար է հնարավոր, ներառյալ` Սահմանադրության փոփոխություններ, որոնք թույլ կտան Սահակաշվիլուն երրորդ անգամ մասնակցել ընտրություններին: Այնուամենայնիվ, պարզ է մի բան` քաղաքապետի պաշտոնը ստանձնած թեկնածուն կարող է նախագահական ընտրություններում շատ լուրջ թեկնածու դառնալ»:

Ուգուլավան քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ գլխավոր շարժիչ ուժը հանդիսացավ, քանի որ այդ պաշտոնը նախկինում նշանակովի էր: Վերլուծաբանները նշում են, որ ընտրությունները նրան թույլ կտան ամրապնդել իր դիրքերը ժողովրդի շրջանում եւ հող նախապատրաստել նախագահական ընտրությունները «գրոհելու» համար:

Երբ պաշտոնապես հայտարարվեց ընտրությունների օրը, Ուգուլավան, ով նախկինում ելույթ էր ունենում նախագահի «Ազգային Շարժում» կուսակցության անունից ամենաբարդ հարցերի վերաբերյալ, դադարեց քննարկումներին մասնակցել կամ կտրուկ հայտարարություններ անել: Վերլուծաբանների կարծիքով` այս մարտավարության նպատակն այն է, որ ընտրողների մեջ տպավորվեն միայն նրա կողմից արվող դրական հայտարարությունները:

Իշխող կուսակցության նախկին անդամ, իսկ այժմ «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր շարժման անդամ Դավիթ Զուրաբաշվիլին ասում է, որ սա ապացուցում է, որ նրա թեկնածությունն աջակցություն է ստանում կառավարության կողմից:

«Ուգուլավան իշխող կուսակցության այն անդամներից չէ, որոնք բացարձակապես անընդունելի են ընտրողների համար», - ասում է նա:

Ընտրություններում նրա մրցակիցները կլինեն ընդդիմության մի շարք առաջնորդներ. նրանց այդպես էլ չի հաջողվել համախմբվել մեկ թեկնածուի շուրջ: Վերլուծաբանները նշում են, որ Ուգուլավայի գլխավոր հակառակորդը Իրակլի Ալասանիան է` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպանը, ով դարձավ «Դաշինք հանուն Վրաստանի» շարժման առաջնորդը:

Նա չի թաքցնում, որ քաղաքապետի պաշտոնը թույլ կտա նրան մուտք գործել «մեծ քաղաքականություն»: Ընտրություններում նրա հաղթանակը հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը եւ հանդես գալ որպես ընդդիմության միասնական թեկնածու 2013թ-ի նախագահական ընտրություններում:

Փորձագետների խոսքերով, սակայն, մյուս ընդդիմադիր խմբերը համոզված չեն, որ Ալասանիան կարող է առաջնորդել իրենց, քանի որ նա զիջում էր «Ազգային շարժմանը» հասարակական հարցումներում:

«Ի՞նչ է Ալասանիան առաջարկել ընդդիմության մյուս անդամներին: Իրականում ոչինչ: Նա ուզում է լինել միասնական թեկնածու, բայց ոչինչ չի առաջարկում մյուս ընդդիմադիրներին: Եթե նրանք հետևեն Ալասանիային, ապա մեծ մասը խաղից դուրս կմնա», - ասում է «Ազատության Ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լեւան Ռամիշվիլին:

Ազգային հեռուստաալիքները, որոնք վերահսկվում են կամ կառավարության կամ դրա հետ անմիջական կապ ունեցող մարդկանց կողմից, կենտրոնացրել են իրենց ուշադրությունը ընդդիմության պակաս հայտնի ներկայացուցիչների վրա, ովքեր նշել են, որ պայքարելու են քաղաքապետի պաշտոնի համար, օրինակ`անկախ թեկնածու Նիկա Իվանիշվիլին, գործարար և նախկին պատգամավոր Գոգի Տոպաձեն, Վրաստանի Նավթի միջազգային կորպորացիայի նախկին նախագահ Գեորգի Չանտուրիան: Փորձագետները նշում են, որ սրա նպատակն Ալասանիային ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի ձայներից զրկելն է:

«Ո՛չ քաղաքական միջավայրը, ո´չ օրենքը, ո´չ էլ Վրաստանի ընդհանուր վիճակը ձեռնտու չէ ընդդիմությանը, հատկապես այն պատճառով, որ կառավարությունը նաև մեծ վարչական ռեսուրսներ ունի: Այնուամենայնիվ, ընդդիմությունը կորցնում է իր ձայները գլխավորապես իր անմիասնականության պատճառով», - ասում է Խուցիշվիլին:

Այն փաստը, որ ընդդիմադիր կուսակցությունները իրարից միանգամայն տարբեր քաղաքականություն են վարում, բարդացնում է նրանց միավորվելու հարցը:

Ընդդիմության առաջնորդներից մեկը`Լեվան Գաչեչիլաձեն, ով ղեկավարում էր անցած տարի Թբիլիսին երկար ժամանակով կաթվածահար արած մասսայական բողոքի ցույցերը, նշում է, որ ընտրություններով կառավարությունը չի փոխվի` կոչ անելով ընդդիմադիր ակտիվիստներին կրկին դիմել փողոցային ցույցերին:

Թբիլիսիի բնակիչներն, իրենց հերթին բաժանվում են երկու խմբի. մի մասը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, իսկ մյուսները`բոյկոտել դրանք: Սա ավելի կնվազեցնի ընդդիմության`ընտրություններում հաջող մասնակցության հնարավորությունները: Հասարակական հարցումները, սակայն, ցույց են տալիս, որ մայրաքաղաքի ընտրողների մեծ մասը ցանկանում է, որպեսզի ընդդիմությունը մասնակցի ընտրություններին:

«Վերջին ուսումնասիրությունների համաձայն` բնակչության 80 տոկոսը խորհուրդ է տալիս ընդդիմությանը մասնակցել ընտրություններին, փողոցներում ցույցեր կազմակերպելու փոխարեն», - ասում է Սոցիալական հետազոտությունների եւ վերլուծությունների ինստիտուտի տնօրեն Յագո Կաչկաչիշվիլին:

«Հաշվի առնելով ներկա դրությունը` նոր ցույցեր ակնկալելու հիմքեր չկան»:

Նրա խոսքերը հաստատում են բազմաթիվ թբիլիսցիներ, ովքեր հիասթափված էին նախորդ տարվա բազմամարդ ցույցերից, որոնք մի քանի ամիս շարունակ կաթվածահար էին արել քաղաքային երթեւեկությունը` այդպես էլ ոչ մի արդյունք չտալով:

«Կարծում եմ` ընդդիմության անդամները միմյանց ավելի շատ են ատում, քան կառավարությանը, քանի որ նրանց յուրաքանչյուր քայլ իշխանության օգտին է», - ասում է Թբիլիսիի բնակիչ Մամուկա Գիորգոբիանին:

«Նրանք ասում են, որ պայքարում են իշխանափոխության համար, բայց կարծում եմ` ավելի շատ վախենում են, թե իշխանության կգա ուրիշ մեկը, ոչ իրենք»:

Սոֆո Բուկիան «Լիբերալ» ամսագրի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության
լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
http://www.iwpr.net

դեպի ետ