• am
  • ru
  • en
Версия для печати
04.03.2016

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ)

Руский

   


Ջոնի Մելիքյան

«Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։

Վրաստանի արտաքին քաղաքական կյանքը հունվարին բավական պասիվ էր՝ անցած տարեվերջին Վրաստանի նորացված կառավարության և նոր վարչապետի հաստատմամբ պայմանավորված։ Երկրի նոր վարչապետ ընտրվեց նախկին արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։ Նրան Վրաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտ Միխայիլ Ջանելիձեն։ Հունվարի հիմնական իրադարձությունների շարքում հարկ է առանձնացնել Վրաստանի կառավարական պատվիրակության մասնակցությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) միջոցառումներին և հանդիպումները գործընկեր պետությունների ղեկավարների հետ, վրաց-թուրքական բանակցություններն Անկարայում մաքսային վարչարարության նոր մոդելի վերաբերյալ, Եվրախորհրդարանի բանաձևը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ ԵՄ-ին ասոցիացվելու համաձայնագրի իրականացման մասին, ինչպես նաև վրաց-ռուսական հարաբերությունների սառեցման հերթական փուլը։

Վրաստանի կառավարության նոր ղեկավարի առաջին արտասահմանյան այցի նպատակը մասնակցությունն էր հունվարի 20-23-ին Դավոսում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այցի շրջանակում Վրաստանի վարչապետը հանդիպեց մի շարք երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների (Շվեյցարիայի նախագահ Յոհան Շնայդեր-Ամանի (Johann N. Schneider-Ammann), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ղազախստանի և Նիդեռլանդների վարչապետներ Քարիմ Մասիմովի և Մարկ Ռյուտեի) հետ։ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպեց նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի և խոշոր կորպորացիաների ու բանկերի ղեկավարների (Tata Sons LTD ընկերության նախագահ Սայրուս Միսթրիի (Cyrus P Mistry), Washington State Investment Board ընկերության գործադիր տնօրեն Թերեզա Վիթմարշի (Theresa J. Whitmarsh), Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չաքրաբաթի) հետ։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմանի հարաբերությունների «կարևոր» հարցեր և երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները։ Ինչպես տեղեկացրել են Վրաստանի կառավարության աշխատակազմում, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականը «լիակատար աջակցություն» է հայտնել Վրաստանի կառավարությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև որպես Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլու ԱՄՆ կատարելիք առաջին այցի հնարավորությունը։

Հարկ է նշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը. Վրաստանի վարչապետը և նա քննարկել են «երկկողմ հարաբերությունների և ռազմավարական համագործակցության» զարգացման հարցեր։ «Իլհամ Ալիևի հետ հանդիպումն անցել է բարեկամական և ջերմ մթնոլորտում։ Մենք, իսկապես, չենք խոսել գազի մատակարարումների մասին։ Միակ բանը, որ կնշեմ, այն է, որ դա զուտ տեխնիկական բնույթի հարց է։ Բացարձակապես ոչ մի տարաձայնություն մեր պետությունների միջև չկա։ Ընդհակառակը, մենք տրամադրված ենք շատ լավատեսորեն, համատեղ նախագծերով, որոնք իրականացնում ենք՝ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը, Բաքու-Թբիլիսի-Կարսը... Մենք կստեղծենք մեր երկրների տնտեսական աճի կարևոր աղբյուր»,- ասել է Կվիրիկաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփելով։

Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահը հրավեր է ստացել և առաջիկայում հերթական անգամ կայցելի Վրաստան։ Այս փաստը հետաքրքիր է նրանով, որ Իլհամ Ալիևը վերջին անգամ պաշտոնական այցով Վրաստանում է եղել 2015թ. նոյեմբերի 5-6-ին։ Այցի շրջանակում Ի.Ալիևը հանդիպել է իր վրացի պաշտոնակցի՝ Գեորգի Մարգվելաշվիլու, այժմ արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու հետ։ Ադրբեջանի նախագահը հանդիպում է ունեցել նաև իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ոչ ֆորմալ ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ։

Այն ժամանակ այցն անցկացվում էր ռուսաստանյան «Գազպրոմի» հետ Վրաստանի էներգետիկայի նախարարության գազային բանակցությունների (Վրաստանի տարածքով Հայաստանի համար ռուսական գազի տարանցումն ապահովելու մասին հերթական պայմանագրի ստորագրման, ինչպես նաև երկրի էներգետիկ աճող կարիքների բավարարման համար ռուսական երկնագույն վառելիքի հավելյալ առևտրային ծավալների հնարավոր գնման վերաբերյալ) ֆոնին։ Այդ բանակցությունները, որոնք ընթանում են 2015թ. սեպտեմբերից, քննադատության և դժգոհության ալիք են բարձրացրել ընդդիմադիր ուժերի, վրացական փորձագիտական հանրույթի և հասարակական կազմակերպությունների մի մասի շրջանում, որոնք մեղադրում են կառավարությանը Վրաստանի ազգային անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու մեջ։ Ադրբեջանի ղեկավարին այսքան հապճեպ հրավիրելը մատնանշում է, որ Բաքուն, չնայած իր արտաքուստ «հանգստությանը», այնուամենայնիվ, մտահոգ է պաշտոնական Թբիլիսիի՝ էներգամատակարարումների դիվերսիֆիկացմանն ուղղված գործողություններից։

Ասվածի հաստատումն է նաև այն, որ հունվարի 13-ին աշխատանքային այցով Թբիլիսի ժամանեց Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) նախագահ Ռովնաղ Աբդուլաևը, որը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։ Հանդիպմանը մասնակցում էին SOCAR-Georgia-ի ղեկավար Մահիր Մամեդովը, Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախի Քալաձեն, էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին։

«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է։ Չնայած քաղաքական շահարկումներին, որոնք առկա են վերջին ժամանակներս, ուզում եմ ընդգծել, որ SOCAR ընկերության հետ ռազմավարական համագործակցությունը խիստ կարևոր է, և մենք պատրաստ ենք քննարկել ապագա համագործակցության խորացման հարցերը։ Ադրբեջանը Վրաստանի բարեկամն է, և դա ամենագլխավորն է»,- ասել է Վրաստանի վարչապետը՝ ամփոփելով SOCAR-ի ղեկավարության հետ հանդիպման արդյունքները։

SOCAR նախագահն իր հերթին «կարևորել» է հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ։ SOCAR վրացական ներկայացուցչության ղեկավար Մահիր Մամեդովն ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Վրաստանին գազամատակարարման տեխնիկական հնարավորությունները, մանավանդ ձմեռային ցուրտ շրջանում։ Ըստ նրա՝ կողմերը համաձայնել են, որ երկու երկրների փորձագետներն այսուհետ ևս աշխատեն, իսկ ադրբեջանական կողմն առավելագույն չափով կավելացնի գազամատակարարման ծավալները, ընդհուպ օրական 7 մլն մ3։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախի Քալաձեի խոսքով՝ Վրաստանն ունի գազի հավելյալ ծավալների կարիք՝ բավարարելու համար վառելիքի աճող պահանջարկը։ Ըստ նրա՝ Ադրբեջանից (որը բավարարում է Վրաստանի տարեկան սպառման մոտ 87%-ը) մատակարարումների ավելացումն անհնար է «տեխնիկական» պատճառներով, հատկապես ձմռանը, երբ գազի սպառումը Վրաստանում հասնում է գագաթնակետին։ Իսկ SOCAR ընկերության մատակարարած գազի ծավալների ավելացման համար անհրաժեշտ կլինեն «հավելյալ ներդրումներ», մասնավորապես՝ կոմպրեսորային կայանի համար։

Նշենք, որ ըստ Վրաստանի գազի տեղափոխման ընկերության տվյալների՝ երկիրը գազ ստանում է ադրբեջանական երկու աղբյուրից։ 2015թ. մոտ 750 մլն մ3 գազ երկիրն ստացել է ըստ այն համաձայնագրի, որը ձեռք է բերվել Հարավկովկասյան խողովակաշարի շրջանակում։ Այդ խողովակաշարով իրականացվում է Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա գազամատակարարում Շահ-Դենիզ հանքավայրից։ Բացի այդ, 2015թ. 1,35 մլրդ մ3 գազ ներկրվել է Վրաստան SOCAR ընկերության հետ առանձին համաձայնագրի շրջանակում։

Ինչ վերաբերում է Քալաձեի դիրքորոշմանը, ապա նա մինչ այդ վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում արդեն քանիցս հայտարարել էր, թե Վրաստանին չի բավարարում գազի այն ծավալը, որն այսօր գալիս է Ադրբեջանից։ Նա նշել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունների կարևորությունը, որի հետ վրացական կողմն առաջին տարին չէ, որ բանակցում է։ «Ելնելով այն բանից, որ 2015թ., 2014-ի համեմատ, գազի սպառման պահանջարկն աճել է գրեթե 19%-ով, այս տարի Վրաստանը ստիպված կլինի 300-400 մլն մ3 պակասուրդը լրացնել ռուսական գազով»,- ասել է նա։

Վերադառնալով Դավոսին՝ նշենք, որ արդեն ՀՏՀ-ի «Եվրասիան և արդի Մետաքսի ճանապարհը» նստաշրջանում իր ելույթի շրջանակում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը տարածաշրջանում դառնում է առավել բաց տնտեսությամբ երկիր՝ կարգավորման և էներգակիրների ու որակյալ աշխատուժի համեմատաբար ցածր սակագների ամենաազատական քաղաքականությամբ։ Ըստ նրա՝ Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի տարածաշրջանի բոլոր երկրների, Եվրամիության հետ և բանակցություններ է սկսել Չինաստանի հետ՝ միևնույն ժամանակ սերտորեն համագործակցելով «հարևանների»՝ Ղազախստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ մշակելու համար միասնական մոտեցում հարավկովկասյան միջանցքի կառավարման հարցում։ Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է առաջին տարանցիկ գնացքի գործարկման «նշանակալիությունը», որը Չինաստանից ուղևորվել է Թուրքիա Ղազախտանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ըստ Կվիրիկաշվիլու՝ Վրաստանը «փորձում է կապեր զարգացնել» Եվրամիության և տարածաշրջանի երկրների միջև և միևնույն ժամանակ «թուլացնել լարվածությունը» Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Վրաստան-Թուրքիա.- Ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված՝ հարկ է նշել նաև այն պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել հունվարի վերջին Անկարայում, Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի և Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերի նախարար Բյուլենթ Թուֆեքչիի հանդիպման ընթացքում։ Վրաստանը և Թուրքիան պայմանավորվել են 2016թ. մարտից սկսել իրականացնել eTIR եռամյա պիլոտային նախագիծ (երկու երկրների մաքսային վարչությունների տեղեկատվության էլեկտրոնային փոխանակում)՝ կապված միջազգային ճանապարհային փոխադրումների գործողությունների (TIR) հետ։ Նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն իրագործման պարագայում կդյուրինացնի երկու երկրների մաքսային վարչությունների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը և մաքսային ընթացակարգերն այն բեռների համար, որոնք տեղափոխվում են TIR ցուցակով, ռիսկերի նախնական վերլուծության միջոցով։

Վերը նշված տեղեկատվության համատեքստում թուրքական Haberler.com պարբերականը տեղեկացրել է, որ ընդունվել է որոշում եռակողմ մեխանիզմի ստեղծման մասին՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մաքսային մարմինների մասնակցությամբ։ Ըստ պարբերականի՝ այս մասին տեղեկացրել է Բյուլենթ Թուֆեքչին Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս։

Վրաստան-ԵՄ.- Անցած հունվարը հետաքրքիր է եղել նաև Վրաստանի եվրոպական օրակարգի առումով։ Հունվարի 21-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև ԵՄ-ի հետ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ասոցիացման համաձայնագրի իրագործման մասին։ Փաստաթղթի ընդունումից առաջ, նույն օրը տեղի ունեցած բանակռիվներում, հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Եվրախորհրդարանի անդամներին ասել է, որ Վրաստանը «տպավորիչ» առաջընթացի է հասել բարեփոխումների հարցում և «ավելի առաջ է գնացել», քան նախատեսված էր Վիզային ազատականացման գործողությունների պլանով (VLAP

Պաշտոնական Թբիլիսին, հանձին կառավարության ղեկավարի, ողջունել է այս փաստաթուղթը՝ գոհունակություն հայտնելով Վրաստանի եվրոպական ձգտումներին և վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին ԵՄ «ամուր» աջակցության առիթով։ Գեորգի Կվիրիկաշվիլին նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ը առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ։ «Դա շոշափելի օգուտ կբերի Վրաստանի քաղաքացիներին, ինչպես նաև ավելի մեծ հնարավորություններ կընձեռի բիզնես-հանրությանը, մանավանդ փոքր ու միջին ձեռներեցությանը՝ ստանալու առավելագույն օգուտ ԵՄ-ի հետ ազատ առևտրից»,- ասել է նա։

Վրաստան-Ռուսաստան.- 2015թ. դեկտեմբերի վերջը վրաց-ռուսական հարաբերություններում դրական է եղել և նշանավորվել է Վրաստանի քաղաքացիների համար ցանկացած ժամկետներով վիզաների ազատականացմամբ կամ գործնական, աշխատանքային և ուսումնական վիզաներ ստանալու ընթացակարգի պարզեցման առումով։ 2016թ. հունվարը, սակայն, կարելի է համարել բարդ հարևան երկու երկրների փոխհարաբերություններում։

Ամսվա վերջին՝ հունվարի 25-ին, Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն վրաց լրագրողներին ասել է, որ 2016թ. կեսերին չի բացառվում Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը լիովին հանելու հավանականությունը։ Սակայն արդեն հաջորդ օրը՝ հունվարի 26-ին, Մոսկվայում մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է հետագայում անվիզա ռեժիմ մտցնել՝ հավելելով, որ դա «տարօրինակ կլինի մի շրջանում, երբ մենք (Վրաստանը և Ռուսաստանը) դիվանագիտական հարաբերություններ չունեն, որոնք մենք չէ, որ խզել ենք»։ Այս հայտարարությամբ շեշտադրվել է այն, որ Մոսկվան դեմ չէ անվիզա ռեժիմ մտցնել Թբիլիսիի հետ, բայց անհրաժեշտ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել են Վրաստանի կողմից 2008թ.։ Վրացական կառավարության համար այս քայլը կնշանակեր ընդունել գոյություն ունեցող իրողությունները և անկախ Աբխազիայի ու Հարավային Օսիայի առկայությունը, ինչին, մեր կարծիքով, պաշտոնական Թբիլիսին չի գնա։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի մյուս հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները դուրս են գալիս «խոր սառեցման» վիճակից, այնուամենայնիվ, ուղեկցվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին արտահայտությամբ։ Իր մեկ այլ հայտարարությամբ (Վրաստանի Պանկիսի կիրճում ահաբեկչական սպառնալիքի առկայության մասին, և որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն այն օգտագործում է իր մարզումների համար) նա հանկարծակիի է բերել վրացական կառավարությանը և քննադատության ալիք առաջացրել ինչպես երկրի իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի կողմից։

«Տեղեկություններ են հասնում, թե ԻԼԻՊ-ականներն այդ դժվարամատչ տարածքն օգտագործում են այն բանի համար, որպեսզի այնտեղ մարզվեն, հանգստանան և լրացնեն իրենց պաշարները»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ավելացրել, որ Մոսկվան ժամանակին ստիպված է եղել խստացնել վիզային ռեժիմը Թբիլիսիի հետ «հիմնականում այն պատճառով, որ չի վերացել Պանկիսի կիրճից սպասվող ահաբեկչական սպառնալիքը»։

Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը՝ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը Պանկիսի կիրճում։ «Վրաստանի կառավարությունն իրականացնում է լիակատար վերահսկողություն, Պանկիսի կիրճից ահաբեկչական սպառնալիքի ոչ մի ռիսկ չկա... Այնտեղից հեռացել է մի քանի տասնյակ մարդ, որպեսզի կռվի «Իսլամական պետության» շարքերում, բայց նրանց մուտքի վրա խիստ հսկողություն է սահմանված, և, իհարկե, այստեղ գործում են Քրեական օրենսգրքի հոդվածները»,- ասել է Կվիրիկաշվիլին։

Վարչապետին իր համերաշխությունն է հայտնել նաև Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Ըստ նրա՝ Պանկիսի կիրճից Սիրիա է գնացել և «Իսլամական պետությանը» հարել մոտ 30 մարդ, և նրանց վերադարձի դեպքում երկրի օրենսդրության հիման վրա նրանց հանդեպ քրեական գործ կհարուցվի։ Աբաշիձեն նաև հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարին, որ Վրաստանն ակտիվ մասնակցություն ունի ահաբեկչության դեմ ուղղված միջազգային ջանքերին։

Անդրադառնալով Վրաստանից ԴԱԻՇ շարքերում կռվողների խնդրին՝ նշենք, որ համաձայն Վրաստանի ՆԳՆ՝ 2015թ. հակաահաբեկչական գործունեության վերաբերյալ հաշվետվության՝ երկրի քննչական մարմինները հարուցել են 14 գործ ահաբեկչության մասին։ Այսօր Վրաստանում արդեն կալանված է 9 մարդ՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Վերջին տարիներին զոհվել է կազմակերպության շարքերում կռվող 15 վրաստանցի՝ Պանկիսի կիրճի 14 բնակիչ և մեկ հոգի Աջարիայից։ Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան ավելի վաղ նշել էր, որ իր գերատեսչությունը տեղեկություն ունի Սիրիայում, ահաբեկչական կազմակերպությունների շարքերում երկրի մոտ 50 քաղաքացու գտնվելու մասին։ Ամենահայտնի վրաստանցին Թարխան Բաթիրաշվիլին է կամ Աբու Ումար ալ-Շիշանին։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր