• am
  • ru
  • en
Версия для печати
06.11.2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների համատեքստում)

   

Լևոն Հովսեփյան

EU_TR (original)Թուրքիայի ներքաղաքական գործընթացների, բանակ-քաղաքացիական իշխանություն հարաբերությունների և Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շրջանակներում ընթացող բարեփոխումների տեսանկյունից խիստ կարևորվում են հատկապես երկրի զինվորական ու անվտանգության ոլորտին առնչվող բարեփոխումները, որոնք նպատակ ունեն սահմանափակել զինվորականության դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և հաստատել ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ անվտանգության ոլորտի նկատմամբ: ԵՄ առջև Թուրքիայի ստանձնած պարտավորությունների շրջանակում մասամբ իրականացվել և իրականացվում են բարեփոխումներ` բանակ-քաղաքականություն հարաբերությունները եվրոպական չափորոշիչներին հարմարեցնելու և անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն սահմանելու ուղղությամբ:

Առաջին էական քայլը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԹԱԱԽ) հետ կապված բարեփոխումների գործընթացն էր1:

2003թ. հուլիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն (ԹԱՄԺ) ընդունեց Եվրամիության անդամակցության ճանապարհին նախապայման համարվող այսպես կոչված «բարեփոխումների 7-րդ փաթեթը» որը ԹԱԱԽ բարեփոխումների միջոցով պետք է սահմանափակեր զինվորականության դերը երկրի քաղաքական կյանքում, ինչն էլ որոշ հեղինակների թույլ տվեց դա բնորոշել որպես «թավշյա հեղափոխություն»2:

Թուրքիայի անվտանգության համակարգի ժողովրդավարացման առումով կարևոր ազդակ հանդիսացավ 1999թ. Հելսինկյան գագաթաժողովը3, ինչին հաջորդեցին որոշ բարեփոխումներ այդ ոլորտում: Առաջին հիմնական փոփոխությունը կատարվեց Սահմանադրության 118-րդ հոդվածում, որով ԹԱԱԽ-ը դարձավ սահմանադրական հաստատություն: 2001թ. հոկտեմբերին կատարված այդ փոփոխություններով խորհրդի անդամների մեծ մասը ներկայացնում է կառավարության, այլ ոչ թե զինվորականության հատվածը: Խորհրդի ներկայացրած որոշումները կրում են խորհրդատվական բնույթ և նախկինի նման չեն ենթադրում դրանք նախարարների խորհուրդ վերցնել «առաջնահերթ քննարկման»4:

Առաջին քայլը 2003թ. օգոստոսին Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով ԹԱԱԽ ու գլխավոր քարտուղարության մասին օրենքում կատարված փոփոխություններն էին, որոնցով զգալիորեն նվազեցվեցին ԹԱԱԽ լիազորություններն ու ազդեցության շրջանակները: Զինվորական գերակշռությամբ գործադիր իշխանություն իրականացնող այդ մարմինը ստացավ ավելի շատ խորհրդակցական կառույցի բնույթ, որը պետք է խորհրդատվական որոշումներով օժանդակություն ցույց տա նախարարների խորհրդին ու վարչապետին: Ինչպես նշել է ԹԱԱԽ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնած առաջին քաղաքացիական պաշտոնյան՝ կադրային դիվանագետ Յիղիթ Ալփողանն իր ասուլիսում, «խորհրդի գործառույթները հանձնվել են, և այժմ այն ոչ թե գործադիր, այլ խորհրդակցական մարմին է»5:

Անվտանգության խորհրդի հետ կապված բարեփոխումները, օրենսդրական ու կառուցվածքային փոփոխություններն այն դարձրին ավելի շատ քաղաքացիական, խորհրդատվական մարմին` օժանդակելու կառավարության գործունեությանը:

Որոշ բարեփոխումներ են իրականացվել նաև զինված ուժերի բյուջեի ու ռազմական ծախսերի խորհրդարանական վերահսկողության ուղղությամբ: Մասնավորապես՝ 2003թ. ընդունվեց «Պետական ֆինանսների կառավարման ու վերահսկողության մասին» օրենքը, ինչը ենթադրում է ՊՆ բյուջեի և այլ ոչ բյուջետային պաշտպանական հիմնադրամների խորհրդարանական վերահսկողությունը: 2004թ. այդ գործընթացը կարգավորելու նպատակով իրականացվեց Սահմանադրության 160-րդ հոդվածի փոփոխությունը, ինչն օրինականացրեց ԹԱՄԺ վերահսկողական գործառույթներն այդ ոլորտում6:

Ներկայումս Թուրքիան պատրաստվում է կառուցվածքային ու կադրային բարեփոխումներ իրականացնել Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության7 շրջանակներում, ինչը մի կողմից կբարձրացնի նրա արդյունավետությունը և կնպաստի Թուրքիայի եվրաինտեգրման ջանքերին: Այդ նախագիծը ենթադրում է մինչև 2014թ. «քաղաքացիականացնել» այն` ղեկավարումը ԶՈւ գլխավոր շտաբից փոխանցել Ներքին գործերի նախարարությանը: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության Ազգային ծրագրի պարտավորությունների շարքում նախատեսվում է ներքին անվտանգության գործառույթները հիմնականում դնել քաղաքացիական իշխանությունների վերահսկողության ու լիազորությունների շրջանակում8: Չնայած Ժանդարմերիայի հրամանատարությունը հանձնվում է ՆԳՆ-ին, պատերազմի ժամանակ այն միանգամից անցնում է ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ:

Ժանդարմերիայի ոլորտում իրականացվելիք բարեփոխումների գործընթացը մեկնարկել էր դեռևս 2004թ., երբ թուրքական կողմը եվրոպական պարտավորությունների շրջանակում պետք է քայլեր ձեռնարկեր պարտադիր (ժամկետային) զինծառայողների թվաքանակի կրճատման ու քաղաքացիական վերահսկողության հաստատման ուղղությամբ, որին պետք է աջակցեր Մեծ Բրիտանիան: Բացի այդ, նախատեսվում էր ստեղծել Սահմանային ոստիկանության ծառայություն, և որպեսզի ապահովվեր ցամաքային ու ծովային սահմանային անվտանգությունը, մշակվեց ԵՄ-ի և Թուրքիայի ՆԳՆ Միավորված սահմանային անվտանգության կառավարման ռազմավարությունը: Այդ ոլորտում, սակայն, գործնական քայլեր չիրականացվեցին, ինչը կապված էր բանակի կոշտ դիմադրության հետ9:

Նշենք, որ Ժանդարմերիայի հրամանատարությունն այդ նախաձեռնության հետ կապված լուրջ դժգոհություն է հայտնել, քանի որ այն միշտ գտնվել է ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ և բանակի ռազմական ստորաբաժանում համարվել: Բացի այդ, գրեթե միշտ անհասկանալի դիմակայություն ու մրցակցություն է եղել ոստիկանության զորքերի ու ժանդարմերիայի միջև` լիազորությունների հստակեցման խնդիրների հետ կապված: Հատկապես 2008թ. վերջին ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարության քննարկումների ժամանակ զինվորականության ներկայացուցիչները պնդում էին այդ պայքարում առաջնային դերակատարությունը ժանդարմերիայի հրամանատարությանը հանձնելու անհրաժեշտության մասին, սակայն կառավարությունը ձեռնամուխ եղավ նոր համակարգող մարմնի ստեղծմանը: Ըստ թուրքական աղբյուրների` Ժանդարմերիայի հրամանատարության տակ գտնվում է 280.000-ոց անձնակազմ, որից 4.500-ը` սպա, 18.000-ը` ենթասպա, 25.000-ը` մասնագետ-սերժանտ, 80.000-ը՝ շարքային զինվոր10:

ԹԱԱԽ ու Ահաբեկչության դեմ պայքարի բարձրագույն խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն` Ժանդարմերիայի հրամանատարությունն արդեն գործելու է սահմանների անվտանգության ու գյուղական շրջաններում կարգուկանոնի հաստատման գործառույթների շրջանակում` վերացնելով նախկին պարտականությունները քաղաքներում: Հիմնական շեշտը դրվելու է քրդաբնակ շրջաններում անվտանգության ապահովման վրա:

Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության բարեփոխումների շրջանակում հաստատվել է հակաահաբեկչական պայքարի նոր կառուցվածքային համակարգի ներդրման որոշումը, որն արժանացել է ԹԱՄԺ հաստատմանը: Այդ երկրի ՆԳՆ-ին կից ստեղծվելու է Անվտանգության քարտուղարություն, որի հիմնական գործառույթը լինելու է հակաահաբեկչական պայքարի համակարգումը` ապահովելով անվտանգության ուժերի ու հետախուզական մարմինների միջև օպերատիվ համագործակցությունը: Հատուկ ռազմավարական մշակումների և ուսումնասիրությունների արդյունքում քարտուղարությունն անվտանգության ուժերին է ներկայացնելու հստակ գնահատականներ ու ուսումնասիրություններ` ապահովելով անհրաժեշտ ռազմավարական վերլուծություններով11:

Այդ կառույցը հիմնականում գտնվելու է քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ` պատասխանատու լինելով վարչապետի առջև: Ի դեպ, այդ գերատեսչությանը չի վերապահվում օպերատիվ գործողությունների իրականացման լիազորությունը, այլ այն ուղղակի դիտվում է որպես խորհրդակցական մարմին: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ստեղծված համանման կառույցներն ամբողջովին լիազորված են իրականացնել նաև օպերատիվ գործողություններ:

Անվտանգության քարտուղարության ղեկավարի պարտականությունն է լինելու անընդհատ, օպերատիվ հանդիպումներ անցկացնել ԶՈւ ԳՇ պետի, Ազգային հետախուզական կազմակերպության (Milli Istihbarat Teşkilatı)12, ժանդարմերիայի ու անվտանգության մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները, համատեղ մշակել իրականացվելիք գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը:

Կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությունը պատրաստվում է մի շարք փոփոխություններ իրականացնել երկրի Սահմանադրության մեջ, որոնք մեծ մասամբ վերաբերում են քաղաքական համակարգին: Սահմանադրական փոփոխությունների փաթեթում նախատեսվում է ներառել Բարձրագույն ռազմական խորհրդին (ԲՌԽ - YAŞ) վերաբերող հոդվածները և իրականացնել որոշ փոփոխություններ: Մասնավորապես՝ առաջարկվում է դատական վերահսկողություն սահմանել ԲՌԽ-ի կողմից ընդունված որոշումների նկատմամբ, ինչը հնարավորություն կտա վերանայել դրանք: Ներկայիս Սահմանադրության համաձայն՝ այդ մարմնի որոշումները քննարկման ենթակա չեն13:

2008թ. վերջին հրապարակվեց Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը, ինչն անդրադառնում է քաղաքական, իրավական ու անվտանգության ոլորտներում ոչ լիարժեք բարեփոխումներին ու նաև դրանց բացակայության քննադատությանը14: Եվրամիությանն այդ երկրի անդամակցության գործընթացում Թուրքիան երկրի տարբեր ոլորտներում օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու պարտավորություններ է ստանձնել, այլ կերպ ասած՝ այդ երկրի պետական կառավարման, հասարակական-քաղաքական և օրենսդրական ոլորտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով:

Ինչպես նախորդ զեկույցներում, այստեղ ևս տարբեր բնագավառներում բարեփոխումների առաջընթաց չգրանցելու պատճառով խիստ քննադատական մոտեցում է ցուցաբերվում: Հատկապես բացթողումներն ու առաջընթացի բացակայությունն ակնհայտ են ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ու դատական համակարգի բնագավառներում: Լուրջ խնդիր է դիտարկվում Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փակման համար բացված հայցը, որը, սակայն, ձախողվեց: Վերջերս նման խնդրի առջև էր կանգնած նաև քրդամետ միակ խորհրդարանական կուսակցությունը` Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը: Ի դեպ, Թուրքիայում կուսակցությունների փակման ավանդույթը խորապես արմատավորված է քաղաքական գործընթացներում. հանրապետական Թուրքիայում ավելի քան 2 տասնյակ կուսակցություններ փակվել են, իսկ գործունեությունը՝ կասեցվել15:

Բարեփոխումների իրականացման մեջ կարևորագույններից է համարվում երկրի սահմանադրության փոփոխության հարցը: 1980թ. ռազմական հեղաշրջման արդյունքում ի հայտ եկած սահմանադրությունն արտահայտում էր այդ իրադարձության տրամաբանական մոտեցումները: Չնայած վերջին մի քանի տարիներին, հատկապես անվտանգության ու քաղաքական գործընթացներում զինվորականության վերահսկողության ու ազդեցության նվազեցման վերաբերյալ մի շարք հոդվածներում փոփոխություններ են կատարվել, այդուհանդերձ, այն լիովին չի համապատասխանում ԵՄ չափորոշիչներին:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շրջանակներում ընթացող բարեփոխումների տեսանկյունից առավել «զգայուն» են ընթանում այդ երկրի զինվորական ու անվտանգության ոլորտին առնչվող փոփոխությունները, որոնք նպատակ ունեն սահմանափակել զինվորականության դերը հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում և հաստատել ժողովրդավարական վերահսկողություն անվտանգության ոլորտի նկատմամբ:

2008թ. զեկույցում լուրջ քննադատության է ենթարկվում անվտանգության ոլորտում իշխանությունների կողմից ոչ լիարժեք ու վերջնական բարեփոխումների հարցը: Դեռևս խնդրահարույց է անվտանգության բնագավառի քաղաքացիական վերահսկողությունը: Թուրքիայի զինված ուժերը շարունակում են զգալի ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ մեխանիզմների գործադրմամբ: Բարձրաստիճան զինվորականները բացահայտորեն արտահայտում են իրենց դիրքորոշումներն արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում, ինչպես նաև աշխարհիկության, քաղաքական կուսակցությունների ու այլ ոլորտների հետ կապված, որոնք դուրս են իրենց իրավասությունների շրջանակից16:

Դեռևս փոփոխություններ չեն կատարվել բանակին ու անվտանգության խորհրդին վերաբերող օրենքներում, որոնք պետք է համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Գործող օրենքները զինված ուժերին հնարավորություն են տալիս տարբեր կերպ մանևրելու միջոցով լայն իրավասություններ ունենալ ազգային անվտանգության որոշման հարցերում: Առաջընթաց չի գրանցվել նաև Ժանդարմերիայի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանման առումով: Չնայած զեկույցը քննադատում է Ազգային անվտանգության խորհրդի օրենսդրական դաշտում բարեփոխումների բացակայությունը, այնուամենայնիվ, վերջին տարիներին, հատկապես ԱԶԿ իշխանության գալուց հետո, խորհրդի կառուցվածքային, կադրային առանձնահատկություններին ու գործունեության կարգին, պարտականությունների ու լիազորությունների շրջանակներին վերաբերող օրենսդրական փոփոխություններ ձեռնարկվեցին: Կատարված բարեփոխումներով հանդերձ` 2003թ. և 2004թ. Եվրահանձնաժողովի զեկույցներում ընդգծվում էր, որ «դեռևս երկրի զինվորականությունը պահպանում և գործադրում է իր ազդեցությունը տարբեր ոչ պաշտոնական մեխանիզմների միջոցով»17:

2008թ. զեկույցում նշվում է, որ մինչև հիմա գործում է 1997թ. գաղտնի արձանագրությունը «անվտանգության, հասարակական կարգի ու օժանդակության» մասին, ինչը հնարավորություն է տալիս որոշակի պայմաններում իրականացնել ռազմական գործողություններ ներքին անվտանգության նպատակով՝ առանց քաղաքական իշխանությունների պահանջի: 2005թ. Ներքին գործերի նախարարությունն այդ արձանագրության փոփոխության հետ կապված փաթեթ էր ներկայացրել ԶՈւ ԳՇ պետին, ինչը, սակայն, մերժվել էր18:

Առաջընթաց չի գրանցվել նաև ռազմական բյուջեի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը մեծացնելու ուղղությամբ: Մեջլիսի համապատասխան հանձնաժողովը վերանայում է միայն պաշտպանության նախարարության բյուջեն, մինչդեռ կան արտաբյուջետային մարմիններ, որոնք դուրս են մնում վերահսկողությունից: Խոսքը վերաբերում է Ռազմական արդյունաբերության աջակցման ֆոնդին, որի միջոցով էլ կատարվում են հիմնական ռազմատեխնիկական միջոցների ձեռքբերումները:

Մտահոգիչ են համարվում հատկապես զինվորականության կողմից երկրի մամուլի ու քաղաքացիական հասարակության հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փորձերը: 2008թ. հունիսին թուրքական «Taraf» թերթը հրապարակեց Թուրքիայի գլխավոր շտաբի գաղտնի պլանի մասին հրապարակում, ըստ որի՝ գործողությունների փաթեթ էր մշակվել քաղաքականության ու հասարակական կյանքում զինվորականության նախաձեռնությունների վերաբերյալ: Պլանի նպատակը զինվորականության համար զգայուն մի շարք հիմնախնդիրների նկատմամբ հասարակական կարծիքի ուղղորդումն էր իրենց մոտեցումներին համապատասխան: Որոշ աղբյուրների համաձայն` նույնիսկ գլխավոր շտաբի կողմից «սև ցուցակ» էր կազմված, որի մեջ ընդգրկված հասարակական հայտնի գործիչները, այդ թվում նաև ներկայիս նախագահ Գյուլը, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մեղադրվում էին «Թուրքիան մասնատել ցանկացող ԱՄՆ ու ԵՄ տարբեր ֆոնդերի կողմից ֆինանսավորվելու և այդ ծրագրերը երկրի ներսում գործադրելու մեջ»19: Ի դեպ, վերջին տարիներին թուրքական հասարակական-քաղաքական, գիտական ու նաև զինվորական որոշ շրջանակներում խիստ ակտիվացել են Թուրքիայի մասնատմանը, քայքայմանն ու տրոհմանն ուղղված արտաքին ուժերի ծրագրերի ու մտադրությունների մասին քննարկումները: Այդ երևույթը կարելի է անվանել «սևրաֆոբիա» կամ «մասնատման սինդրոմ»: Այս առումով խիստ բնորոշ էր դեռ 2007թ. Թուրքիայի ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ (1990-94թթ.) Դողան Գյուրեշի այն հայտարարությունը, որ «Թուրքիան միշտ պետք է զգոն լինի, քանի որ Թուրքիայի համար միշտ առկա է մասնատման վտանգը, ինչը ցանկանում են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ը, որոնց համար նախընտրելի է Թուրքիայի փոքրացումը»20: Ըստ թուրքական ընկալումների` դա մի հաղթաթուղթ է Թուրքիայի դեմ արտաքին ուժերի կողմից, որոնք օգտագործվում են այդ երկրից տարբեր զիջումներ ստանալու համար: Այլ կերպ՝ Թուրքիայում տարածքների կորստի վախն ամենուր է:

Փաստորեն, անվտանգության ու բանակ-քաղաքացիական իշխանություններ հարաբերությունների ոլորտում կատարված փոփոխություններն ու դրանց փոքրիշատե համապատասխանեցումը ԵՄ չափորոշիչներին իրականում չեն ապահովում քաղաքական գործընթացներում զինվորականության ազդեցության չեզոքացումը:

Յուրահատուկ երկվություն է ստեղծվում զինվորականություն-քաղաքացիական իշխանություններ արդի հարաբերություններում: Թուրքական զինվորականությունը հանդիսացել է քեմալականության գաղափարների կրողն ու պահապանը, իսկ քեմալականության գաղափարախոսության մեջ Թուրքիայի զարգացման տեսլականի վերաբերյալ Աթաթյուրքի հայացքներն ու սկզբունքներն են, ըստ որի՝ Թուրքիայի տեղն Արևմուտքում է` որպես արևմտյան տիպի աշխարհիկ պետություն: Այս պարագայում Թուրքիայի ԵՄ անդամակցությունը տեղավորվում է այդ համատեքստում: Ուստի, զինվորականությունը պարզ գիտակցել և գիտակցում է, որ ԵՄ անդամակցության ճանապարհին սահմանափակվելու են բանակի լիազորությունները: Սակայն, խնդիրն այն է, որ զինվորական վերնախավը խիստ կասկածամտությամբ է վերաբերվում ներկա իշխանություններին և չի փորձում լիովին հետ քաշվել քաղաքական դաշտից` հատկապես այն պարագայում, երբ երկրում զգալիորեն սրվում է քրդական խնդիրը, տարածաշրջանում ի հայտ են գալիս անկանխատեսելի նոր զարգացումներ, որոնք առնչվում են Թուրքիայի ազգային անվտանգությանը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղն այս տարվա ապրիլին Ստամբուլի ռազմական ակադեմիայում հանդես եկավ ելույթով, որի ժամանակ հիմնական շեշտադրումները կատարեց բանակ-կառավարություն փոխհարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի հարցերի ու աշխարհիկության խնդիրների վրա` նշելով, որ «կառավարությունը պետք է հաշվի նստի բանակի կողմից ներկայացվող խորհուրդների հետ, հակառակ պարագայում քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրելու այդ խորհուրդները հաշվի չառնելու արդյունքում գրանցած անհաջողությունների համար»21:

Թուրք բարձրաստիճան զինվորականը մեկ անգամ ևս հասկանալ է տալիս, որ բանակի բարձրագույն հրամանատարությունը հետևում է ներքաղաքական զարգացումներին, և կառավարությունը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: Չնայած անվտանգության ոլորտում իրականացված բարեփոխումներին, դրանք լիովին չեն ապահովում անվտանգության մարմինների և ԶՈւ նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները, ու զինվորականությունը դեռևս պահպանում է դերակատարությունն ու միջամտությունը հասարակական-քաղաքական կյանքում:

1Մանրամասն տե՛ս Լ.Հովսեփյան, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն արդի բարեփոխումների համատեքստում, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, N 4, Ռ.Սաֆրաստյանի խմբ., Երևան 2006, էջ 114-123։

2Almanak Türkiye 2005, Güvenlik Sektörü ve Demokratik Gözetim, Tesev Güvenlik Sektörü Ģalışmaları Dizisi Özel Yayın -2006, http://www.tesev.org.tr, s. 32.

31999թ. դեկտեմբերին ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովում որոշում կայացվեց ԵՄ ընդլայնման վերաբերյալ: Թուրքիան պաշտոնապես ստացավ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ՝ ստանձնելով հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պարտավորություններ: Մանրամասն տե՛ս Dr. Sanem Baykal, Turkey-EU Relations in the Aftermath of the Helsinki summit: An Analysis of Copenhagen Political Criteria in Light of the Accesion Partnership, National program and the Regular Reports, Ankara Review of European Studies, vol.2, No3, 2002, p. 15-63.

4Türkiye Cumhuriyeti Anayasası, Yasa Kitapları Dizisi:1, İnstambul, 2003, s. 78.

5Turkey puts civilian over its National Security Council, reduce role, http://www.worldtribune.com, Dec. 3, 2004.

6Almanak Türkiye 2005, նշվ. Աշխ., էջ 53-54:

7Ժանդարմերիան ստեղծվել է 19-րդ դարի առաջին կեսին` Օսմանյան Թանզիմաթի տարիներին՝ 1909թ. հանձնվելով Պատերազմի նախարարությանը: Այն հետագայում լուրջ դերակատարություն է ունեցել անկախության համար մղված պատերազմում: Հետագայում այն ստանձնեց PKK-ի դեմ պայքարի գործողությունների պատասխանատվությունը և լայն լիազորություններ ստացավ հատկապես երկրի արևելյան ու հարավարևելյան նահանգներում: Ներքին անվտանգության ապահովման պատասխանատվությունը տարածվում է Թուրքիայի տարածքի 92 տոկոսի վրա: Նրա հիմնական լիազորություններն են` ահաբեկչության, մաքսանենգության դեմ պայքար, սահմանային անցակետերի պահպանություն, պարտադիր զորահավաքի հարկադրում, քրեական հետախուզություն, ինչպես նաև ԶՈւ կողմից առաջ քաշված այլ հանձնարարություններ: Ժանդարմերիայի հրամանատարությունը կազմված է 6 առանձին ճյուղերից, որոնք գործում են 13 շրջանային հրամանատարությունների կազմում: Ժանդարմերիայի կազմում գործում են բավական լավ մարզված ու հատուկ միջոցներով զինված Ահաբեկչության դեմ պայքարի հատուկ խումբը (OJKB) և Ժանդարմերիայի հետախուզության ու հակաահաբեկչական կազմակերպությունը (JITEM): Տե՛ս Turkey’s Gendarmerie: Reforming a Frontline Unit in the War on Terrorism, http://www.jamestown.org, November 25, 2008: Հատկապես վերջերս, ըստ թուրքական աղբյուրների, Էրգենեքոն խմբավորման հետ կապված հետաքննության արդյունքում բացահայտվում են տարբեր ապօրինի գործողությունների, քաղաքական մահափորձերի ու առևանգումների փաստեր, որոնք իրականացվել են JITEM-ի կողմից: Տե՛ս JİTEM ölüm Listesinde 1000 kişinin ismi vardı, Zaman, 14.04.2009.

8Jandarma'da AB devrimi!, Radikal, 17.04.2009.

9Almanak Türkiye 2005, ss. 99-100.

10Նույն տեղում:

11Teröre karşı Güvenlik Müsteşarlığı dönemi, http://www.cnnturk.com, 05.02.2009; Güvenlik Müsteşarlığı kuruluyor, Hurriyet 05.02.2009.

12MIT-ը Թուրքիայի արտաքին հետախուզության հիմնական հանրապետական մարմինն է, որը ստեղծվել է 1965թ.՝ դեռևս 1926-ից գործող Ազգային անվտանգության ծառայության (MEH) հիմքի վրա: Այն ունի ինքնուրույն գերատեսչության կարգավիճակ՝ պատասխանատու լինելով երկրի վարչապետին:

13Բարձրագույն ռազմական խորհուրդը գումարվում է տարին երկու անգամ, քննության առնում բանակում տիրող իրավիճակին ու կարգապահությանը վերաբերող հարցերը, որոշումներ ընդունում զինվորականների առաջխաղացման ու խրախուսման, ինչպես նաև բանակից հեռացումների ու այլ տույժերի վերաբերյալ: Reform seeks to curtail YAŞ power, http://www.hurriyet.com.tr/english/home/, 27.04.2009

14Turkey 2008 Progress Report, http:// www.ec.europa.eu/enlargement/pdf/press_corner/key-documents/reports_nov_2008/turkey_progress_report_en.pdf

15Նույն տեղում:

16Նույն տեղում:

172003 regular report on Turkey,s progress toward EU accession, 2004 regular report on Turkey,s progress toward EU accession; Commission of the European Communities Brussels, 06.10.2004, p.23, http://www.foreigntrade.gov.tr; 2003 regular report on Turkey,s progress toward EU accession, http://www.ec.europa.eu

18Turkey 2008 Progress Report, նշվ. աշխ.:

19Genelkurmay’ın yeni kontrgerilla planı, Taraf, 02.06.2008; Genelkurmay`ın gizli planı` iddiası, http://www.haber7.com,20.06.2008

20ABD-AB, Türkiye'nin bölünmesini istiyor, Milliyet, 04.11.2007; Doğan Güreş Paşa'dan şok iddia, http://www.ensonhaber.com/gundem/90989/dogan-gures-pasadan-sok-iddia.html

21Başbuğ'dan çok kritik açıklamalar, http://www.haber3.com, 14.04.2009


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր