• am
  • ru
  • en
Версия для печати
19.07.2017

ՆՅԱՐԴԱԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ

Руский

   

Նվարդ Մելքոնյան
ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ

Մեր օրերում ԶԼՄ-ում հաճախակի կիրառվող հոգեբանական ազդեցության մեխանիզմներից է նյարդալեզվաբանական ծրագրավորումը՝ ՆԼԾ-ն (Neuro-Linguistic Programming – NLP): Կիրառական հոգեբանության այս ուղղությունը ստեղծվել է ԱՄՆ-ում 1970-ականների կեսերին, Ջ.Գրինդերի և Ռ.Բենդլերի կողմից: ՆԼ ծրագրավորման հիմնադրույթն է այն, որ մարդիկ իրենց ուղղված հաղորդագրություններն ընկալում են 3 տարբեր հարթություններում.

1. Վիզուալ (այս տիպն իրականությունն ընկալում է տեսողական պատկերների, կերպարների միջոցով: Սա ամենատարածված տիպն է, մարդկանց մոտ 80%-ը վիզուալներ են);

2. Աուդիալ (այս տիպին պատկանող մարդիկ աշխարհը նկարագրում և պատկերացնում են լսողական, ձայնային կերպարների միջոցով: Մարդկանց 15%-ը աուդիալներ են);

3. Կինեստետիկ (5%-ն աշխարհն ընկալում է զգացմունքների և զգացողությունների միջոցով (համի, շոշափելիքի և այլն):

Գիտակցության մեջ միջինը տպավորվում և պահպանվում է վիզուալ ալիքների միջոցով ստացված տեղեկատվության 75%-ը, աուդիալ ճանապարհով ստացված տեղեկատվության 13%-ը, իսկ մնացածը ստացվում է կինեստետիկ ճանապարհով: Զրույցն ավելի բնական դարձնելու համար կարելի է այդ ալիքները համապատասխանեցնել և հարմարեցնել լեզվի միջոցով1: Արդյունավետ մանիպուլյացիան ենթադրում է լսարանի լեզվով երկխոսության իրականացում, որտեղ հաղորդագրությունը միաժամանակ պետք է ուղղված լինի և՛ վիզուալներին՝ լինի պատկերավոր, և՛ աուդիալներին՝ ձայնային և ինտոնացիոն համապատասխան ազդեցություն ունենա, և՛ կինեստետիկներին՝ ստեղծելով համապատասխան զգացողություններ՝ համակրանք կամ տհաճություն2: Այս սկզբունքն իրագործվում է յուրաքանչյուր տիպի համար համապատասխան պրեդիկատներ կիրառելով: Օրինակ, վիզուալների համար՝ «պարզ երևում է», «ակնհայտ է», «վառ է», աուդիալների համար՝ «հնչեղ է», «աղմուկ բարձրացավ», կինեստետիկների՝ «ծանր հարց է», «լղոզած պատասխան էր», «նուրբ, փխրուն թեմա է» և այլն:

ՆԼԾ-ն վարքային մոդել է և մանրամասնորեն մշակված տեխնիկական հնարքների համալիր, որը հիմնված է մարդկային գիտակցության և ենթագիտակցության վրա լեզվական ձևերի ազդեցության, ուղեղի և լեզվի փոխազդեցության արդյունքում զարգացում ստացող ձևերի և կարծրատիպերի կամ «ծրագրերի» վրա:

ԶԼՄ-ում ՆԼԾ տեխնիկաները նպատակահարմար է կիրառել հատկապես դրանց ենթագիտակցության վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից: Այս առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում խարսխման տեխնիկաները: Տվյալ համատեքստում խարիսխը ցանկացած արտաքին գրգռիչ է, խթան, որը հանգեցնում է համապատասխան արձագանքի: Խարսխումը գործընթաց է, որի միջոցով յուրաքանչյուր իրադարձություն՝ ներքին կամ արտաքին (բառ, ձայն, ժեստ, ինտոնացիա, հպում), կարող է կապված լինել որևէ ռեակցիայի և կիրառման դեպքում նորից առաջացնի դրա դրսևորումը: Որպես խարիսխ կարող է հանդես գալ ցանկացած բառ, հնչյուն, պատկեր և այլն:

Առանձնացնում են խարիսխների երեք հիմնական տեսակներ.

1. Դրական սոցիալական դիրքորոշումների խարիսխ. Այս տեսակը ենթադրում է թևավոր խոսքերի, նշանավոր անձանց արտահայտությունների, ասացվածքների, հայտնի անեկդոտների ներառումը մեդիա-տեքստում: Նման տեքստերը, որպես կանոն, հիմնվում է ալյուզիաների վրա: Ալյուզիան հնարք է, որի շրջանակներում ոճային էֆեկտները ստեղծվում են լսարանին արդեն հայտնի ֆիլմերի, գրքերի, արտահայտությունների միջոցով:

2. Դրական էմոցիոնալ բնույթի խարիսխ. Այս հնարքը հիմնվում է հումորի, բարյացակամ տրամադրվածության (ուրախություն, տոն, երջանկություն և այլն), երջանիկ մարդկանց, հաճելի կերպարների ներկայացման և այլնի վրա: Այսպիսով, կերտվում է դրական տրամադրվածություն, ոգևորություն, որախության կայուն պատկեր: ՀՀ վարչապետի միշտ ժպիտով նկարները, նրա դրական տրամադրվածությամբ խոսելը և մյուսներին խորհուրդ տալը՝ որ ավելի օպտիմիստ լինեն, շատերի մեջ առաջացնում է նման զգացողություն:

3. Արքետիպերի և ազգային մշակույթի պատկերների խարիսխ. Այս դեպքում անդրադարձ է կատարվում խորքային ավանդույթներին, օգտագործվում են ազգային ֆոլկլորային կերպարները: Օրինակ, «բոլորը Քաջ Նազարի նման», «մեջը խոսեց Ծուռ Սասունը», «ժողովրդի համբերության բաժակը» և այլն:

Մեդիա-տեքստերում սուգեստիվ տեխնիկաների կիրառման գործընթացում, բացի նյարդալեզվաբանական ծրագրավորումից, հաճախ կիրառվում են նաև Էրիկսոնյան հիպնոսի տեխնիկաները և հնարքները:

Էրիկսոնյան հիպնոսի տեխնիկաների խումբը ներառում է տրանսի մեջ գցելու կամ սթափ՝ արթուն իրավիճակում ներշնչելու լեզվական ռազմավարությունները:

Էրիկսոնյան հիպնոսի հիմնական գաղափարն այն է, որ այստեղ, որպես կանոն, բացակայում են ուղիղ հրահանգները: Փոխարենը՝ նկատելի են քննարկում, հարց ու պատասխան, խորհուրդ որևէ հարցի վերաբերյալ: Արդյունքում՝ այս տիպի լեզվական տեխնիկաները հնարավորություն են տալիս հասնելու ցանկալի արդյունքին՝ խուսափելով մարդկանց ուղիղ հրահանգների հակադրվելու սովորությունը: Էրիկսոնյան հիպնոսն առաջարկում է մի շարք հնարքներ նման ազդեցությունը չեզոքացնելու համար: Դրանցից հիմնականներն են.

• թրյուիզմ,

• ընտրության խաբկանք,

• ենթադրություններ (presuppositions՝ լատիներեն prae - առաջ, նախա- և suppositio - գրավ, ավանդ),

• հակադրությունների օգտագործում, մենք – նրանք,

• լիարժեք ընտրություն:

Դիտարկենք յուրաքանչյուրն առանձին:

Թրյուիզմը (անգլերեն` truizm, true` ճշգրիտ, հայտնի ճշմարտություն), որպես կանոն, գերընդհանրացված արտահայտություն է: Որպես հոգետեխնիկա այն հիպնոտիկ հրահանգի փոխարինումն է ընդհանրացված արտահայտությամբ: Օրինակ, «օրինապահ քաղաքացին այդպես չէր վարվի», «բոլորը լքում են երկիրը»: Կոռուպցիայի դեմ պայքարը գործ տվողի է նմանեցվում՝ «դա հային բնորոշ չէ»:

Ընտրության խաբկանքի շրջանակներում լսարանին կանգնեցնում են կեղծ ընտրության առջև՝ առաջարկելով ընտրել միևնույն տարբերակը չնչին տարբերությամբ: Սա լսարանում ստեղծում է ազատ ընտրության պատրանք, սակայն այլընտրանքները սահմանափակ են կամ նույնիսկ բացակայում են: Օրինակ, «Դուք ընտրությունների կգնաք առավոտյա՞ն, թե՞ երեկոյան ժամի»:

Ենթադրությունների կիրառման տեխնիկայի շրջանակներում անհրաժեշտ հրահանգը ներկայացվում է որպես նախնական գործողություն կամ որևէ այլ, պակաս կարևոր և գիտակցական վերահսկողությանը ենթարկվող գործողության իրականացման համար նախապայման: Միևնույն ժամանակ, իրական հրահանգը դուրս է մնում գիտակցության քննադատությունից: Օրինակ, «Մինչև X-ին քվեարկելը, վերհիշեք նրա տված խոստումները»:

Հակադրությունների կիրառման տեխնիկայում օգտագործում են լսարանի հակադրությունը ներշնչանքին՝ արհեստականորեն ամրացնելով հիպնոտիկ հրահանգը լսարանի դիտարկվող վարքին: Այստեղ հարկավոր է հետևել արտահայտությունների որոշակի խիստ հաջորդականության պահպանմանը և դրանց համար նախատեսված քերականական ժամանակներին:

Օրինակ, «Որքան երկար եք լսում նշված գործչին, այնքան ավելի պարզ է դառնում, որ նա հետևողական է և խելացի»:

Լիարժեք ընտրության տեխնիկան ներկայացնում է ընտրության բոլոր հնարավոր տարբերակները, սակայն մանիպուլյատորի նպատակների համար շահեկան տեսանկյունից: Եթե ընտրության խաբկանքի հնարքի դեպքում ընտրության տարբերակները տեքստերում արհեստականորեն սահմանափակվում էին, ապա այստեղ ներկայացվում են անհատի վարքի բոլոր հնարավոր տարբերակները, այն առանձնահատկությամբ, որ լսարանի շահավետ և անշահավետ վարքը ներկայացվում է մանիպուլյատորի համար որպես միևնույն օգտակարություն ունեցող: Օրինակ, «Դուք կարող եք գնալ ընտրությունների և քվեարկել կամ, իհարկե, կարող եք մնալ տանը և կորցնել ձեր ձայնի իրավունքը»:

Այսպիսով, ԶԼՄ-ի կողմից կիրառվող ազդեցության ձևերն ու հնարքները բազմազան են և կարող են օգտագործվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ տարբեր համադրություններով: Այնուհանդերձ, տեղեկատվության կառավարման մասնագետը պետք է ոչ միայն դրանք տեղին և արդյունավետ կիրառելու բավականաչափ հմտություններ ունենա, այլ նաև կարողանա դրանց հակազդելու եղանակներ մշակել:

1 Кара-Мурза С.Г., Манипуляция сознанием, Москва, Алгоритм, 2007, с. 76-86.

2Дж. О`Коннор, Дж. Сеймор, Введение в нейролингвистическое программирование. Челябинск, «Библиотека А.Миллера», 1998, с. 35.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր