
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ. ՌԻՍԿԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2018
Անդրանիկ Հովհաննիսյան
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ
Ղազախստանի Հանրապետությունում շարունակվում են երկրի Սահմանադրության փոփոխությունների ակտիվ քննարկումները: 1991թ. սկսած՝ Կենտրոնական Ասիայի երիտասարդ հանրապետությունում ընդունված է նախագահական կառավարման մոդել։ Սակայն վերջին տարիներին Սահմանադրության աստիճանական փոփոխությունները վկայում են այն մասին, որ հնարավոր է՝ պետությունը վերափոխվի խորհրդարանական համակարգի: 2017թ. իր հարցազրույցներից մեկում նախագահի, կառավարության և խորհրդարանի միջև իշխանության վերաբաշխման վերաբերյալ խոսեց նաև ՂՀ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը1, ինչը վկայում է երկրում խորհրդարանական կառավարման մոդելի աստիճանական և փափուկ անցումային շրջանի մասին:
Գործող Սահմանադրության համաձայն, Ղազախստանում ընդունված է նախագահական կառավարման մոդել (հոդված 2, մաս 1): Այնուամենայնիվ, դե ֆակտո Սահմանադրության բովանդակության, մասնավորապես պետական մարմինների համակարգի բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ղազախստանի Հանրապետության կառավարման ընդունված կարգը ոչ թե նախագահական է, այլ կիսանախագահական: Ինչպես հայտնի է, դասական նախագահական հանրապետություններում խորհրդարանի հանդեպ կառավարության քաղաքական պատասխանատվության ինստիտուտ չկա։ Բացի այդ, երկրի նախագահն իրավունք չունի լուծարել խորհրդարանը: Սակայն Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը հնարավորություն ունի (թեև կտրված) անվստահության վոտում հայտնել կառավարությանը (53-րդ հոդված, 6-րդ և 7-րդ կետեր)։ Ավելին, նախագահն իրավունք ունի լուծարել խորհրդարանը (հոդված 63):
Ակնհայտ է, որ նախագահ (ղազ.՝ «Էլբասը») Ն.Նազարբաևի հեղինակությունը շատ բարձր է Ղազախստանում, վերջին երեք տասնամյակների ընթացքում նա չափազանց կարևոր դեր ունի հանրապետության քաղաքական վերնախավում՝ ստանձնելով երկրի առաջնորդի դերը։ Անկասկած, նա վայելում է ղազախստանցիների բացարձակ մեծամասնության աջակցությունը։ 1991թ. ի վեր Ն.Նազարբաևը Ղազախստանի Հանրապետության անփոփոխ առաջնորդն է: Փաստերը վկայում են, որ «Էլբասըն», ունենալով միլիոնավոր ղազախստանցիների աջակցությունն ու վստահությունը, հստակ ծրագրեր է առաջադրում և աստիճանաբար իրականացնում դրանք: 2016թ. ապրիլին Ղազախստանում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նախաձեռնել էին «Ղազախստանի ժողովրդի ժողովի» (The Assembly of People of Kazakhstan) պատվիրակները: Ըստ պաշտոնական տվյալների, Ն.Նազարբաևը հաղթել է՝ հավաքելով ընտրողների ձայների 97,7%-ը։ Արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ սահմանվել է նաև մեկ այլ ռեկորդ՝ ընտրողների մասնակցությունը գերազանցել է 95%-ը2։
Վերջին տարիներին Ղազախստանի ԶԼՄ-ում սկսվել են ակտիվ քննարկումներ երկրի ղեկավարի իրավահաջորդի հարցի վերաբերյալ: Հիմնական թեկնածուներն են երեքը՝ Կարիմ Մասիմով (ՂՀ նախկին վարչապետ, ԱԱԾ գործող ղեկավար), Դարիգա Նազարբաևա (ՂՀ խորհրդարանի սենատոր և Սենատի Արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար), Սամաթ Աբիշ (գեներալ-լեյտենանտ, ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ): Կարևոր է նշել, որ Նուրսուլթան Նազարբաևի ընտրությունը կարող է պառակտել Ղազախստանի հասարակությունը և քաղաքացիական պատերազմ առաջացնել։ Համոզված ենք, որ այդ իսկ պատճառով Ղազախստանի Հանրապետության առաջնորդը կնախընտրի այլ ճանապարհ՝ աստիճանական և փափուկ անցում խորհրդարանական կառավարման համակարգի։ Իհարկե, դա տեղի կունենա միայն ՂՀ-ում իշխող կուսակցության` «Նուր Օթան»-ի ղեկավարության ներքո: Այս գաղափարն աջակցվում է ոչ միայն Ղազախստանի քաղաքական ընտրանու, այլև երկրի բնակչության բացարձակ մեծամասնության կողմից: Դրա մասին վկայում են Ղազախստանի Հանրապետության վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ըստ պաշտոնական տվյալների, 2016թ. մարտի խորհրդարանական ընտրություններում հաղթել է գործող նախագահի «Նուր Օթան» կուսակցությունը՝ հավաքելով ընտրողների ձայների 82,15%-ը (տե՛ս Գծապատկեր 1)։
Իշխանության ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխման անհրաժեշտության մասին Ն.Նազարբաևը հայտարարել էր դեռ 2016թ. դեկտեմբերի 15-ին Աստանայում Ղազախստանի Անկախության 25-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ։ «Հատուկ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ խնդիրները և առաջարկներ ներկայացնի համապատասխան օրենքները վերափոխելու համար»,- նշել էր նա իր ելույթում։ 2017թ. հունվարի 11-ին Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել պետական իշխանության ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխման աշխատանքային խմբի ձևավորման մասին: Իսկ հունվարի 13-ին Աստանայում տեղի ունեցավ առաջին նիստը Ղազախստանի Հանրապետությունում իշխանության մասնաճյուղերի լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ:
Նշված բարեփոխումներն, իհարկե, կարող են ամուր հիմք դառնալ` Ղազախստանի Հանրապետության՝ աստիճանաբար խորհրդարանական կառավարման մոդելի անցման համար, որն այսօր հաստատվել է Հայաստանում: Ի դեպ, պետք է նաև նշել, որ Ղազախստանն ակտիվ ուսումնասիրում է Հայաստանի փորձը սահմանադրական փոփոխությունների ներդրման հարցում3:
Ղազախստանն ունի մի շատ կարևոր և յուրահատուկ գործոն, որը թույլ է տալիս վերջինիս խուսափել ներքին հակասությունների սրացումից և ամրապնդել քաղաքական կայունությունը։ Դա բոլոր փոփոխություններին աստիճանաբար հարմարվելու Ղազախստանի հասարակության ունակությունն է։ Շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ «սկզբում` ուժեղ պետություն և տնտեսություն, այնուհետև` քաղաքականություն» սկզբունքի խախտումը հանգեցնում է աղետների, որոնք անգամ կարող են «կոտրել» հասարակությունը: Այդ պատճառով որոշ երկրներում քաղաքական ռեժիմներ ոչնչանում են, մյուսներում նույնիսկ քաղաքացիական պատերազմներ են սկսվում: Անկասկած, Ղազախստանի Հանրապետության առաջնորդը լավ գիտակցում է այդ ամենը՝ ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում և այլ երկրներում:
Ի դեպ, տոտալիտարիզմից ժողովրդավարության անցումային շրջան ապրող և քաղաքական կյանքի ժողովրդավարական ավանդույթներ չունեցող հասարակության համար ավտորիտար քաղաքական ռեժիմը և կառավարման խառը ձևը, ըստ երևույթին, մի ինչ-որ ժամանակով անխուսափելի են եղել։ Խորհրդարանական կառավարման անցումը հազիվ թե կարճաժամկետ հեռանկարում իրականացվի։ Ավելի շուտ, Ղազախստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական ձևին լիարժեք անցումը տեղի կունենա 2025 թվականին մոտ։ Աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող վերջին քաղաքացիական պատերազմների և արյունալի հակամարտությունների շարքը ցույց տվեց, որ անխոհեմ և արագացված դեմոկրատացումը չի երաշխավորում պետության կայունությունն ու հաջող տնտեսական արդիականացում չի ապահովում, ուստի Ղազախստանի նախագահը զգույշ կլինի և չի շտապի իր գործողություններում։
1 Поделиться властью: какие полномочия Назарбаев готов отдать Кабмину, https://ru.sputniknews.kz/politics/20170124/1441141/podelitsya-s-vlastyu-kakie-polnomochiya-nazarbaev-gotov-otdat-kabminu.html, 24.01.2017
2 Итоги выборов в парламент Казахстана: без особых сенсаций, https://www.dw.com/ru/%D0%B8%D1%82%D0%BE%D0%B3%D0%B8, 21.03.2016
3 ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ.Ուրազաևի հարցազրույցը, http://arminfo.info/full_news.php?id=27021&lang=2, 24.08.2017
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ. ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ[20.12.2018]
- «ՂՐԻՄԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[15.08.2018]
- «ԵՎՐԱՍԻԱ» ՋՐԱՆՑՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ[03.07.2018]
- ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴԱՇԻՆՔՆԵՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ[24.05.2018]