• am
  • ru
  • en
Версия для печати
02.03.2022

ԻՆՉ Է ՎԿԱՅՈՒՄ ՍՈՐՈՍԻ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ

   

Կլինե՞ր, որ այս համատարած աղմուկի մեջ չլսվեր համաշխարհային մասշտաբով հիմնական հանցագործներից մեկի՝ Սորոսի վայնասունը: Հասկանալի է, ծերուկը փորձում է «դուխ տալ» ուկրաինական նացիստներին, բայց նաեւ դրանով ավելորդ անգամ բացահայտելով նրանց դեմքը:

ՍՈՐՈՍՆ ԷԼ ՄԵՅԴԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ

Այսպես, Սորոսը նախօրեին ուկրաինացի զինծառայողներին, ավելի ճիշտ՝ բանդերական զանգվածներին ասաց. «Քաջ ուկրաինացիներն այժմ առաջնագծում են եւ վտանգում են իրենց կյանքը հարձակման մեջ, որն ինձ հիշեցնում է Բուդապեշտի պաշարումը 1944 թվականին եւ Սարաեւոյի պաշարումը 1993 թվականին»: Պատմությունից անտեղյակներին հիշեցնենք. Բուդապեշտը, այսինքն՝ Հունգարիան, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆաշիստական Գերմանիայի հիմնական դաշնակիցներից մեկն էր: Իսկ ահա Բուդապեշտը 1944թ.-ին վերահսկում էին ֆաշիստական զորքերը: Այսպիսով, Սորոսը նախ՝ ուկրաինական տարաբնույթ բանդերականներին համեմատում է Բուդապեշտը 1944թ.-ին պաշտպանող ֆաշիստների հետ, եւ, թերեւս, միանգամայն տեղին: Բայց ամենակարեւորը. նման համեմատությամբ Սորոսը ցույց է տալիս, որ հերոսացնում է 1944թ.-ին Բուդապեշտը պաշտպանողներին: Եվ դա, իհարկե, հեռուն տանող մտորումների տեղիք է տալիս:

Ասել, թե այս միտքը բացառությամբ Սորոսինն է, միամտություն կլինի: Սորոս կոչվածը, վերջին հաշվով, իրենց դեռ աշխարհի տերերը համարող ուլտրալիբերալիզմի կատարողներից մեկն է եւ իր ներկայացրած թեւի գաղափարախոսությունն էլ տարածում է: Իսկ այդ գաղափարախոսությունը, ինչպես ավելորդ անգամ հաստատվեց, շատ պարզ է. ֆաշիզմի հերոսացում: Ընդ որում, դա տեսնելու համար անգամ տարաբնույթ սորոսների հայտարարության կարիքը չկա: Այն, որ Գերմանիան 1945թ.-ից ի վեր առաջին անգամ նորից Ուկրաինայի տարածք զենք ուղարկելու մասին է խոսում, լավագույն ապացույցն է, որ Արեւմուտքի համար «Նյուրնբերգյան աշխարհն» արդեն պարզապես չկա: Չնայած, այն չկա դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, մնացել է միայն ՄԱԿ-ի համակարգը, որից հրաժարվելու մասին եւս այս օրերին խոսակցությունների պակաս չկա...

Իսկ Սորոսն ընդամենը իր ցավը հայտնեց, որ 1944թ.-ի Բուդապեշտի պաշտպանությունը եւ, խոշոր հաշվով, Երկրորդ աշխարհամարտն այլ ելք չունեցավ՝ Ռուսաստանի մասնատում եւ ոչնչացում: Ահա, հենց այդ պատմական «սխալն» ուղղելու կոչ է նման հայտարարությունը: Իսկ գլոբալ առումով այս իրավիճակը ցույց է տալիս, որ ուլտրալիբերալ հատվածը այդ պատմական «սխալն» է, որ փորձում է ներկայումս «շտկել»: Ընդ որում, սա նոր բան չէ: Դեռ հազիվ ԽՍՀՄ-ն փլուզված՝ մեկ այլ կարկառուն սորոսանման՝ տխրահիշատակ Բժեժինսկին էր աշխարհը շախմատային տախտակի վերածել եւ իր հայեցողությամբ մասնատում էր՝ մի քանի կտորի բաժանելով ինչպես ողջ հետխորհրդային տիրույթը, այնպես էլ՝ Ռուսաստանը: «Խաղաղասեր» ՆԱՏՕ-ի հետագա ողջ տեղաշարժն ակնհայտորեն այդ ծրագիրը կյանքի կոչելու գործընթաց էր, որը ավարտական փուլ էր մտնում Ուկրաինայի ՆԱՏՕ-ականացմամբ:

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա հենց այդ ծրագրերն են, որ կանխում է, եւ բնական է այն հիստերիան, որն այս օրերին գալիս է Արեւմուտքից: Ի վերջո, Սորոսը հենց այնպես չէ, որ 1944թ.-ն հիշեց, որին հաջորդեց 1945-ը: Հենց դա է ներկայումս պետք կանխել Արեւմուտքին՝ բոլոր հնարավորությունները ՌԴ-ի դեմ ուղղելով առաջին պլան, իհարկե, ոչ անգլոսաքսոնական զանգվածին դուրս բերելով: Միայն թե կա մի «աննշան» հանգամանք, որն այս ամբողջ «օպերացիան» զրոյականացնում է:

Այսպես, նախօրեին Պուտինը, հիշեցնենք, հրամայեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին եւ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին՝ ռուսական բանակի ռազմավարական զսպման ուժերը տեղափոխել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ: Թե ինչ են իրենցից ներկայացնում ռազմավարական զսպման ուժերը, երեւի հասկանալի է: Հակիրճ, դրանք հրթիռամիջուկային ուժերն են, որոնք ի զորու են հաշված րոպեների ընթացքում ոչնչացնել ոչ միայն ցանկացած պետություն, այլ նաեւ ողջ աշխարհը: Իսկ «հերթապահության հատուկ ռեժիմ» ասվածը դա այն այն փուլն է, երբ համապատասխան ուժերը կարող են ցանկացած պահի թիվ 1 պատրաստվածության ռեժիմի հրաման ստանալ, որն արդեն անգամ Երրորդ աշխարհամարտ չէ, սա նշանակում է աշխարհի ոչնչացումից 5 վայրկյան պակաս: Վաշինգտոնի արձագանքն էլ չուշացավ, թե մենք ուկրաինական պատերազմին ուղղակիորեն չենք մասնակցում: Սակայն դա քիչ բան է փոխում: Այն մասշտաբային հարձակումը, որն իրականացվում է ռուսական տնտեսության դեմ, առանց չափազանցության նույն թշնամական գործողություններն են, որը գրեթե հավասարազոր է ռազմական հարձակմանը: Առավել եւս, եթե սրան ավելացնում ենք աննախադեպ տեղեկատվական պատերազմը եւ ՌԴ-ի ներսում 5-րդ շարասյունը «պատերազմական ռելսերի» վրա դնելու գործընթացը:

Այս համատեքստում, ռուսական միջուկահրթիռային ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի տեղափոխումը Մոսկվայի կողմից ակնարկ էր, որ նշված ողջ իրավիճակը համարում է հենց այդպիսին՝ իրեն ուղղված արեւմտյան աշխարհի գլոբալ մարտահրավեր, որն ուղղված է ոչ թե միայն Ուկրաինայում ռուսական զորքեր լինել-չլինելուն, այլ որ նման գործունեությամբ Արեւմուտքն օրակարգում է պահում Ռուսաստանի լինել-չլինելու հարցը: Նաեւ, որ դրան դիմակայելու համար պատրաստ է գործի դնել իր բոլոր հնարավորությունները: Ընդ որում, սա հենց այն է, ինչի դեմ Արեւմուտքը պարզապես հակաքայլ չունի: Հաշվի առնելով նաեւ բազում մասնագիտական եզրակացությունները, այդ թվում՝ արեւմտյան, որ ծայրահեղ՝ միջուկային պատերազմի դեպքում եթե արեւմտյան աշխարհը կարող է լիովին ոչնչանալ, ապա Ռուսաստանը, ի հաշիվ մեծ տարածքների, առնվազն 30-50 տոկոսով կպահպանվի: Վաշինգտոնի հիշատակած ռեակցիան հենց այս իրողություններից ելնելով էր: Սակայն այն, որ այդ վիճակում անգամ պատժամիջոցային հեղեղը դեռ պաշտպանվում է, գալիս է հուշելու, որ կարող է նաեւ Մոսկվայի նման սպառնալիքներն ընկալել, որպես «բլեֆ»: Իսկ այդ դեպքում ամենահավանական տարբերակն այն է, որ Արեւմուտքը դեռ կշարունակի սրել իրավիճակը, քանի դեռ հակառակում չի համոզվել: Թերեւս նաեւ հաշվի առնելով, որ Վաշինգտոնի համար, բացի Մոսկվայից, կա նաեւ չինական սպառնալիքը, որն աչքի առաջ իր հերթին է սրվում: Այսինքն, եթե չկարողանա լուծել նախ՝ ռուսների խնդիրը եւ ապա այդ դիրքերից անցնել չինական ուղղությամբ հարձակման, ապա արեւմտյան աշխարհն այն տեսքով, որը ներկայումս կա, պարզապես չի կարող գոյատեւել:

ՈՐՊԵՍ ՎԵՋԱԲԱՆ

Այսպիսով, ունենք այս պատկերը: Նախ, կարծես թե սխալ է Երրորդ աշխարհամարտի մասին խոսելը, հաշվի առնելով, որ ներկայումս տեղի ունեցողն ավելի նման է Երկրորդ աշխարհամարտի շարունակության, ինչպես որ այն էր Առաջին աշխարհամարտի շարունակությունը: Այն տարբերությամբ, որ եթե անցած դարի 40-ականներին Գերմանիան այն ծանրակշիռ ուժն էր, որը կարող էր էֆեկտիվորեն գործել ԽՍՀՄ-ի դեմ, հիմա ստիպված է գործել շատ ավելի թույլ Ուկրաինայի միջոցով, որի էֆեկտիվությունը գրեթե չի փոխվում, ինչքան էլ որ եվրոպական մանկլավիկները զենքի նոր խմբաքանակներ են ուղարկում: Լուրջ արդյունքների համար անգլոսաքսոնական աշխարհը պետք է սեփական ուժերով խաղի մեջ մտնի, սակայն դրա հետեւանքները կործանարար են:

Եվ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը եւս ունի լուրջ խնդիրներ եւ, առաջին հերթին, ինչպես եւ սպասվում էր, տնտեսական ուղղվածության: Ճիշտ է, ներկա պահին Մոսկվան ռեզերվներ ունի, ավելին՝ Չինաստանը եւ Հնդկաստանը հանդես եկան հակառուսական պատժամիջոցների դեմ, սակայն տնտեսության շատ ավելի ռեալ պաշտպանություն կլինի արեւմտյան հարձակումները կասեցնելը: Դրա համար նախ՝ անհրաժեշտ է հնարավորինս արագացնել Ուկրաինայի խնդրի լուծումը: Եվ զուգահեռաբար կա նոր քայլերի կարիք, որը Արեւմուտքի համար կհիմնավորի, որ ստրատեգիական ուժերին դիմելը Մոսկվայի կողմից ամենեւին էլ «բլեֆ» չէ:

Գանք երկրորդից: Արեւմուտքին իր վճռականությունն ապացուցելու տարբեր քայլերի հնարավորություն կա: Սկսած՝ Ուկրաինա ուղարկվող ռազմական օգնությունը հենց սահմանային անցակետերում ոչնչացնելուց, վերջացրած՝ նման հարվածներ որոշ դեպքերում ուղարկող երկրի տարածք տեղափոխելով եւ այլն:

Սակայն դրանք ռիսկային քայլեր են, եւ ավելի նպատակահարմար է ուկրաինական պատերազմի արագացումը: Իհարկե, ռազմական գործողությունների ընթացքին անդրադառնալն իմաստ չունի, քանի որ դրանք շատ արագ են փոխվում: Սակայն որոշ դրվագներ կարելի է նկատել: Նախ, որ մայրաքաղաք Կիեւը դեռ նախօրեից փաստացի շրջապատված վիճակում է, եւ շրջապատումն ամբողջական դարձնելն իր էֆեկտը կունենա: Եվ երկրորդը, որ ուկրաինական բանակի դոնբասյան խմբավորումը, այսինքն՝ ընդհանուր բանակի հիմնական մասը դեռ նախօրեից հայտնվել է շրջապատման հեռանկարի առաջ: Հաշվի առնելով ընդհանուր վիճակը, այն է՝ վառելիքի բացակայության պատճառով շարժողականության էական անկումը, այդ իրավիճակում՝ երկնքի ամբողջական վերահսկողությունը ռուսական ավիացիայի կողմից, ռուսական տանկային խորը ճեղքումները, ուկրաինական զորքերի բարոյահոգեբանական մակարդակը եւ այդպես շարունակ, նշված հեռանկարը գործնականում դարձել է անխուսափելի: Պարզապես որքան շուտ ռուսներն օպերացիան ավարտեն, այդքան էլ արագ կկարողանան լուծել ուկրաինական խնդիրն ու նվազեցնել տնտեսական լարվածությունը:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ