• am
  • ru
  • en
Версия для печати
30.05.2016

ԻՐԱՆԸ 2016Թ. ԱՊՐԻԼԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)

Руский

   

Հրաչյա Հակոբյան
ԵՊՀ մագիստրոս

Ապրիլի 12-14-ը Իրանի հյուսիսարևելյան շրջաններում անց են կացվել «Մեծ Մարգարե» անունը կրող զորավարժություններ: Վարժանքների երրորդ օրը Սիստան և Բելուջիստան նահանգում բավական ծավալուն ելույթով հանդես է եկել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Ա.Լարիջանին հոգևոր գերագույն առաջնորդի ինստիտուտի առկայությունը համարել է անփոխարինելի և Իրանի կայուն անվտանգության հիմնական երաշխիք։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն և նրա նման գաղութատիրական երկրները ցանկանում են տարաձայնություններ սերմանել իսլամական ումմայի և ընդհանրապես մուսուլմանների մեջ, իսկ Իրանի հոգևոր իշխանությունն ու հեղափոխության իդեալները հնարավորություն են տալիս պահպանել երկրի բացառիկ կայուն անվտանգությունն այն դեպքում, երբ հարևան մուսուլման երկրներում քաոսային վիճակ է տիրում: Ա.Լարիջանիի կարծիքով, Իրանի հանդեպ ԱՄՆ և մյուս գաղութատիրական երկրների վատ վերաբերմունքը կապված է մուսուլմանական աշխարհին համախմբելու Իրանի ձգտումներով։ Ա.Լարիջանին ընդգծել է նաև, որ Սիստան և Բելուջիստան նահանգի զարգացումն ու անվտանգությունը երկրի ներքաղաքական առաջնայնություններից են: Նշված նահանգում, ինչպես նաև Պակիստանում և Աֆղանստանում տեղաբնիկ իրանական բելուջ ժողովրդի բնակվելու (իրանական հատվածում նրանց թիվը հասնում է 1.5-2 մլն) և սուննիադավան լինելու փաստը քանիցս փորձել են օգտագործել Իրանի դեմ, ընդհուպ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներ ստեղծելով («Ջունդալլահ», «Հարաքաթե անսարե Իրան», «Մոջահեդինե խալղե Իրան»): Պաշտոնական Թեհրանը այս կառույցների ֆինանսավորման մեջ մեղադրում է արևմտյան հետախուզական ծառայություններին, ինչի մասին հրապարակումներ են եղել նաև ամերիկյան մամուլում1։ Հայտնի են նաև «Ջունդալլահ» խմբավորման առաջնորդներ Աբդոլմալեք և Աբդոլհամիդ Ռիգա եղբայրների խոստովանությունները, ըստ որոնց, նրանք ֆինանսավորվել են ամերիկյան հետախուզական կառույցների կողմից:

Տնտեսություն: Իրանի մաքսատան պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած իրանական 1394թ. (2015թ. մարտի 20 – 2016թ. մարտի 20) երկրի արտաքին առևտուրը գրանցել է $916 մլն դրական սալդո2՝ լինելով առաջինը 1979թ. ի վեր։ Արտահանումը կազմել է 93.520 հազար տոննա (ընդհանուր $42.415 մլրդ արժողությամբ), իսկ ներմուծումը՝ 35.070 հազար (ընդհանուր $41.499 մլրդ արժողությամբ): Իրանը Չինաստան է արտահանել $7.22 մլրդ (ընդհանուր արտահանման ցուցանիշի մոտ 20%-ը), Իրաք՝ $6.204 մլրդ (17%), ԱՄԷ՝ $4.922 մլրդ (14%), Աֆղանստան՝ $2.573 մլրդ (7.2%), Հնդկաստան՝ $2.529 մլրդ (7%) ապրանք: Անցած տարվա համեմատ մոտ 50% կրճատվել է ավտոմեքենաների ներմուծումը: Դիմադրողական տնտեսության հիմնական խնդիրներից մեկը՝ նվազեցնել ռազմավարական ապրանքների ներմուծումը և հասնել ինքնաբավության, տալիս է իր արդյունքները. մաքսատան տվյալներով 1394թ. ցորենի ներմուծումը կազմել է $862 մլն, մինչդեռ դրան նախորդող 1393թ. ցուցանիշն էր $2.42 մլրդ, այսինքն՝ $1.558 մլրդ կրճատվել է միայն ցորենի ներմուծումը, եգիպտացորենի ներմուծումը $1.799 մլրդ-ից իջել է $1.405 մլրդ, բրինձը $1.431 մլրդ-ից $680 մլն, սոյայի հատիկներինը՝ $1.263 մլրդ-ից $672 մլն: Հացահատիկային արտադրության ներմուծման ընդհանուր թիվը $6.217 մլրդ-ից իջել է $3.447 մլրդ: Տարբերություններ են գրանցվել բուսական յուղերի, ծխախոտի, շաքարի և հրուշակեղենի ներկրման ցուցանիշների մեջ:

Ապրիլի 19-ին ԻԻՀ Մեջլիսը հաստատել է նոր 1395թ.3 Իրանի պետական բյուջեն՝ հիմք ընդունելով նավթի՝ $40 մեկ բարելի դիմաց գինը։ IRNA գործակալության հաղորդման համաձայն4 բյուջեի ընդհանուր ռեսուրսները կազմում են 2943 տրլն ռիալ ($97.315 մլրդ), իսկ պետական հաստատությունների և նախարարությունների բացառիկ եկամուտները՝ 410.975 մլրդ ռիալ ($13.590 մլն)։ Պետական ընկերությունների, կառավարությանը պատկանող բանկերի և ոչ առևտրային կազմակերպությունների բյուջեն հավասար է 6628 տրլն ռիալի ($219.166 մլրդ):

Ապրիլի 20-ին պաշտոնական մակարդակով հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն 1983թ. և 1996թ. դեպքերի5 ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների ընտանիքներին փոխհատուցելու նպատակով $2 մլրդ գումար է առգրավվել ԱՄՆ բանկերում սառեցված իրանական հաշիվներից։ Այս կապակցությամբ իրանական մի շարք պաշտոնյաներ կոչ արեցին հետաքննել և պատժել բոլոր նրանց, ում պատճառով իրանական ներդրումային հաշիվները հայտնվել են ԱՄՆ բանկերում: Մասնավորապես, Իրանի խորհրդարանական հետազոտական խմբի ղեկավար Ք.Ջալալին հայտարարեց, որ ԻԻՀ խորհրդարանը հետաքննություն կիրականացնի մեղավորներին (ովքեր Ք.Ջալալիի կարծիքով նախկին կառավարության անդամներն են) գտնելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Նավթարդյունաբերություն: Ամսվա սկզբին Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ իրանական նավթի և գազախտանյութի արտահանումը հասել է օրական 2 մլն, իսկ ընդհանուր արդյունահանումը՝ 3.2 մլն բարելի։ Պատժամիջոցների շրջանում6, երբ ընդհանուր արդյունահանումը կազմում էր 2.8 մլն բարել, Իրանին չէր թույլատրվում արտահանել օրական 1 մլն բարելից ավելի: Ըստ Իրանի նավթի նախարարության հայտարարության՝ երկրի առաջնայնություններից է նոր տեխնոլոգիաների ներմուծումը և ամբողջ նավթարդյունաբերության ոլորտի արդիականացումը, որը կխթանի թե՛ արդյունահանման և թե՛ արտահանման ծավալների աճը: Այս ոլորտին ուղղված քայլերից է Իրանի ազգային լցանավային ընկերության տնօրեն Ալի Աքբար Սաֆարիի հայտարարությունն առ այն, որ Իրանը մտադիր է լցանավային նավատորմի արդիականացման համար $2.5 մլրդ-ի ներդրումներ ներգրավել: Ներկայումս Իրանի ազգային լցանավային ընկերության նավատորմը կազմված է 69 լցանավից, որոնցից 66-ի նավթի տեղափոխման տարողունակությունը 15.5 մլն տոննա է:

Նավթի խոշոր արդյունահանող 18 երկրների՝ ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած հանդիպմանը Իրանը չի մասնակցել: Իրանի նավթի նախարար Բ.Զանգանեն այս առիթով հայտարարել է, որ Դոհայում հավաքվելու են այն երկրները, որոնք պատրաստ են լրջորեն քննարկել նավթի արդյունահանման չափերի սառեցումը և ստորագրել համապատասխան պայմանագրեր, իսկ Իրանը չի պատրաստվում ստորագրել արդյունահանման սառեցման հետ կապված և ոչ մի փաստաթուղթ, հետևաբար` չկա և մասնակցության անհրաժեշտություն: Նման վիճակում Իրանի նավթի արդյունահանման ծավալների սառեցումը ուղղակի վնաս էր հասցնելու երկրի շահերին, որը նոր է դուրս եկել սահմանափակումների շրջանից և փորձում է բարելավել սեփական տնտեսական ցուցանիշները: ՕՊԵԿ անդամ երկրները մարտ ամսվա տվյալներով միջազգային շուկա են արտահանել օրական 32,3 մլն բարել նավթ, որից 10.7 մլն բաժին է ընկնում Սաուդյան Արաբիային: Նավթի գնի կայունացման համար սառեցնել սեփական արդյունահանումը, ինչը գրեթե եռակի քիչ է Սաուդյան Արաբիայի նավթի միայն արտահանման ցուցանիշից, իրանական կողմը չի պատրաստվում: Նախարար Բ.Զանգանեն մարտին այս առաջարկը որակել էր նորից «սանկցիաների մեջ մտնել» արտահայտությամբ և հայտարարել, որ այս բնագավառում Թեհրանը կսկսի բանակցել, երբ կհատի օրական 4 մլն բարել ցուցանիշի սահմանը: Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռ.Ջավադին ավելի ուշ հայտարարել է, որ Իրանն այս ցուցանիշին կհասնի հունիսին:

Ոլորտում արտերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով Իրանի նավթի նախարարության պայմանագրերի հանձնաժողովի նախագահ Մ.Հոսեյնին արտասահմանյան ընկերություններին հրավիրել է մասնակցելու հունիս-հուլիս ամիսներին կայանալիք Իրանի նավթագազային հանքավայրերի շահագործման իրավունքի մրցույթին:

Հասարակական և քաղաքական բնագավառներ: Ապրիլի 24-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ հայկական համայնքը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հանրահավաք, որը փակել էր եկեղեցու բակը և հարակից պողոտան: Բողոքի այս ցույցի հիմնական վանկարկվող կարգախոսն էր «Մահ Թուրքիայի ֆաշիստական կառավարությանը»: Հավաքի վերջում ընթերցվել է միջազգային կառույցներին ուղղված 8 կետից բաղկացած բանաձևը, որը կոչ է անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Հանրահավաքն անցել է խաղաղ մթնոլորտում՝ լայնորեն լուսաբանվելով իրանական լրատվամիջոցներում: Իրանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այս հարցում վարում է զուսպ և զգուշավոր քաղաքականություն: Նման մոտեցումը պայմանավորված է Իրանի աշխարհաքաղաքական շահերով. չնայած տարածաշրջանային գրեթե ցանկացած հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներին՝ Թուրքիան Իրանի համար հանդիսանում է խոշոր տնտեսական գործընկեր։ Երկու երկրների փոխհարաբերություններում ուրույն դերակատարություն ունի նաև Իրանի կառավարման իսլամական գաղափարաբանությունը, սակայն Իրանի ներքաղաքական վերջին զարգացումները ենթադրում են քաղաքական իսլամի ազդեցության նվազման միտումներ նաև այս համատեքստում։

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (The International Consortium of Investigative Journalists) կողմից հրապարակված 214 000 օֆշորային ընկերությունների և օֆշորային սխեմաներում ներգրավված անձանց ցանկը, որը ներառում է 50 երկրների 140 քաղաքական գործիչների անուններ։ Իրանը ընդգրկված չէ «Panama papers» զեկույցի ցուցակներում, սակայն գերմանական Deutsche Welle» պարբերականի համաձայն7, այս փաստաթղթերում առկա է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի8 անունը, ով հանդիսացել է փողերի լվացման գործընթացում ներգրավված մի քանի ընկերության սեփականատեր։ Բացի Մ.Ահմադինեժադից, ցուցակում առկա է նաև իրանցի բիզնեսմեն, միլիարդատեր Բաբեկ Զանջանիի անունը, ով կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների մեղադրանքով ընթացիկ տարվա մարտի 6-ին Իրանում դատապարտվել է մահապատժի (դատական գործընթացը դեռևս ավարտված չէ): Հետաքրքրական է, որ Բ.Զանջանին ԱՄՆ և Եվրամիության սև ցուցակներում է հայտնվել Իրանի նկատմամբ սահմանված միջազգային նավթային պատժամիջոցները շրջանցելու գործում ԻԻՀ իշխանություններին աջակցելու համար։ Վերջինս խոստովանել է, որ Իրանի կառավարության կարգադրությամբ և ճյուղավորված ցանցերի միջոցով ԱՄԷ-ում, Թուրքիայում և Մալայզիայում կազմակերպել է իրանական նավթի վաճառքը: Իրանում Մ.Զանջանին մեղադրվում է այս գործունեության ընթացքում կատարած խոշոր չափի յուրացումների մեջ:

Պահպանողական թևի ընդգծված ներկայացուցիչ Մ.Ահմադինեժադի վարկանիշը առանց այն էլ բարձր չէր, քանի որ իրանական հասարակությունը երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը կապում է Մ.Ահմադինեժադի հետ: Սրան հակառակ, միջուկային համաձայնագրի կնքման համատեքստում նկատվում են բարեփոխիչ-չափավորական ուժերի ժողովրդականության աճի միտումներ: Իրանական հասարակության կարծիքով, հենց այս ճամբարի կառուցողական և կշռադատված արտաքին քաղաքականության շնորհիվ Իրանին հաջողվեց ազատվել միջազգային մի շարք պատժամիջոցներից և խթանել տնտեսությունը։

Ընտրություններ: Ապրիլի 21-28-ը Իրանում անցկացվել է 10-րդ հավաքի խորհրդարանի ընտրությունների 2-րդ փուլի նախընտրական քարոզարշավը, մնացած 68 տեղի համար 21 նահանգի 55 ընտրատարածքում պայքարել է 136 թեկնածու: Քարոզարշավի ավարտին նախագահ Հ.Ռոհանին բավական ծավալուն ելույթով ողջունել է ընտրությունների 2-րդ փուլը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր պատգամավոր առաջին հերթին իրանական ժողովուրդն է մեջլիսում: Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզարշավը և բուն ընտրությունները անցել են առանց լուրջ միջադեպերի, մասնակցության մեծ թվի պատճառով (59%) ընտրատեղամասերի աշխատանքը երկարացվել է 3 ժամով (18:00-21:00): Ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների ճամբարային բաժանման թվերը տարբեր են, սակայն ակնհայտ է, որ այս փուլում, ինչպես և ամբողջ ընտրություններում, հաղթանակ է տարել բարեփոխիչ-չափավորական «Հույսի ցուցակի» ճամբարը, իսկ առավել արտահայտված պահպանողական թևը պարտություն է կրել: Չնայած բարեփոխիչներին չի հաջողվել հասնել բացարձակ մեծամասնության, սակայն Հ.Ռոհանիի կառավարության քաղաքականությանը տրված հանրային վստահության քվեն վկայում է Իրանում քաղաքական տրամադրությունների մեծ փոփոխության մասին։ Նախկինում ուժեղ դիրքեր ունեցող ընդգծված պահպանողական հայացքները զիջում են իրենց տեղը, ինչը աննախադեպ է ԻԻՀ քաղաքական պատմության մեջ: Աննախադեպ է նաև կանանց թիվը, որը 10-րդ գումարման խորհրդարանում հասնում է 18-ի, ընդ որում՝ 15-ը «Հույսի ցուցակի» ներկայացուցիչներ: Երկրորդ փուլի արդյունքներով խորհրդարան է անցել 39 բարեփոխիչ-չափավորական, 14՝ պահպանողական և 15՝ անկախ խորհրդական: Ընդհանուր արդյունքներն ամփոփելով՝ ստանում ենք հետևյալ պատկերը. բարեփոխիչ չափավորական «Հույսի ցուցակ»-121, պահպանողականներ-92, անկախ թեկնածուներ-71, կրոնական փոքրամասնություններ-5: Խորհրդարանի առաջին նիստը կայանալու է ս.թ. մայիսի 27-ին: Խորհրդարանի նախագահի պաշտոնի համար պայքարելու են գործող նախագահ, չափավոր պահպանողական թևի ներկայացուցիչ Ալի Լարիջանին և բարեփոխիչների ու չափավորների միասնական կոալիցիայի ղեկավար Մոհամադ Ռեզա Արեֆը, որոնք հիմնականում նույն քաղաքական հայացքների կրողներ են:

1 ԱՄՆ լրագրողական անկախ հետաքննությունները դեռ 2007թ. պարզել են, որ այս ահաբեկչական կառույցին գումարներ են հատկացվել ԱՄՆ հիմնադրամներից, փորձագիտական շրջանակներում էլ 2008թ. լուրեր հայտնվեցին, ըստ որոնց ‹‹Ջունդալլահ›› ահաբեկչական խմբավորմանը ԱՄՆ-ն $400 մլն է հատկացրել:

2 Առևտրային բալանսի սալդոն տարեկան (կիսամյակային, ամսական) ներմուծման և արտահանման ծավալների տարբերությունն է, երբ բալանսն ունենում է դրական սալդո, նշանակում է, որ դրամային ցուցանիշով (ապրանքների ծավալները վերածվում են դրամային ցուցանիշի) ավելի շատ ապրանքներ են արտահանվել, քան ներմուծվել, երբ բալանսը ցույց է տալիս բացասական սալդո, այսինքն՝ ավելի շատ ապրանքներ ներմուծվել են, քան արտահանվել:

3 20/03/2016-20/03/2017

4 http://www.irna.ir/ru/News/3065786/

5 1983թ. Բեյրութում Ամերիկյան խաղաղապահների զորանոցներում պայթյուններ են կազմակերպվել, որոնց պատճառով զոհվել է 241 ամերիկյան զինծառայող: 1996թ. Ամերիկյան զինծառայողներով բնակեցված Խոբար Թաուերս բնակելի համալիրում ահաբեկչության արդյունքում զոհվել է ամերիկացի 19 զինծառայող: Երկու դեպքում էլ պաշտոնական Վաշինգտոնը մեղադրել է Իրանին ահաբեկչական գործողություններին աջակցելու մեջ:

6 2012թ.- 2016թ. հունվարի 16:

7 http://www.dw.com/fa-ir/

8 Իրանի նախագահ 2005թ. օգոստոսի 3-ից մինչև 2013թ. օգոստոսի 3-ը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր