• am
  • ru
  • en
Версия для печати
14.01.2010

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   

Ռուբեն Մելքոնյան

Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայում պետական քաղաքականության հիմնական տարրերից մեկին` տեղանունների փոփոխմանը: Առկա փաստերը թույլ են տալիս պնդել, որ ոչ թուրքական տեղանունների փոփոխությունը եղել է համատարած թուրքացման քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկը և իրականացվել համակարգված, որի հետևանքով այսօրվա Թուրքիան ներկայանում է որպես գերազանցապես թուրքական տեղանուններով պետություն: Այս ամենում քողարկված և բացահայտ քաղաքական նպատակներ կան, այն է` հնարավոր բոլոր մեթոդներով ժխտել բնիկ ոչ մուսուլման ժողովուրդների ներկայությունը և պատկանելությունն այս տարածաշրջանին:

Վերլուծելով Թուրքիայի Հանրապետության ներքին քաղաքականության որոշակի դրսևորումները` կարող ենք նշել, որ դրանք, մեծ մասամբ, կրում են համատարած թուրքացման բնույթ: 1920-ականներին դեռևս նորաստեղծ Թուրքիայում տեղի էին ունենում գործընթացներ, որոնք միտված էին միատարր թուրքական պետության ստեղծմանը: Ահա հենց այս նպատակով համատարած թուրքացման քաղաքականությունը սկսեց կիրառվել լայն թափով և տարբեր ոլորտներում: Գործընթացն անխուսափելիորեն պետք է անդրադառնար նաև տեղանուններին, քանի որ Օսմանյան կայսրության տարածքում բազմաթիվ էին բնիկ ժողովուրդների լեզուներով անվանակոչված վայրերը, որոնք ուղղակի ապացույցն էին նրանց ներկայության: Տեղանունները, միևնույն ժամանակ, ցույց են տալիս պատմական անցյալը, այդտեղ բնակված ժողովրդի պատմության, մտածելակերպի մի շարք մանրամասներ: Այդ է պատճառը, որ միատարր Թուրքիայի Հանրապետության կայացման գործընթացում տեղանունների թուրքացմանը վերապահվել էր կարևոր գործառույթ:

Ինչպես իրավացիորեն նշում է թուրքագետ Լուսինե Սահակյանը. «Տեղանունները, լեզվական համեմատաբար կայուն փաստ լինելուց բացի, ունեն պատմագիտական և քաղաքական արժեք» [1]: Տեղանունների թուրքացման իրական նպատակների լավագույն բացատրությունը ներկայացնում է թուրք զինվորական Հուսեյին Ավնի բեյը. «Եթե մենք ուզում ենք մեր երկրի տերը դառնալ, ապա ամենափոքր գյուղի անունն անգամ պետք է թուրքերեն դարձնենք, այլ ոչ թե թողնենք հայերեն, հունարեն, արաբերեն: Այսպիսով մեր երկրիրը կներկենք մեր գույներով» [1]:

Ինչպես ընդհանրապես թուրքացման քաղաքականությունը, այնպես էլ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տեղանունների թուրքացումը նոր երևույթ չեն և սկսվել են օտար, այն է` թյուրքական, տարրի տարածաշրջան ներթափանցմանը զուգահեռ, սակայն այդ քաղաքականությունն ավելի ընդգծված և համակարգված բնույթ է ստացել 19-րդ դարի կեսերից, որն ավելի է խորացել երիտթուրքերի տիրապետության ժամանակ, իսկ հանրապետական Թուրքիայում գտել վերջնական լուծում: Այս ուղղությամբ օսմանյան պետության ձեռնարկած կոնկրետ իրավական քայլերից արժե հիշատակել 1915թ. հունվարի 5-ին ռազմական նախարար Էնվեր փաշայի հրամանը, որը թարգմանաբար տեղ է գտել Լ.Սահակյանի վերոնշյալ հոդվածում: Հրամանագրի առաջին կետում հստակ նշվում է. «Անհրաժեշտ է թուրքերենի վերածել Օսմանյան երկրում հայկական, հունական, բուլղարական և այլ ոչ մուսուլման ժողովուրդներին պատկանող նահանգի, գավառի, գյուղաքաղաքի, գյուղի, սարի, գետի…և այլ բոլոր անունները» [1; 2, s. 21-22]:

Անշուշտ, տեղանունների թուրքացումը հարկ է տեղավորել թուրքական ազգայնամոլության դրսևորումների շրջանակում, որոնց աճին զուգահեռ՝ նկատվել են նաև զարգացումներ այդ ուղղությամբ ևս: Թուրքիայի Հանրապետության առաջին իսկ տարիներից ոչ թուրքական տեղանունները սկսեցին անվանափոխվել։ Այս քաղաքականությունը տարբեր ուժգնությամբ շարունակվեց տարբեր քաղաքական ռեժիմների ժամանակ: Հանրապետական Թուրքիայում տեղանունների թուրքացման քաղաքականության մանրակրկիտ ուսումնասիրություն է անցկացրել թուրք հետազոտող, «Եփրատ» համալսարանի աշխարհագրության ամբիոնի դոցենտ Հարուն Թունչելը, ըստ որի՝ Թուրքիայի Հանրապետությունում տեղանունների փոփոխության հետ կապված առաջին պաշտոնական արձանագրությունը կատարվել է 1925թ., երբ Արդվինի նահանգային խորհրդարանի որոշմամբ անվանափոխվել են հիմնականում վրացերեն որոշ տեղանուններ [3, s. 27]: Սակայն տեղանունների փոփոխության առաջարկներ արվել են դեռևս 20-ականների սկզբներին, իսկ 1922թ. անվանափոխվել են որոշ հայկական տեղանուններ, որոնք մինչ այդ էլ աղավաղվել էին, մասնավորապես՝ Մուքյուս անվանակոչված պատմական Մոկսը վերանվանվել և այսօր կոչվում է Բահչեսարայ, Ստամբուլի Սան Ստեֆանո թաղամասն անվանակոչվել է Յեշիլքյոյ և այլն: 1928թ. անվանափոխվել, թուրքացվել են Էգեյան ավազանի հունական և հարավարևելյան շրջանների որոշ հայկական ու քրդական տեղանուններ, իսկ 1934-36թթ. Թուրքիայում փոխվել է 834 գյուղերի անվանում [4]: Թուրք հեղինակ Մուսթաֆա Արմաղանը նշում է, որ հանրապետական Թուրքիայի արխիվներում աշխատելիս հանդիպել է 1930-ականներին գրված մի շարք դիմումներ, որոնցով պահանջվում էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և Իսմեթ Ինենյուի անվամբ մեկական նահանգ, քաղաք անվանակոչել։ Ըստ այդ դիմումներից մեկի՝ առաջարկվում էր Անկարան անվանափոխվել Աթաթուրքքենթիի [5]:

Սակայն անվանափոխության գործընթացն ավելի խորացավ 1940թ. սկսած. Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակեց թիվ 8589 շրջաբերականը, որտեղ հստակ նշվում էր «օտար լեզուներից ու արմատներից ծագող և գործածման մեջ թյուրընկալումների պատճառ հանդիսացող բնակավայրերը և տեղանունները» թուրքերեն անվանումներով փոփոխելու անհրաժեշտության մասին [3, s. 27]: Դրանից հետո նահանգապետարանների կողմից պատրաստվել և նախարարություն են ուղարկվել «օտարալեզու» տեղանունները: Ուշագրավ է նաև այս գործընթացի ժամանակաշրջանը, երբ Թուրքիայում պետական մակարդակով վերելք էին ապրում պանթուրքիստական տրամադրությունները, տեղի էր ունենում թուրքացման լայնածավալ և բազմոլորտ գործընթաց, ոչ մուսուլման բնակչության հանդեպ մեծ խտրականություն էր կիրառվում:

Տեղանունների փոփոխությունը կոնկրետ կիրառություն է ստանում 1957թ., երբ հատուկ դրա համար ստեղծվում է «Տեղանունների փոփոխության մասնագիտական հանձնաժողով», որտեղ ընդգրկվում են գլխավոր սպայակույտի, ներքին գործերի, պաշտպանության, կրթության նախարարությունների, Անկարայի համալսարանի լեզվական, պատմաաշխարհագրական ֆակուլտետների և Թուրքական լեզվական ընկերության ներկայացուցիչներ: Այստեղ ևս մի ուշագրավ նրբություն կա. չնայած Թուրքիայում փոխվել էր իշխանությունը և ղեկավարությունն ստանձնել էր այլ քաղաքական ուժ, սակայն թուրքացման քաղաքականությունը չէր փոխվել, ընդհակառակը, այն ավելի էր խորացել: Հիշյալ հանձնաժողովն աշխատել է մինչև 1978թ., որի ընթացքում ուսումնասիրվել է շուրջ 75 հազար տեղանուն, անվանափոխվել է 28 հազարը [3, s. 27]: Կարծիքներ կան, որ տեղանունների թուրքացումը հատկապես մեծ թափ է ստացել 1960թ. մայիսի 27-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո [6]: Թուրք հետազոտող Հարուն Թունչելը պնդում է, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում անվանափոխվել է ավելի քան 12 հազար գյուղանուն՝ Թուրքիայի գյուղերի շուրջ 35%-ը: Թունչելը պատրաստել է նաև անվանափոխված գյուղերի ցուցակը և դրանց քանակական բաշխումն ըստ նահանգների, որը ներկայացնում ենք ստորև [3, s. 28].

Նահանգի անունը Գյուղերի թիվը Նահանգի անունը Գյուղերի թիվը
Ադանա 169 Իզմիր 68
Ադըյաման 224 Կարս 398
Աֆիոն 88 Կաստամոնու 295
Աղրը 374 Կեսարիա 86
Ամասիա 99 Քըրըքլարելի 35
Անկարա 193 Քըրշեհիր 39
Անթալիա 168 Քոջաելի 26
Արդվին 101 Կոնիա 236
Այդըն 69 Քյութահյա 93
Բալըքեսիր 110 Մալաթիա 217
Բիլեջիք 32 Մանիսա 83
Բինգյոլ
(Ճապաղջուր)
247 Մարաշ 105
Բիթլիս 236 Մարդին 647
Բոլու 182 Մուղլա 70
Բուրդուր 49 Մուշ 297
Բուրսա 136 Նևշեհիր 24
Չանաքքալե 53 Նիղդե 48
Չանքըրը 76 Օրդու 134
Չորում 103 Ռիզե 105
Դենիզլի 53 Սաքարիա 117
Դիարբեքիր 555 Սամսուն 185
Էդիրնե 20 Սիիրթ
(Սղերթ)
392
Էլյազիգ
(Խարբերդ)
383 Սինոպ 59
Էրզինջան
(Երզնկա)
366 Սեբաստիա 406
Էրզրում 653 Թեքիրդաղ 19
Էսքիշեհիր 70 Թոքաթ
(Եվդոկիա)
245
Գազիանթեփ 279 Տրապիզոն 390
Գիրեսուն 167 Թունջելի
(Դերսիմ)
273
Գյումուշհանե 343 Ուրֆա 389
Հաքքարի 128 Ուշաք 47
Հաթայ 117 Վան 415
Սպարտա 46 Յոզղաթ 90
Իչել 112 Զոնգուլդակ 156
Ստամբուլ 21 Ընդամենը` 12211

Ներկայացված ցուցակից ակնհայտ է դառնում, որ ամենից շատ տեղանուններ փոխվել են Թուրքիայի արևելյան, հարավարևելյան և Սևծովյան շրջաններում, այսինքն` հիմնականում պատմական Հայաստանում, ինչպես նաև հունական տարածքներում: Նշենք նաև, որ Սև ծովի հարավարևելյան շրջաններում բավական թիվ են կազմում նաև հայկական տեղանունները, քանի որ հիմնականում հենց այնտեղ են գտնվում համշենահայ բնակավայրերը: Թունչելի գնահատմամբ՝ հանձնաժողովն ուշադրություն է դարձրել, որ պարտադիր փոփոխվեն այն տեղանունները, որոնց բաղադրիչներից մեկը կարմիր, զանգ, եկեղեցի բառերն են եղել, որոնք բացահայտ ցույց են տալիս դրանց ոչ թուրքական կամ ոչ մուսուլմանական ծագումը, իսկ կարմիր բառն ուներ նաև կոմունիստական երանգ [3, s. 28]: Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը նույնպես ծնունդով Ռիզեի նահանգից է, նրա ծննդավայրը ներկայումս անվանափոխված է Գյունեյսու, սակայն մինչև այժմ էլ ժողովրդի մեջ կիրառվում է դրա նախկին ակնհայտ ոչ թուրքական անունը` Պոտոմիա [7]:

Ներկայումս Թուրքիայում ընթանում է մի գործընթաց, որը, որոշ վերապահումներով, կարելի է անվանել թաբուների ճեղքում: Եվ այդ ամենի համատեքստում սկսում են քննարկվել այնպիսի թեմաներ, որոնք մինչ այդ փակ էին կամ արգելված: Այդ թեմաների շարքում, կարելի է ասել, վերջերս բավական ակտիվ քննարկվում է տեղանունների փոփոխման գործընթացը։ Քննարկումներին մասնակցում են Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները ևս, իհարկե` փորձելով այս ամենի մեջ տեսնել իրենց քաղաքական հաշվարկներն ու շահերը: Այսպես, բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Գյուլը արևելյան շրջաններից մեկում, մի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ներկայումս Գյուրօյմաք անվանված գավառի անունը իրականում Նորշեն է1: Հետ չի մնացել նաև վարչապետ Էրդողանը՝ նշելով, որ Մանազկերտը հայերեն բառ է: Այս ամենը դարձել է նաև ներքաղաքական խնդիր և ընդդիմությանը իշխանություններին քննադատելու առիթ տվել: Այս հարցում, ինչպես միշտ, ակտիվ է ազգայնամոլական կողմնորոշում ունեցող Ազգայնական շարժում կուսակցությունը, որի նախագահ Դևլեթ Բահչելիի և վարչապետ Էրդողանի միջև սկիզբ է առել հեռակա բանավեճ: Մասնավորապես, մեղադրելով իշխանություններին` Դևլեթ Բահչելին հեգնել է, թե միգուցե փոխեն նաև Ստամբուլի անունը և այն կոչեն Կուստանդնուպոլիս: Ի պատասխան այս հայտարարության, Էրդողանը նշել է. «1071թ. Ալփարսլանը Մանազկերտը գրավելուց հետո դրա անվանը չկպավ, այնինչ Մանազկերտը հայկական անուն է, ի՞նչ է՝ դուք Ալփարսլանից ավելի ազգայնական ե՞ք» [8]:

Հարկ է նշել, որ տեղանունների թուրքացման քաղաքականությունն անդրադարձել է նաև Ստամբուլի հայկական և հունական փողոցներին, թաղամասերին: Ստամբուլում փողոցների անվանումների թուրքացումը սկսվել է 1927 թվականից [4]։ Հիմնական թիրախներն են եղել հունական, հայկական թաղամասերը: Նշենք, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նաև փողոցների անվանափոխության ուսումնասիրման ուղղությամբ։ Օրինակ, թուրքական TESEV հիմնադրամը վերջերս նախաձեռնել է մի հետազոտություն, որի նպատակն է պարզել Ստամբուլի հայաբնակ և հունաբնակ թաղամասերի, պողոտաների և փողոցների անունների փոփոխությունները: Ուսումնասիրությունն ընդգրկում է Բաքըրքյոյ, Շիշլի, Ֆաթիհ, Բեյօղլու և Քադըքյոյ թաղամասերը: Արդեն ի հայտ են եկել առաջին արդյունքները, համաձայն որոնց՝ Ստամբուլում մինչև 1954թ. անվանափոխվել է 100-ից ավելի փողոցի, թաղամասի անուն [9]: Պետք է ասել, որ հատկապես Ստամբուլում տեղի ունեցած անվանափոխությունների մեջ որոշակի միտումներ առավել ցայտուն են. մասնավորապես այն թաղամասերում, որտեղ ավելի հոծ ապրում են հայեր, հույներ, նոր անվանումների մեջ գերիշխում են ազգայնամոլական կամ, այսպես կոչված, «սիմվոլիկ սպառնալիք» պարունակող անվանումներ: Մեջբերենք մի պոլսահայի պատմածը. «Ես ապրում եմ Քուրթուլուշում, տունս Էրգենեքոն թաղամասում է, Թուրքբեյ փողոցում: Քվեարկելու համար գնում եմ Թալեաթ փաշայի անվան դպրոց» [10]: Ժամանակին հունաբնակ Թաթավլա թաղամասն անվանափոխվել է Քուրթուլուշ, որը թարգմանաբար նշանակում է ազատագրում: Այս անունը ևս սիմվոլիկ բնույթ է կրում, քանի որ, ըստ թուրքական պետական հռետորաբանության, քեմալական շարժման տարիներին Թուրքիան ազատագրվել է «օկուպանտներից», այդ թվում և հույներից: Կարծում ենք, որ պատահականություն չպետք է համարել հատկապես փոքրամասնություններով բնակեցված թաղամասերի և փողոցների ակնհայտ «սիմվոլիկ սպառնալիք» պարունակող անվանումները:

Նկատելի է նաև, որ անվանափոխումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել, որպեսզի տեղանունների ոչ մուսուլմանական ծագման որևէ հիշողություն կամ ակնարկ չպահպանվի: Օրինակ` Ստամբուլում կատարված մի քանի անվանափոխումներում դա հստակ երևում է. Ֆերիքյոյ թաղամասի Էրմենի Քիլիսե (հայկական եկեղեցի) կոչված փողոցը անվանափոխվել է Ֆըրըն Սոքաղը (փռի փողոց) Քեշիշ (քահանա) փողոցը` Էֆե (ավազակ) փողոցի, Փափազ Քյոփրուսու-ն (քահանայի կամուրջ) անվանափոխվել է Յայա Քյոփրուսու (հետիոտնի կամուրջ) [4]:

Հարկ է նշել, սակայն, որ չնայած պետության գործադրած ջանքերին, մինչև օրս էլ որոշ հայկական տեղանուններ տեղի բնակչության կողմից շարունակում են գործածվել՝ թեկուզ և աղճատված ձևերով: Սա ցույց է տալիս, որ հասարակ ժողովուրդը դեռևս լիովին չի յուրացրել նոր տեղանունները: Օրինակ, Մուշի Ցրոնք գյուղն անվանափոխված է Քըրքյոյի, սակայն մինչև հիմա էլ ժողովուրդն այն կոչում է Սրոնք, Հացեկացը` Հասիկ և այլն: Թուրքիայում բնակվող համշենահայ մանկավարժ Մահիր Օզքանը նշում է, որ այդ փոփոխությունները պատճառ են դարձել նաև շփոթմունքների։ Օրինակ՝ ինքը սովորել ու տիրապետել է իրենց շրջապատի տեղանունների մի քանի տարբերակ` պաշտոնականը և ժողովրդի մեջ գործածվողը [11]: Հին հայկական տեղանունների գործածությունը հասարակ ժողովրդի կողմից, միևնույն ժամանակ, վկայում է այդ ամենի մեջ պատմական հիշողության տարրերի մասին:

Տարբեր ոլորտներում հանդիպող ոչ թուրքական կամ ոչ մուսուլմանական անվանումներն անհանգստություն են պատճառում թուրք որոշ ղեկավարների, և ամեն ինչ թուրքացնելու մղումը հաճախ հանգեցնում է ծիծաղելի վիճակների: Օրինակ` 2005թ. Թուրքիայի շրջակա միջավայրի նախարարությունը Թուրքիայի միատարր կառուցվածքին իբր վնաս լինելու պատրվակով թուրքացրել է անգամ որոշ կենդանիների անուններ, որոնք համաշխարհային գրականության մեջ հիշատակվում են այլ կերպ: Օրինակ` “Օvis armeniana”, “Vulpes vulpes kurdistanica” անվանումներով կենդանիների անվանումները փոխվել են, դրանցից հանվել են armeniana ու kurdistanica «վտանգավոր» բառերը: Ուշագրավ է նաև այդ նախարարության բնության պաշտպանության և ազգային պարկերի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Մուսթաֆա Քեմալ Յալընքըլըչի մեկնաբանությունն այս առիթով. «Թուրքիայի գլխին տարատեսակ խաղեր են խաղում, և այս անվանումները հատկապես գործածվում են, որպեսզի կարծիք ստեղծեն, թե այստեղ հայեր կամ քրդեր են եղել» [10]: Անգամ անասունները Թուրքիայում դասակարգվում են «նորմալ»-ի և «սեպարատիստ»-ի, որոնց դեմ պետք է պայքարել:

Այսպիսով` կարող ենք նշել, որ տարբեր ժամանակաշրջաններում թուրքացման քաղաքականությունը կրել է համատարած բնույթ և անդրադարձել տարբեր ոլորտների: Կոնկրետ տեղանունների թուրքացումը եղել է թուրքացման քաղաքականության կարևոր տարրերից մեկը, որը նպատակ է ունեցել ստեղծել զուտ թուրքական կամ մուսուլմանական բնույթ ունեցող աշխարհագրություն:

1Ի դեպ, արձագանքելով նախագահ Գյուլի հայտարարությանը` հոկտեմբերի սկզբին Բիթլիսի նահանգի Գյուրօյմաք գավառի ավագանիների խորհուրդը միաձայն որոշում է ընդունել գավառը կրկին կոչել Նորշին:

Աղբյուրներ և գրականություն

  1. Սահակյան Լ., Հայկական տեղանունների եղեռնը Թուրքիայում, Երկիր, 29.09.2009:
  2. Yüksel A., Doğu Karadeniz Araştırmaları, İstanbul, 2005.
  3. Harun T., Türkiyede ismi değiştirilen köyler, Fırat Üniversitesi Sosyal Bilimleri Dergisi, Elazığ, 2000, cilt: 10, sayı: 2.
  4. Hür A., Pangaltı ve Kurtuluşta milliyetçi sokak isimleri, Agos, 22.05.2009.
  5. Armağan M., Ankara'nın adı "Atatürkkent" olacakmış!, Zaman, 23.8.2009.
  6. Çalışlar O., Köy adlarının “ulusallaştırılması”, Agos, 22.05.2009.
  7. 12 bin 211 köyün adı değiştirilmiş, Radikal, 13.5.2009.
  8. Ankara’nın nesi Türkçe Taraf, 18.8.2009.
  9. TESEV’den sokak açılımı, Sabah, 28.9.2009.
  10. Yumul A., Adlandırılmayan Türkiye, Star, 23.08.2009.
  11. Özkan M., “Momilerimizin bildiği isimler resmen kabul görmeli”, Agos, 22.05.2009.

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր