• am
  • ru
  • en
Версия для печати
27.08.2020

ՆՈՐ ՀԱՐՎԱԾԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄԸ

   

«Ադրբեջանի կողմից հերթական հարվածը անխուսափելի է լինելու, բայց թե երբ եւ որտեղ, դա հարցերի հարցն է, որը լիարժեք չի կարող պատասխանել հակամարտության մեջ գտնվող ոչ մի պետության անգամ հատուկ ծառայություն: Որովհետեւ,հարվածը հասցնելիս հակառակորդը միշտ փորձում է այն հնարավորինս գաղտնի պահել, հնարավորինս անկանխատեսելի դարձնել: Ակնհայտ է առնվազն մի բան, որ այդ հարվածը լինելու է եւ պետական սահմանի ցանկացած տեղամասում կարող է լինել»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա հարաբերական անդորրին, ասաց հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ.

- Հետեւաբար, պետք է լինել զգոն ցանկացած պահի, ցանկացած մասշտաբի մարտական գործողությունների եւ անհրաժեշտության դեպքում, ինչու ոչ` զարգացնել հաջողությունը: Եվ իհարկե, այս համատեքստում պետք է ավելի արդյունավետ աշխատել մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ, որպեսզի այն իրավաքաղաքական մեխանիզմները, որոնք ստեղծված են ՀՀ-ի դեմ` ռազմական ագրեսիայի դեպքում ՌԴ-ի ներգրավվածությունը ապահովելու առումով, արդյունավետ կերպով աշխատեն: Հայ-ռուսական դաշինքը այս առումով այլընտրանք չունի, որովհետեւ վտանգները, ագրեսիվ ծավալապաշտական նկրտումները, որոնք առկա են թուրք-ադրբեջանական տանդեմում` վտանգում են ոչ միայն մեր կենսական, պետական շահերը, այլ լրջորեն սպառնում են նաեւ ՌԴ կենսական շահերին, եւ այդ առումով մեր հեռահար շահերը համընկնում են: Այս ամենը հաշվի առնելով, պետք է խոհեմ լինենք, ավելորդ լարվածություն չստեղծելով ռազմավարական դաշնակցի հետ, բնականաբար, չտալով սորոսական վարձու հակառուսականությանը:


Բարձունքը, որտեղ դիրքավորվել է մեր ԶՈՒ ստորաբաժանումը, շատ կարեւոր նշանակություն տարածք է

- Պարոն Ջամալյան,հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ագրեսիայից հետո հակառակորդը իրեն,այսպես ասած, ավելի զուսպ է սկսել պահել: Սա ի՞նչ մեսիջ է` արդյոք հակառակորդի կրած վնասները նրանց ապացուցեցին, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ է, թե հնարավոր է, որ այս հարաբերական անդորրը օգտագործում են ավելի մեծ թափով հարձակում իրականացնելու համար:

- Ադրբեջանական կողմը դիմեց նախահարձակ ագրեսիայի, որի արդյունքում ձախողվեց` կրելով մեծ մարդկային եւ նյութական կորուստներ: Այդ կորուստները հատեցին կրիտիկական շեմը, եւ մարտական գործողությունների մեկ օր ավել ընթանալը էլ ավելի մեծ կորուստների տեղիք կտար: Գաղտնիք չէ, որ միաժամանակյա մեծ կորուստները ունակ են ապակայունացնելու անգամ շատ կայուն երկրների ներքաղաքական իրավիճակը, իսկ Ադրբեջանի պարագայում, որտեղ ներքաղաքական առումով բավականին մեծ պայթյունի պոտենցիալ կա` կարող էր հետագա մարտական գործողությունը լրջագույն սրացումների պատճառ հանդիսալ: Եվ հենց այդ հեռանկարը հաշվի առնելով, ունենալով նյութական եւ մարդկային կորուստներ եւ գիտակցելով, որ չի կարող բարելավել իր դիրքերը այդ հատվածում` ստիպված դադարեցրեց մարտական գործողությունները: Ադրբեջանական կողմը դադար է վերցրել, որովհետեւ հարկավոր է հանրային ընկալումներում հետին պլան մղել կորուստների ճնշող տպավորությունը` միառժամանակ ի չիք դարձնել հայկական կողմի հաջողության ընկալումը սեփական հանրային գիտակցությունում: Պատկերացրեք, եթե ամենաէլիտար ստորաբաժանումը չի կարողանում խնդիր լուծել, ապա պարզ է, որ եթե մարտական գործողությունները շարունակվեին, եւ այլ ստորաբաժանումներ նետվեին մարտի, ապա կորուստները կլինեին շատ ավելի մեծ, իսկ հաջողության հասնելու հավանականությունը գրեթե զրոյական: Ըստ այդմ, այդ ամենը հաշվի առնելով, ադրբեջանական կողմը դադար վերցրեց եւ հրաժարվեց շարունակել մարտական գործողությունները: Ժամանակավոր անդորրը, սակայն, ինչպես ասացի, բնավ չի նշանակում, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է պետական սահմանին ապակայունացում մտցնելու իր մարտավարությունից: Ինչպես այդ օրերին, այնպես էլ այսօր ասում եմ ադրբեջանական անդորրը կոչված է նոր հարվածային բռունցք ստեղծելուն: Ընդ որում` նոր հարվածը կարող է լինել պետական սահմանի ցանկացած հատվածում:


Ադրբեջանական կողմը, դիմելով ագրեսիայի, չէր սպասում նման ելքի

- Պարոն Ջամալյան, ինչո՞վ էին նման եւ տարբեր ապրիլյան եւ հուլիսյան տավուշյան մարտերը, քանի որ շատերը փորձում են համեմատականներ անցկացնել հենց այս երկու մարտական գործողությունների միջեւ:

- Համեմատել սկզբունքորեն ամեն բան էլ կարելի է, բայց համեմատության պարագայում ֆիքսում ենք հետեւյալը, որ հուլիսյան գործողությունները նման չեն ապրիլյան մարտական գործողություններին: Որովհետեւ, այդ ժամանակ հակառակորդը իր ագրեսիան իրականացնելիս ներգրավել էր անհամեմատ ավելի մեծ ծավալի ուժեր եւ միջոցներ, քան հուլիսին էր Տավուշում: Մարտական գործողությունները Ապրիլյան պատերազմի օրերին ընթանում էին լայն ճակատով բոլոր առումներով: Ասեմ նաեւ,ադրբեջանական կողմը, դիմելով ագրեսիայի, հավանաբար չէր սպասում նման ելքի, որովհետեւ ենթադրում էր, որ հայկական կողմը հեռուն չի գնա: Բայց հայկական կողմը կրկին անակնկալի բերեց թշնամուն եւ շատ կարեւոր մարտավարական խնդիր լուծեց: Որովհետեւ, այն բարձունքը, որտեղ դիրքավորվել է մեր ԶՈՒ ստորաբաժանումը, ունի շատ կարեւոր նշանակության տարածք վերահսկման առումով թե՛ ՀՀ-ի, թե հակառակորդի համար:


Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
www.iravunk.com


դեպի ետ