ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ
Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ
Ռազմական հեղաշրջում
Հուլիսին Թուրքիայի ներքաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձն էր, որից հետո երկրում երեք ամսով սահմանվեց արտակարգ դրության ռեժիմ։ Ռազմական հեղաշրջման հետևանքով զոհվեց 246 մարդ՝ չհաշված հեղաշրջման մասնակիցները, վիրավորվեց մոտ 2000 մարդ: Ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական՝ բանակի թվակազմի 1.5%-ը: Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործվել են 3 նավ, 74 տանկ, 246 զրահատրանսպորտ, 3992 միավոր հրաձգային զենք, 35 ինքնաթիռ և 37 ուղղաթիռ: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ դա Թուրքիայի Հանրապետությունում իրականացված ամենաարյունալի ռազմական հեղաշրջման փորձն էր:
Չնայած ռազմական հեղաշրջման փորձի տապալումից անմիջապես հետո կալանվածների թվում կային բազմաթիվ գեներալներ և ծովակալներ, այնուամենայնիվ, համարվում է, որ տեղի ունեցածը զինվորական ղեկավարության միջին օղակների մակարդակով կատարված փորձ է, որ դրան դեմ է եղել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։ Ելնելով դրանից՝ ռազմական հեղաշրջման այս փորձը կարելի է նմանեցնել 1960թ. մայիսի 27-ին Թուրքիայում կատարված ռազմական առաջին հեղաշրջման հետ, որին դեմ էր արտահայտվել Գլխավոր շտաբի 10-րդ պետ Ռյուշթու Էրդելհունը, որն իր այդ դիրքորոշման համար ռազմական դատարանի կողմից դատապարտվեց մահվան, ինչը հետո փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ (մի քանի տարի անց նրան ներում շնորհվեց)։
Հեղաշրջման ժամկետի ընտրության հետ կապված՝ պետք է նշել հետևյալը: Մեր կարծիքով՝ դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ այդ օրը Թուրքիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը մասնակցել է ՌՕՈւ-ն ներկայացնող բանակի գեներալ Մեհմեթ Շանվերի դստեր հարսանիքին, որին ներկա են գտնվել ՌՕՈւ և ՀՕՊ բազմաթիվ հրամանատարներ, և Ունալը պատանդ է վերցվել հենց դրա ժամանակ։ Այստեղ հարկ է հաշվի առնել այն կարևոր դերը, որը հեղաշրջման փորձի օրը վերապահված էր ավիացիային։ Հեղաշրջման տապալումից անմիջապես հետո հայտարարվեց, որ կալանվել է ՌՕՈւ նախկին (30-րդ) հրամանատար, Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) գործող անդամ Աքըն Օզթուրքը, որին Թուրքիայի կառավարությունը համարում է չկայացված ռազմական հեղաշրջման առաջնորդ (ավելի ուշ թուրքական մամուլը գրեց, որ հեղաշրջման հաջողության դեպքում Թուրքիայի նախագահ պետք է դառնար հենց Աքըն Օզթուրքը)։ Նկատենք, որ բանակի գեներալ Աքըն Օզթուրքը, որն, ի դեպ, չի մասնակցել Ունալի դստեր հարսանիքին, ՌՕՈւ հրամանատարի պաշտոնը Աբիդին Ունալին զիջել է 2015թ. օգոստոսին տեղի ունեցած YAŞ նիստի արդյունքներով և դրանից գրեթե մեկ տարի հետո, ըստ ամենայնի, դեռ զգալի ազդեցություն է պահպանել ՌՕՈւ-ում։ Երկրորդ կարևոր գործոնը 2016թ. օգոստոսի սկզբին պլանավորված YAŞ նիստն էր (հեղաշրջման փորձից հետո այն որոշվեց անցկացնել մի քանի օր շուտ)։ Հուլիսի 12-ին թուրքական մամուլը գրել էր, որ YAŞ առաջիկա նիստում պլանավորված է շեշտը դնել գյուլենականներին մոտ կանգնած գեներալներից ու ծովակալներից ձերբազատվելու, «մաքրում կատարելու» վրա։ Մասնավորապես, ակնկալվում էր, որ YAŞ անդամ Աքըն Օզթուրքը պետք է պաշտոնաթող լիներ 2016թ. օգոստոսի 30-ին (այժմ նրան հեռացրել են զինված ուժերից)։ Բացի այդ, ռազմական հեղաշրջման կազմակերպիչների աչքից չի վրիպել այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այդ օրը հանգստանալիս է եղել Մուղլա նահանգի Մարմարիս շրջանի հյուրանոցներից մեկում, ինչը հարմար էր ռազմական հեղաշրջումը սկսելու համար:
Հեղաշրջման ձախողման պատճառների մասով նշենք, որ հաջողության համար անհրաժեշտ էր ռազմական հեղաշրջմանը Գլխավոր շտաբի պետի, զորատեսակների հրամանատարների մասնակցությունը, ինչին ականատես չեղանք այս պարագայում։ Դա վերաբերում է նաև Ստամբուլն ու Սևծովյան նեղուցները պաշտպանող 1-ին բանակի հրամանատարին: Այս ամենն ընդգծում է բանակի պառակտվածությունը, ինչը բնորոշ չէր նրան` հեղաշրջման նախորդ դեպքերի համեմատ: Շատ կարևոր էր այն, որ զինվորականներին չհաջողվեց ձերբակալել (կամ սպանել) քաղաքական իշխանության ղեկավարներին՝ նախագահ Էրդողանին ու վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որոնք կարողացան ժամանակակից տեխնոլոգիաների, իրենց հավատարիմ ԶԼՄ-ի (նաև մզկիթների մինարեների հզոր բարձրախոսների) միջոցով կոչեր հղել իրենց ընտրազանգվածին, նրան դուրս բերել փողոցներ՝ ընդդեմ տանկերի։
Մյուս կողմից՝ մենք չտեսանք, որ ԺՀԿ ընտրազանգվածը դուրս գար փողոցներ և աջակցեր զինվորականներին, որոնք ավանդաբար համարվում են երկրի աշխարհիկ բնույթի պահապաններ և նախկինում ռազմական հեղաշրջումների միջոցով քանիցս կասեցրել են երկիրն իսլամականացնելու փորձերը։ Դա կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Ուշագրավ է, որ զինվորականները TRT պետական հեռուստաալիքը գրավելուց հետո հայտարարել էին, որ Թուրքիայում իշխանությունը գտնվում է «Խաղաղություն երկրում» խորհրդի ձեռքում։ Այս անվանումը նույնպես վկայում է, որ զինվորականները պաշտպանում են Աթաթուրքի գաղափարները (Աթաթուրքին է պատկանում «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» հայտնի արտահայտությունը): Հեղաշրջման ձախողման համար կան բազում այլ գործոններ (առանցքային նշանակության շենքերը գրավելու փոխարեն տարօրինակ ձևով դրանց միայն հարվածելը, ԶԼՄ-ն չվերահսկելը, վճռական չգտնվելը՝ ժողովրդական լայն զանգվածների վրա կրակելու մասով և այլն):
Հուլիսի 15-ը Թուրքիայում հայտարարվեց Շեհիթների (նահատակների) հիշատակի օր, իսկ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքները հավասարեցվեցին ծառայողական պարտքի կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Թուրքիայի իշխանությունները հաստատեցին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների և տուժածների փոխհատուցման և նպաստների չափը. որոշվեց զոհվածների ընտանիքների անդամներին վճարել ամսական առնվազն ավելի քան $1000 նպաստ, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին հատկացնել մոտ $29.500 միանվագ փոխհատուցում: Հաշմանդամ դարձած մարդկանց կվճարվի $58.800 նպաստ: Զոհվածների հարազատներն ու հաշմանդամները կարող են աշխատանքի անցնել պետական սեկտորում:
Հուլիսին Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Ստամբուլում Բոսֆորի նեղուցով անցնող կամուրջը, ինչպես նաև քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կվերանվանվի Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի զոհերի պատվին. Նահատակների փողոցը կհայտնվի Ստամբուլի քաղաքապետարանի շենքի առջև՝ Ֆաթիհ շրջանում: Նրա խոսքերով՝ Թուրքիան մտադիր չէ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը՝ ժամկետը լրանալուց հետո, սակայն անհրաժեշտության դեպքում այն կերկարաձգվի: Էրդողանն իր հերթին արտակարգ դրությունը համարեց անհրաժեշտ՝ չեզոքացնելու համար հեղաշրջման փորձի հետ կապված սպառնալիքները՝ վստահեցնելով, որ ժողովրդավարության ինստիտուտներն արտակարգ դրության ժամանակ «չեն տուժի»։ Էրդողանը քննադատեց երկրի հետախուզությանը՝ նշելով, որ զինվորական գործողությունների մասին իմացել է փեսայից, ինչի համար էլ հետախուզության աշխատանքը կասկածներ է առաջացնում։ Էրդողանը չբացառեց, որ ռազմական հեղաշրջման փորձի հետևում կարող են կանգնած լինել օտար պետությունները:
Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձը որակել է որպես «ալլահի նվեր»։ Եվ բնական է, քանի որ դա հնարավորություն տվեց վեր հանել հակաիշխանական տարրերին և պատժել նրանց։ Ռազմական հեղաշրջման տապալումից հետո Թուրքիայում սկսվեց բռնությունների նոր ալիք, որն առնչվում է ոչ միայն ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին (զինված ուժերում սկսվել է «մաքրման» աննախադեպ ալիք), այլև դրա հետ կապ չունեցողներին (լրագրողներին, ակադեմիկոսներին, պետծառայողներին և այլն), ինչը որոշակիորեն հիշեցնում է 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կատարված հեղաշրջմանը հաջորդող դեպքերը (բռնությունները): Ի դեպ, բռնությունների մեծ ալիքն ամեն դեպքում սկսվելու էր Թուրքիայում՝ անկախ նրանից, թե ինչ ավարտ կունենար ռազմական հեղաշրջման փորձը:
Բռնություններ
Հուլիսին հաղորդվեց, որ Թուրքիայում ավելի քան 66.000 քաղաքացի պաշտոնանկ է արվել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Աշխատանքից հեռացվածների մեծ մասը՝ մոտ 43.000 մարդ, բաժին է ընկել կրթության նախարարությանը: Ապա գալիս են ՆԳՆ-ն՝ 8800 մարդ, առողջապահության նախարարությունը՝ 5600 մարդ, ֆինանսների նախարարությունը՝ 1500 մարդ, կրոնական հարցերով վարչությունը՝ 1100 մարդ: Մինչև 1000 աշխատակից հեռացվել է պաշտպանության, էներգետիկայի, սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության, տրանսպորտի նախարարություններից: Թուրքիայի ԱԳՆ-ն աշխատանքից հեռացրել է 88 մարդու: Պաշտոնանկություններն առնչվել են Թուրքիայի բոլոր նախարարություններին և գերատեսչություններին:
Հաղորդվեց նաև, որ Թուրքիայում կփակվի 1.669 ուսումնական հաստատություն, ավելի քան 1200 հիմնադրամ և բարեգործական կազմակերպություն, 19 արհմիություն, 15 համալսարան և 35 բժշկական հիմնարկություն: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ Թուրքիայում ձերբակալվել է 18.044 մարդ (ավելի քան 10.000-ը՝ զինվորական), որոնցից 9677-ը կալանվել է։ Նախարարի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել 49.211 մարդու անձնագիր։ Թուրքական ԶԼՄ-ի պնդմամբ՝ բանտերում չեն բավականացնում տեղերը՝ կապված հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով մեծ թվով մարդկանց կալանման հետ։
Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK) հայտարարեց հեղաշրջման փորձից հետո Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների 342 նոր անդամների նշանակման մասին: Թուրքիայի արդարադատության նախարարությունը մտադիր է օգոստոսին նշանակել 5110 նոր դատավորի և դատախազի (պաշտոնանկ են արվել ավելի քան 3000 դատավոր և դատախազ): Աշխատանքից հեռացվել է Turkish Airlines ավիաընկերության ավելի քան 100 աշխատակից: Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի խոսքերով՝ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 5000 բուժաշխատող է հեռացվել աշխատանքից: Գյուլենականների գործով ձերբակալությունների ալիքը հասավ նաև Սահմանադրական դատարանին, որն ընդդիմության «միջնաբերդերից» մեկն է։
Թուրքիայի իշխանություններն արտոնեցին նախկինում ընդդիմադիր Zaman թերթի 47 նախկին աշխատակիցներին կալանքի տակ վերցնելը, որը, նրանց կարծիքով, վերածվել էր իսլամական ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլա Գյուլենի խոսափողի: Թուրքիայում ընդունված արտակարգ դրության շրջանակներում փակվեց 130 ԶԼՄ։ Խոսքը 3 լրատվական գործակալության, 16 հեռուստաալիքի, 23 ռադիոկայանի, 45 թերթի, 15 պարբերականի, 29 հրատարակչատան և բաշխիչ հեռուստաալիքի մասին է։ Մասնավորապես, փակվել են Cihan լրատվական գործակալությունը, Taraf, Zaman և Today’s Zaman թերթերը, Samanyolu Haber, Bugün TV, Kanaltürk հեռուստաալիքները։ Թուրքիայի իշխանություններն արտոնել են կալանավորել ԶԼՄ 88 աշխատակցի, առնվազն 330 լրագրող զրկվել է հավատարմագրումից։
Ռազմական հեղաշրջման չստացված փորձից հետո Էրդողանը հուլիսի 23-ին առաջին անգամ հանդես եկավ պատգամավորների առջև և հերքեց այն մեղադրանքը, որ ռազմական հեղաշրջման փորձը ճնշելուց հետո անցել է բռնապետական ռեժիմի հաստատմանը. «Ես բռնապետ չեմ: Թուրքիան շարժվում է ժողովրդավարության ուղիով: Թուրքիային այլևս չի սպառնում զինված հեղաշրջման փորձը, ժողովուրդը կարող է հանգիստ լինել»։ Մեկ այլ դեպքում էլ Էրդողանը ռազմական հեղաշրջման կողմնակիցների գործողությունները համեմատեց մորուք խուզելու հետ. «Նրանք ցանկանում էին խուզել մեր մորուքները, սակայն դրանից մեր մորուքները կաճեն է՛լ ավելի խիտ»:
Ֆեթհուլա Գյուլեն
ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլա Գյուլենը հայտարարեց, որ պատասխանատվություն չի կրում Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի համար և կողմնակից է դեմոկրատական բարեփոխումների իրագործմանը: Գյուլենի խոսքերով՝ իշխանությամբ «թունավորված» Էրդողանն ունենում է հոգեկան խանգարումներ. «Էրդողանի անմտության մասին խոսում են շատերը: Նրա կողքին մշտապես գտնվում են մի քանի բժիշկներ, նա դեղեր է խմում, քանի որ ունի որոշակի խնդիրներ: Նրա շրջապատի մարդիկ ասում են, որ Էրդողանն իր շքեղ պալատում հաճախ ունենում է հոգեկան խանգարման նոպաներ: Օրինակ, կատաղության նոպաների ժամանակ հարվածում է պատերին»: Գյուլենն Էրդողանին մեղադրեց միանձնյա կառավարման ձգտելու համար, պաշտոնական Անկարային մեղադրեց իր արտահանձնման հարցով ԱՄՆ-ին շանտաժի ենթարկելու համար. «Անկարան Վաշինգտոնին սպառնացել է, որ հակառակ դեպքում ԻՊ-ի դեմ պայքարում չի աջակցի ԱՄՆ-ին: Թուրքիան չի ներկայացրել հուսալի ապացույցներ իմ մեղավորության վերաբերյալ, Թուրքիայում չկա որևէ արդար դատավարության հեռանկար, ինչի համար էլ ԱՄՆ-ը պետք է զերծ մնա ինձ արտահանձնելուց: Ես վճռականորեն դատապարտել եմ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը»:
Էրդողանն իր հերթին Գյուլենին անվանեց օտար ուժերի ձեռքում հայտնված «խամաճիկ», իսկ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը Գյուլենին համեմատեց «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հանգուցյալ առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ: Հուլիսին հայտնի դարձավ, որ Թուրքիայում անհայտ անձինք փորձել են այրել Գյուլենի տունը։ Հրկիզման փորձը կատարվել է Էրզրումի նահանգի Փասինլեր շրջանի Քորուջուք գյուղում։ Անհայտ անձինք վառել են դատարկ տան դուռը, որտեղ նախկինում ապրել է Գյուլենի ընտանիքը, և որտեղ նա ծնվել է 1941թ.։ Դրանից հետո Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքմանը հայտարարեց, որ Գյուլեննի տունը կվերածվի հասարակական զուգարանի:
Ընդդիմություն
Ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանը նախագահական ապարատում ընդունեց խորհրդարանում ներկայացված չորս ուժերից երեքի առաջնորդներին: Հանդիպմանը մասնակցել են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Բինալի Յըլդըրըմը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Թուրքական մամուլն ընդգծեց, որ ընդդիմադիր կուսակցապետները առաջին անգամ են գտնվում Թուրքիայի նախագահի նոր նստավայրում (Աք-սարայ): Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը չստացավ հանդիպմանը մասնակցելու հրավեր: Հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում և տևել 2 ժամ 40 րոպե: Հանդիպումից հետո Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Էրդողանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել երեք կուսակցությունների առաջնորդներին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ հստակ ու բաց դիրքորոշում հայտնելու համար:
Էրդողանն առանցքային այդ հանդիպումից հետո չեղարկեց Քըլըչդարօղլուի և Բահչելիի դեմ ներկայացրած հայցերը: Բինալի Յըլդըրըմն էլ հայտարարեց, թե ԱԶԿ-ն ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի հետ համատեղ սկսել է նոր սահմանադրության մշակման գործընթացը. «Մենք եկել ենք եզրակացության, որ գործող սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի։ Մենք սկսել ենք նոր սահմանադրության նախագծի մշակման գործընթացը»։ Սելահաթթին Դեմիրթաշը ափսոսանք հայտնեց երկրի նախագահի և առանցքային կուսակցությունների առաջնորդների հանդիպմանն իրեն չհրավիրելու համար՝ տվյալ որոշումը որակելով որպես հիմարություն: Դեմիրթաշն ուշադրություն հրավիրեց, որ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իրենք ընտրական մրցապայքարի փուլում չեն. «Դա հերթական անգամ ի ցույց դրեց ԺԴԿ-ի հանդեպ խտրական մոտեցումը և քաղաքական դաշտից ԺԴԿ-ին դուրս մղելու հերթական փորձը: Թուրքիայում ժողովրդավարության բանալին ԺԴԿ-ն է: Մենք 6 մլն քվե ստացած կուսակցություն ենք՝ խորհրդարանում ներկայացված երրորդ մեծ կուսակցությունը, սակայն հեղաշրջումից հետո էլ շարունակվում է մեր հանդեպ խտրական քաղաքականությունը: Ինձ համար տարօրինակ է, որ ընդդիմադիր մյուս կուսակցությունները մասնակցել են հանդիպմանը, իսկ մենք՝ ոչ: Ներկայիս Թուրքիան այն Թուրքիան չէ, որը գոյություն ուներ հուլիսի 15-ից առաջ, և անհրաժեշտ է նոր գնահատական տալ ստեղծված իրավիճակին»:
Բնականաբար, ռազմական հեղաշրջման տապալմանը հաջորդած դեպքերը ներքաղաքական առումով էլ ավելի կնպաստեն Թուրքիայի ներսում Էրդողանի դիրքերի ամրապնդմանը, նրա միանձնյա կառավարմանը, ավելի կդյուրինացնեն կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը, ավելի «կհերոսացնեն» Էրդողանի կերպարը ժողովրդի շրջանում որպես զինվորականներին հաղթած քաղաքացիական իշխանության ղեկավար, ավելի կմեծացնեն հասարակության բևեռացումը Թուրքիայի ներսում, ավելի կբարդացնեն (եթե չասենք՝ անհնար կդարձեն) ռազմական հեղաշրջումներ իրականացնելու փորձերը հետագայում՝ Էրդողանի նախագահության ժամանակ, Թուրքիան կվերածեն ոստիկանապետության: Նման իրավիճակում ստացվում է «հաղթած Էրդողան-պարտված Թուրքիա» իրավիճակ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]