• am
  • ru
  • en
Версия для печати
03.11.2016

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս,
քաղաքական գիտությունների թեկնածու

Ղարաբաղյան հակամարտություն. Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդրիոյին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հրատապ հարցեր, ներառյալ՝ մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրագործման հարցը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տիրող ներկա իրավիճակը: Հակառակ եռանախագահների ջանքերին և պայմանավորվածություններին՝ պաշտոնական Բաքուն դարձյալ փորձում է առաջ տանել խնդրի լուծման սեփական պատկերացումները: Այդ օրերին ադրբեջանական տարբեր պաշտոնյաների կողմից կրկին հնչեցվեց այսպես կոչված գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման պահանջը: ԱՀ պաշտպանության նախարար Զ.Հասանովը Ղուրբան բայրամ տոնի առթիվ զինծառայողներին հղված շնորհավորական ուղերձում հայտարարեց, որ «ադրբեջանական բանակն ամենասեղմ ժամկետներում պետք է ազատագրի օկուպացված տարածքները»: Իսկ ԱԳ նախարար Է.Մամեդյարովը, Պոտսդամում կայացած ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ելույթ ունենալով, դարձյալ բարձրացրեց հայկական զինված ուժերի դուրսբերման հարցը՝ ադրբեջանական մեկնությամբ վկայակոչելով միջազգային իրավունքը: Դրան զուգահեռ՝ շարունակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի անարդյունավետությանն ուղղված քաղաքականությունը: Գործնականում դա արտահայտվում է Մինսկի խմբի ձևաչափի այլընտրանքային հարթակների որոնման և հակամարտության կարգավորման գործընթացում իր շահերն արտահայտող կառույցներում որոշումների ընդունմամբ: Այս շարքում, թերևս, արժե հիշատակել ԵԽԽՎ-ում տխրահռչակ Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցը: Այնուհետև Բաքուն ընտրեց Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ), որը հասկանալի պատճառնելով չի թաքցնում Ադրբեջանի նկատմամբ համակրանքը: Ապրիլի 13-15-ը Ստամբուլում կայացած գագաթաժողովում ստեղծվեց Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ, որի առաջին նիստը կայացավ սեպտեմբերի 20-ին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: Նրա աշխատանքների ուղղվածությունը դժվար չէ կանխատեսել: Ադրբեջանի ղեկավարության որդեգրած այս քաղաքականության համատեքստում կարելի է դիտարկել սեպտեմբերի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, որը, խոսելով սառեցված հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին, նշել է, թե Ղարաբաղյան հակամարտության հարցում դեռ հեռանկարներ չկան, քանի որ երկու երկրների առաջնորդները պատրաստ չեն, կա որոշակի լարվածություն:

Հայաստան-Արցախ. ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ին Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ: ԼՂՀ նախագահի և Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հրավերով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտում աշխատանքն է սկսել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Եռօրյա ժողովի ընթացքում քննարկվել են Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, ներկայացվել են զեկույցներ եկեղեցական կառույցների և թեմերի գործունեության վերաբերյալ: Օգոստոսի սկզբին պաշտոնական այցով Ստեփանակերտում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ: Այցելելով ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն՝ հերթական անակնկալը մատուցվեց արցախցի գործընկերներին՝ նվիրելով «ՈւԱԶ» մակնիշի նոր մեքենաներ: Հայկական զույգ հանրապետությունների համագործակցության շրջանակներում օգոստոսի 8-ին Արցախում էր ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը, օգոստոսի 9-ին՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումներում քննարկվել են համանուն գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սեպտեմբերի 21-ին ԼՂՀ նախագահը Երևանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տարաբնույթ միջոցառումներին, ներկա գտնվել Անկախության տոնի զորահանդեսին: Այնուհետև Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ և քննարկել համահայկական նշանակության հարցեր: ԼՂՀ վարչապետը սեպտեմբերի 23-ին ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների՝ կառույցի համահիմնադիր, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի գլխավորությամբ: Հյուրերը ներկայացրել են հիմնադրամի ծրագրերը, հետազոտության արդյունքները և առաջարկել Արցախում սկսել փորձարարական ծրագիր՝ 3-4 սերունդ արցախյան ծագում ունեցող անձանց գենետիկական հետազոտություն անցկացնելու նպատակով: Հետազոտությունների արդյունքների շնորհիվ հնարավորություն կընձեռվի հիվանդությունների կանխարգելման և բուժման գործընթացներում արդյունավետորեն կիրառել գիտության վերջին նվաճումները:

ԼՂՀ-Սփյուռք. Հայրենիք-Սփյուռք համագործակցության շրջանակներում Արցախում գտնվող «Տավիթյան» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Ասո Տավիթյանին սեպտեմբերի 6-ին հյուրընկալել են ԼՂՀ նախագահն ու արտգործնախարարը: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել հիմնադրամի գործունեությունը ԱՄՆ առաջատար բուհերում կրթություն ստանալու հարցում Արցախի ուսանողներին աջակցելու համար, որի արդյունքում Արցախն ունեցավ բազմաթիվ որակյալ կադրեր: Արցախին ցուցաբերվող աջակցության շրջանակներում, սփյուռքահայ մի շարք հայրենակիցներ շարունակեցին իրենց բարեգործական առաքելությունը: ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայրենակիցները ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտունու շրջանային փրկարարական բաժնին նվիրեցին «ԿամԱԶ» մակնիշի բարձր անցանելիության հատուկ հրշեջ մեքենա: Սեպտեմբերի 18-ին Արցախում էր Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պատվիրակությունը՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ, 19-ին՝ Հայ դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանը, 24-ին՝ Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությունը՝ ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորությամբ, 26-ին՝ Կանադայից Արցախ ժամանած հայ ուխտավորների խումբը՝ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի առաջնորդությամբ: ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումներում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը և միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարիտ տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Սփյուռքի դերն Արցախի վերականգնման և զարգացման գործում, շեշտվել է, որ նման ուժեղ թիկունքի առկայությունն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին առավել վստահ քայլերի մղում: Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի բացումից երկու տարի անց «Տաշիր» հիմնադրամը հերթական ազգանվեր քայլը կատարեց. սեպտեմբերի 20-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ 200 մլն դրամ արժողությամբ բժշկական կենտրոնի բարեկարգված տարածքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Բարերար Սամվել Կարապետյանը բոլոր հայերի պարտքը համարեց հայրենիքին աջակցություն ցուցաբերելը և խոստացավ այսուհետ ևս լուրջ մասնակցություն ունենալ Արցախի զարգացման գործին:

Բելգիա-Արցախ. Ադրբեջանի Հանրապետության՝ Արցախին միջազգային քաղաքական գործընթացներից մեկուսացնելուն ուղղված քաղաքականության պայմաններում կարևոր նշանակություն ունեն տարբեր ձևաչափերով արտաքին աշխարհի հետ շփումները, ինչը Ղարաբաղյան հակամարտության իրական կերպարը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղիներից մեկն է: Այս շրջանակներում սեպտեմբերի 3-ին Արցախում էին Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորներ: ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումներում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր երկիր՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում, այն դիտարկելով որպես անկեղծ և անշահախնդիր բարեկամության և մեր հաջողությունների առանցքային բաղադրամասերից մեկը: Չեն ուշացել նաև Բելգիա փոխադարձ այցելությունները: Սեպտեմբերի 27-ին Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ, այնուհետև՝ Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի և մյուս անդամների, սեպտեմբերի 28-ին՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի և Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է համատեղ ծրագրերի, եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5-ն Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այցի ընթացքում Կարեն Միրզոյանը որպես հիմնական բանախոս Եվրախորհրդարանի շենքում հանդես է եկել ելույթով՝ Ֆրանկ Էնգելի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղան–քննարկմանը։

Սեպտեմբերի վերջին եռօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում էր նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը: Սեպտեմբերի 27-ին պատվիրակության անդամները Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի և խմբի անդամների հետ, մասնակցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նիստին, սեպտեմբերի 28-ին հանդիպել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոյի և մյուս անդամների հետ: Օրվա երկրորդ կեսին Արցախի պատգամավորներն այցելել են Ֆլամանդական խորհրդարան:

Ֆրանսիա-Արցախ. Սեպտեմբերի 20-ին Արցախում էր Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Լյուկ Կառվունասի գլխավորությամբ, 26-ին՝ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և նրան ուղեկցող անձինք: ԼՂՀ նախագահի, ԱԺ խոսնակի և պաշտոնական այլ շրջանակների հետ հանդիպումներում քննարկվել են Ալֆորվիլի և Արցախի մի շարք քաղաքների փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող այլ հարցեր: Բարձր է գնահատվել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամություն շրջանակի գործունեությունն Արցախին սատարելու հարցում: Նույն օրը ԼՂՀ վարչապետն ընդունել է «Էսպեէֆա» բարեգործական կազմակերպության անդամներին և Փարիզի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի պատվիրակություններին՝ բարերար Ժաք Մաթոսյանի և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ: Ա.Հարությունյանը կարևորել է ֆրանսահայերի և ֆրանսիացի գործիչների մասնակցությունը տարբեր նախագծերին, շեշտել «Էսպեէֆա» կազմակերպության և Ֆրանսուա Ռոշբլուանի էական դերն Արցախի հասարակական, քաղաքական կյանքում:

Հետաքրքիր այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել Արցախում։ Սեպտեմբերի 15-ին Արցախում էին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ տնօրեն Դիոգո Պինտոն և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: ԼՂՀ ԱԺ նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումներում բարձր է գնահատվել կազմակերպության հետևողական գործունեությունը՝ ուղղված եվրոպական հանրության իրազեկվածության բարձրացմանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ: ԼՂՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 27-ին ընդունել է 85-րդ այցով Արցախ ժամանած բարոնուհի Քերոլայն Քոքսին և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին: «Արցախը ճանաչելի է դառնում նաև Ձեզանով, քանզի ամեն անգամ Դուք բարեկամների նոր խումբ եք բերում Արցախ: Այդ հանգամանքը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանն անընդհատ փորձում է ապակողմնորոշել միջազգային կառույցներին՝ սուտ և սխալ տեղեկատվություն տարածելով մեր երկրի մասին»,- նշել է Ա.Ղուլյանը: Քննարկվել են խորհրդարանական կապերի ընդլայնման, մարդու իրավունքների պաշտպանության, Ստեփանակերտում գործող վերականգնողական կենտրոնի գործունեության, ապրիլյան պատերազմական գործողություններից հետո փաստերի հավաքագրման և մարդասիրական բնույթի այլ թեմաներ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր