
ՎՐԱՍՏԱՆ. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, 2015Թ. ՆՈՅԵՄԲԵՐ)

Ջոնի Մելիքյան, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ
Ընտրություններ. Անցած ամսվա սկիզբը Վրաստանում դարձավ հոկտեմբերյան ակտիվ ներքաղաքական կյանքի շարունակությունը։ Հոկտեմբերի 31-ին երկրում տեղի ունեցան ինչպես որոշ շրջանների տեղական ինքնակառավարման ժողովների, այնպես էլ Սագարեջո և Մարթվիլի մեծամասնական միամանդատ օկրուգներից խորհրդարանի պատգամավորների միջանկյալ ընտրություններ։ Երկրի ընտրական համակարգի վերաբերյալ «Վրացական երազանք» կոալիցիայի հետ տարաձայնությունների պատճառով խորհրդարանական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, որոշ այլ կուսակցությունների հետ միասին, բոյկոտեցին այդ ընտրությունները։ Բայց և այնպես, այդ ընտրությունների կարևորությունն այն էր, որ 2014թ. վերջին սկսված ֆինանսատնտեսական ճգնաժամից, ինչպես նաև դրան հաջորդած տնտեսական դժվարություններից հետո կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի վարկանիշն սկսեց ընկնել։ Այս ֆոնին նորից ակտիվացան նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ՄԱՇ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։ Ընտրություններին մասնակցությամբ կոալիցիան ցույց տվեց, որ չի հրաժարվելու այսօրվա դիրքորոշումներից, ինչպես նաև հնարավորություն ստացավ պարզելու իր վարկանիշը։
Արդեն նոյեմբերի 1-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) միջանկյալ ընտրությունները կայացած համարեց։ Համաձայն Վրաստանի ԿԸՀ մամլո քարտուղարի՝ տեղական ինքնակառավարման ժողովների (սաքրաբելո) միջանկյալ ընտրություններում բոլոր ընտրատեղամասերում հաղթանակ են տարել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուները. Սագարեջոյում՝ Զազա Չիխլաձեն (45,01%), Դմանիսում՝ Մզիա Նինիաշվիլին (100%, միակ թեկնածուն է եղել), Վանիում՝ Ռաուլ Ձագնիձեն (69.11%) և Խոբիում՝ Մելոր Գելանթիան (73.44%)։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա Սագարեջոյի 50 ընտրատեղամասերի մեծ մասում հաղթել է «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ Թամար Խիդաշելին (պաշտպանության նախարար Թինա Խիդաշելու քույրն է)՝ ստանալով 7540 ձայն (կամ ընտրողների 49,5%-ը)։ Նրա հիմնական մրցակցուհին՝ «Հայրենասերների դաշինքի» (աջ ուղղվածության պահպանողական քաղաքական ուժ) առաջնորդ Իրմա Ինաշվիլին (ոչ խորհրդարանական ընդդիմություն) ստացավ 6981 ձայն (կամ 45,83%)։ Մասնակցությունը միջանկյալ ընտրություններին մեծ չէր և, երկրի ԿԸՀ տվյալներով, կազմել է 46082 գրանցված ընտրողների 34,43%-ը։ Երկրորդ օկրուգում՝ Մարթվիլիում, համոզիչ հաղթանակ տարավ իշխող կոալիցիայի ևս մեկ թեկնածու՝ Սոսո Դանելիան, որին ձայն էր տվել 9620 ընտրող (կամ 72,54%)։ Նրա մրցակցուհին՝ «Հայրենասերների դաշինքի» թեկնածու Էթեր Մեձվելին, ստացավ ընդամենը 3641 ձայն (կամ 22.45%)։
Նշենք, որ ընտրություններին նախապատրաստվելիս որոշվել էր, որ Սագարեջոյում, որտեղից 2012թ. առաջադրվել էր հանրապետական Թինաթին Խիդաշելին (Վրաստանի պաշտպանության նախարար), «Վրացական երազանք» կոալիցիայից մասնակցելու է Հանրապետական կուսակցության անդամ Թամար Խիդաշելին, որն էլ հաղթանակ է տարել։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո նրա մրցակցուհին՝ Իրմա Ինաշվիլին, անմիջապես հայտարարել էր, թե կասկածում է ընտրությունների արդյունքներին և մտադիր է բողոքարկել դրանք դատարանում, ինչպես նաև անժամկետ հացադուլ սկսել։ Նոյեմբերի 9-ին Ինաշվիլին և «Հայրենասերների դաշինքի» ևս մի քանի այլ անդամներ հացադուլ սկսեցին կառավարության շենքի առջև։ Նրանց հիմնական պահանջներն էին. երկրի ընտրական համակարգի փոփոխություն, հանրապետական նախարարների (պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի և շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլի) հրաժարական, որոնք մեղադրվում են միջանկյալ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսն օգտագործելու մեջ, ինչը նպաստել է «Վրացական երազանքի» թեկնածու Թամար Խիդաշելու հաղթանակին։
Սակայն արդեն նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհդարանը ճանաչեց Սագարեջոյի և Մարթվիլիի օկրուգներից մեծամասնական պատգամավորների՝ Թամար Խիդաշելու և Սոսո Դանելիայի լիազորությունները, որոնց ներգրավմամբ խորհրդարանի պատգամավորների ցուցակային կազմը հասավ 150 մարդու։
Վրաստանում կարծիք կա, թե «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր ուժի թույլ դիրքը կառավարության քննադատության գործում և նրանց հարձակումները «Միասնական ազգային շարժման» հասցեին, գումարած այն, որ կուսակցությունը որոշել էր չմիանալ միջանկյալ ընտրությունների՝ մյուս կուսակցությունների հայտարարած բոյկոտին, ցույց են տալիս, որ այս կուսակցությունն իշխող կոալիցիայի «արբանյակն» է։
Խիդաշելի-Ինաշվիլի «դիմակայությունն» այս ընտրություններում ցույց տվեց նաև կառավարող կոալիցիայում առկա պառակտման մասին՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության և մեծությամբ երկրորդ Հանրապետական կուսակցության անդամների միջև։ ԶԼՄ-ում (և ոչ միայն լրատվամիջոցներում) քննարկվում էին դեպքեր, երբ «Վրացական երազանքի» ակտիվիստները հանդես էին գալիս «Հայրենասերների դաշինքի» (ոչ խորհրդարանական ընդդիմադիր այս ուժը մեղադրվում է ռուսամետության մեջ) պաշտպանությամբ՝ կոալիցիոն կուսակցության անդամին սատարելու փոխարեն։ Ըստ որոշ փորձագետների՝ այդ ամենն արվում էր այն նպատակով, որպեսզի հաղթանակ տաներ Իրմա Ինաշվիլին, ինչը հետո կարելի կլիներ օգտագործել որպես Հանրապետական կուսակցության պարտություն՝ այն կառավարող կոալիցիայից հանելու համար։
Հատկանշական է նաև, որ այդ նույն հանրապետականները տարբեր հարթակներում, հանձինս տարբեր նախարարների և քաղաքական գործիչների, մշտապես նշում են այն փաստը, որ քաղաքականությունից նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հեռանալը ժամանակից շուտ էր և թույլ չտվեց կոալիցիային՝ կայանալ որպես միասնական քաղաքական ուժ։ Սակայն այս դիմակայությանը վերջակետ դրեց ինքը՝ Իվանիշվիլին, որը մինչև ընտրությունները կտրականապես հերքեց այս շահարկումները և հորդորեց Սագարեջոյի ընտրություններում սատարել Թամար Խիդաշելուն։
Այնուամենայնիվ, նշեք, որ միջանկյալ ընտրություններն ի հայտ բերեցին այնպիսի իրավիճակ, որում երևաց երկրի բնակչության անտարբեր վերաբերմունքը գործող իշխանությունների և ընդդիմության հանդեպ, և ինչ-որ իմաստով նախազգուշացրին ներքաղաքական բոլոր դերակատարներին ակտիվացնել իրենց գործունեությունը 2016թ. հոկտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ։
Տնտեսություն
Տրանսֆերտներ. Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 27.4%-ով (կամ $34 մլն-ով պակաս, քան 2014թ.) և կազմել $89.9 մլն կամ 215.2 մլն լարի։ Ազգային բանկի համաձայն՝ դրամական բոլոր փոխանցումների 92.7%-ը բաժին է ընկնում 14 խոշոր դոնոր երկրների, որոնցից ս.թ. հոկտեմբերին Վրաստան է ուղարկվել ավելի քան $1 մլն։ Այդ նույն 14 երկրներն անցած տարի ուղարկել են դրամական բոլոր փոխանցումների 93.6%-ը։ Առաջատար երկրների հնգյակը, ինչպես և նախկինում, գլխավորում է Ռուսաստանը (($36 մլն)։ Այնուհետև գալիս են Իտալիան ($9.6 մլն), ԱՄՆ-ը (8.8 մլն), Հունաստանը ($7.9 մլն), Թուրքիան ($5 մլն)։
Սղաճը. Անդրադառնանք ևս մեկ տնտեսական ցուցանիշի՝ տարեկան սղաճին։ Նոյեմբերին Վրաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է Վրաստանում ս.թ. հոկտեմբերի դրությամբ տարեկան սղաճի վերաբերյալ հաշվետվություն. այն կազմել է 5,8% (սեպտեմբերին այդ ցուցանիշը 5,2% էր)։ Ըստ նրանց տեղեկատվության՝ հոկտեմբերին տարեկան սղաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի խմբում՝ 13,5%։ Գներն առողջապահության ոլորտում բարձրացել են 11,1%-ով, ինչը պայմանավորված է դեղամիջոցների գների 27,4% թանկացմամբ՝ 2014թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ։ Էլեկտրականության սակագների բարձրացման հետևանքով տարեկան սղաճի մակարդակն աճել է բնակարանային, ջրամատակարարման, էլեկտրականության և բնական գազի հատվածում՝ հոկտեմբերին կազմելով 8,2%։
Պետբյուջե. Անցած ամսվա ընթացքում Վրաստանում կատարվել է երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի՝ 2015թ. ընթացիկ պետբյուջեի ճշգրտման աշխատանք։ Նոյեմբերի 27-ին Վրաստանի խորհրդարանը պաշտպանեց 2015թ. պետբյուջեում փոփոխություններ մտցնելու կառավարության առաջարկությունները, որոնք, այլ հարցերի կողքին, նախատեսում են նաև համընդհանուր առողջապահության համակարգի ֆինանսավորման ավելացում (96 մլն լարիով կամ $40 մլն-ով)։ Փոփոխությունների համաձայն, որոնց օգտին քվեարկել է 84 պատգամավոր, բյուջեի եկամուտները մինչ այդ նախատեսված 7,95 մլրդ լարիից ($3,31 մլրդ) ավելանում են մինչև 8,048 մլրդ լարի ($3,35 մլրդ), իսկ ծախսերը՝ 8,016 մլրդ լարիից ($3,34 մլրդ) մինչև 8,11 մլրդ լարի ($3,38 մլրդ)։
ՀՆԱ. Նոյեմբերի վերջին Վրաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն՝ ՀՆԱ իրական աճը երկրում 2015թ. հոկտեմբերին կազմեց 3% 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ։ Վիճծառայության տեղեկատվությամբ՝ 2015թ. անցած տասն ամիսներին Վրաստանի ՀՆԱ միջին իրական աճը կազմել է 2,8% (2014թ. նույն ժամանակաշրջանում ՀՆԱ աճը կազմել է 5,6%)։
Առևտուր. Վրաստանում բացասական դինամիկան պահպանվել է նաև առևտրի ոլորտում։ 2015թ. հոկտեմբերին Թուրքիայից Վրաստան ներմուծման ծավալը կրճատվել է 23%-ով ($316,3 մլն 2014թ. հունվար-հոկտեմբերի համեմատ) և կազմել է մոտ $1,1 մլրդ (Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 17,3%-ը)։ Այդ նույն ժամանակամիջոցի համար գրանցվել է Վրաստանից Թուրքիա արտահանման ծավալի անկում. կրճատվել է 18%-ով ($35 մլն 2014թ. նույն ժամանակամիջոցի համեմատ) և կազմել է ավելի քան $160,5 մլն (Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 8,8%-ը)։ Այնուամենայնիվ, Թուրքիան մնում է առաջատարը Վրաստանի առևտրային գործընկերների շարքում, իսկ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ սույն ժամանակաշրջանում կազմել է ավելի քան $1,2 մլրդ, ինչը 22%-ով պակաս է, քան 2014թ. հունվար-հոկտեմբերին։ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է Վրաստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 15,3%-ը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ (հիմնական իրադարձությունների տեսություն)[21.12.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[29.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[24.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[31.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[28.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[16.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԸ[01.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[27.07.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[26.07.2016]