-ԲՆԱԿ ԲԱՂԱԴՐՅԱԼՈՎ
Ինքնության պահպանման, Հայկական աշխարհի ձևավորման ու Հայկական համացանցի կազմավորման ուղղությամբ առաջնահերթ խնդիրներից մեկը Հայության անվանումների և ինքնանվանումների քաոսային խառնաշփոթը կարգի բերելն է։ Գիտակցաբար թե անգիտակցաբար, միամտաբար թե դիտավորյալ՝ հայկական ԶԼՄ-ները և անգամ պատասխանատու պաշտոնյաները շարունակում են գործածել այնպիսի եզր-հասկացություններ, ինչպիսիք են՝ ամերիկահայ, ռուսահայ, ֆրանսահայ, հնդկահայ, վիրահայ և ի շարս։ Սա ոչ միայն չի նպաստում ազգային միարմատ ինքնության գիտակցմանը, այլև պահպանում է Հայության ներսում եղած ժամանակավրեպ, արհեստածին անջրպետները։
Սույն իրավիճակը շտկելու համար առաջարկվում է գործածել –բնակ բաղադրյալը, այսինքն՝ ամերիկաբնակ հայ, ռուսաստանաբնակ հայ, ֆրանսաբնակ հայ, հնդկաստանաբնակ հայ, վրաստանաբնակ հայ և այլն։ Ակնհայտ է, որ սա զուտ լեզվական խնդիր չէ. պահպանելով հայ-ը՝ ընդգծվում է ազգային մեկընդհանուր պատկանելության գաղափարը և շեշտվում ընդամենը բնակության վայրի տարբերությունը։ Այս առաջարկով ավելի ճշգրիտ է բնութագրվում անգամ երևույթը. դիցուք, եթե լիբանանաբնակը տեղափոխվում է Ֆրանսիա՝ նրան արդեն պետք է անվանել ֆրանսահա՞յ (բուն համայնքում լավագույն դեպքում նրան տասնամյակներ շարունակ կկոչեն լիբանանցի), իսկ եթե որոշ ժամանակ անց նույն մարդն արտագաղթի ԱՄՆ՝ այդժամ արդեն դառնում է ամերիկահա՞յ։ Եվ կամ, դժվար է պատկերացնել, որ Հայաստանից Ռուսաստան գաղթած, ծննդավայրի հետ ազգակցական, գույքային սերտ կապեր ունեցող տնտեսական միգրանտին հարկ է կոչել ռուսահայ։ Բնականաբար, այսպիսի անվանումները հայի մեջ առաջացնում են փեղկփեղկվածության զգացում, ինքնության անորոշություն, ինչն ամենևին չի կարող դրական ազդեցություն ունենալ համահայկականության ձևավորման խնդրում։
Կտրականապես մերժելի է նաև արցախահայություն և ջավախահայություն եզրերի գործածումը։ Ի՞նչ ենք դրանով ուզում ասել՝ իբր, Արցախում և Ջավախքում Հայությունը, ի թիվս այլոց, ինչ որ մա՞ս է կազմում։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը Հայության բնօրաններ են, և այնտեղ բնակվողներին հարկ է անվանել արցախցի ու ջավախցի (նույն տրամաբանությամբ, ինչպես երևանցի, արտաշատցի, իջևանցի և այլն)։
Նպատակահարմար է պահպանել սփյուռքահայ եզրը, որի գործածումը կիրառելի պիտի լինի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ[25.09.2009]
- «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» ՝ ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳԻՐՔԸ [27.02.2009]
- ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Նախնական դիտարկում) [28.01.2009]
- «ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՐԴԸ»՝ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ[15.01.2009]
- ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ[18.09.2008]
- Ռուսաստանյան արդի բիզնեսի նշանավոր հայերը «ՌԱԴՈ-Ս-ԳՐՈՒՊ»[16.06.2008]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ[12.06.2008]
- ԽՈՒՄՀԱՐ՝ ԿԻՊՐՈՍԻ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ[06.06.2008]
- Գ.Նժդեհի տնտեսագիտական ընկալումների մասին[04.06.2007]
- Թուրքական քարոզչություն՝ փոխհատուցման դիմաց[23.04.2007]