
ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՍԻԼԻ-ԲԻԼԻ ԱՆՈՂՆԵՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՍՐԲԱՊԻՂԾ ԵՆ. Շաքարյանց
Մեկ օրում ՀՀ Վերաքննիչ դատարանում նշանակված էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանքի որոշման եւ գրավի միջնորդության մերժումը բողոքարկելու ո՛չ ավել, ո՛չ պակաս երկու նիստ։ Ավելին՝ նույն օրը Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նաեւ քննվելու էր Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը։ Սակայն, Վերաքննիչ դատարանում մերժումը բողոքարկելու դիմումներն էլ մերժվեց, իսկ ընդհանուր իրավասության դատարանի նիստը հետաձգվեց:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի, կանխամտածված ծուղակ է: «Իրավունքի» հետ զրույցում նա ընդգծեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում կոնկրետ անձի նկատմամբ, ինչը պայմանավորված է Գառնիկ Իսագուլյանի քաղաքական կուսակցության քաղխորհրդի անունից դեկտեմբերին տարածված հայտարարության հետ, որտեղ բարձրաձայնվում էր Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին:
«Այդ հայտարարությունը լի է տարբեր կարգի սպառնալիքներով այսօրվա իշխանավորների համար, ինչի համար էլ նրանք շտապեցին ձերբակալել Գառնիկ Իսագուլյանին: Կարծես թե, նրանք հենց այդ հայտարարության տեքստից են վախեցել, որ կարող է այն արդյունք ունենալ: Սրանով ապացուցել են, որ իրենց իսկ ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հիշեցնեմ, որ նրա իշխանության ժամանակ նման կարգի հարց կար, որ Հայաստանը միանար Ռուսաստանի հետ մեկ դաշնային պետության մեջ, ինչի համար ստորագրահավաք իրականացվեց: Այն ժամանակվա կազմակերպիչները մեկ միլիոն ստորագրությունից ավել էին հավաքել, եւ այսօր իշխանությունը վախենում է, որ Իսագուլյանը կարող է ձեռնարկել նման կարգի ստորագրահավաք: Իսկ այս դեպքում արդեն մեկ միլիոն չէ, երեք միլիոն ստորագրություն էլ կարող է հավաքվել: Եթե 90-ական թվականներին, ինչ-որ անդրկուլիսյան խաղերի արդյունքում կարողացել էին հանրաքվեի չդնել այդ ստորագրահավաքի արդյունքները, ապա այս անգամ դրանից չեն կարող խուսափել: Չէ՞ որ հենց իրենք են ասում, թե իբր ժողովրդավարության փարոսն են Կովկասում: Այնպես որ, այս իշխանությունը չի կարող պլստալ, փախնել ու չմիանալ Միութենական պետությանը», – ընդգծեց քաղաքագետը:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ