• am
  • ru
  • en
Версия для печати
26.01.2010

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ-ԿԱՍՊՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ Մաս 4. Թուրքական հանգույց

EnglishРуский

   

 Սերգեյ Սարգսյան

Հիմնական հարցը, որն ամենաբարձր մակարդակով քննարկվում էր 2010թ. հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությունն էր: Բանակցությունների համատեքստը հաստատեց Թուրքիայի` խոշոր նավթա- և գազատարանցման հանգույցի վերածվելու հեռանկարները, ինչպես նաև այն, որ երկիրը պահպանում է ռուսական գազի նշանակալի սպառողներից մեկը լինելու կարգավիճակը:

Թուրքիայի վարչապետի այցը շարունակությունն էր էներգետիկ քաղաքականության ոլորտում փոխընդունելի լուծումների որոնման երկարատև գործընթացի, որն սկսվել էր 2009թ. օգոստոսի 6-ին, Անկարա Ռուսաստանի վարչապետ Վ.Պուտինի պաշտոնական այցի ընթացքում: Այն ժամանակ կողմերին չհաջողվեց վերացնել առկա բոլոր տարաձայնությունները «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծին Թուրքիայի աջակցության հարցի հետ կապված: Անկարան, պաշտոնապես հայտարարելով ռազմավարական երկու կարևոր գազատարների` Nabucco-ի և «Հարավային հոսքի» փոխլրացյալության մասին, այնուամենայնիվ, ելնելով զուտ պրագմատիկ նկատառումներից, ավելի շատ հետաքրքրված է այն նախագծով, որը կիրականացնի գազի տարանցումն իր տարածքով, այն է` Եվրամիության կողմից լոբբիի ենթարկվող Nabucco-ով:

Միևնույն ժամանակ, Կասպիայի գազի պաշարների շուրջ իրավիճակը 2008թ. ընթացքում էական փոփոխությունների ենթարկվեց, որոնք տարբեր ազդեցություն գործեցին այդ նախագծերի իրագործման և, համապատասխանաբար, դրանց հանդեպ Անկարայի վերաբերմունքի վրա:

Այն բանից հետո, երբ Թուրքմենստանը հայտարարեց, որ բնական գազի պաշարները «Գունորթա Յոլոթեն», «Օսման» և «Յաշլար» հանքավայրերում կազմում են մոտ 14 տրլն խմ1, և 2012թ. դրա գործարկումից հետո գազարդյունահանման տարեկան ծավալը կհասցվի մինչև 100 մլրդ մ3-ի, ակնհայտ դարձավ, որ Կենտրոնական Ասիայի պետությունների և, հնարավորության դեպքում` Ադրբեջանի արդյունահանած արտահանական գազի ողջ ծավալը համաշխարհային գներով գնելու Ռուսաստանի փորձը անհաջողության է դատապարտված: Իսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, «փլուզելով» գազի պահանջարկն ու գները, «Գազպրոմի» համար վնասաբեր դարձրեց դրա գնումը նաև գործող ռուս-թուրքմենական պայմանագրի շրջանակներում:

Այս իրավիճակում 2009թ. ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Միջին Ասիա-Կենտրոն 4 (ՄԱԿ-4) գազատարի պայթյունը, որի պատճառների մասին կողմերն այդպես էլ փոխընդունելի եզրակացության չեկան, հանգեցրեց Թուրքմենստանի կողմից գազն արտահանելու փաստական դադարեցմանը: Այս ֆոնին 2009թ. մայիսի 8-ին Եվրամիությունը Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի հետ համատեղ հռչակագիր ստորագրեց Nabucco գազատարի շինարարության նախագծի վերաբերյալ: Նախագծի կողմնակիցների մեջ լրացուցիչ լավատեսություն ավելացրեց նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի` ավելի ուշ արած հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ձգտում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարման արտահանական ուղղությունները և պատրաստ է դառնալ հումքի մատակարար Nabucco-ի համար: 

Սակայն արդեն 2009թ. հոկտեմբերին տեղի ունեցավ տեղեկատվության արտահոսք «Գունորթա Յոլոթեն», «Օսման», և «Յաշլար» հանքավայրերի գազի պաշարների միջազգային աուդիտի փակ փաթեթից, որն իրականացնում էր Gaffney, Cline and Associates ընկերությունը: Փաստաթղթի կազմման որակը մատնանշում էր հնարավոր կեղծարարության մասին, ինչը ստիպեց արևմտյան մի շարք ընկերությունների հարցում ուղղել Թուրքմենստանի իշխանություններին` հաշվետվության տվյալները հաստատելու խնդրանքով2: Մեծ աղմուկ բարձրացավ, որը հանգեցրեց մի շարք բարձրաստիճան պետական այրերի հրաժարականին, ինչն էլ ավելի հաստատեց կասկածները Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ արդեն կնքված պայմանագրերով գազ արտահանելուց բացի էլի գազ արտահանելու Թուրքմենստանի հնարավորությունների մասին: Նույնիսկ չնայած այն բանին, որ 2009թ. դեկտեմբերի կեսերին Մոսկվայի և Աշգաբադի երկարատև բանակցություններից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց 2003թ. ապրիլի 10-ի գործող պայմանագրում (25 տարի ժամկետով) փոփոխություններ մտցնելու մասին, որոնց համաձայն` Ռուսաստանը 2010թ. Թուրքմենստանից կգնի 40%-ով պակաս բնական գազ, քան նախատեսված էր ավելի վաղ (կազմում է մոտ 30 մլրդ մ3) այն գնով, ինչը կորոշվի գազի եվրոպական շուկայում տիրող իրավիճակն արտացոլող բանաձևով: Ներկայում կենտրոնաասիական գազի մոտավոր գինը, առանց տեղափոխման արժեքի հաշվառման, կազմում է $220-244,5:

Միանշանակ չստացվեցին նաև Անկարայի` 2009թ. հոկտեմբերին Իրանի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ջանքերը Հարավային Փարս գազահանքավայրի վերաբերյալ, որով Թուրքիան իրավունք կստանար գնելու և վերարտահանելու տարեկան 17,5 մլրդ մ3 գազ3 (մասնավորապես, ենթադրվում էր Nabucco գազատարով), քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության հերթական սրացումը զրոյի հանգեցրեց Վաշինգտոնի վերաբերմունքի փոփոխությունը այլ երկրների հետ Իրանի տնտեսական համագործակցության վերաբերյալ:

Այսպես, ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնը, Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում օտարերկրյա լրագրողների համար մեկնաբանելով այս համաձայնագիրը, հիշեցրեց, որ ԱՄՆ-ում գործում է «օրենսդրություն, որը պահանջում է պատժամիջոցների ներմուծում, երբ այլ երկրներ կատարում են էական կապիտալ ներդրումներ Իրանի էներգետիկ հատվածում, և այս առումով ոչինչ չի փոխվել»4

Իսկ 2009թ. դեկտեմբերի սկզբին, Բուլղարիա կատարած այցի ժամանակ Եվրասիայում էներգետիկ հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ռիչարդ Մորնինգսթարը, աջակցություն հայտնելով Nabucco նախագծին, Իրանը բացառեց պոտենցիալ մասնակից երկրների ցանկից5

Արդյունքում` Nabucco–ի շուրջ նոր հիմնախնդիրների ծագման և չլուծված հին խնդիրների և Մոսկվայի կողմից հրապուրիչ առաջարկների փաթեթ ու առևտրային զիջումներ ստանալու հետ կապված` Անկարան ակտիվացրեց գազի և դրա տեղափոխման հարցերի վերաբերյալ իր արտաքին քաղաքական գործունեությունը ռուսական ուղղությամբ: Առաջարկությունների փաթեթում հիմնականում երեք կետ կա.

  • թուրքիայում «Երկնագույն հոսք-2» գազատարի շինարարություն` ծածկելու համար 2020թ. բնական գազի ակնկալվող պահանջարկը մինչև տարեկան 66 մլրդ մ3 (2009թ.` 36 մլրդ) և գազը հասցնել մինչև Իսրայել և, հնարավոր է, մինչև Կիպրոս,
  • համաձայնություն Սամսուն-Ջեյհան նավթամուղի (որի նպատակն է թեթևացնել սևծովյան Բոսֆոր և Դարդանել նեղուցների բեռնվածությունը) շինարարությանը և գործարկմանը, ինչպես նաև նավթամթերքների տեղափոխմանը, վերամշակմանը և համատեղ սպառմանը մասնակցելուն, 
  • նոր, ավելի շահավետ առաջարկներ ռուս-թուրքական կոնսորցիումի կողմից Թուրքիայի տարածքում առաջին ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ:

Յուրաքանչյուրն իր խաղն ունի

Նոր գազատարների շինարարության մասին որոշումների ընդունումը, դրանց երթուղիների ընտրությունը Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում, որի համար գլոբալ դերակատարների պայքարն ամենևին էլ ավարտված չէ, այլ գտնվում է ամենաթեժ փուլում, կատարվում են ելնելով ոչ միայն և ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նկատառումներից: Ուստի, ցանկացած աշխարհատնտեսական նախագիծ ինքնաբերաբար կրում է աշխարհաքաղաքական շահերի պրոյեկցիա և, որպես հետևանք, երկակի` տնտեսական և քաղաքական չափորոշիչների կնիք, հետևաբար` այն ապահովագրված չէ ինչպես տնտեսական սխալներից ու կորուստներից, այնպես էլ աշխարհաքաղաքական սխալ հաշվարկներից:

Որպես օրինակ կարելի է բերել և´ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, և´ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, որոնց երթուղիներն ընտրվել են` ելնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Վրաստանի հայաբնակ շրջանները շրջանցելու նկատառումներից:

Չդիտարկելով այդ նախագծերի մասնակից պետական կառույցների և մասնավոր ընկերությունների տնտեսական շահաբաժինների ստացման, ինչպես և դրանց երկարության ավելացման պատճառով ձեռքից բաց թողնված շահույթի հարցը` անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի բացառումը հետխորհրդային դարաշրջանում այս առաջին խոշոր տարածաշրջանային նախագծերից դրանք նախաձեռնողներին և շահող կողմերին չի մոտեցրել նախանշված քաղաքական նպատակների իրագործմանը: Եվ Հայաստանը տնտեսական նոր նախագծերում (որոնք տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ նշանակություն ունեն), այդ թվում և Կասպյան տարածաշրջանից նոր գազատարների շինարարությանը ներգրավելու հարցը պակաս սուր չէ, մասնավորապես, Վրաստանում «հնգօրյա պատերազմից» հետո:

Հայաստանի ընդգրկումը մակրոտարածաշրջանային նախագծերում կհանգեցներ տարածաշրջանի ռազմաքաղաքական կայունության բարձրացմանը, ընդ որում՝ անգամ Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության պայմաններում, թույլ կտար բացառել կամ գոնե կրճատել վախի ռազմական ռիսկերը, որոնք կան և պետք է հաշվի առնվեն նաև հետագայում, ինչպես արդեն գործող, այնպես էլ հեռանկարային գազա- և նավթատարների տեխնիկատնտեսական հիմնավորումներում: Հենց դրա համար էլ տարածաշրջանային լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են կանխատեսումներ Հայաստանը Nabucco գազատարի շինարարության նախագծի իրականացմանը ներգրավելու մասին, ինչն սկսել է ավելի ճշմարտանման ընկալվել հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին:

Բայց Nabucco-ին Հայաստանի միանալու մասին տեղեկությունները գրեթե բացառապես դուրս են գալիս Թուրքիայից6: Եվ կարող են լինել կամ ավելի շուտ` կանխարգելիչ տեղեկատվական քարոզչություն են, որի նպատակներից մեկը կարող է լինել այդօրինակ լուրերին տրվող արձագանքի ուսումնասիրումը Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում:

Իսկ եվրոպական կառույցներից, ընդհանուր պոլիտկոռեկտ դատողությունների ֆոնին, որպես կանոն, հնչում են հայտարարություններ այն մասին, որ «Հայաստանը չի մասնակցի Nabucco տարածաշրջանային նախագծին: Մասնակից երկրների ցանկում այդ երկիրը չկա»7:

Ռուսաստանը ցանկացած պարագայում մնում է դեպի Եվրոպա հիմնական, ռազմավարական գազ մատակարարողներից մեկը, իսկ երկու նախագծերի` Nabucco-ի և «Հարավային հոսքի» կոշտ դիմակայության պատճառն այն է, որ միջնաժամկետ հեռանկարում, ամենայն հավանականությամբ, կիրականացվի դրանցից միայն մեկը, նախ` ինչպես պետական աղբյուրներից կամ ԵՄ կառույցներից, այնպես էլ մասնավոր ընկերություններից ֆինանսավորման խնդիրների պատճառով, երկրորդ` ելնելով եվրոպական երկրների գազի պահանջարկի հաշվարկներից, երրորդ` պոտենցիալ գազ արտահանողների իրական հնարավորությունների գնահատականներից:

Մոսկվան շահագրգռված է, որ գոնե որոշ ժամանակ թույլ չտա նոր, իր վերահսկողության տակ չգտնվող գազատարների շինարարությունը, ինչին կարող է հասնել` վերաբաշխելով Ուկրաինայի և Բելառուսի տարածքով անցնող գազի հոսքերը «Հարավային հոսքում» և «Հյուսիսային հոսքում»:

Դա նրան թույլ կտա.

  • ուղղակի ռազմավարական գործընկերություն հաստատել Գերմանիայի և Իտալիայի հետ (Ֆրանսիայի ներգրավմամբ «Հարավային հոսքին» մասնակցության միջոցով),
  • զգալիորեն նվազեցնել կամ բացառել տարանցող երկրների ազդեցությունն իր գազարտահանման քաղաքականության վրա, անցնել նրանց հետ կոշտ պրագմատիկ հարաբերությունների,
  • միևնույն ժամանակ, խուսափել Թուրքիայից` որպես դեպի Եվրոպա գազի տարանցման ճանապարհին գազի տեղափոխման համակարգի վերջնահանգույցից, ավելորդ կախվածությունից,
  • Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերություններում նվազեցնել երկկողմ տնտեսական փոխկախյալությունը` բարձրացնելով դրանց միակողմանի քաղաքական և գազային խոցելիությունը Մոսկվայի հետ փոխհարաբերությունների վիճակից կախված:

Բացի այդ, Ռուսաստանը պատրաստվում է ոչ միայն դեպի Թուրքիա և Թուրքիայի միջով գազի ու նավթի մատակարար դառնալ, այլև լրջորեն հաստատվել էներգետիկայի թուրքական շուկայում:

Դեռ 2004թ. դեկտեմբերին «Գազպրոմ» ԲԲԸ-ն և թուրքական խողովակաշարային Botas ընկերությունը հուշագիր ստորագրեցին գազի ոլորտում համագործակցության մասին, որը նախատեսում է դեպի Թուրքիա գազի մատակարարումների հնարավորություն ընդհուպ մինչև վերջնական սպառողը, ինչպես նաև մասնակցությունը Թուրքիայի տարածքում գազիֆիկացիոն, գազաբաշխիչ, գազի ստորգետնյա ամբարման հզորությունների և գազաէներգետիկ հզորությունների զարգացման նախագծերին: 

Ներկայում, թուրքական մամուլի լուրերի համաձայն, ռուսական «Գազպրոմն» արդեն ձեռք է բերել թուրքական Bosphorus Gaz Corporation A.S.-ի բաժնետոմսերի 71%-ը, որն առայժմ զբաղեցնում է Թուրքիայի գազի շուկայի ընդամենը 3%-ը, բայց, հավանաբար, պետք է դառնա երկրում «Գազպրոմի» հիմնական կառույցը, այդ թվում դրա գազաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհման ընթացքում8:

Եվ այստեղ Մոսկվայի հեռանկարները շատ ավելի գրավիչ են, քան արևելաեվրոպական երկրներում` էներգետիկ օբյեկտների ձեռքբերման և դրանց գործարկման պայմանների վերաբերյալ ԵՄ կոշտ կանոնակարգով հանդերձ:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, նախապես համաձայնելով միանալ Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարության նախագծին, որը նպատակ ունի թեթևացնել լցանավերով բեռնված Բոսֆորի նեղուցի բեռնվածությունը, հույս ունի, նախ` արագացնել Բուլղարիայի կողմից այլընտրանքային նախագծի` Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղի դիտարկումը, որի նախաձեռնողն ինքն է, և որի տնտեսական մանրամասների քննարկումը ձգձգվում է արդեն 7 տարի, երկրորդ` նախագծում ունենալ 50 տոկոսանոց մասնաբաժին:

Անկարայի` Բրյուսելի և Վաշինգտոնի դիրքորոշումներից ցուցադրվող և հաճախ ցուցադրաբար շեշտվող ավելի անկախ, քան դեռ ընդամենը 10 տարի առաջ էր, քաղաքականությունը Մոսկվայի համար, Սևծովյան-կասպյան, Կենտրոնաասիական և Մերձավորարևելյան տարածաշրջաններում նրա վարած քաղաքականության համատեքստում, անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան Բուլղարիան և Ուկրաինան, և ավելի մեծ հուսալիություն, քան Ուկրաինան` որպես ռուսական գազ ստացող և ռուսական նավթը տարանցող երկիր: Եվ սա` չնայած այն բանին, որ ժամանակին, «Երկնագույն հոսքի» շուրջ արդեն կնքված պայմանագրերի ձևակերպումներում ի հայտ եկած անճշտությունների և տարընթերցումների պատճառով, նույնիսկ վերանայում արվեց, ինչն ի վերջո հանգեցրեց Անկարայի համար ավելի շահավետ պայմաններով այն վերանայելուն:

Միևնույն ժամանակ, հարավարևմտյան ուղղությամբ այլընտրանքային արտահանական հնարավորությունների առկայությունը Մոսկվայի համար նպաստավոր է տարանցման քաղաքականության հարցերում գնային մանևրման առումով:

Բուլղարիան, նոր կառավարության օրոք ձգձգելով բանակցությունները «Հարավային հոսքին» միանալու վերաբերյալ, հույս ունի Ռուսաստանից ստանալ գազի մատակարարման մասին նոր պայմանագրի ավելի շահավետ առաջարկներ, որը Սոֆիան պետք է կնքի մինչև այն պայմանագրերի գործողության ավարտը, որոնց գործողության ժամկետը սպառվում է 2010-11թթ.:

Ամփոփման փոխարեն

Թուրքիայի գրավչությունը և նշանակալիությունը ԵՄ-ի համար զգալիորեն կախված են ռուս-թուրքական էներգետիկ նախագծերի հաջող զարգացումից: Ռազմավարական, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, իսկ հետագայում բացառված չէ նաև ռազմաքաղաքական գործընկերության խորացումը Անկարային որոշակի հնարավորություններ է ընձեռում, բայց և բավական կոշտ սահմանափակումներ է դնում նրա վրա իր տարածաշրջանային քաղաքականությունն իրականացնելիս, մասնավորապես, Անկարա-Բաքու-Երևան (Ստեփանակերտ) եռանկյունու հարաբերություններում` անվերապահորեն Մոսկվայի շահերը հաշվի առնելու անհրաժեշտությամբ, որն ամեն պարագայում շահագրգռված չէ.

  • պանթյուրքական տրամադրությունների ուժեղացմամբ Ադրբեջանում,
  • Վրաստանում Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ,
  • ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալները, Ռուսաստանը շրջանցելով, եվրոպական շուկա դուրս բերելով:

Եվ գործնականում ռուս-թուրքական մրցակցության այս բոլոր ուղղություններում, որոնք ռազմավարական բնույթ ունեն, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները տարածաշրջանում հիմնականում ոչ միայն համընկնում են, այլև փոխկախված են և երկկողմանիորեն խոցելի: Ինչպիսին էլ լինեն Ռուսաստանի հնարավոր ձեռքբերումները Թուրքիայում` տնտեսական, թե քաղաքական բնույթի, դրանք չեն կարող համարժեք լինել Հարավկովկասյան տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու հեռանկարին: Թեկուզև այն պատճառով, որ դրանք ինքնաբերաբար ձեռք կբերեն մարտավարական հաջողությունների կարգավիճակ` միջնաժամկետ ապագայում համահարթեցվելու հեռանկարով, և փաստորեն կկոմպենսացվեն Մոսկվայի ռազմաքաղաքական և տնտեսական կորուստներով, սկզբում` Հարավային, իսկ հետո` ամենայն հավանականությամբ, նաև Հյուսիսային Կովկասում:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի էներգետիկ շահերի պրոյեկցիան տարածաշրջանում նրա քաղաքական ազդեցության հարցերում կփնտրի Երևանի անհրաժեշտ աջակցությունը, ինչը կարող է շոշափելիորեն ամրապնդել նրա նշանակալիությունը ռուսաստանյան աշխարհաքաղաքականության և տարածաշրջանային քաղաքականության մեջ նրա կշռի համատեքստում:

Նման պայմաններում Մոսկվայի խնդիրը հեշտ չէ. քաղաքական և դիվանագիտական այնպիսի խաղ վարել, որը թույլ կտա Ռուսաստանին իրականացնել իր էներգետիկ նախագծերը` խաղալով ԵՄ-ի, Իրանի, Հունաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի հետ Թուրքիայի փոխհարաբերությունների նրբությունների հետ, որտեղ Մոսկվայի և Անկարայի իրական շահերը շատ բանով համընկնում են, և համաձայնեցված քաղաքականության անցկացման պարագայում նրանց դիրքորոշումները փոխադարձաբար կուժեղանան, և միևնույն ժամանակ, թույլ չտալ փոխզիջումների կոմպենսացիոն փոխանակում Հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ այս երկու երկրների մայրաքաղաքների շահերն ավելի շուտ ոչ թե համընկնում, այլ շատ հարցերի շուրջ տրամագծորեն հակադրվում են: Չնայած դիվանագիտորեն զուսպ հայտարարություններին և զանազան վիրտուալ «պլատֆորմներին»։

1Համեմատության համար՝ «Գազպրոմի» խոշոր հանքավայրերի պաշարները կազմում են. Բովանենկովսկյանը` 4 տրլն, Շտոկմանինը` 3,7 տրլն մ3:

2Туркменская сказка, http://lenta.ru/articles/2009/10/13/turkmengas

3http://www.kommersant.ru/doc-y.aspx?DocsID=1271452, 18 ноября 2009г.

4США не одобряют новый договор Турции с Ираном по природному газу, http://iran.ru/rus/news_iran.php?act=news_by_id&news_id=599966, 9 ноября 2009г.

5Иран не будет участвовать в Nabucco – США, Информационное агентство «Нефть и Капитал», 7 декабря 2009г., http://www.oilcapital.ru/news/2009/12/071044_147629.shtml

6Սեպտեմբերի սկզբին թուրքական Star թերթը հայտարարեց, թե Եվրամիությունը, որը նպաստում է համաձայնության ձեռքբերմանը Հայաստանի և Թուրքիայի միջև, ցանկանում է փոխել Nabucco–ի երթուղին` տարանցման երկիր դարձնելով ոչ թե Վրաստանը, այլ Հայաստանը: «Нефть и Капитал» լրատվական գործակալություն, 15 սեպտեմբերի 2009թ.:

7Տե´ս մասնավորապես, էներգետիկայի գծով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսի հայտարարությունը Gas Infrastructure World Caspian-2009 միջազգային կոնֆերանսում: Армения не будет участвовать в проекте Nabucco – еврокомиссар. РИА Новости, 15 сентября 2009г.

8http://www.azdiaspora.org\forum\index.php\topic\1137.msg50698, 8 ноября 2009г.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր