
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ
Ռուսաստան. Նոյեմբերին Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին Ռուսաստանի հետ կնքված միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։ Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) գլխավոր շտաբների (ԳՇ) պետեր Վալերի Գերասիմովն ու Հուլուսի Աքարը հանդիպեցին Մոսկվայում և քննարկեցին Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում փոխգործակցությունը։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարեց, որ Թուրքիան մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգը զարգացնելու համար պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Անկարան S-400 զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ բանակցում է Մոսկվայի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ պատրաստ է անձամբ հանդիպել (Թուրքիայի կողմից խոցված) «Սու-24»-ի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի այրու՝ Ելենա Պեշկովայի հետ, ներողություն խնդրել և ցավակցել, ինչպես նաև նյութական աջակցություն ցուցաբերել։ Պեշկովան հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Չավուշօղլուի հետ։ Հետաքրքիր է, որ Չավուշօղլուն պատրաստ էր ներողություն խնդրել Սիրիայի թուրքմենների արարքի (Պեշկովին սպանելու) համար։ Նոյեմբերին Բինալի Յըլդըրըմը դատապարտեց ռուսական քարոզչությանը հակազդելու մասին նոյեմբերի 23-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը։ Բնականաբար, Թուրքիայի այս պահվածքը կապված էր ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացման և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։
Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Պարուբին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց Սևաստոպոլ թուրքական նավերի մուտքի հարցը։ Էրդողանը Պարուբիին հայտնեց, որ կտա անհրաժեշտ ցուցումներ, որպեսզի այսուհետ նման բան չկրկնվի յուրաքանչյուր ձևաչափով։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ուկրաինայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունում չկա որևէ փոփոխություն. «Անկարան նախկինի նման աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, որի մի մասը Ղրիմն է։ Թուրքիայի ոչ պաշտոնական պատվիրակությունը բանակցելու նպատակով Ղրիմ է այցելել սեփական նախաձեռնությամբ»։ Սա վկայում է Ուկրաինայի հանդեպ Թուրքիայի երկդիմի քաղաքականության մասին, որին ականատես ենք եղել նաև Վրաստանի (Աբխազիա) և Չինաստանի (Սինձզյան-Ույղուրյան մարզ) հանդեպ Թուրքիայի քաղաքականությունում, երբ նա պաշտոնապես ճանաչում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն ոչ պաշտոնապես գործում է դրան հակառակ ձևով։
Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց ունեցան։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թուրքական կողմի պնդմամբ՝ Ասադի ավիացիան նոյեմբերի 24-ին (թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24»-ը խոցելուց ուղիղ մեկ տարի անց) Սիրիայի հյուսիսում հարձակում իրականացրեց թուրք զինվորականների վրա՝ սպանելով նրանցից 3-ին և վիրավորելով 10-ին։ Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկեցին նաև Հալեպ մարդասիրական օգնություն հասցնելու և Սիրիայում իրավիճակի վերջնական կարգավորման հարցերը։ Ընդհանուր առմամբ, Պուտինն ու Էրդողանը 23 ժամում երկու անգամ քննարկեցին Սիրիայի հարցը։ Նրանց երրորդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ, երբ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան Սիրիա է մտել Ասադին տապալելու համար։ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Էրդողանը հարկադրված եղավ հետ կանգնել իր խոսքերից և հայտնվել անհարմար իրավիճակում։
Չավուշօղլուն հայտարարեց, որ ժամանակն է փակել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների ճգնաժամային էջը, չեղյալ հայտարարել առևտրային ու վիզային բոլոր սահմանափակումները և մտածել ռազմավարական ապագա հարաբերությունների մասին. «Երկու երկրները գլխավոր դասը քաղել են ճգնաժամից, այն է՝ թե միմյանց համար որքան կարևոր են Ռուսաստանն ու Թուրքիան, որոնց տնտեսությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց»։
ԱՄՆ. Նոյեմբերին Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները կախված են իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին Թուրքիայի իշխանություններին հանձնելու ԱՄՆ ցանկությունից. «Գյուլենի վերադարձն ունի շատ կարևոր նշանակություն։ Այժմ մեր ժողովրդի շրջանում ԱՄՆ իմիջը բացասական է։ Քանի դեռ Գյուլենը չի արտահանձնվել Թուրքիային, մեր ժողովրդի վերաբերմունքն ԱՄՆ-ի հանդեպ կմնա անփոփոխ»։ Նոյեմբերին Սպիտակ տունը խոր մտահոգություն հայտնեց Թուրքիայում քրդամետ, Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) պատգամավորների ձերբակալվելու կապակցությամբ։
Էրդողանը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով Ամերիկայում սկսվում է նոր ժամանակաշրջան։ Նա զանգահարեց և շնորհավորեց Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 45-րդ նախագահ դառնալու կապակցությամբ։ Էրդողանը Թրամփին հորդորել է առաջին պաշտոնական այցը կատարել Թուրքիա՝ ընդգծելով, որ Թուրքիայի և ԱՄՆ հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ, և ինքը չի հավատում Թրամփի ագրեսիվ քաղաքականությանն ընդդեմ մուսուլմանների։
Բինալի Յըլդըրըմը նույնպես հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորեց Թրամփին և կոչ արեց շուտափույթ արտահանձնել Գյուլենին՝ նշելով, որ դրանով Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերություններում կբացվի նոր էջ։ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ ԱՄՆ-ն իր տարածաշրջանային քաղաքականությունում պետք է հաշվի առնի Թուրքիայի ռազմավարական կարևորությունը։
Թուրքական մամուլի պնդմամբ՝ յուրաքանչյուր երկրի դեպքում Թրամփը շփվել է մեկ առաջնորդի հետ և միայն Թուրքիայի պարագայում է, որ նա հեռախոսազրույց է ունեցել երկու առաջնորդի հետ՝ Էրդողան և Յըլդըրըմ։ Նոյեմբերին Էրդողանը հայտարարեց, որ դեկտեմբերին մեկնելու է Չիկագո՝ ներկա գտնվելու ԱՄՆ մուսուլմանների ամենամյա հանդիպմանը և չբացառեց, որ այցի ընթացքում կարող է հանդիպել Թրամփի հետ։
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Անկարան հույսեր է կապում Թրամփի երդմնակալությունից հետո Գյուլենի արտահանձնման և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերի հետ համագործակցությունը դադարեցնելու հետ։ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Անկարան վճռականորեն է տրամադրված PYD զինյալներին Մանբիջից Եփրատ գետի արևելյան ափը մղելու հարցում, ինչպես որ խոստացել էր ԱՄՆ-ը։
Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրեց Սիրիայի խնդիրների լուծմանն «անլուրջ մոտենալու» համար՝ ընդգծելով, որ հիասթափված է Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշումից ու ցայժմ Գյուլենին չարտահանձնելուց։ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը Ֆեթհուլա Գյուլենին որակեց «ավելի վտանգավոր», քան Ուսամա բեն Լադենն ու ԻՊ-ը. «Ալ-Քաիդան ու ԻՊ-ը բաց խոսում են իրենց ահաբեկչական նպատակների մասին, մինչդեռ Գյուլենը քողարկվում է ազատություն, ժողովրդավարություն, երկխոսություն, հանդուրժողականություն հասկացությունների տակ»։
ԵՄ. Նոյեմբերին Էրդողանը հայտարարեց, որ ԵՄ-ը ցայժմ Թուրքիային չի փոխանցել 3 մլրդ եվրոն, որը պարտավորվել էր տրամադրել Անկարայի հետ կնքված միգրացիոն համաձայնագրով. «ԵՄ-ը մեզ խոստացել էր մինչև հուլիս տրամադրել 3 մլրդ եվրո, սակայն մենք ստացել ենք 200-250 մլն։ ԵՄ-ը միգրացիոն խնդրով մտահոգվեց միայն այն բանից հետո, երբ Անկարան հայտարարեց, որ պատրաստ է փախստականների համար բացել ԵՄ-ի հետ սահմանները»։ Չավուշօղլուն հայտարարեց, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Անկարայի համբերությունը մոտենում է ավարտին, և եթե ԵՄ-ը մինչև տարեվերջ քայլեր չձեռնարկի այդ ուղղությամբ, ապա Անկարան կդադարեցնի Բրյուսելի հետ պայմանավորվածությունները պահպանելը։
Սակայն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարեց, որ Թուրքիայի քաղաքացիներին ոչ վիզային ռեժիմ հատկացնելուց ԵՄ հրաժարվելը կլինի ոչ թե եվրոպական իշխանությունների, այլ Էրդողանի սխալը. «Այդ դեպքում պարոն Էրդողանը հարկադրված կլինի թուրքերին բացատրել, թե ինչու նրանք չեն կարողանում ազատորեն շրջել Եվրոպայում։ Մենք չենք կարող նահանջել մեր գլխավոր սկզբունքներից»։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խոր մտահոգություն հայտնեց ԺԴԿ պատգամավորների կալանավորման համար՝ հարցը քննարկելով Չավուշօղլուի և Օմեր Չելիքի հետ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն հայտնեց Cumhuriyet թերթի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ։ Նա հայտարարեց, որ մամուլի ազատությունը կենտրոնական դեր է խաղալու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններում։ Թուրքիայում Գերմանիայի դեսպանն այցելեց Cumhuriyet-ի խմբագրություն, տվյալ իրավիճակը որակեց որպես մտահոգիչ, իսկ Թուրքիայի դեսպանն այդ կապակցությամբ կանչվեց Գերմանիայի ԱԳՆ։
Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ Գերմանիան երկար ժամանակ «աչք է փակել» ահաբեկչական կազմակերպությունների գործունեության վրա և «վերածվել» է մի երկրի, ուր ազատ զբոսնում են ահաբեկչական շարժումների կողմնակիցները։ Չավուշօղլուն հայտարարեց, թե Գերմանիան «ամենաշատն է աջակցում» Թուրքիայի տարածքում գործող ահաբեկիչներին. «Մենք հարցում ենք ուղարկել Գերմանիա՝ պահանջելով հանձնել PKK 4000 անդամի, սակայն նրանք ոչ մեկին չեն արտահանձնել»։
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել թուրքական դիվանագիտական անձնագրեր ունեցող 35 մարդ։ Բացի այդ, թուրքական բանակի մի շարք զինծառայողներ, ովքեր ծառայություն են անցնում Ռամշտայն քաղաքում գտնվող ՆԱՏՕ ավիաբազայում, Գերմանիայի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել։ Էրդողանը, սակայն, զգուշացրեց ՆԱՏՕ-ին՝ դաշինքում թուրք զինծառայողներին պաշտպանություն չտրամադրելու համար։ 2016թ. Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է. մինչև 2016թ. սեպտեմբերն ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Թուրքիայի 3973 քաղաքացի, ինչը կրկնակի ավելի է 2015թ. Գերմանիային դիմած Թուրքիայի քաղաքացիների ընդհանուր թվից:
Եվրահանձնաժողովը հրապարակեց ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի պատրաստվածության մասին մոտ 100 էջանոց զեկույցը, որն ամենաբացասական զեկույցն է վերջին տարիների համար։ Դրանում նշված էր, որ խոսքի ազատության, արդարադատության ոլորտներում վերջին մեկ տարում գրանցվել է խիստ հետընթաց, որ Թուրքիան ընտրովի է կիրառում ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքները։ Զեկույցում լուրջ մտահոգություն էր հայտնվում ՌՀՓ-ից հետո մեծ թվով լրագրողների ձերբակալությունների և ԶԼՄ փակման առնչությամբ։ Նուման Քուրթուլմուշը դատապարտեց այդ զեկույցը՝ այն որակելով «կանխակալ փաստաթուղթ»։
թուրքական կողմը քննադատեց Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնին, որը չէր բացառել, որ Էրդողանի վարած քաղաքականության պատճառով ԵՄ-ը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։ Ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեին Մուֆթուօղլուն հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը «գլխավորում» է Եվրոպայում ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակը։ Մարտին Շուլցը նույնպես հայտարարեց, որ ԵՄ-ը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված լրագրողների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների հետ: Նրա խոսքերով՝ Անկարան կանցնի կարմիր գիծը, եթե նորից մահապատիժ ներդնի: Չավուշօղլուն Շուլցին մեղադրեց «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ։
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն առաջարկեց կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները՝ ընդգծելով, որ Թուրքիան մարդու իրավունքների և օրենքների տեսանկյունից Եվրոպայից շատ է հեռացել։ Ավստրիայի կառավարությունն ընդունեց քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը, որն առաջարկում է դադարեցնել զենքի մատակարարումն այն երկրներին, ուր առկա է ռազմական դրություն կամ ռազմական հեղաշրջման վտանգ։
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը սառեցնելու մասին բանաձևը (479 կողմ, 37 դեմ, 107 ձեռնպահ): Թեպետ դա չուներ օրենքի ուժ, այնուամենայնիվ, ԵՄ-ին ու նրա անդամ երկրների ղեկավարությանը հասցեագրված կարևոր ուղերձ է: Էրդողանը հայտարարեց, որ Եվրախորհրդարանի ընդունած որոշումն «արժեք չունի» իրենց համար և ԵՄ-ին սպառնաց Trexit-ով. «Թուրքիայում քննարկվում է ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու տարբերակը։ Հետագայում, եթե պետք լինի, Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի՝ ինչպես Մեծ Բրիտանիան գնաց հանրաքվեի։ Թուրքիան կարող է ԵՄ-ի փոխարեն անդամակցել ՇՀԿ-ին։ Այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ։ Թուրքիան չի անցկացնում հարաբերությունների վերագնահատում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ»: Հարկ է նշել, որ ՇՀԿ-ն, որի անդամներն են Ռուսաստանն ու Չինաստանը, չի կարող Թուրքիայի համար այլընտրանք լինել ԵՄ-ին, քանի որ անդամակցության դեպքում նա չի կարողանա ծանրակշիռ դեր ունենալ ՇՀԿ-ում։ Մինչդեռ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան կդառնա տարածքային առումով թիվ 1, բնակչության առումով ներկայումս թիվ 2 (Գերմանիայից հետո), ապագայում՝ դարձյալ թիվ 1 երկիրը (Թուրքիայում բնակչության աճի տեմպերն ավելի բարձր են), ինչը նշանակում է, որ Թուրքիան մոտ 100 ներկայացուցիչ կունենա 751 հոգանոց Եվրախորհրդարանում և մեծ ազդեցություն կունենա ԵՄ-ում որոշումների ընդունման վրա։ Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները խորամանկության են դիմում՝ մահապատիժը վերականգնելու իրենց խորին ցանկությունը և ԵՄ-ից իրենց խորին հիասթափվածությունը (այդ խնդիրների շուրջ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը) ներկայացնելով որպես ժողովրդի հիասթափություն և սեփական ձգտումները քողարկելով ժողովրդի անվան տակ։
Իսրայել. Նոյեմբերին Անկարայում Իսրայելի դեսպանի պաշտոնին նշանակվեց Էյթան Նաեհը, որը 1990-ականներին աշխատել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատանը։ Թել Ավիվում Թուրքիայի դեսպան նշանակվեց նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Քեմալ Օքեմը։ Դեսպանների նշանակումը տեղի ունեցավ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացումից 6.5 տարի հետո։
Դեսպանների նշանակումից օրեր անց Էրդողանը 2014թ. Գազայում Իսրայելի գործողությունները հավասարեցրեց նացիստական գազանությունների հետ. «Ես համաձայն չեմ նրա հետ, ինչ արել է Հիտլերը, և համաձայն չեմ նրա հետ, ինչ Գազայի հատվածում արել է Իսրայելը։ Անիմաստ է հարցնելը և համեմատելը, թե որն էր ավելի բարբարոսական։ Իսրայելը հազարավոր մարդկանց է սպանել Գազայում ու Պաղեստինում»։ Էրդողանը կրկնել է 2009թ. Դավոսում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին ուղղած խոսքերը. «Դուք շատ լավ գիտեք, թե ինչպես սպանեք»։ Էրդողանի խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական կազմակերպություն է, այլ ազգային զարթոնքից ծնված քաղաքական շարժում։
Էրդողանի այդ հայտարարությունը չխանգարեց, որ Իսրայելն ընդունի Թուրքիայի օգնության առաջարկը և վարչապետ Բենիամին Նեթանյահուի մակարդակով շնորհակալություն հայտնի նրան՝ կապված երկրում ծագած անտառային հրդեհների մարման համար Թուրքիայից հրշեջ ինքնաթիռների ուղարկման հետ։ Նոյեմբերին Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց Արևելյան Երուսաղեմում 181 տուն կառուցելու Իսրայելի իշխանությունների որոշումը։ Թուրքիայի Կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզը դատապարտեց Իսրայելում ներկայացված նոր օրինագիծը, որն առնչվում է բարձրախոսներով ազան (մահմեդականների աղոթքի հրավեր) հնչեցնելն արգելելը. «Այդ փաստաթուղթն իսլամը և Երուսաղեմում մուսուլմանների ներկայությունը հերքելու փորձ է»։ Այս ամենը վկայում է, որ մուսուլմանների իրավունքների ինքնահռչակ պաշտպան Թուրքիան պարզապես «դատապարտված» է հետագայում շարունակ քննադատել Իսրայելին՝ կապված մուսուլմաններին առնչվող նրա այս կամ այն գործողության հետ, ինչը որոշակի լարվածություն կապահովի թուրք-իսրայելական հարաբերություններում։
Ադրբեջան Վրաստան. Նոյեմբերին Էրդողանը Ստամբուլի Ֆինանսական կոնգրեսի ժամանակ հայտարարեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։ Կարսի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարեց, որ ԲԹԿ թուրքական հատվածով առաջին փորձնական գնացքը կանցնի 2017թ. հունվարի 1-ին։ Նրա խոսքերով՝ ԲԹԿ շահագործումը կհեշտացնի տեղական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև Չինաստանն այդ երկաթուղով կկարողանա իր արտադրանքը 15 օրում արտահանել Եվրոպա, ինչը ծովային ճանապարհով տևում է 1.5-2 ամիս։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարեց, որ մինչև 2016թ. ավարտը ծրագրված է 55%-ով ավարտել TANAP գազատարի կառուցումը. «Թուրքիան վստահորեն շարժվում է էներգետիկ հանգույց ստեղծելու ուղղությամբ և հաջողությամբ իրականացնում է էներգաաղբյուրների դիվերսիֆիկացում։ TANAP ու «Թուրքական հոսք» գազատարները կօգնեն Թուրքիային վերածվել գազի առևտրի կենտրոնի»։
Եվրահանձնաժողովը Թուրքիայի մասին վերոնշյալ զեկույցում նշեց, որ Թուրքիան ապրիլյան պատերազմի ժամանակ անթաքույց աջակցել է Ադրբեջանին և չի վավերացրել 2009թ. ցյուրիխյան արձանագրությունները։ Զեկույցն անդրադարձել էր նաև Ստամբուլում «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության փաստով քրեական գործի ձգձգմանն ու Կարսում հակահայկական քարոզչությանը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]