
ՔՐԴԵՐՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Իրաքյան Քրդստանի թուրքական ռիսկերը
Այսօր Թուրքիան Իրաքյան Քրդստանի համար Բաղդադի հետ նավթագազային հարաբերություններում թե՛ լոգիստիկ թիկունք է, թե՛ դեպի աշխարհ բացվող պատուհան, որովհետև ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ Թուրքիայով է անցնում։ Հեռանկարները, ինչպես միշտ, փայլուն են, «վերելքի վրա», բայց ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքանով են անգամ ձեռք բերված արդյունքներն անշրջելի։ Բանն այն է, որ թուրք-քրդական հարաբերությունները զարգանում են երկու կողմերի շահերին համապատասխան. ոչ միայն քրդերն են առաջընթաց սպասում, այսինքն՝ իրենց քայլերը ծրագրում են առաջ նայելով, այլև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն է ակնկալում գալիք դիվիդենդներ, մասնավորապես՝ քրդական ձայներ արդեն գալիք տարվա ընտրություններում։ Իմ կարծիքով՝ մեկ այլ հաշվարկ էլ կա, իհարկե՝ շատ ավելի հեռավոր, միտված ֆինանսական հնարավորություններին՝ «նավթադոլարներ», որոնք մեծ ծավալով օրեցօր գեներացնելու է Քրդստանը՝ շրջանառության մեջ դնելով նավթահանքերը։ Ճշմարտության պահը վրա կհասնի, երբ նավթի արտադրությունը հավասարվի այն բաժնի հետ, որը Քրդստանը պետք է ստանա դաշնային բյուջեից, ուր առայժմ հավաքվելու են Իրաքի նավթի վաճառքից ստացվելիք բոլոր եկամուտները։ Դա պետք է տեղի ունենա արդեն մի երկու տարի անց։ Հնարավոր է, որ այդ ժամանակ արվի դեպի դաշնային Կենտրոնից լիակատար տնտեսական ինքնուրույնություն տանող հաջորդ քայլը, որն արդեն այժմ դե-ֆակտո գոյություն ունի։
Պարզ է, որ նավթի արտահանման աճին զուգընթաց՝ անհնար կլինի նավթից ստացվող ողջ հասույթը ներդնել հենց Իրաքյան Քրդստանում. փոքր է տարածաշրջանը։ Արդեն այժմ պայքար է մղվում այն բանի համար, թե որտեղ են պահվելու այդ փողերը։ Եթե այդ միջոցները դրվեն թուրքական բանկերի դեպոզիտներում, ապա արդեն միայն դա կարող էր ֆինանսական բազա դառնալ Թուրքիայի տնտեսական աճի նոր փուլի, գուցեև թյուրքական աշխարհում քաղաքական ազդեցության էական ընդլայնման համար։ Կայսերական մտածողությունը՝ նեոօսմանական լինի, թե որևէ այլ բան, զգալի ծախսեր է պահանջում, որոնք անհնար են, եթե չկա բնական հարստության աղբյուր։ Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների տնտեսական նշանակությունը Թուրքիայի համար շոշափելի է արդեն այսօր, բայց տառացիորեն մեկ-երկու տարի անց այն սկզբունքայնորեն այլ մակարդակի վրա կհայտնվի։
ԷՐԲԻԼԸ ՀԱՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ
Իրաքի քրդերն ավելի համեստ շահեր ունեն։ Նրանց, նախևառաջ, հարկավոր է դիմանալ Նուրի էլ-Մալիքիի կենտրոնաձիգ պահվածքի դեմ պայքարում, սպասել, մինչև որ դաշնային կարգը (չէ՞ որ այն ընդունված է Արաբական Միացյալ Էմիրություններում) ճանաչում ստանա Իրաքում։ Դա կլիներ հիմնախնդրի իդեալական լուծումը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները կկորցնեին իրենց վտանգավոր բացառիկությունը։ Խնդիրն այն է, որ գրեթե անհնար է հաշվարկել, թե երբ դա տեղի կունենա։ Այս հեռանկարի իրականանալիության մասին շատ բան կարելի կլինի ասել 2014թ. Իրաքի խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ առայժմ պետք է սպասել, և այս պայմաններում Թուրքիան միակ իրական «օդանցքն» է։ Իհարկե, կարելի է ենթադրել, թե հնարավոր է թուրք-քրդական դաշնության ստեղծումը, սակայն, բացի նրանից, որ քրդերն այնտեղ երկրորդային բաղադրիչ կլինեն, դա այնքան հեռու է (նախևառաջ հենց ներքրդական հարաբերությունների պատճառով), որ առայժմ չարժե լուրջ խոսել այդ մասին։ Իրաքցի քրդերի համար Թուրքիայի այլընտրանքը հենց միայն Իրաքն է, որը կարող էր իրական դաշնություն լինել, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ (2005թ.), իսկ քրդերը երկրում կկարողանային կարևոր տնտեսական դիրքեր զբաղեցնել ոչ միայն տարածաշրջանի կազմում, այլև անհատապես՝ որպես գործարարներ։ Բայց այս ամենն առայժմ միայն թղթի վրա է։
Այսօր այլընտրանք չունեցող թուրք-քրդական հարաբերությունները երկու կողմերի համար զգալի վտանգ են պարունակում։ Իրաքյան Քրդստանն, օրինակ, օրեցօր ավելացնելով իր տնտեսական կշիռը, էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում արտաքին գործոններից նաև իր տնտեսական անվտանգության տեսանկյունից։ Վաղուց ժամանակն է, որ Էրբիլը բարձրացնի այն հարցը, թե որքանով կարող է՝ կարգավորված տնտեսական կապերի երկաթյա երաշխիքներ չունենալով, ներքաշվել կյանքի նոր ոճի մեջ։ Չէ՞ որ, եթե ինչ-որ բան խափանվի և «թուրքական օդանցքն» ինչ-որ պատճառով, թեկուզև ժամանակավորապես, փակվի, դա լուրջ ճգնաժամային իրավիճակ կստեղծի Իրաքյան Քրդստանի ներսում։ Հարաբերությունների ներկա մակարդակի երաշխիքը վարչապետ Էրդողանն է, բայց նրա դիրքը երկրում այնքան էլ հուսալի չէ, որպեսզի հենց միայն այդ գործոնի վրա կարելի լինի լուրջ քաղաքականություն կառուցել։
Թուրքիայի Հանրապետությունն արագ էվոլյուցիա է ապրում, ընդ որում՝ հեռանալով Քեմալ Աթաթյուրքի նախանշած ուղուց։ Բանն անգամ այն չէ, որ իսլամն ավելի մեծ կշիռ և նշանակություն է ձեռք բերում, ինչն, իհարկե, փոխում է արդի Թուրքիայի դեմքը. գլխավորն այն է, որ քաղաքական այն կարգը, որն առաջացել է զինվորականների իշխանության սահմանափակումից հետո և Արդարություն և զարգացում կուսակցությանն իշխանության գալու հնարավորություն է տվել, արագ անցնում է անցյալի գիրկը։ Եվ դա տեղի է ունենում ոչ առանց պայքարի, ինչպես ցույց են տալիս թե՛ Գիզիի ճգնաժամը, թե՛ ներկայիս կոռուպցիոն սկանդալն ամենավերևներում, որն այնքան էլ հեշտ չի լինի մարել։ Աճում է վարչապետի ավտորիտարիզմը, որը նաև նախագահ դառնալու հույս ունի, որպեսզի նաև դե-յուրե անհատական քաղաքական իշխանություն ստանա, ինչպիսին է նախագահի իշխանությունը նախագահական հանրապետությունում։ Բայց քաղաքական իշխանության փոփոխությունները նախագահական հանրապետության ուղղությամբ Էրդողանի համար իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե նա զբաղեցնի այդ պաշտոնը։ Եվ հենց սրա համար են նրան հարկավոր թուրքական քրդերի ձայները, որոնք անցած ընտրությունների ժամանակ ևս օգնեցին նրան մեծամասնություն ունենալ խորհրդարանական ընտրություններում։
ԷՐԴՈՂԱՆԻ ՔՐԴԱԿԱՆ ԽԱՂԱԹՈՒՂԹԸ
Քրդական ընտրազանգվածի գիտակցության կառուցվածքն այնպիսին է, որ կքվեարկի ավտորիտար իշխանության օգտին, եթե վերջինը որդեգրի թե՛ քրդերի, թե՛ քրդական շահերի ճանաչման ուղին։ Սա դրական բան է, բայց Թուրքիայի քրդերի քաղաքական մշակույթը դեռ երկար ժամանակ որպես գերիշխող չի ներառի դեմոկրատիայի այն տեսակը, հանուն որի Էրդողանի դեմ, ըստ էության, պայքարում է թուրքական լիբերալ ընդդիմությունը։ Քրդերը, որոնք հիմնականում պաշտպանում են ավտորիտար ՔԲԿ-ին (ուրիշ էլ ինչպիսի՞ն կարող է լինել 30 տարի զինված պայքար մղող կուսակցությունը), պետք են Էրդողանին։ Հանդես գալով որպես նրանց էթնիկ իրավունքների պաշտպան (այսօր հարցն այն է, թե որքանով է էթնիկականը քրդերի ինքնագիտակցության մեջ գերազանցում կրոնական բաղադրիչին, ինչի հետ բախվել են Իրաքյան Քրդստանում)՝ նա կարող է արխայիկ դարձնել, պարզեցնել երկրի քաղաքական կառուցվածքը։ Ամբողջ իշխանությունը կկենտրոնացվի պետության ղեկավարի ձեռքում, ավելի ճիշտ՝ հենց Էրդողանի ձեռքում։
Իհարկե, քաղաքական կարգի նման տեսակն արժանիքներ ունի որոշակի ժամանակաշրջանների համար, բայց թվում էր, թե Թուրքիայում արդեն անցել է այն ժամանակը, երբ տնտեսական զարգացումը գերակա էր դեմոկրատիայի և կյանքի որակի հանդեպ։ Ավելին, այսօր հազիվ թե այդ գործընթացը Թուրքիայի տնտեսական աճին տոկոսներ ավելացնի, որովհետև տնտեսական աճի գործոններն են փոխվել. գլոբալացման բացասական ասպեկտներին կարելի է դիմադրել միայն համարժեքորեն ներգրվելով այդ գործընթացում, իսկ դա քաղաքական ազատություն և գրավիչ ներդրումային մթնոլորտի ստեղծում է պահանջում։ Այս ամենը գտնվում է այն ուղղության հակառակ կողմում, դեպի որը շրջում է Թուրքիան Ռեջեփ Էրդողանը։ Բայց եթե Էրդողանը հասնի իր ուզածին և ցույց տա, որ իր դիրքի՝ որպես երկրի առաջնորդի վրա կարելի է հույս դնել, դա, անշուշտ, կուժեղացնի թուրք-քրդական միաբանությունը և կնվազեցնի յուրային՝ «իրաքյան» արաբների հետ լեզու գտնելու Էրբիլի պատրաստակամությունն ու ցանկությունը։
դեպի ետ