• am
  • ru
  • en
Версия для печати
03.09.2008

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ ՑԱՎԱԼԻ Է, ԲԱՅՑ ՀՕԳՈՒՏ ԼՂ ԽՆԴԻՐ Է, ԿԱՐԾՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

EnglishРуский

   

Մինչև վրաց-օսական հակամարտությունը Ռուսաստանն արդեն որոշում էր ընդունել տնտեսական հարաբերությունները Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ պետական մակարդակի դնելու մասին։ Այսինքն՝ նրանց տնտեսական հարաբերություններն արդեն իրավաբանական բնույթ էին կրում՝ կարծես թե պատգամ լինելով այդ երկու երկրների ինքնուրույնության ճանաչման համար։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցած դեպքերից հետո չճանաչված հանրապետությունների ճանաչման հավանականությունը բավական մեծ է՝ ելնելով ՌԴ նախագահ Մեդվեդևի և արտգործնախարար Լավրովի հայտարարություններից, Մեդվեդև-Սարկոզի ծրագրի 6-րդ կետից։

«Պարզունակ միամտություն կլինի մտածել, թե դա կկրի նույն բնույթը, ինչ Կոսովոյի դեպքում։ Արևմտյան հանրությունը չի ընդունի այդ երկու հանրապետությունների անկախությունը, սակայն Հյուսիսային Կիպրոսի տարբերակը նույնպես չի լինի, որը ճանաչել է միայն Թուրքիան, քանի որ Ռուսաստանը, գուցե ոչ շատ հզոր, բայց որոշակի համախոհներ կունենա այս խնդրում։ Գուցե դա այնպիսի զանգվածային բնույթ չընդունի, ինչպես Կոսովոյի դեպքում, սակայն Ռուսաստանը գոնե միայնակ չի լինի։ Հարավօսական և աբխազական վերջին զարգացումներից հետո մենք, փաստորեն, ունենք նոր Հարավային Օսիա, նոր Աբխազիա և նոր Ռուսաստան, որը Խորհրդային Միության փլուզումից հետո թերևս առաջին անգամ ցուցաբերեց հստակ քաղաքական կամք, վճռականություն՝ իր ազգային շահերը պաշտպանելու նպատակով»։ Քաղաքագետը համոզված է, որ միջազգային հանրության կողմից չընդունված ցանկացած հանրապետության կարգավիճակի բարձրացումը հօգուտ Ղարաբաղի է։ Սակայն Ղարաբաղի առումով իրադրությունը փոքր-ինչ այլ է, չնայած նման նախադեպերն իրավաբանորեն օգնում են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացին։ Ե՛վ Կոսովոյի, և՛ Հարավային Օսիայի, և՛ Աբխազիայի պարագայում իրավաբանական հիմքերը մեծ տերությունների կամքը, վճռականությունը և ռազմական հզորությունն են. Կոսովոն ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների որոշումն էր։ Կոսովոյի դեպքում Միացյալ Նահանգներն ու Եվրոպան համախոհ էին, Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքում նրանք ունեն տարաձայնություններ, որոնք կարող են հանգեցնել այն բանին, որ ի վերջո Վրաստանը չի ընդունվի ՆԱՏՕ։ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը նույնպես մասամբ քաղաքական կարգավորման խնդիր է, սակայն, միաժամանակ, մենք այս խնդիրը պետք է ընդունենք որպես լուծված՝ քաղաքական կարգավորման, որոշակի քաղաքական կանոններ մշակելու առումով։ Փաստացի ԼՂՀ-ն միացված է Հայաստանին, փաստացի այն բավական կայացած քաղաքական պետական միավոր է։ Այն ռազմավարական վիճակը, որ ստեղծվել է նրա շուրջ, ազատագրված տարածքների առկայությունը, շահեկան տարբերակ են մեզ համար, և շտապել պետք չէ։ Պարզապես պետք է «ստատուս քվոն», այսինքն՝ այն, ինչ կա, ինչ-որ ձևով ամրագրել. սա է քաղաքական խնդիրը։ Մեր զինված ուժերն այսօր այնտեղ են, և խնդիրը լուծված է»։ «Այնուամենայնիվ, Արևմուտքը կարծես թե ավելի շատ նախապատվություն է տալիս տարածքային ամբողջականության սկզբունքին, քան ազգերի ինքնորոշման իրավունքին։ Դա չի՞ խաթարի գործընթացը» հարցին ի պատասխան քաղաքագետն ընդգծեց, որ տարբեր ստանդարտներ կան, սակայն չափորոշիչներ չկան, թե որն է հատուկ և որը՝ ոչ։ Նույն Հարավային Օսիայի պարագայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ նման խնդիրների լուծումն առանց ազգերի կամքի արտահայտման անհնար է պատկերացնել։ Արևմուտքում կա այն գիտակցումը, թե առանց ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրները լուծվելու քաղաքական հեռանկար չունեն. «Համարվում է, որ սեփական ինքնիշխանության ճանաչումը միշտ անում են հենց իրենք՝ երկրները։ Նույն Միացյալ Նահանգներն ինքն է իրեն հայտարարել անկախ։ Իսկ ոչ այնքան անկախ են դառնում այն երկրները, որոնց հայտարարել են, որ նրանք անկախ են։ Այսինքն՝ դա տվյալ ժողովրդի կամքի արտահայտումն է, և այդ առումով ԼՂՀ-ն կայացած է։ Հարավային Օսիայի նախադեպը ցավալի է, սակայն հօգուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի է»։

Քաղաքագետը նշեց, որ մենք Հարավային Օսիայում հայկական համայնք ունենք և պետք է նրանց մարդասիրական օգնություն ցույց տանք։ «Ինչպե՞ս եք վերաբերվում որոշ քաղաքագետների այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պետք է սառեցնի հարաբերությունները Վրաստանի հետ» հարցին պատասխանելով ՝ Գ. Հարությունյանն ընդգծեց, որ, ընդհանրապես, ընդունելի չէ, որ Հայաստանը սառեցնի հարաբերությունները Վրաստանի հետ։

«Քաղաքականությունն ընտանիք չէ, որտեղ բաժանվում են. կամ միմյանց սիրում են, կամ չեն սիրում։ Քաղաքականությունը շահերի համընկնում է, մենք ունենք համընկնող շահեր Վրաստանի հետ, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Մենք այնտեղ ունենք մեծաթիվ հայկական համայնք։ Ասել, թե պետք է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել, նույնպես տեղին չէ ոչ այդքան մեծ պետական միավորի համար, որն ունի բազմակողմանի շահեր այս տարածաշրջանում։ Մեր քաղաքական ղեկավարության հայտարարությունները բավական կշռադատված և լուրջ էին։ Այս կոմպլեմենտար քաղաքականությունն արդարացնում է իրեն...»։

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ


դեպի ետ