• am
  • ru
  • en
Версия для печати
28.07.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (ներքին իրավիճակ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Սոցիալ-տնտեսական. Ադրբեջանն ակտիվ ջանքեր է ձեռնարկում «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման ուղղությամբ, որը նախատեսում է Հարավկովկասյան գազատարի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) լայնացման, Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատարների կառուցման միջոցով ադրբեջանական «Շահ Դենիզ-2» հանքավայրից գազ արտահանել դեպի Եվրոպա: Այս նախագծի միջոցով Ադրբեջանից, Թուրքմենստանից, հնարավոր է՝ նաև Իրաքից Եվրոպա արտահանվող գազի ծավալները 2019թ. պետք է կազմեն տարեկան 16 մլրդ մ3, ինչը որոշակիորեն կթուլացնի Եվրոպայի գազային կախվածությունը Ռուսաստանից: ԱՀ Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) նախագահ Շ.Մովսումովի հայտարարության համաձայն՝ նախնական հաշվարկներով Ադրբեջանը կարող է տարեկան $30-50 մլրդ եկամուտ ստանալ «Հարավային գազային միջանցքի» գործարկման դեպքում: Աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է ԱՀ կառավարությանը, իսկ 49%-ը` ԱՀ Նավթային պետական ընկերությանը (SOCAR):

Ներկայում ԱՀ իշխանությունների ջանքերը հիմնականում կենտրոնացված են «Շահ Դենիզ-2» նախագծի իրականացման համար միջազգային ֆինանսական կազմակերպություններից գումարներ ներգրավելու ուղղությամբ: Վերջերս Միջազգային ֆինանսական ինստիտուտի (International Financial Institution, IFI) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Ասիական զարգացման բանկը (Asian Development Bank) մինչև սույն տարվա սեպտեմբեր հետաձգել է «Շահ Դենիզ-2» նախագծի համար ԱՀ-ին խոստացված $1.5 մլրդ վարկի տրամադրումը։ IFI-ի հայտարարության մեջ նշվում է, որ նախագծի իրականացման համար ԱՀ-ը $5 մլրդ ծախսել է պետական բյուջեից և եվրոբոնդերի տեղաբաշխումից1 ստացված գումարներից, սակայն նախագիծն ավարտելու համար անհրաժեշտ է ևս $8 մլրդ։ ԱՀ իշխանությունները դիմել են նաև Համաշխարհային բանկին (ՀԲ) $500 մլն վարկ ստանալու խնդրանքով: Նախագիծը վարկավորելու համար հետաքրքրություն է հանդես բերել Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը (The European Bank for Reconstruction and Development)։ Միաժամանակ, Ասիական զարգացման բանկը որպես տեխնիկական օգնություն տրամադրել է $1 մլն` «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործման ներդրումային ծրագրի պատրաստման համար:

Բացի «Շահ Դենիզ-2» նախագծից, «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն մասնակցում է նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի լայնացման2 և Տրանսանատոլիական խողովակաշարի կառուցման3 աշխատանքներին:

British Petroleum (BP) ընկերության 2016թ. էներգետիկ ոլորտի հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանի նավթային պաշարները գնահատվում են 7 մլրդ բարել: Համեմատության համար նշենք, որ ամենամեծ հաստատված պաշարներն ունեն Վենեսուելան (300,9 մլրդ), Սաուդյան Արաբիան (266,6 մլրդ), Կանադան (172,2 մլրդ), Իրանը (157,8 մլրդ), Իրաքը (143,1 մլրդ), ՌԴ-ն (102,4 մլրդ), Քուվեյթը (101,5 մլրդ), ԱՄՆ-ը (55 մլրդ) և Չինաստանը (18,5 մլրդ):

Արժույթի միջազգային հիմնադրամի այս ամիս հրապարակած զեկույցում նշվում է, որ ադրբեջանական մանաթի արժեզրկումն ուժեղացրել է ինֆլյացիոն ճնշումը երկրի վրա: Հիմնադրամի վերլուծաբաններն Ադրբեջանում 2016թ. կանխատեսում են երկնիշ արժեզրկում, ինչն աննախադեպ է վերջին 15 տարվա համար: Ֆինանսական համակարգում առկա խնդիրների թվում նշվում է նաև դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին: Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, 2016թ. ԱՀ իշխանություններն էականորեն կրճատել են հասարակական ենթակառուցվածքներին ուղղված ծախսերը և արժեզրկման հետևանքներն անապահով խավի համար մեղմելու նպատակով բարձրացրել նպաստները: Ի դեպ, երկնիշ արժեզրկում են կանխատեսում նաև Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը և ԱՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Մանաթի հետագա արժեզրկման հնարավորության մասին է խոսել ԱՀ Միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և գործարարության հանձնաժողովի անդամ Վ.Ահմեդովը: Ըստ նրա, վաղ թե ուշ մանաթը պետք է ձեռք բերի իր իրական արժեքը, այն է՝ 1.8 մանաթ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց, ներկա 1.5-ի փոխարեն4: Վ.Ահմեդովի կարծիքով՝ ԱՀ ԿԲ-ն վերջին երկու շաբաթվա ընթացքում վարում է մանաթի փափուկ դևալվացիայի քաղաքականություն, և դրա շարունակման դեպքում մանաթը կհասնի վերը նշված արժեքին: ԱՀ ԿԲ նշված քաղաքականությունն է հավանաբար պատճառը, որ ամսվա վերջին որոշ առևտրային բանկեր դադարեցրել են կանխիկ արտարժույթի վաճառքը, իսկ մյուսներն էլ՝ սահմանափակել դրանց ծավալները մինչև $500:

Հարկ է նշել, որ 2015թ. մանաթի փոխարժեքի պահպանման համար ծախսվել է ԱՀ նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) և ԱՀ ԿԲ արտարժութային ռազմավարական պահուստների 24,1%-ը ($12,3 մլրդ): Ներկայում այդ պահուստները կազմում են մոտ $38,6 մլրդ, որի 87%-ը բաժին է հասնում SOFAZ-ին, իսկ մնացածը՝ ԿԲ-ին:

Ադրբեջանի ֆինանսական համակարգի խնդիրների մասին են վկայում ԱՀ ԿԲ հարապարակած տվյալները, որոնց համաձայն՝ շարունակում են աճել ժամկետանց ներքին վարկերի ծավալները. դրանք հասել են 1,4 մլրդ մանաթի, առաջին կիսամյակի համեմատ ավելանալով 4.13%-ով (2015թ. ընթացքում այդ աճը կազմել է 9.95%): Այս երևույթը հիմնականում բացատրվում է բնակչության իրական եկամուտների նվազմամբ: Չնայած բնակչության եկամուտները մանաթով արտահայտված աճել են 8,3%-ով, սակայն այդ ընթացքում կրկնակի էժանացել է մանաթը:

ԱՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ ԱՀ արտաքին պետական պարտքը կազմում է $7,5 մլրդ, որը ՀՆԱ 21%-ն է: Արտաքին պարտքի 82%-ը պատկանում է միջազգային ֆինանսական կառույցներին, իսկ մնացածը բաժին է հասնում միջազգային ֆինանսական շուկաներում տեղադրված պետական պարտատոմսերին:

ԱՀ Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ԱՀ ՀՆԱ-ն 2016թ. հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 4.2%-ով, իսկ արտաքին առտևտրաշրջանառությունը` 32%-ով: Դրանում նավթի արտահանումը կազմել է 75,6%, նախկին տարվա 90%-ի փոխարեն:

Ներքաղաքական. Նախիջևանի ԻՀ Ազգային անվտանգության նախկին նախարար Վ.Ալեսքերովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման պաշտոնական դիրքի չարաշահման, խոշոր չափերի յուրացման և անօրինական գաղտնալսումներ իրականացնելու մեղադրանքով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է ԱՀ ԱԱԾ նախարար Է.Մահմուդովի պաշտոնանկությունից հետո (2015թ. հոկտեմբերի 17): Վ.Ալեսքերովի հետ հարազատական կապեր ունեցող մոտ 50 անձ ազատվել է զբաղեցրած պաշտոններից և զրկվել ունեցվածքի մեծ մասից: ԱՀ ԱԱԾ նախկին նախարարի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հանցավոր խմբի անդամների ճնշող մեծամասնությանը չի հաջողվել խուսափել քրեական հետապնդումից, սակայն Է.Մահմուդովը տարօրինակ կերպով դեռևս ազատության մեջ է (որոշ տվյալների համաձայն՝ տնային կալանքի տակ է): Տարատեսակ բացատրությունների շարքն այս ամիս լրացրեց ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Է.Մահմուդովը սպառնում է հրապարակել իր ձեռքի տակ գտնվող և մի շարք ազդեցիկ անձանց վարկաբեկող ինտիմ բնույթի 2800 տեսանյութ: Այս սպառնալիքը շրջանառության մեջ է դրվել ԱՀ Միջազգային բանկի նախկին ղեկավար, ներկայում ձերբակալված Ջահանգիր Հաջիևի5 կնոջ ձերբակալության որոշումից հետո: Միաժամանակ, իշխանության ճնշումների տակ փակվել են Է.Մահմուդովի կողմից վերահսկվող կայքերը:

«Բաց Ռուսաստան» ՀԿ լոնդոնյան ակումբում ունեցած ելույթի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանին՝ ամերիկացի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը ցավ է հայտնել, որ Արևմուտքը բարեհաճ է տրամադրված բավական տհաճ բռնապետական ռեժիմ ունեցող այս երկրի նկատմամբ: Ըստ Ջ.Սորոսի, թեև անձնական զրույցների ընթացքում Ի.Ալիևը հաճախ ձևացրել է, թե պատասխանատվություն չի կրում Ադրբեջանում կատարվող բռնությունների համար, սակայն դրանց հետ կապված հարցերում նրա խոր իմացությունը մատնել է ԱՀ նախագահին: Ամերիկացի ֆինանսիստը մեծ սխալ է համարել, որ Արևմուտքն աջակցում է Ադրբեջանին:

Ադրբեջանի ներքին իրավիճակի առումով բնութագրական է նաև ԱՀ Աղդամի շրջանի Աֆաթլին գյուղի 200 բնակիչների բողոքի ցույցը, որի ընթացքում երկու ժամով փակվել է Աղդամ-Աղջաբեդի ճանապարհը: Գյուղացիները բողոքել են ապրիլյան պատերազմի ընթացքում իրենց կրած նյութական վնասների անարդար փոխհատուցման դեմ, երբ վնասված տների տերերի փոխարեն պետական աջակցություն են ստացել անվնաս մնացած տների բնակիչները:

Բաքվում կայացել է աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համագումարը6, որին մասնակցել են հարյուրավոր ադրբեջանցիներ չորս տասնյակից ավելի երկրներից: Հիմնական քննարկումները տեղի են ունեցել ադրբեջանական լոբբինգին նվիրված նիստի ընթացքում, որը վարել է ԱՄՆ ադրբեջանցիների ցանցի գործադիր տնօրեն Ադիլյա Բաղիրովան: Ելույթներ են ունեցել Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Սամիրա Պացեր-Իսմայիլովան, Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Իոսիֆ Շագալը, Բենիլյուքսի երկրների ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Սահիլ Գասիմովը, Փարիզի Ադրբեջանական տան ղեկավար Միրվարի Ֆաթալիևան, Ամերիկյան ադրբեջանական խորհրդի նախագահ Ջեյհուն Մոլլազադեն, Ուկրաինա-Ադրբեջան բարեկամության ընկերակցության նախագահ Մուրադ Օմարովը: Հիմնականում խոսվել է արտերկրյա ազդեցիկ շրջանակներում ադրբեջանցիների ներկայացվածության մեծացման և ազգային ինքնության պահպանման անհրաժեշտության մասին:

Համագումարի մասնակցիները դիմել են ՄԱԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), ԵՄ-ին և միջազգային հանրությանը՝ Մեծամորի ԱԷԿ-ը փակելու կոչով: Այն ուղեկցվել է այնպիսի անհիմն փաստարկներով, որ ՀԱԷԿ-ի թափոններն իբր լցվում են Հայաստանից Ադրբեջան հոսող գետի մեջ, ինչպես նաև թաղվում են «ադրբեջանական գրավված տարածքներում»: Հարկ է նշել, որ վերջին ամիսներին հաճախակիացել են ԱՀ իշխանություններից ուղղորդվող կառույցների կողմից ՀԱԷԿ-ի հետ կապված շահարկումները:

Ռազմական. Ադրբեջանի զինված ուժերն օպերատիվ-տակտիկական զինավարժություններ են անցկացրել ռազմաճակատի գծին մոտ գտնվող շրջանների, այդ թվում՝ Նախիջևանի ԻՀ զորավարժաններում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում` ռազմանավերի ներգրավմամբ:

Զորավարժություններում ընդհանուր առմամբ ներգրավել են շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 100 միավոր հրթիռահրետանային կայանք, 40 միավոր ավիատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 30 միավոր ՀՕՊ համակարգեր։ Զորավարժության հայտարարվող նպատակը «ժամանակակից համազորային մարտերի ընթացքում» զորամիավորումների հրամկազմի՝ ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի ղեկավարման ունակությունների, մարտական ներդաշնակման և զորամիավորումների փոխգործակցության որակների բարձրացումն է։ Իբրև նախանշվող վարժանքների յուրահատկություն նշվում է «պայմանական հակառակորդի ամուր պաշտպանության պարագայում սպառազինությունում առկա ամբողջ նոր ռազմական տեխնիկայի լայնածավալ օգտագործումը»։

Ըստ ԱՀ ՊՆ նախարար Զ.Հասանովի, զորավարժություններին մասնակցող ուժերն Ադրբեջանի ԶՈւ ամենալավ պատրաստված զորատեսակներն ու օպերատիվ-տակտիկական խմբերն են, որոնք ակտիվ մասնակցություն կունենան ապագա հնարավոր մարտերին:

1 ԱՀ իշխանությունները նույն նպատակներով $1 մլրդ նախնական արժողության պետական պարտատոմսեր են թողարկել Եվրոպայում։

2 Լայնացումը հնարավորություն կտա գազատարի թողունակությունը մեծացնել 16 մլրդ մ3-ով և հասցնել 23.4 մլրդ մ3-ի: Աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է $4.9 մլրդ, որից $820 մլն-ը մինչև 2020թ. պետք է հատկացնի «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն:

3 Միայն Տրանսանատոլիական խողովակաշարի (TANAP) շինարարության վրա «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն ծախսել է $2 մլրդ-ից ավելի, իսկ ընդհանուր արժեքը գնահատվում է $6 մլրդ-ից ավելի:

4 Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ մանաթի դեկտեմբերյան փլուզումից հետո երկրում իրականում գործել է մանաթի երկու փոխարժեք` պաշտոնական (1,55) և սև շուկայի (1,72):

5 Ջ.Հաջիևը Է.Մահմուդովի խնամին է:

6 Այն անցկացվում է 2001-ից, հինգ տարին մեկ պարբերականությամբ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր