• am
  • ru
  • en
Версия для печати
13.09.2025

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԾԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ. Շիրազ Խաչատրյան

   

Թուրքիայի նախագահ Էրդողանի տեղակալ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Քյուրշադ Զորլուն այցելել է Նախիջևան։

«Նախիջևան-Իգդիր երթուղու մեր առաջին կանգառը կլինի Նախիջևանը, այն թյուրքական աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկն է՝ «թուրքական դարպասը»։ Առաջիկա ժամանակահատվածում խաղաղության և բարեկեցության մթնոլորտը, որը մեր տարածաշրջանում կձևավորի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, «գալու» է հենց Նախիջևանից»,- X սոցիալական հարթակում գրել է նա:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը հիշեցրեց Նախիջևանի դերը Թուրքիայի համար:

«Նախիջևանը Թուրքիայի համար միաժամանակ և՛ ռազմական հենակետ է, և՛ գաղափարական խորհրդանշական օղակ՝ թյուրքական աշխարհի հետ միավորման ծրագրերում, և նաև քաղաքական լծակ է Հայաստանի դեմ: Բայց հատկապես «Մեկ ազգ, մեկ պետություն» կարգախոսով հարաբերությունների ձևավորման իրական կամուրջը հենց Նախիջևանն է, որովհետև այստեղից է անցնում իրենց երազած «Մեծ Թուրանի» ճանապարհը, այդ իսկ պատճառով թուրքական քաղաքական մակարդակում և մեդիադաշտում շատ է «գովազդվում» Նախիջևանը»,- ասաց նա: Նշենք, որ 168.am-ը, անդրադառնալով 44-օրյա պատերազմում Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի դերակատարությանը, գրել է, որ նա ռազմական առումով մինչև հիմա նախիջևանյան թևում շարունակում է «կուրատորություն» անել, պարզապես այժմ Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարգավիճակում:

168.am


դեպի ետ