• am
  • ru
  • en
Версия для печати
04.02.2009

ԻՐԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԻ NABUCCO-Ն ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՐԸ Սևակ Սարուխանյանի հարցազրույցը REGNUM լրատվական գործակալությանը

   

Nabucco (medium)Թուրքական կառավարությունը վերջին ժամանակներս ակտիվորեն լոբբինգի է ենթարկում Իրանի մասնակցությունը NABUCCO գազատարի նախագծին՝ հասկանալով, որ առանց Թեհրանի այդ նախագիծն իրականացնելն անհնար է։ Այս մասին REGNUM լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։

«Իրանա-թուրքական հարաբերությունների ամրապնդումը էներգետիկ ոլորտում NABUCCO նախագիծը որոշակիորեն իրականանալի կդարձնի։ Իհարկե, դա արդեն այն NABUCCO-ն չի լինի, որը ենթադրվում էր 4 տարի առաջ, քանի որ նորը կողմնորոշված կլինի Իրանից, այլ ոչ թե կասպյան տարածաշրջանից գազ ստանալուն, քանզի իրականում Ղազախստանից կամ կասպյան ավազանի այլ երկրներից գազի մատակարարման քաղաքական խնդիրները շատ ավելի շատ են»,- նշել է քաղաքագետը։

Սարուխանյանը պարզաբանել է, որ գազի խոշորագույն Հարավային Փարս հանքավայրը գտնվում է Պարսից ծոցում, և Կասպից ծովի կարգավիճակի հարցը դրան չի առնչվում։ Չկա նաև առայժմ գոյություն չունեցող Անդրկասպյան գազատարի խնդիրը, Վրաստանում անկայունությունը և Ղարաբաղյան հակամարտությունը, որոնք սպառնալիք են ստեղծում գազատարի պոտենցիալ հարավկովկասյան հատվածի համար։ «Առանց Իրանի նախագծի իրականացումը պակաս հավանական է, իսկ եթե նա միանա նախագծին, ապա NABUCCO-ն, ամենայն հավանականությամբ, կիրագործվի, որովհետև Իրանի արտահանական ներուժը տարեկան 80-100 մլրդ մ3 գազ է։ NABUCCO-ն հաշվարկված է անհամեմատ ավելի նվազ ծավալի համար և կարող է գոյություն ունենալ արդեն միայն իրանական գազի հաշվին»,- նշել է նա։

Սարուխանյանը մեկնաբանել է նաև Վլադիմիր Պուտինի դավոսյան ելույթը, որով նա խոստանում էր, որ Հյուսիսային և Հարավային հոսքերը կկարողանան ապահովել Եվրոպային գազի անխափան մատակարարումը։ «Այդ գազատարների անցկացումը խիստ դրականորեն կանդրադառնա եվրոպական էներգետիկ անվտանգության վրա, բայց, միևնույն է, Իրանից գազատարի անցկացման հարցը կպահպանվի։ Եվրոպացիները շատ են խոսում այն մասին, որ ուզում են դիվերսիֆիկացնել մատակարարումները, բայց իրականում խոսքը նոր աղբյուրների որոնման մասին է, որոնք կկարողանան լրացնել բացը, որն առաջ է գալիս Եվրոպայում՝ կապված Նորվեգիայում բնական գազի արդյունահանման կտրուկ նվազման հետ։ Գազի սպառումը Եվրոպայում աճում է, արդյունահանումը եվրոպական աշխարհամասում՝ կտրուկ ընկնում։ Եվրոպան չի կարող չօգտագործել գազի արդյունահանման բոլոր հնարավորությունները»,- նշել է նա՝ ընդգծելով, որ մոտ ապագայում Եվրոպային կարող է չբավականացնել նաև ռուսական գազը։

Իրանի տարածքով NABUCCO-ի անցկացման անհրաժեշտությունը Սարուխանյանը հիմնավորեց նաև իրանական գազի իրական այլընտրանքի բացակայությամբ։ Նրա խոսքերով՝ գազն Աֆրիկայից մատակարարվում է նավերով, հեղուկ վիճակում, ինչը թանկ է և վտանգավոր։ Հետևաբար, հենց գազատարի կառուցման անհրաժեշտություն է առաջանում։ Բացի այդ, փորձագետը նշել է, որ Իրանի միանալը նախագծին բավական կդյուրացնի թուրքմենական գազի տեղափոխումը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ «Իրանն առանցքային խաղացող է այս դաշտում։ Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին հայտարարել է գալիք նախագահական ընտրություններին իր պարտադիր մասնակցության մասին, այնպես որ՝ եթե Իրանում այս ամենի հետ մեկտեղ նաև քաղաքական իշխանության փոփոխություն տեղի ունենա, էներգետիկ ոլորտում Իրանի դերակատարման բարձրացման հնարավորություններն էլ ավելի կմեծանան»,- ընդգծել է Սարուխանյանը։

Իրադարձությունների նման զարգացման պարագայում Հարավային Կովկասն, իհարկե, կկորցնի իր տարանցիկ նշանակությունը, սակայն, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի վրա դա որևէ կերպ չի անդրադառնա։ «Մենք առանց այդ էլ չէինք մասնակցում տարածաշրջանային էներգետիկ նախագծերին, և բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու դեպքում խողովակաշարերը կանցնեին մեր տարածքով, ընդամենը առասպել են... Հայաստանը չէր դառնա NABUCCO-ի կամ այլ գազատարների մասնակից, այնպես որ՝ նրա վրա դա որևէ կերպ չի ազդի։ Մյուս կողմից՝ կնվազի Ադրբեջանի դերը որպես միջազգային էներգետիկ անվտանգության տարանցման գործոնի, հետևաբար՝ կնվազի նրա նշանակությունը տարածաշրջանում»,- եզրափակել է նա։

www.regnum.ru
դեպի ետ