
ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ
Արմինե Բադալյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կովկասագիտության բաժին, չորրորդ կուրսի ուսանողուհի
Թուրք-մեսխեթցիներն իրենց հավաքական անվանումը ստացել են Մեսխեթ բնակավայրից (Սամցխե)1: Նրանք իրենց անվանում էին Ախալցխայի թուրքեր2: Դրա հետ մեկտեղ կիրառվում էին նաև թուրք, ազերի, մահմեդական, վրացի, ղրղզ և այլ անվանումներ: «Թուրք-մեսխեթցիներ» անվանումը ծագել է 20-րդ դարի 70-ական թթ., բայց տարածվել է միայն 80-ական թթ. վերջին - 90-ական թթ. սկզբին: Մեսխեթցիների փոքր մասն իրեն համարում է «վրացի մահմեդական» կամ «մեսխեթցի»: Թուրք-մեսխեթցիները սուննի մահմեդականներ են և խոսում են թուրքերենի արևելաանատոլիական բարբառներից մեկով: Նրանց բառապաշարում կան նաև որոշ վրացական բառեր:
Ժամանակակից գիտության մեջ թուրք-մեսխեթցիների ծագումնաբանության վերաբերյալ գոյություն ունի երկու հիմնական տեսակետ, որոնցից մեկի համաձայն` ժամանակակից թուրք-մեսխեթցիները Մեսխեթի թուրքական բնակչության սերունդներ են, ըստ երկրորդի` նրանք իսլամ ընդունած և թուրքական լեզուն յուրացրած վրացիների ժառանգներ են: Այս վերջին տեսակետի հետևորդները հիմնականում վրաց հետազոտողներն են:
Ըստ վրացական վարկածի՝ թուրք-մեսխեթցիները վրացական մեսխ ցեղից են, որը 1578թ. օսմանյան ներխուժումից հետո ընդունել է իսլամ և աստիճանաբար թուրքացել: Թուրքական և ադրբեջանական պնդումների համաձայն՝ թուրք-օղուզները հայտնվել են Վրաստանում դեռևս 11-12-րդ դդ. Միջին Ասիայից: Նրանք պարբերաբար հարձակվել են Վրաստանի վրա, և վրաց Դավիթ 4-րդ արքան (1089-1125թթ.) թուրքական ցեղերից մեկին` ղփչաղներին, բնակեցրել է իր տերության արևելյան և հարավարևելյան տարածքներում, այդ թվում Սամցխե-Ջավախքում և Մեսխեթում: Ամենաիրատեսական տարբերակն այս երկու տեսակետների միավորումն է, այսինքն՝ թուրք-մեսխեթցիներին կարելի է համարել Միջին Ասիայից այստեղ քոչած թուրքերի և մահմեդականացած վրացիների խառնուրդ3: Ըստ ադրբեջանցի ուսումնասիրող Ա.Յունուսովի՝ «մեսխեթցի թուրքերի ծագման խնդիրը շատ բարդ ու բազմազան է և սերտորեն կապված է թուրքական աշխարհի և վրացիների փոխհարաբերությունների պատմության հետ»4: Համաձայն Ա.Յունուսովի կարծիքի՝ թուրք-մեսխեթցիների մեծ մասը թուրքական ցեղերի սերունդներ են, այլ ոչ թե թրքացած վրացիներ5:
Վրացական ծագման դիրքորոշումն արտահայտված է հատկապես վրացագետ Գ.Մամուլիայի աշխատությունում, որը մասնավորապես նշում է. «Սամցխե-Ջավախքից մուսուլմանական բնակչության տեղահանման քաղաքականությունը մշակվել է նախորդ դարի 30-ական թթ. ցարական կառավարության կողմից, երբ միասնական Վրաստան դեռևս գոյություն չուներ: 1828թ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանը գրավում է Օսմանյան կայսրության հյուսիսային մասը: Օսմանյան կայսրության ավելի քան երկու հարյուր տարվա տիրապետությունից հետո այստեղ ձևավորվում է հետևյալ էթնիկ և կրոնական պատկերը. Մեսխեթի հյուսիսային հատվածի գյուղերի մեծ մասը թուրքացվել էր, վրացական բնակչության մի փոքր մասը հարել էր Հայ Առաքելական եկեղեցուն, իսկ մյուս մասն էլ գտնվում էր իրենց ուղղափառ հավատքը կորցնելու ճանապարհին: Բացի դրանից՝ Սամցխե-Ջավախքից քոչում էին քրդերի և այլ ազգություններ ներկայացնող փախստականների փոքր խմբեր, որոնք այստեղ էին ժամանել 18-րդ դարում: Այսպիսով՝ 19-րդ դարի 30-ական թթ. Սամցխե-Ջավախքում բնակվում էին 3 ազգություն ներկայացնող մուսուլմաններ՝ վրացիներ, թարաքամաներ և քրդեր»6:
Մինչև 1944թ. թուրք-մեսխեթցիներն ապրել են Ախալցխայի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջանների 212 գյուղերում: 1944թ. նոյեմբերի 14-ից մինչև 1944թ. դեկտեմբեր բազմաթիվ ազգեր, այդ թվում թուրք-մեսխեթցիներ, որոնց թիվը մոտ 90.000 էր, ստալինյան բռնաճնշումների հետևանքով տեղահանվեցին իրենց բնակության վայրից և բռնի կերպով ուղարկվեցին Միջին Ասիա: Ընդհանուր առմամբ, բռնագաղթի է ենթարկվել 115 հազ. 500 հոգի, որոնցից մոտ 17 հազարը մահացել է ճանապարհին։ Բռնագաղթված թուրք-մեսխեթցիները տեղաբաշխվեցին Ուզբեկստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի տարբեր շրջաններում` որպես «հատուկ վերաբնակներ»։ 1956թ., երբ թուրք-մեսխեթցիներից հանվեցին հատուկ վերաբնակության սահմանափակումները, նրանց մի մասը սկսեց վերադառնալ Կովկասի տարբեր շրջաններ։ 1950-ական թթ. մեսխեթցի-թուրքերի շրջանում հասունանում էր մի շարժում, որը կոչ էր անում վերադառնալ Վրաստան։
Ստալինյան ժամանակաշրջանի տեղահանման հետ միասին թուրք-մեսխեթցիների պատմության մյուս ողբերգական էջը 1989թ. Ուզբեկստանում տեղի ունեցած զանգվածային խռովություններն են: 1989թ. հունիսին մեսխեթցիները, որոնք ապրում էին Ուզբեկստանի Ֆերգանայի հովտում, դարձան զանգվածային ջարդերի զոհ: Այդ ընդհարումը, ըստ պաշտոնական վարկածի, ծագել է ինքնաբերաբար` առանց կազմակերպված քաղաքական ծրագրի, սակայն մեկ այլ վարկածի համաձայն՝ ջարդերը նախօրոք հրահրված են եղել: Այդ իրադարձությունների ականատես ռուս ազգագրագետ Ս.Աբաշինը տարակուսանքով նշում է. «Ինչո՞ւ այս ոչ մեծ էթնիկական խումբը, որը լեզվով, մշակույթով, կրոնով ավելի մոտ էր թվում տեղաբնիկներին, քան մյուս եկվոր ազգային փոքրամասնությունները, զոհ դարձավ ուզբեկների կատաղի զայրույթին» 7: Ֆերգանայում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ավելի քան 16 հազար մեսխեթցի-թուրք տարհանվեց Ռուսաստան։ Մեկուկես տարվա ընթացքում ավելի քան 90 հազար հոգի տեղափոխվեց Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Ղազախստան, Ուկրաինա, ԱՄՆ։
«Meskhetian Turks Բաց հասարակություն» ինստիտուտի «Solution and Human Security» աշխատանքի մեջ նշվում է. «Ուզբեկստանից տարհանված թուրք-մեսխեթցիներից շատերը, որոնց քանակը գնահատվում է ավելի քան 70 հազար մարդ, բնակություն են հաստատել Ադրբեջանում: Մյուսները գնացել են Ռուսաստանի տարբեր մարզեր, հատկապես Կրասնոդարի երկրամաս»8:
Ֆերգանայի իրադարձությունները և դրա արդյունքում՝ թուրք-մեսխեթ¬ցիների վերաբնակեցումը Կրասնոդարում ու այնտեղ նրանց նկատմամբ իրականացված անհանդուրժողական քաղաքականությունը նպաստեցին այդ հիմնահարցի արդիականացմանն ու լուծման տարբերակների մշակմանը:
Վերաբնակեցման համատեքստում պետք է նշել, որ Վրաստանը, 1999թ. դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորություն վերցրեց օժանդակել թուրք-մեսխեթցիներին մինչև 2016թ. վերադառնալ Վրաստան: Այդ ուղղությամբ աշխատանքների համար Վրաստանում ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր բռնագաղթված մեսխեթցիների հայրենադարձման հարցերով։ Սակայն Թբիլիսիի կողմից հստակ քայլեր դեռ չեն իրականացվում: Վրաստանում այսօր բնակվում է ընդամենը 700 մեսխեթցի։ Թուրք-մեսխեթցիների համայնքներ կան Ղազախստանում (150 հազ.), Ադրբեջանում (95 հազ.), Ռուսաստանում(70 հազ.) Ղրղզստանում (50 հազ.), Թուրքիայում (35 հազ.), Ուզբեկստանում (30 հազ.), Ուկրաինայում (9 հազ.), ԱՄՆ-ում (2 հազ.)։
Թուրքիայի մասին խոսելիս պետք է նշել, որ այնտեղ բնակվող մեսխեթցիների համայնքը բաժանվում է երկու մասի.
1. 19-րդ դարավերջից մինչև ստալինյան բռնաճնշումներ Թուրքիա գաղթած մեսխեթցիների սերունդներ,
2. ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիա գաղթածներ։
Առաջին խումբն արդեն ուծացված է, իսկ երկրորդը, որ կազմում է մեծամասնությունը, դեռ առանձնանում է իր ինքնության գիտակցմամբ։ 1992թ. Թուրքիայում ընդունվեց հատուկ օրենք, որը հեշտացնում էր մեսխեթցիների ներգաղթը երկիր։ Թուրքիա ներգաղթած մեսխեթցիների մեծ մասը կտրականապես դեմ է Վրաստանում վերաբնակվելուն ու համարում է, որ Թուրքիա գալով` արդեն վերագտել է բուն հայրենիքը։ Մեսխեթցիների մեծամասնությունը բնակվում է Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում (շուրջ 20 հազ.), մնացածը հիմնականում տեղաբաշխված է Հայաստանի ու Վրաստանի սահմանին մերձակա տարածքներում` Էրզրում, Իգդիր, Արդահան:
Թուրք-մեսխեթցիներն ունեն մի շարք կազմակերպություններ, որոնք կոչված են պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը, սակայն ակնհայտորեն ֆինանսավորվում են առանձին պետությունների կողմից և գործում նրանց շահերին համապատասխան։ Դրանցից ամենահայտնին «Վաթան» (թուրքերեն՝ «Հայրենիք») կազմակերպությունն է, որը հիմնվել է 1990թ.։ «Վաթանի» հիմնական նպատակներն են` հասնել 1940-ականների բռնագաղթի անարդարացիության ճանաչմանն ու թուրք-մեսխեթցիների վերաբնակեցմանը բնակության նախկին վայրերում, մասնավորապես` Ախալցխայում։ Կազմակերպությունը գտնվում է Անկարայի վերահսկողության ներքո և վարում է հիմնականում Թուրքիայի շահերին համապատասխան քաղաքականություն։
Ընդդեմ «Վաթանի»՝ Վրաստանի կառավարությունը ստեղծել էր «Խսնա» (վրացերեն՝ «Փրկություն») անունով մեկ այլ կազմակերպություն, որի նպատակների մեջ էր մտնում մեսխեթցիների վերաբնակեցումը Վրաստանում, սակայն նրանք չէին սահմանափակվում միայն Սամցխե-Ջավախքի շրջանով, այլ կոչ էին անում բնակություն հաստատել ողջ Վրաստանի տարածքում։ Բացի այդ, ի տարբերություն «Վաթանի», որը մեսխեթցիներին համարում է թուրքեր ու պահանջում Վրաստան վերադառնալու պարագայում վերջիններիս տրամադրել ազգային փոքրամասնություններին հատուկ իրավունքներ, «Խսնան» մեսխեթցիներին համարում էր մահմեդականացած վրացիներ ու չէր ճանաչում նրանց որպես ազգային փոքրամասնություն։ «Խսնայի» փակումից հետո նրա իրավահաջորդը դարձավ «Վրացի վերաբնակների միությունը», որը գաղափարապես չի տարբերվում իր նախորդից9։
Վրաց քաղաքագետները, վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ անդրադառնալով թուրք-մեսխեթցիների՝ Ախալցխա վերադառնալու խնդրին, առաջարկում են տարբեր լուծումներ, բայց դրանցից և ոչ մեկը չի առաջարկում արդեն շուրջ վեց տասնամյակ թուրք-մեսխեթցիների բնակավայրերը զբաղեցրած վրաց ազգաբնակչության տեղահանում: Մյուս կողմից՝ ընդգծված ծայրահեղական մոտեցումներով են հանդես գալիս թուրք-մեսխեթցիների շահերը ներկայացնող որոշ գործիչներ: Այս առումով Բիշքեկում տեղի ունեցած թուրք-մեսխեթցիների համագումարում ընդունված բանաձևում ասվում է. «Մենք թուրքեր ենք, ուզում ենք վերադառնալ ոչ թե Վրաստան, այլ Թուրքիա՝ Ախալցխայի փաշայություն, որը խլել է Վրաստանը՝ ռուս գեներալ Պասկևիչը, 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Հետագայում թուրքական այդ տարածքը Վրաստանի սահմաններում հայտնվեց, որի հետևանքով էլ մենք հետապնդվում ենք ու տանջվում: Կվերադառնանք այնտեղ միայն այն դեպքում, եթե Ախալցխայի փաշայությունը միանա իր մայր հայրենիք Թուրքիային, ոչ մի դեպքում չենք սովորի վրացերեն լեզուն, չենք հաճախի վրացական դպրոց և ոչ էլ վրացական եկեղեցի»10:
Պետք է ասել, որ այսօր, ավելի քան երբևէ, թուրք-մեսխեթցիների հարցը բավական արդիական է և շոշափում է մի քանի երկրների շահեր:
Թուրք-մեսխեթցիների հարցով բավական ակտիվացել է Թուրքիան, որը շահագրգռված է թուրք-մեսխեթցիների Ջավախք վերադառնալու խնդրով: Թուրք գործիչները նշում են, որ թուրք-մեսխեթցիներն առանձին էթնիկ միավոր են, իսկ այդ հողերը որքան Վրաստանինն են, այնքան էլ նրանցն են` ավելացնելով, որ այս հարցը քաղաքական ենթատեքստ չունի և բացառապես հումանիտար քայլ է: Թուրքական իշխանությունները նաև նշում են, որ ամեն բան պատրաստ են անել այդ մարդկանց իրենց հայրենիք վերադարձնելու համար, սակայն առկա իրողություններն այլ բան են փաստում: Ուսումնասիրելով որոշակի գործոններ, միաժամանակ գիտակցելով Թուրքիայի վաղեմի երազանքը՝ Մեծ Թուրանը, կարելի է հանգել այն եզրակացության, որ, թուրք-մեսխեթցիներին Ջավախք կամ Սամցխե վերդարձնելով Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են իրականացնել իրենց երազանքը.
1. Արդի Վրաստանի հարավը՝ Ջավախքը և Բորչալուն, հանդիսանում են այն ճանապարհը, որը կապում է Թուրքիան Ադրբեջանին, դրանով այս երկու երկրների միջև ստեղծվում է հաղորդակցման գիծ: Կան և նաև շարունակում են կառուցվել երկաթուղի, ավտոմայրուղի, խողովակաշարեր և այլն: Դրանով Թուրքիան ձեռք է բերում ռազմավարական առավելություն, միավորվում են երկու եղբայրական պետությունները, մասամբ իրականություն է դառնում Մեծ Թուրանի ծրագիրը: Այդ առումով թուրք-մեսխեթցիները բավական լուրջ գործոն են Թուրքիայի համար:
2. Երկրորդ խնդիրը, որը շահագրգռում է Թուրքիային թուրք-մեսխեթցիների վերադարձի ծրագրին աջակցելու առումով, Հայաստանը լիովին մեկուսացնելու ծրագիրն է: Իսկ դրա պատճառները հետևյալն են` Հայաստանը քրիստոնյա երկիր է և հանդիսանում է բազմադարյա սեպ մուսուլմանական Թուրանի միջև խրված, դրա հետ մեկտեղ Թուրքիայի և Ադրբեջանի հակառակորդն է տարածաշրջանում: Այս պայմաններում, եթե հաշվի ենք առնում Թուրքիայի և Ադրբեջանի գործոնն ու Իրանի հարավային շրջանների թյուրքերով բնակեցված լինելը, ապա թուրք-մեսխեթցիների՝ Սամցխե-Ջավախքում հայտնվելու պարագայում Հայաստանը կհայտնվի լիակատար թյուրքական շրջափակման մեջ:
Վրաստանն այս հարցում ունի հստակ դիրքորոշում. նա չի ցանկանում, որ թուրք-մեսխեթցիները վերադառնան Վրաստան, հատկապես Ջավախք, քանի որ դա կվնասի իր տարածքային ամբողջականությանը: Թուրքիան և Ադրբեջանը դրանով ցանկանում են լուծել իրենց վաղեմի երազանքը, և չի բացառվում, որ պայքար կհրահրեն Ջավախքը Վրաստանից անջատելու և միմյանց միջև միավորման գիծ ստեղծելու համար, ինչը, բնականաբար, չի բխում Վրաստանի շահերից: Այդ իսկ պատճառով Վրաստանը չի շտապում թուրք-մեսխեթցիներին բնակեցնել Մեսխեթում, նրանց համարում է մահմեդականացված վրացիներ: Փոխարենը հարկ եղած դեպքում նրանց բնակեցնում է երկրի ողջ տարածքում՝ թույլ չտալով կենտրոնանալ մեկ տարածքում, քանի որ զգուշանում է իր վտանգավոր հարևաններից։
Ռուսաստանը ևս, ունենալով խնդիրներ Վրաստանի հետ, շահագրգռված է թուրք-մեսխեթցիների Վրաստան վերադառնալու խնդրով՝ ցանկանալով փոխել էթնիկ կազմն ի հաշիվ ոչ վրացի տարրերի:
Այսպիսով` թուրք-մեսխեթցիների շուրջ ծավալվող գործընթացները, դրանց համալիր ազդեցությունը, հետևանքներն ու դրանց ճիշտ վերլուծությունը կարևոր նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ջավախահայության և Հայաստանի ազգային անվտանգության համար:
1 Կարապետյան Ս., «Ախալցխա», Երևան, 2008, էջ 8։
2 Թուրքերեն՝ «Ahıska Türkleri».
3 «Մշակ», 1896, № 23, էջ 3։
4 Юнусов А., Месхетинские турки: дважды депортированный народ, Баку, 2000, с. 11.
5 Նույն տեղում, էջ 45։
6 Мамулия Г., Концепция государственной политики Грузии в отношении депортированных и репатриированных в Грузию месхов. История и современность // Центральная Азия и Кавказ, 1992, №2, http://www.ca-c.org/journal/cac-02-1999/st_19_mamulija.shtml
7 Абашин С., На разломе «южной дуги» (из блокнота этнографа) // Вестник Евразии, Москва, 2000, c. 117.
8 Meskhetian Turks. Solution and Human Security. The Forced Migration Projects of the Open Society Institute, p. 7.
9 Շաքարյան Ա., «Թուրք մեսխեթցիները՝ տարածաշրջանային գործոն», http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=539
10 “ალია” ,2005., №12.
դեպի ետ