
ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Վերջին տարիներին Ադրբեջանը որպես ռազմավարական անհրաժեշտություն ակտիվացնում է կապերը սփյուռքի հետ՝ դիտարկելով այն ինչպես սեփական երկրի զարգացման այլընտրանքային ռեսուրս, այնպես էլ արտաքին քաղաքականության կարևոր «գործընկեր»՝ փորձելով վերջինի միջոցով ամրապնդել իր միջազգային հեղինակությունը։ Երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության համաձայն՝ իրականացնում է սփյուռքին իր առանցքի շուրջը համախմբելու տարատեսակ միջոցառումներ, պետություն-սփյուռք հարաբերություններին նոր լիցք հաղորդելու նպատակով մշակվում են համագործակցությանը միտված ռազմավարական նոր ուղղություններ, գործադրվում են որոշակի ջանքեր սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, որում ներգրավված են և՛ պետական գերատեսչություններ, և՛ հանրային քաղաքականություն իրականացնող սուբյեկտներ։ Այնպես որ, օտարերկրյա համայնքների ներքին համախմբման, ամրապնդման և զարգացման գործը, քաղաքական, տնտեսական և գիտական ներուժից օգտվելու խնդիրը, գոյապահպանական սպառնալիքներն ու համայնքային ինքնակազմակերպման նոր հնարավորությունները և դրանցից ածանցված այլ հիմնահարցեր, կարելի է ասել, բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի։
Ադրբեջանը սփյուռքյան քաղաքականությունում, այլ ուղղություններին զուգահեռ (թուրք-ադրբեջանական համագործակցություն, սփյուռքում մեդիա-քաղաքականության ակտիվացում և այլն), փորձում է ընդլայնել և զարգացնել սփյուռքի հետ կապերի ոլորտը՝ ի դեմս գիտական սփյուռքի, հետապնդելով հետևյալ հեռահար նպատակները.
• Ներդնել նրանց ստացած գիտելիքները, փորձը և կարողությունները երկրի տնտեսական, գիտակրթական ոլորտների բարեփոխման և կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման գործում։ Դա բացատրվում է նրանով, որ ներկայում քաղաքական, տնտեսական և տեխնիկական գիտություններում, կառավարման, ճարտարագիտական գիտակարգերում ակադեմիական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հաստատությունները համապատասխանաբար բախվում են դասախոսական ու բարձրորակ մասնագետների սակավության խնդրին։
• Նրանց միջոցով հաստատել միջազգային կապեր արտասահմանյան բուհական և գիտատեխնիկական նշանակության հաստատությունների հետ:
• Ադրբեջանցիների համար գիտական սփյուռքը այլ տեսանկյուններից ևս առանձնահատուկ նշանակություն ունի։ Մի կողմից` պաշտոնական Բաքուն ձգտում է նրանց վրա դնել արտերկրի համայնքների կազմակերպման-համախմբման աշխատանքների իրագործումը, մյուս կողմից՝ ներգրավել նրանց Արցախի հակամարտության հետ կապված լոբբիստական-քարոզչական աշխատանքներում, դիվանագիտական ջանքերի զարգացման և ամրապնդման գործում։
Վերոհիշյալի իրականացման ուղղությամբ հստակեցվել են գիտական սփյուռքին առնչվող ռազմավարական նպատակները, մշակվել համագործակցության ընդունելի մեխանիզմներն ու այն ապահովող համապատասխան գործիքները։ Հարկ է նշել, որ գիտական սփյուռքի հետ հարաբերություններում այստեղ գործում է «վերևից ներքև ռազմավարությունը» (կենտրոնացված մոտեցում), որտեղ փոխգործակցության գլխավոր դերակատարները պետական գերատեսչական կառույցներն ու հարցով շահագրգիռ գիտական հաստատություններն են։
Առաջին նման քայլերից կարելի է համարել 2010թ. «2009-2015թթ. Ադրբեջանի Հանրապետության գիտության զարգացման ազգային ռազմավարության» շրջանակներում կրթության նախարարության, Ադրբեջանի ԳԱԱ, Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի, Տեղեկատվական տեխնոլոգիաների և Տուրիզմի ինստիտուտների կողմից ստեղծված «Ադրբեջանի գիտատեխնիկական սփյուռք» պորտալը, որը սփյուռքի և Ադրբեջանի գիտնականների միջև երկխոսության և համագործակցության հարթակի դեր պետք է կատարեր։ Ավելի լայն իմաստով պորտալի ստեղծումը հետապնդում էր մի քանի նպատակներ. ստանալ քանակական գնահատականներ գիտական սփյուռքի որոշ չափորոշիչների ու սոցիալ-ժողովրդագրական բնութագրիչների վերաբերյալ, պարզել Ադրբեջան վերադառնալու հնարավորությունները և տեղի գիտնականների հետ համագործակցության հեռանկարները։ Այդ նպատակների իրականացման համար նախնական փուլում պորտալի առջև դրվեցին մի քանի առաջադրանքներ, որոնք կազմում էին գործունեության հիմնական ուղղությունները.
• արտերկրում գիտատեխնիկական ոլորտներում աշխատող ադրբեջանցի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի (ընդհանուր տեղեկություններ, հրատարակությունների ցանկ, կոնտակտային տվյալներ և այլն) ստեղծում,
• պորտալի տեղեկատվական աջակցման ստեղծում և պորտալի մասնակիցների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում,
• ադրբեջանական սփյուռքի խնդիրներով հետաքրքրվողներին, առաջին հերթին՝ կառավարական մարմիններին, ոչ կառավարական կազմակերպություններին, սփյուռքի հետ աշխատողներին օգնության ցուցաբերում՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու գործում,
• ադրբեջաներենով ինտերնետ ռեսուրսների հարստացում1։
Այնուհետև, գիտությանը մոտ կանգնած այլ կառույցներ ևս՝ որպես առանձին ինստիտուցիոնալ միավորներ, ձեռնարկեցին համագործակցությանը միտված քայլեր, որոնք ամրագրված էին պետական ռազմավարական նշանակության փաստաթղթերում։ Օրինակ՝ «Ադրբեջանի ազգային ակադեմիայի զարգացման հայեցակարգով (մինչև 2020թ.)» նախատեսվում է ԳԱԱ-ն համալրել սփյուռքի բարձր որակավորում ունեցող մասնագետներով՝ երկրի գիտական ներուժի մեծացման համար2, ներգրավել արտերկրի սփյուռքյան կադրերին դրամաշնորհային նախագծերի փորձաքննության, գիտական առաջնահերթությունների որոշման, երիտասարդ գիտնականների համար կարճաժամկետ ուսուցողական ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև հիմնել «Ադրբեջանցի գիտնականների սփյուռք» կոչվող տեղեկատվական համակարգը3։ Բացի վերոհիշյալից, Ադրբեջանի նախագահին առընթեր «Գիտության զարգացման հիմնադրամը» ստեղծել է արտերկրում և Ադրբեջանում գիտության տարբեր ասպարեզներում աշխատող ամենաակտիվ գիտնականների և մասնագետների էլեկտրոնային շտեմարաններ։
Դիտարկումներ աշխարհագրական սփռվածության շուրջ
Գիտական սփյուռքի ձևավորումն անմիջականորեն կապ ունի «ուղեղների արտահոսքի» հետ, և այստեղ ամենևին էլ նշանակություն չունի՝ անհատական նախաձեռնությամբ, թե պետական տարբեր ծրագրերով են հեռացել, քանի որ այդ սփյուռքն առաջին հերթին կազմավորվում է հենց այդ գործընթացների հետևանքով, հատկապես այնպիսի դիասպորաների դեպքում, որոնք դասական չեն, այլ նորաստեղծ են, ինչպիսին ադրբեջանականն է։
Ադրբեջանցի մասնագետների գնահատականներով՝ արտերկրում «կուտակված» գիտական ներուժը կազմում է «դիասպորայի» կարևոր բաղադրիչներից մեկը, որը ձևավորվել է միգրացիոն գործընթացների հետևանքով։
ԽՍՀՄ փլուզման սկզբնական շրջանում Ադրբեջանից արտագաղթած մասնագետների ճնշող մեծամասնությունը նախընտրել է հեռանալ հիմնականում հետևյալ ուղղություններով՝ ՌԴ, Թուրքիա և Իրան4։ Առաջին նման դեպքերը գրանցվեցին ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդող տարիներին, հատկապես, որ ՌԴ-ում հաստատված մասնագետները չունեին լեզվական խոչընդոտներ։ Բացի լեզվական գործոնից, առանձնակի նշանակություն ուներ այն հանգամանքը, որ ադրբեջանական գիտությունը, լինելով խորհրդային գիտական համակարգի մաս, ամենևին էլ խորթ չէր վերջիններիս համար, քանի որ նրանցից շատերը կրթություն էին ստացել խորհրդային հանրապետությունների համալսարաններում, ինչը նպաստում էր արագ ինտեգրվելու այդ երկրի գիտական համակարգին։ Համաձայն ադրբեջանցի մասնագետների՝ Ռուսաստան են արտագաղթել ֆինանսական ճգնաժամի և սոցիալ-տնտեսական անկայունության հետևանքով գործունեությունը դադարեցրած գիտաուսումնական հաստատություններում աշխատող ռուսախոս, հիմնականում՝ հումանիտար գիտությունների և էլեկտրոնիկայի ոլորտների մասնագետները, մոտավորապես գիտնականների մեկ հինգերորդ մասը5։
Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի երկրներից ուղեղների արտահոսքի տեսանկյունից առաջատար դիրքեր է զբաղեցնում Թուրքիան, որին հաջորդում է Իրանը։ 1990-ական թթ. սկզբին աշխատանք փնտրելու նպատակով Թուրքիա մեկնեցին հիմնականում ֆիզիկոսներ ու մաթեմատիկոսներ։ Գիտնականների թիվը համալրվեց նաև հաջորդող տարիներին Թուրքիայի կողմից իրականացված «Ուսանողական մեծ նախագիծ» ծրագրի շրջանակներում բարձագույն կրթություն (բակալավրիատ, մագիստրատուրա, դոկտորանտուրա) ստանալու նպատակով Ադրբեջանից ներգրավված շուրջ 2000 ուսանողների հաշվին։ Նրանց մի մասը բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատանքի տեղավորվեց Թուրքիայի առաջատար համալսարաններում և գիտահետազոտական ինստիտուտներում6։ 2011թ. տվյալներով՝ Անկարայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնում արդեն աշխատում էին 80-ից ավելի ադրբեջանցիներ՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի կառուցման և զենքերի արդիականացման ոլորտներում7։ Մյուս կողմից՝ կրթություն ստացող երիտասարդ կադրերի շրջանում նկատվում էին նոր միտումներ. Թուրքիան վերածվեց հարթակի երրորդ երկրներ տեղափոխվել ցանկացող ադրբեջանցիների համար, որոնք մեկնում էին արևմուտք ինչպես աշխատանք փնտրելու, այնպես էլ մասնագիտական աճի նպատակով։ Ամեն դեպքում, Ադրբեջանը որոշակի պարիտետ է պահպանել դեպի Թուրքիա գնացող և վերադարձող գիտնականների հարցում8։ Նկատելի է ադրբեջանցի մասնագետների, հատկապես քաղաքագետների և միջազգայնագետների առկայությունն ինչպես բուն Թուրքիայում, այնպես էլ վերջիններիս ֆինանսավորմամբ արտերկրում հիմնադրված «ուղեղային կենտրոններում»։ Թուրքական և ադրբեջանական սփյուռքերի միջև բոլոր ճակատներով ընթացող սերտ համագործակցությունը տեղավորվում է այսպես կոչված «թյուրքական սփյուռքի» ռազմավարական կառավարման տեսլականում։ Այստեղ հարկ է հատուկ անդրադառնալ թուրքական և ադրբեջանական սփյուռքերի վերաբերյալ Իլհամ Ալիևի առաջ քաշած տեսակետին, որը բացահայտում է այդ համագործակցության էությունն ու կարևորությունը՝ «մեկ ազգը երկու սփյուռք չի կարող ունենալ», ինչը բխեցվում է «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսից։
Հետխորհրդային երկրներից և Թուրքիայից հետո մասնագետների համար հեռանկարային էին համարվում Իրանն ու Իսրայելը։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ աշխատանք փնտրելու նպատակով 1999թ. Ադրբեջանից Իսրայել է արտագաղթել բնագիտության ոլորտի 93, 2010թ.՝ 47, 2011թ.՝ 58 մասնագետ, որոնց մի մասն աշխատում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում, մյուս մասը՝ ռազմարդյունաբերական ձեռնարկություններում9։ Ի տարբերություն Իսրայելի, ուր հիմնականում տեղափոխվել են բնագիտության և գիտատեխնիկական ոլորտի մասնագետներ, ԻԻՀ-ում սկզբնական շրջանում մեծ տեղ է հատկացվել հումանիտար ոլորտի հետևյալ մասնագետներին՝ իրավաբաններին, պատմաբաններին, քաղաքագետներին և այլն10։ 2012թ. տվյալներով՝ Թեհրանում գործող «Շահիդ Բագիրի» ռազմարդյունաբերական համալիրում, Կարաջի միջուկային հետազոտությունների և «Ճառագայթ» գիտահետազոտական կենտրոններում աշխատել են Ադրբեջանի բժշկական և Բաքվի պետական համալսարանների 1995-2010թթ. շրջանավարտները՝ 58 մասնագետ11։ 1990-ականների վերջերից ադրբեջանական գիտական սփյուռքի քարտեզը կրեց որոշակի փոփոխություններ, այն արդեն ընդգրկում էր աշխարհագրական ավելի լայն տարածք, մասնավորապես նկատվում էր ուղեղների արտահոսք դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ (Գերմանիա), ավելի ուշ՝ ԱՄՆ, Կանադա և այլն։ Այս երկրներ հիմնականում արտագաղթել են բժիշկներ, ինժեներներ, լրագրողական, ՏՏ և այլ ոլորտների մասնագետներ12։
Գիտական սփյուռքը մասամբ համալրվել է նաև պետական/միջպետական գիտակրթական ծրագրերով13 արտերկրում (շուրջ 30 պետությունների առաջատար համալսարաններում) կրթություն ստացած այն երիտասարդ գիտնականների հաշվին, ովքեր նախընտրել են չվերադառնալ։ Մասնագիտական առաջնահերթությունների շարքում այս ծրագրերով նախապատվություն է տրվել հետևյալ ոլորտներին՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, բժշկություն, ճարտարագիտություն, գյուղատնտեսություն, անասնաբուժություն, բնապահպանություն, տնտեսագիտություն, անձնակազմի կառավարում, մշակույթ և տուրիզմ14։
Ինչպես նշում են ադրբեջանցի մասնագետները, այս ծրագրերին դիմող ուսանողներն այն դիտել են ոչ միայն արտերկրում կրթության միջոցով մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված բացառիկ հնարավորություն, այլև երկրից ընդմիշտ հեռանալու միջոց16։ Այդ իսկ պատճառով տվյալ երևույթի վերացման նպատակով մշակվեցին մեխանիզմներ. մասնավորապես՝ ուսանողների հետ կնքվում են վերադարձի և երկրի գիտական համակարգերում պարտադիր աշխատանքի անցնելու մասին պայմանագրեր17։ Սակայն, հաշվի առնելով, որ ընդունված մեխանիզմները կիրառության մեջ են մտել բավական ուշ, սկզբնական շրջանում արտերկրում կրթություն ստացած ուսանողները համալրեցին ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող տասնամյակում երկրից հեռացած մասնագետների շարքերը՝ նոր որակ հաղորդելով ադրբեջանական սփյուռքին։
Ամփոփում
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԽՍՀՄ փլուզմից ի վեր միգրացիայի հետևանքով երկրից հեռացած և արտերկրի գիտական հաստատություններում աշխատող մասնագետների հետ տարբեր ձևաչափերով համագործակցելու և նրանց ներուժն օգտագործելու ուղղությամբ Ադրբեջանը ձեռնարկում է որոշակի քայլեր։ Այս ամենով հանդերձ, գիտական սփյուռքի և ընդհանրապես սփյուռքի հետ կապերի ոլորտում Ադրբեջանը բախվում է մի շարք արտաքին և ներքին խոչընդոտների, որոնցից են.
• Սփռվածության տեսանկյունից ադրբեջանական գիտական սփյուռքը թեև զբաղեցնում է բավական լայն աշխարհագրական տարածք՝ Հս. Ամերիկայից մինչև Ավստրալիա, սակայն առ այսօր արտերկրում չեն ստեղծվել մասնագետներին մեկ հարկի տակ համախմբող սփյուռքյան գիտական կառույցներ (Scientific Diaspora Organizations), չհաշված մշակութային նշանակության սփյուռքյան կառույցները, ինչը ցույց է տալիս, որ կոնկրետ երկրում գիտական ներուժը կուտակված չէ մեկ վայրում, այլ ցրված է տարբեր կենտրոններում՝ դժվարացնելով այդ հանրույթների կոնսոլիդացումը։
• Մյուս կողմից, թեև միգրացիայի հետ կապված խնդիրները մշտապես գտնվել են այդ երկրի մասնագիտական շրջանակների և պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ, ելնելով խնդրի հետ կապված մասնագիտական քննարկումներից ու իրականացվող միջոցառումներից, բացակայում են արտերկիր հեռացած գիտական/մասնագիտական ներուժին առնչվող հստակ վիճակագրական տվյալներ, չկան գիտական սփյուռքի վերաբերյալ քանակական և որակական գնահատականներ, ինչն իր հերթին մասնակիորեն դժվարացնում է քարտեզագրել և հաշվառել եղած կադրերը։ «Ադրբեջանցի գիտնականների սփյուռք» կոչվող տեղեկատվական համակարգի և պորտալի աշխատանքներն ուղղված են առաջին հերթին այդ ցուցանիշների գնահատմանը։ Անհայտ է մնում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկրից հեռացած հրեա18, ռուս և այլ ազգության մասնագետները արդյո՞ք քանակական ցուցանիշների գնահատման դեպքում համարվելու են ադրբեջանական գիտական սփյուռքի մաս։ Ադրբեջանցի հետազոտողներն իրենց ուսումնասիրություններում շրջանցում են այդ հարցը։
• Ձեռնարկվող քայլերի տրամաբանությունը վկայում է, որ Ադրբեջանը, արտերկրի գիտնականներին տեղեկատվական ցանցերի միջոցով և գիտական համագործակցության այլ ձևերով հեռավար համախմբման աշխատանքներից զատ, հետապնդում է նաև նրանց վերադարձնելու քաղաքականություն։ Սակայն հաշվի առնելով գիտական համակարգում առկա բյուրոկրատիան, կոռուպցիան, այդ երկրում սկիզբ առած ֆինանսական ճգնաժամը և բազմաթիվ այլ կազմակերպչական բնույթի խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են այդ երկրի գիտնականները, և այն հանգամանքը, որ դեռևս շարունակվում է երիտասարդ կադրերի արտագաղթը Ռուսաստան և Արևմուտք, այս պահի դրությամբ ինտելեկտուալ ներուժի ինտեգրման միջոցներից կարող է գործել առաջին տարբերակը։ Այլ հարց է, թե այդ համագործակցությունից ինչ արդյունքներ կգրանցվեն։
• Ընդհանուր խնդիրների մեջ կարելի է նշել սփյուռքի տարբեր շերտերի (աշխատանքային միգրանտներ, գործարարներ, գիտական հանրույթ և քաղաքական վտարանդիներ)՝ ալիևյան ռեժիմի, նրա վարած արտաքին և ներքին, սփյուռքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության նկատմամբ դժգոհությունը, ինչը հանգեցնում է որոշակի խզման պետություն-սփյուռք գործակցությունում։
1 "Azərbaycanın elmi diasporu" layihəsi çərçivəsində İnternet portalı yaradılıb, http://www.mual-lim.edu.az/www.old/arxiv/2010/09/09-18.htm, Elmi diaspora ilə bağlı internet portalın təqdimatı keçirildi, http://old.525.az/view.php?lang=az&menu=8&id=7141&type=1#gsc.tab=0,
http://ito.su/main.php?pid=26&fid=8509
2 2-3 тысячи работников НАНА могут попасть под сокращение, http://ru.apa.az/novosti-azerbaydjana/sotsium/2-3-tysyachi-rabotnikov-nana-mogut-popast-pod-sokrashenie.html
3 Yannis Kechagiaras, “Engaging the Scientific Diaspora from EaP countries, ERC EaP Countries Regional Event, 20-21 April 2017, Tbilisi, https://erc.europa.eu/sites/default/files/events/docs/07_Yannis_Kechagiaras.pdf
4 Борисенко А.И., Интеллектуальная миграция на постсоветском пространстве: региональный обзор, http://www.fundeh.org/publications/articles/177/
5 Сулейманов Абульфаз Давуд Оглы, Социологический анализ интеллектуальной миграции Азербайджана, Sociology օf Science And Technology. 2010. Volume 1. No. 1 , с. 111.
6 Նույն տեղում։
7 Утечка мозгов, http://www.zerkalo.az/2012/utechka-mozgov/ (07.09.2012)
8 Научная диаспора и развитие российского сектора исследований и разработок, «Экономика образования», № 4, 2008.
9 Утечка мозгов, http://www.zerkalo.az/2012/utechka-mozgov/ (07.09.2012)
10 Сулейманов Абульфаз Давуд Оглы, Социологический анализ интеллектуальной миграции Азербайджана, Sociology օf Science And Technology. 2010. Volume 1. No. 1 , с. 112.
11 Утечка мозгов, http://www.zerkalo.az/2012/utechka-mozgov/ (07.09.2012)
12 «Утечка мозгов» из Азербайджана обретает массовый характер: из страны «убегают» квалифицированные медики, http://www.panorama.am/ru, (02/05/2017).
13 Այդ ծրագիրն իրականացվել է 2006թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահի N1746 հրամանագրով հաստատված «Արտասահմանյան երկրներում Ադրբեջանի երի-տասարդության ուսումնառության պետական ծրագրի» շրջանակներում։
14 Особенности азербайджанской системы образования,
http://moscow-baku.ru/opinions/aktualno/osobennosti-azerbaydzhanskoy-sistemy-obrazovaniya/
15 Տե՛ս http://webcache.googleusercontent.com/search?q=cache:fjw8KrANmp8J:www.stat.gov.az/source/education/en/001_8.25en.xls+&cd=1&hl=ru&ct=clnk&gl=am
16 Мариам Г. Сеидбейли, Научная диаспора как ресурс развития отечественной науки, Проблемы деятельности ученого и научных коллективов, Институт истории естествознания и техники им. С.И. Вавилова РАН, Номер: 1 (31), 2015, с. 18.
17 Мариа Кело, Флора Дюбоск, Управление человечески-ми ресурсами в государственном высшем образовании в странах-партнерах Tempus, Справочный документ, Кишинев 22-23 Апреля 2013, с.12.
18 ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանից Իսրայել է արտագաղթել 80 հազար մարդ, հիմնականում հրեաներ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[24.09.2018]
- ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[25.04.2018]
- ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ [22.02.2018]
- ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[15.03.2017]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[06.07.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[11.03.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[15.12.2015]
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[17.06.2015]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[22.04.2015]
- ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ[12.02.2015]