• am
  • ru
  • en
Версия для печати
14.07.2005

Բազմաբևեռ աշխարհի տեսլականը

English

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Ս/թ. հուլիսի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները ստորագրեցին 12 կետից բաղկացած «ՌԴ և ՉԺՀ համատեղ դեկլարացիան 21-րդ դարի միջազգային աշխարհակարգի վերաբերյալ» անունը կրող փաստաթուղթ։ Սառը պատերազմից հետո սա առաջին փաստաթուղթն է, որով երկու մեծ տերություններ համատեղ և ուղղակիորեն հայտարարում են ԱՄՆ քաղաքական գաղափարախոսության հետ իրենց անհամաձայնության մասին: Նախկինում Չինաստանը և հատկապես Ռուսաստանն անհամեմատ ավելի զգույշ և փափուկ էին արտահայտում իրենց դժգոհությունը ԱՄՆ-ից։ Նման փաստաթղթի հայտնվելը կարող է կարևորագույն նշանակություն ունենալ քաղաքական գլոբալ զարգացումների համար և վկայում է այն մասին, որ.

  • ՌԴ-ի և ՉԺՀ -ի միջև հարաբերությունները թևակոխել են նոր, միմյանց նկատմամբ բարձր վստահությամբ և ռազմավարական համագործակցությամբ բնութագրվող փուլ։ Մասնավորապես, դրա մասին է վկայում ոչ միայն երկու երկրների միջև տնտեսական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության մեծ ծավալը, այլև մոտ ժամանակներս կայանալիք ռուս-չինական համատեղ զինավարժությունները։
  • ԱՄՆ քաղաքականությունը ՌԴ-ի և ՉԺՀ-ի նկատմամբ որակական զարգացում է ապրել. ներկայիս ամերիկյան ռազմավարությունը լուրջ մարտահրավեր է այդ երկու տերություններին։ Դա ստիպում է ռուսներին և չինացիներին միավորել իրենց հնարավորությունները։
  • Երկու երկրների ղեկավարությունները գտնում են, որ իրենք արդեն ունեն բավականաչափ ռազմաքաղաքական և տնտեսական ներուժ, որպեսզի կարողանան դիմակայել ԱՄՆ մենատիրությանը։

Միևնույն ժամանակ, դեկլարացիայի բովանդակությունը հնարավորություն է տալիս ըմբռնել այն գաղափարական սկզբունքները, որոնցով պատրաստվում են շարժվել կողմերն իրենց նպատակներին հասնելու համար.

  1. Կողմերը գտնում են, որ ներկայիս գլոբալացման գործընթացները պետք է հանգեցնեն տնտեսական ու տեղեկատվական դաշտերի ինտեգրմանը, սակայն այդ զարգացումները չպետք է խոչընդոտեն բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։ Այսպիսով, ամրագրվում է նրանց սկզբունքային անհամաձայնությունը միաբևեռ աշխարհակարգի ամերիկյան մոտեցման նկատմամբ։
  2. Կողմերը հանդես են գալիս որպես միջազգային իրավունքի պաշտպանման կողմնակիցներ։ Նրանք ամրագրում են ժողովուրդների իրավունքը` զարգացման սեփական ուղի ընտրելու գործում։ Այսինքն՝ հանդես են գալիս ամերիկյան այն սկզբունքի դեմ, ըստ որի՝ բոլոր երկրները պետք է ունենան ունիվերսալ, նույնատիպ զարգացման ճանապարհ։
  3. Կողմերն ընդգծում են ՄԱԿ կարևորությունը և անփոխարինելիությունը միջազգային գործերում և այդպիսով դեմ են հանդես գալիս ՄԱԿ դերի արժեզրկմանն ուղղված ամերիկյան ռազմավարությանը։
  4. Դեկլարացիայում հատուկ վերաբերմունք կա ամերիկյան «քաղաքակրթությունների բախման» տեսության դեմ։
  5. Կողմերն անդրադառնում են զանգվածային ոչնչացման զենքի կիրառումն ու տարածումը կանխելու անհրաժեշտությանը։ Սա ուղղված է այն իրողության դեմ, որ ԱՄՆ-ն առ այսօր չի ստորագրել քիմիական և կենսաբանական զենքի արգելման կոնվենցիաները և մշակում է ծրագրեր միջուկային զենքի «լոկալ» օգտագործման վերաբերյալ։
  6. Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային ինտեգրացիայի խնդիրներին, մասնավորապես` «տարածաշրջանային բլոկների» միջև հորիզոնական կապերին։ Այստեղ կողմերը հստակ մերժում են ԱՄՆ հայտնի քաղաքականությունը` այլ տերությունների միջև դաշնակցային գործընթացների կանխարգելման ուղղությամբ։
  7. Կողմերը, պետությունների ինքնիշխանության հարգման համատեքստում, անդրադառնում են մարդու իրավունքների պաշտպանման խնդրին։ Այս թեզը, ակնհայտորեն, նույնպես ուղղված է ԱՄՆ-ի դեմ։ Տեղին է նշել, որ ամեն տարի ՉԺՀ-ն (ինչպես դա անում է ԱՄՆ պետդեպարտամենտը) հրապարակում է հատուկ տեղեկագիր, որտեղ բերվում և մեկնաբանվում են ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտման դեպքերը։

Ինչպես տեսնում ենք, դեկլարացիայի բոլոր սկզբունքներն ուղղված են ամերիկյան մոտեցումների դեմ։ Հատկանշական է, որ փաստաթուղթն ամփոփվում է այն եզրակացությամբ, թե ստորագրված դեկլարացիան արտահայտում է Նոր աշխարհակարգի սկզբունքները։ Հաստատելով իրենց վճռականությունը` համատեղ իրագործելու դեկլարացիայի թեզերը, Չինաստանը և Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հիմնադիր անդամներ, որոշում են ընդլայնել և այդպիսով էապես հզորացնել ուժի նոր բևեռի հավակնություններ ներկայացնող այդ կազմակերպությունը։

Շանհայի համագործակցության կազմակերպության ընդլայնումը

Անցյալ տարի Աստանայում կայացած ՇՀԿ գագաթաժողովում կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստացավ Մոնղոլիան։ Այս տարի հայտարարվեց, որ կազմակերպության դիտորդի կարգավիճակ են ստացել Իրանը, Հնդկաստանը և Պակիստանը։ Նշենք, որ դեռ 2004-ին իրանական լրատվական աղբյուրներում արծարծվում էր Իրանի անդամակցության հարցը, սակայն տեղեկատվական հոսքից ստացված տպավորությունն այնպիսին էր, որ Չինաստանը, թերևս, շահագրգռված չէր, որպեսզի Իրանն անդամակցի ՇՀԿ-ին, քանի որ այդպիսով կշեշտվեր այդ կազմակերպության հակաամերիկյան կողմնորոշումը։ Սակայն թվում է, թե չինական քաղաքական հաշվարկներում խիստ բարձրացել է նավթի գործոնի դերը, որի կարիքը ՉԺՀ աճող տնտեսությունում շատ սուր է զգացվում։ Ինչպես հայտնի է, ՉԺՀ-ն, ի հաշիվ նավթի, դարձել է Իրանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը։ Թերևս, այս տնտեսական հանգամանքը, ինչպես նաև ԱՄՆ հարձակողական քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում ստիպել են ՉԺՀ ղեկավարներին վերանայել իրենց մոտեցումներն Իրանի նկատմամբ, և այդ երկիրն անդամակցելու է ՇՀԿ-ին առայժմ դիտորդի կարգավիճակով։

Նախկինում խիստ խնդրահարույց էր նաև Հնդկաստանի և Պակիստանի մասնակցությունը (հաշվի առնելով նրանց միջև լարված, երբեմն կիսապատերազմականի հասնող հարաբերությունները) ՇՀԿ աշխատանքներին։ Սակայն վերջին տարիներին այդ երկու երկրների, ինչպես նաև Չինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները զգալիորեն բարելավվել են։

Հայտնի է, որ Պակիստանը սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հետ, սակայն այդ երկիրն ակտիվորեն համագործակցում է նաև ՉԺՀ-ի հետ (մասնավորապես՝ համարվում է, որ միջուկային զենքի տեխնոլոգիաները Պակիստանին է հանձնել Չինաստանը)։ Այսինքն՝ ՇՀԿ-ն ցուցադրում է հավակնություն` «իր կողմը գրավելու» այդ երկիրը։

Հարկ է շեշտել, որ ՉԺՀ-ն ակտիվ քաղաքական-տնտեսական կապեր է հաստատել ՇՀԿ անդամ բոլոր երկրների հետ։ Առանձնապես ուշագրավ են հարաբերությունները Ղազախստանի հետ, երկիր, որը տարածաշրջանային տերության վերածվելու իրական հնարավորություններ ունի։ ՇՀԿ գագաթաժողովի նախօրեին Նազարբաևը և Խու Ցզինտաոն կնքեցին ռազմավարական պայմանագիր` Ղազախստանը Չինաստանի հետ կապող մոտ 3000 կմ երկարությամբ և $2.5 մլրդ արժողությամբ երկաթգծի շինարարության վերաբերյալ։

Այսպիսով, կարելի է փաստել, որ այսօր ՇՀԿ-ում այս կամ այն կարգավիճակով կենտրոնացել են 5 միջուկային պետություն (Իրանի միջուկային զենք ունենալն այսօր գրեթե անվիճելի փաստ է)։ ՇՀԿ ընդլայնվելը վկայում է, որ այսօր եվրասիական խոշոր տերությունների զգալի մասը որոշակի հիասթափություն է ապրել ԱՄՆ-ից և միևնույն ժամանակ այնքան է հզորացել, որ փորձում է համատեղ լուծել տարածաշրջանային խնդիրները` առանց միջնորդների։ Այս համատեքստում տրամաբանական է, որ Աստանայի գագաթաժողովի ամփոփագրում ամրագրվեց այն դրույթը, համաձայն որի ՇՀԿ անդամ երկրների տարածքը մինչև 2020թ. պետք է վերածվի ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման գոտու։

Այսպիսով, այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ ՇՀԿ-ն կայացած կազմակերպություն է։ Նրա ավելի արդյունավետ գործելու հիմնական խոչընդոտը Ռուսաստանի և Չինաստանի մրցակցությունն է։ Սակայն ամերիկյան քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում օբյեկտիվորեն նպաստում է նրան, որպեսզի համագործակցությունն այդ երկրների միջև գերակայի մրցակցային գործոնների հանդեպ։ Դրա մասին է, մասնավորապես, վկայում այդ տերությունների վերաբերմունքը Ուզբեկստանի հայտնի դեպքերին:

Մրցակցություն Ուզբեկստանում

Կենտրոնական Ասիայում (ինչպես և Հարավային Կովկասում) ԱՄՆ ակտիվացման արագ տեմպերն ինչ-որ չափով պայմանավորված են նաև ՇՀԿ հզորանալու միտումներով։ Այդ համատեքստում չի կարելի բացառել, որ տեսանելի ապագայում Եվրասիայի կորիզը կազմող այդ երկրները կարող են սկսել ԱՄՆ-ին եվրասիական գերմայրցամաքից դուրս մղելու գործընթացը։ Որ նման սցենարը բացառված չէ՝ վկայում են այն զարգացումները, որոնք ընթացան վերջերս Ուզբեկստանում։

Ինչպես հայտնի է, ԱՊՀ տարածքում «հեղափոխություններ» կազմակերպելու առումով ԱՄՆ-ի համար լուրջ խոչընդոտներ են ծագել Ուզբեկստանում։ Անդիջանի խլրտումներից հետո դեպքերը զարգացան ոչ ստանդարտ սցենարով։ Իսլամ Քարիմովը խռովությունը ճնշելուց հետո անմիջապես մեկնեց Պեկին, որտեղ նրան խոստացան ամեն տեսակ օգնություն և $600 մլն։ Այդ այցելության ընթացքում ստացած երաշխիքները թույլ տվեցին Քարիմովին փոխել մոտեցումն ամերիկացիների հետ հարաբերություններում։ Օրինակ, ԱՄՆ այն սպառնալիքներին, թե Անդիջանի դեպքերի հետաքննությունը կներկայացվի ՄԱԿ-ում, նա պատասխանեց ավելի քան կոշտ և, ինչն էական է, զգալիորեն սահմանափակեց Քարշի-Խանաբադում տեղադրված ԱՄՆ ավիաբազայի գործելու հնարավորությունները. մասնավորապես՝ արգելվեցին գիշերային թռիչքները և ծանր ռմբակոծիչների տեղակայումը (ԱՄՆ-ը ստիպված եղավ դրանք տեղափոխել Աֆղանստան)։ Ներկայումս ստացվում են լուրեր, որ ԱՄՆ-ը ընդհանրապես կարող է լքել Քարշի-Խանաբադը։

Ակնհայտ է, որ Քարիմովի նման պատասխանը կապված է Չինաստանի և Ռուսաստանի վճռական դիրքորոշման հետ և վկայում է այն մասին, որ այդ տերությունները համարժեք են ըմբռնում ԱՄՆ-ի՝ Կենտրոնական Ասիա կատարած էքսպանսիայի իմաստը։

Այսպիսով, կարելի է ամրագրել, որ ՉԺՀ-ն սկսել է արդյունավետ մրցակցել ԱՄՆ-ի հետ` Կենտրոնական Ասիայում իշխող դիրք գրավելու համար. առաջին անգամ հետխորհրդային տարածքում արձանագրվել է առերես հակամարտություն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, որը, թերևս, ավարտվել է ոչ հօգուտ ԱՄՆ-ի։

Միաժամանակ, հարկ է շեշտել, որ Ուզբեկստանի դիրքորոշումը համահունչ է ՇՀԿ քաղաքականության տրամաբանությանը: Մասնավորապես, Աստանայի գագաթաժողովի ամփոփագրում նշվեց, որ ՇՀԿ անդամ երկրները պետք է որոշակիացնեն Աֆղանստանի դեմ հակաահաբեկչական գործողությունների հետևանքով` իրենց տարածքում ստեղծված ԱՄՆ ռազմակայանների տեղակայման ժամկետները։


«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր