• am
  • ru
  • en
Версия для печати
02.06.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ԱՊՐԻԼԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Ադրբեջանի ներքաղաքական դաշտի ամայացման նպատակով իրականացված հետևողական քաղաքականության արդյունքում Ի.Ալիևի վարչակարգն իրեն ապահովագրել է քաղաքական կամ հասարակական որևէ լուրջ ճնշումներից նույնիսկ այնպիսի արկածախնդրության պարագայում, ինչպիսին էր Բաքվի իշխանությունների սանձազերծած քառօրյա պատերազմը։

Ադրբեջանի ռեժիմը տարիներ շարունակ սեփական հանրությանը կերակրում էր այն կեղծ գաղափարով, որ ադրբեջանական «հզոր» բանակն ունակ է հաշված օրերի ընթացքում գրավել ԼՂՀ-ն։ Պատերազմական գործողությունների ընթացքում կրելով մարդկային ուժի և զինտեխնիկայի ծանր կորուստներ՝ այդ երկրի իշխանությունները փորձեցին հասարակությանը ներշնչել թվացյալ հաղթանակի գաղափարը։

Բախվելով հայկական հանրության (Հայաստանում, ԼՂՀ-ում և Սփյուռքում) միասնականությանը՝ Ադրբեջանում փորձ արվեց բեմականացնել նմանատիպ պոռթկման շինծու տեսարաններ, թաքցվեցին զինուժի կորուստների իրական թվերը։ Անողոք քննադատության տակ հայտնվեցին այն սակավաթիվ գործիչները և լրատվամիջոցները, որոնք տապալված ռազմական գործողությունների համար քննադատեցին ԱՀ իշխանություններին և զինվորական ղեկավարությանը, պաշտոնականից տարբերվող թվեր ներկայացրին ադրբեջանական բանակի կորուստների մասին։

Ադրբեջանում բնակվող քաղաքական գործիչներից իշխանությունների սուր քննադատությամբ հանդես եկավ Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ա.Քերիմլին։ Facebook-ի իր էջում նա կասկածի տակ առավ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ԼՂ-ն «վերագրավելու» պատրաստակամության մասին նախկինում արված բազմաթիվ հավաստիացումները։ «Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարևանների, հատկապես Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվարին վիճակում և խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչո՞ւ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլևս «պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու»,- Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված ուղերձում նշել է Ա.Քերիմլին: Այս հրապարակումից հետո վերջինիս տան մոտ կազմակերպվեցին «հայրենասեր» երիտասարդների բողոքի ակցիաներ՝ զուգորդված սպառնալից և վիրավորական կարգախոսներով։ Այս ցուցարարներին քննադատելու համար ձերբակալվեց Ա.Քերիմլիի հետ նույն շենքում բնակվող, Ադրբեջանի ազգային պետականություն կուսակցության առաջնորդ Ն.Փանահլըն։

Մյուս թիրախը Meydan TV1 համացանցային լրատվամիջոցն էր, որը, բացի իշխանություններին քննադատելուց, պարբերաբար ներկայացնում էր ԱՀ ԶՈւ կորուստների մասին կոնկրետ փաստերով հիմնավորված սեփական տվյալները։ Meydan TV-ի ղեկավար Է.Աբդուլաևն «իշխանության հերթական խաղ» անվանեց ԱՀ ռազմական արկածախնդրությունը։ Ընդդիմադիր գործունեության հետևանքով քրեական գործ հարուցվեց Meydan TV-ի նկատմամբ, որով անցնում են 15 լրագրողներ: Թեև նրանց կոնկրետ մեղադրանքներ չեն առաջադրվել, սակայն արգելվել է բացակայել երկրից, ոմանց տանը կատարվել են խուզարկություններ, առգրավվել են սարքավորումներ: Սրան անդրադարձել է նաև ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը՝ խորհուրդ տալով Ի.Ալիևին ժողովրդավարություն սովորել Meydan TV-ից։

Բեռլինում գործող Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute, CDSI)2 նույնպես ներկայացրել է ԱՀ ԶՈւ մարդկային կորուստների մասին սեփական տվյալները, որոնց համաձայն՝ քառօրյա պատերազմի ընթացքում ԱՀ ԶՈւ-ն ունեցել է 93 զոհ (ըստ Meydan TV-ի՝ 87)։ Հիշեցնենք, որ ԱՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 31 զոհի մասին։

Meydan TV-ն պարբերաբար անդրադառնում է ԱՀ իշխանությունների կոռուպցիոն գործարքներին։ Այդ շարքում ուշագրավ է չեխական PIN (People in Need) ընկերության հետ համատեղ ամբողջ աշխարհում ալիևյան կլանի միլիարդավոր ունեցվածքի քարտեզի հրապարակումը, ըստ որի՝ Ալիևներն անշարժ գույք ունեն Իտալիայում (Սարդինիա), Պանամայում, Մեծ Բրիտանիայում (Լոնդոն, Վիրջինյան կղզիներ), Չեխիայում (Կարլովի վարի, Պրահա), Ռուսաստանում (Մոսկվա), Ռումինիայում (Բուխարեստ), Թուրքիայում (Ստամբուլ), Վրաստանում (Թբիլիսի) և ԱՄԷ-ում (Դուբայ):

Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ ալիևյան կլանը տարբեր աշխարհամասերում ներգրավված է մի շարք գաղտնի բիզնես-օպերացիաներում և օֆշորային ընկերությունների միջոցով վերահսկում է ադրբեջանական տնտեսության նշանակալի մասը՝ ոսկու հանքեր, զբոսաշրջություն, բջջային կապի օպերատորներ, բանկեր և այլն։

ԱՀ իշխանությունների օֆշորային գործարքներին է անդրադարձել նաև բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը «London law firm helped Azerbaijan’s first family set up secret offshore firm» հոդվածում։ Նշվում է, որ Ալիևների ընտանիքը Բրիտանական Վիրջինյան կղզիներում օֆշորային գաղտնի ընկերությունների միջոցով գնել է միլիոնավոր ֆունտ սթերլինգի անշարժ գույք (մասնավորապես՝ 17 միլիոն ֆունտ սթերլինգով Լոնդոնում վիլլա է գնվել Լեյլա և Արզու Ալիևաների անուններով)3:

Պանամական Mossack Fonsecaya ընկերության հրապարակած փաստաթղթերը վկայում են Ի.Ալիևի զավակների անուններով Պանամայում գրանցված մի քանի ընկերությունների, տարբեր տարիներին գնված թանկարժեք գույքի և արևմտյան ընկերություններում խոշոր ներդրումների մասին։

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈւԱԽ) դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին նշված նյութերը հետաքննելու կոչով։ Դիմումում նշված է, որ Իլհամ և Մեհրիբան Ալիևները 2008թ. և 2013թ. նախագահական, ինչպես նաև 2005թ., 2010թ., 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեն հայտարարագրել Պանամայում ու Վիրջինյան կղզիներում գործող օֆշորային ընկերություններից իրենց եկամուտների և գույքի մասին, ինչը լուրջ հիմք է այդ ընտրությունները չեղարկելու համար։

Սոցիալ-տնտեսական. ԱՀ ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում ԱՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 3.68 մլրդ մանաթ ($2.4 մլրդ)՝ նախատեսված 3.57 մլրդ-ի փոխարեն, իսկ ծախսերը՝ 2.6 մլրդ մանաթ ($1.7 մլրդ), կատարվել է նախատեսված ծախսերի 73.3%-ը: Եկամուտների 45%-ը բաժին է ընկնում Պետական նավթային հիմնադրամի կողմից (SOFAZ) պետական բյուջե կատարված փոխանցումներին (1.66 մլրդ մանաթ), իսկ 40%-ը (1.5 մլրդ մանաթ)՝ ԱՀ հարկերի նախարարությանը։

Առաջին եռամսյակում սոցիալական ոլորտին հատկացված գումարները կազմել են 1,4 մլրդ մանաթ (կատարված ծախսերի 54.4%-ը), ինչը 3.8%-ով ավելին է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ավելացումը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի, թոշակների և նպաստների 10%-ով բարձրացումով, սակայն, հաշվի առնելով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանաթի մոտ 83% արժեզրկումը և առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը 30-40%-ով, պարզ է դառնում, որ սոցիալական ոլորտին ուղղված հատկացումները բավարար չեն գոնե նույն մակարդակն ապահովելու համար։

Առաջին եռամսյակի ընթացքում ԱՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված ԱՀ կառավարության ընդլայնված նիստում Ի.Ալիևը նշել է, որ 2016-ը կդառնա տնտեսական խոր բարեփոխումների տարի։ Ըստ նրա՝ լրջագույն որոշումներ են կայացվել բիզնես միջավայրի բարելավման, արտահանման ներուժի բարձրացման, արտերկրյա ներդրումների ներգրավման, տեղական արտադրության խթանման ուղղությամբ։ Նշվել է ֆինանսական կարգապահության, թափանցիկության, կառավարման որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, Ի.Ալիևը նշել է, որ առաջին եռամսյակի ցուցանիշներն այնքան էլ դրական չեն, նավթի գների անկումով պայմանավորված՝ նվազել են ՀՆԱ-ն, պետական եկամուտները և պետության կողմից արվող ներդրումները։

Առաջին եռամսյակում Ադրբեջանի ոչ նավթային ոլորտի արտահանումն անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 44.5%-ով՝ հասնելով $244.8 մլն-ի, ինչը 53%-ով պակաս է նույն ժամանակահատվածում Հայաստանի արտահանումից4։

Մանաթի ամրապնդումը և ներքին շուկայում արտարժույթի առաջարկի աճը, ըստ Ադրբեջանի Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի (CESD) նախագահ Վ.Բայրամովի, պայմանավորված է նախկին ամիսների ընթացքում այդ երկրի դոլարիզացիայի աճով:

Տոնական օրերին զբոսաշրջիկների աճի և ընթացիկ ծախսերը հոգալու համար բնակչության կողմից արտարժույթի վաճառքի հետևանքով ֆինանսական շուկայում առաջարկը գերազանցել է պահանջարկին, ինչն էլ իր հերթին բերել է մանաթի ամրապնդմանը։

Մանաթի փոխարժեքի վրա ազդել է նաև ԱՀ ԿԲ-ի կողմից մանաթային բազայի նվազեցումը: Սակայն ներկա իրողությունների, հատկապես նավթի ցածր գնի պայմաններում առանց արտաքին ներդրումների մանաթի ամրապնդման միտումները երկար չեն շարունակվի, ինչ պատճառով Վ.Բայրամովը բնակչությանը խորհուրդ է տալիս խնայողությունները պահել արտարժույթով:

Կրոնական ծայրահեղականություն. Ըստ իրանական AhlulBayt լրատվամիջոցի՝ Ադրբեջանում վահաբականների (նրանք իրենց կոչում են նաև սալաֆիներ) թիվը հասել է վտանգավոր սահմանի։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի մուսուլման բնակչության5 85%-ը շիաներ են, վահաբականների ազդեցությունը շարունակում է աճել, ինչը պայմանավորված է Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի և այլ արաբական երկրների ֆինանսավորմամբ։ Ադրբեջանի իշխանությունների և Կովկասի մուսուլմանների վարչության հետ կրոնական համագործակցության մասին կնքված համաձայնագրից հետո Սաուդյան Արաբիային հաջողվել է օրինական հիմքեր ստեղծել Ադրբեջանի վահաբականներին աջակցություն ցույց տալու համար։ Բացի դրանից, երկրում կրոնական ծայրահեղականության տարածմանն են նպաստում Մեդինայի Միջազգային իսլամական համալսարանում կրթություն ստացած երիտասարդ հոգևորականները, որոնք Ադրբեջան վերադառնալով՝ լծվում են քարոզչական աշխատանքի, սոցիալական ցանցերի միջոցով տարածելով վահաբիզմը «սալաֆիզմի» անվան տակ։ Ըստ իրանական լրատվամիջոցի՝ Ադրբեջանում հաշվվում է 15-65 հազար վահաբական։ Սաուդյան Արաբիայից ստացված գումարների շնորհիվ նրանք կարողանում են դառնալ նաև հաջող գործարարներ, որոնք գործազրկության պայմաններում ստեղծված աշխատատեղերի միջոցով մեծացնում են իրենց ազդեցությունն ինչպես հանրության, այնպես էլ իշխանության6 և մեդիա դաշտի շրջանակներում։ Ադրբեջանի վահաբականների մեծ մասը կենտրոնացած է Բաքվում և Սումգայիթում, նրանցից մոտ 1000-ը կռվում է Սիրիայում՝ այնտեղ հիմնելով «Ադրբեջանցի վահաբականների միությունը»։

Ադրբեջանում վահաբականների ազդեցության աճի մասին է վկայում նաև ԱՀ ԱԱՆ նախկին քննիչ, Ֆրանսիա արտագաղթած Ռ.Նագիևը Azərbaycan saatı (Ադրբեջանի ժամ) ռադիոյին տված հարցազրույցում։ Վերջինս ընդգծում է, որ դրան են նպաստել նաև ԱՀ ԱԱՆ նախկին նախարարի անօրինական բիզնեսները Դուբայում, ինչը հմտորեն օգտագործվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Այս ամսվա ընթացքում Ռուսաստանին և Վրաստանին սահմանակից Զաքաթալայի շրջանում ԱՀ իրավապահների կողմից կրկին հատուկ գործողություն է իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տված 5 վահաբականներ, առգրավվել ենմեծ քանակությամբ կրոնական գրականություն, ձայնագրություններ և տեսագրություններ։

Ադրբեջանի բնիկ ժողովուրդներ. Իրանական TV Iran Aryaee հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանում բնակվող թալիշների խնդիրներին։ «Թալիշները Բաքվի շովինիստական ռեժիմի ճնշման տակ» անվանումը կրող հաղորդումը վարող Խոսրո Ֆրավախարը Ադրբեջանի իշխանություններին բնորոշել է որպես «Ալիևների դավաճանական, պանթյուրքիստական և շովինիստական կլան»՝ մեղադրելով նրանց Իրանի պատմությունն աղավաղող և ԱՄՆ-ում գործող Gunaz TV հեռուստաընկերության ֆինանսավորման մեջ։ Խ.Ֆրավախարը նշել է, որ «մարդասպան-պանթյուրքիստ Ի.Ալիևը նույնիսկ ազերի չէ, նա ազերի մշակույթի թշնամի է»՝ մեղադրելով նրան թալիշների նկատմամբ ցեղասպան քաղաքականություն իրականացնելու մեջ։ Հաղորդման հյուրերից դոկտոր Զարդուշտ Սոտուդեի կարծիքով՝ այժմ Ադրբեջանում բնակվում է նվազագույնը 2 միլիոն թալիշ, մեծ մասամբ Լենքորան և Աստարա քաղաքներում։

Ադրբեջանի իշխանությունները վարում են բնիկ ժողովուրդների ուծացման հետևողական քաղաքականություն՝ լուրջ մեղադրանքներ ներկայացնելով ցանկացած մեկին, ով կբարձրաձայնի բնիկ ժողովուրդների իրավունքների ոտնահարումներին վերաբերող խնդիրները։ Հաղորդման հյուրերի թվում է եղել Толыши садо թերթի գլխավոր խմբագիր, Իրանի օգտին լրտեսության համար դատապարտված և ադրբեջանական բանտում մահացած Նովրուզալի Մամեդովի կինը՝ Մարիամ Մամեդովան, որը մանրամասն պատմել է ամուսնու թալիշական մշակույթի հետազոտական գործունության արդյունքում իրենց ընտանիքի նկատմամբ կիրառված բռնաճշումների մասին։ Ն.Մամեդովի ավագ որդին ԱՀ ԱԱՆ աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացել է, իսկ մյուս որդին՝ ազատազրկվել։ Ինքը՝ Մ.Մամեդովան, ստիպված հեռացել է Ադրբեջանից իր հասցեին հնչած անձնական բազմաթիվ սպառնալիքներից հետո։

1 Meydan TV-ն որպես ոչ առևտրային կազմակերպություն գրանցված է Գերմանիայում «Vereinigung für die Demokratie in Aserbaidschan» (VDA) անվանմամբ (Ադրբեջանի ժողովրդավարության համար ասոցիացիա), կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում։

2 Ինստիտուտը ղեկավարում է Բաքվի բռնաճնշումներից արտերկիր փախած ադրբեջանցի փորձագետ Ջասուր Սումերինլին։

3 Ապօրինի գործարքն ու դրամական միջոցների փոխանցումն իրականացվել են Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆ.Մամեդովին:

4 Այդ ժամանակահատվածում Հայաստանի արտահանումն աճել է 26.3%-ով՝ հասնելով $375.9 մլն-ի։

5 Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՀ բնակչության 98%-ը մուսուլմաններ են։

6 Որպես ամենաբարձր պաշտոնյա, ով աջակցում է Ադրբեջանի վահաբականներին՝ նշվում է ԱՀ ԱԻ նախարար Ք.Հեյդարովի անունը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր