Իսրայել. պետություն–սփյուռք հարաբերությունների շուրջ

Հրեական սփյուռքի հայրենադարձության խնդիրը սիոնիզմի հոգևոր գաղափարախոսության առանցքային կետերից մեկն է։ 1948թ. Իսրայելի պետության ստեղծումով հրեաների զանգվածային հայրենադարձությունը դարձավ իրականություն։
Հայրենիք–սփյուռք հարաբերությունների ամրապնդումը համարվում է Իսրայելի պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Երկրի կառավարությունը զգալի կարևորություն է տալիս հրեա սփյուռքի հայրենադարձության հարցին` որպես Իսրայելի պետականության պահպանման ու ամրապնդման երաշխիքի։
«Վերադարձի մասին» օրենքը և դրա հետևանքները
1950թ. հուլիսի 5-ին երկրի խորհրդարանը (Քնեսեթ) միաձայն ընդունեց «Վերադարձի մասին» օրենքը, ինչը հիմք դրեց սիոնիստական գաղափարախոսության իրավական հիմքի ամրագրմանը։ Օրենքը իրավունք էր տալիս Իսրայելի սահմաններից դուրս բնակվող հրեաներին, վերադառնալով հայրենիք, ստանալ Իսրայելի քաղաքացիություն։ Հետագա տասնամյակներում հայրենադարձության մասին օրենքի կիրառության շրջանակները բավականին ընդլայնվեցին։ Մասնավորապես, 1970թ. ընդունվեցին «Վերադարձի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք իրավունք էին ընձեռում հայրենադարձվել նաև այն անհատներին, որոնք ազգակցական կապեր ունեն հրեաների հետ` հրեայի ամուսին, հրեայի երեխաներ, թոռներ։
Իսրայելի պետության հռչակումից հետո` առաջիկա 3-5 տարիների ընթացքում, հայրենադարձությունը զանգվածային բնույթ ստացավ, մասնավորապես, ի հաշիվ Եվրոպայից, Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներից հրեա սփյուռքի հայրենադարձության։
1960-ական թթ. վերջին հայրենադարձների քանակային կտրուկ աճի արդյունքում անհրաժեշտություն առաջացավ վերանայել հայրենադարձության վերաբերյալ նախկինում գործող մեխանիզմները։ 1967թ. ստեղծվեց հայրենադարձության ու ինտեգրման տեսչությունը, որը կոչված էր կոորդինացնելու Իսրայելի կառավարության ու Հրեական գործակալության (եբրայերեն` «Սոխնուտ» - գործակալությունը զգալի աշխատանքներ է իրականացրել հրեական սփյուռքի հայրենադարձության հարցում) աշխատանքները։ Իսկ 1968թ. որոշում ընդունվեց հիմնել ինտեգրման նախարարություն։ Ընդ որում, պայմանավորվածություն ձեռք բերվեց Հրեական գործակալության հետ, որ վերջինս զբաղվեր դեպի երկիր հայրենադարձների ապահովմամբ, իսկ նորաստեղծ նախարարությունն իր վրա էր վերցնում երկրում հայրենադարձների կենսապայմանների ապահովման խնդիրները։
1990-ական թթ. սկզբին Իսրայելի բնակչությունը համալրվեց նոր հայրենադարձների զանգվածային ալիքով։ Սա գլխավորապես պայմանավորված էր Խորհրդային Միության փլուզմամբ, հետխորհրդային տարածքում նորանկախ հանրապետությունների ձևավորմամբ։ Միայն 1990-1996թթ. ԱՊՀ տարածքից Իսրայել վերադարձավ ավելի քան 600 հազ. հրեա։
Հայրենադարձությամբ Իսրայելի ղեկավարությունը կարողացավ ոչ միայն ամրապնդել հայրենիք–սփյուռք հարաբերությունները, այլև օգտագործել այն` երկրի ներքին խնդիրների կարգավորման տեսանկյունից։
Նախ` աշխարհասփյուռ հրեաների հայրենադարձության ապահովումը զգալի դեր ունեցավ Իսրայելի գիտակրթական, գիտահետազոտական ներուժի համալրման ու զարգացման հարցում։
Երկրորդ` հայրենադարձության քաջալերմամբ Իսրայելի ղեկավարությունը ձգտում է նպաստել երկրի պաշտպանունակության բարելավմանը և, մասնավորապես, ապահովել երկրի պաշտպանական ու անվտանգության մարմինների անձնակազմի համալրումը։
Երրորդ` երկքաղաքացիության ընդունումը հնարավորություն է ընձեռում զգալիորեն համալրել Իսրայելի պետական բյուջեի արտաքին տրանսֆերտների մասնաբաժինը։
Չորրորդ` հայրենադարձության խնդրի ապահովումը Իսրայելի կառավարությունը կարևորում է նաև երկրի ժողովրդագրական նկարագրի տեսանկյունից։ Վերջին տարիներին մասնավորապես հրեական լրատվամիջոցները հեղեղված են հաղորդագրություններով, թե երկրի հրեա բնակչությունը քանակային առումով աստիճանաբար սկսում է դիրքերը զիջել արաբ բնակչությանը, որն առանձնանում է ժողովրդագրական աճի բարձր ցուցանիշներով։
Հրեական սփյուռքի հայրենադարձությունն իր հետ բերեց նաև ժողովրդագրական նոր խնդիրներ։ «Վերադարձի մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների հիման վրա Իսրայել են ներգաղթում հրեաների հետ հեռավոր «ազգակցական» կապեր ունեցող մարդիկ, որոնց շարքում, իրականում, քիչ չեն այլազգիներն ու այլադավանները։ Ավելին, վերջին ժամանակներս բավական ակտուալ է դարձել Իսրայելից տեղացի (ոչ հայրենադարձվածների) հրեա բնակչության արտագաղթի (մասնավորապես` ԱՄՆ ու Արևմտյան Եվրոպայի երկրներ) հարցը։
2003թ. վիճակագրությամբ հրեա բնակչությունը կազմում էր Իսրայելի ողջ բնակչության (6.7 մլն) մեծամասնությունը` շուրջ 5.4 մլն (81%), իսկ այլազգիները` գերազանցապես արաբներ, 1.3 մլն (19%)։ Հրեական աղբյուրների համաձայն, 1948թ. նույնպես հրեաները երկրի բնակչության 81% էին, ասել է թե` Իսրայել հրեաների վերադարձը ոչ թե համալրում է Իսրայելի բնակչությունը, այլ լրացնում է նրա աստիճանական նվազեցումը` ի հաշիվ տեղացի հրեաների։
Գլոբալ վերափոխումները և հրեական համայնքները
Խորհրդային Միության փլուզումը նոր տեղաշարժերի պատճառ հանդիսացավ գլոբալ աշխարհակարգում և, մասնավորապես, հետխորհրդային տարածքում։ Հետխորհրդային պետությունների ձևավորումը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում ընթացող ռազմավարական-քաղաքական զարգացումներն էական ազդեցություն ունեցան նաև մերձավորարևելյան տերության` Իսրայելի արտաքին քաղաքականության վրա` մի քանի հիմնական պատճառներով:
Նախ` հետխորհրդային տարածքում նոր պետությունների առաջացումը Իսրայելի առջև հնարավորությունների լայն դաշտ բացեց ներգրավվելու տարածաշրջանային զարգացումներում։
Երկրորդ` 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունը նոր լարվածություն հաղորդեց եվրասիական տարածաշրջանային զարգացումներին. զգալիորեն մեծացավ լարվածությունը իրանա-իսրայելյան, իրանա-ամերիկյան հարաբերություններում։
Երրորդ` Հեռավոր Արևելքում օրեցօր հզորանում է Չինաստանը։ Իսրայելի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս չինա-իսրայելական հարաբերությունների զարգացմանը։ Ավելին, վերջին տարիներին Միացյալ Նահանգների քաղաքական անհաջողությունները (առաջին հերթին` իրաքյան ռազմարշավը) Իսրայելի կառավարության առջև բարձրացնում են, ի դեմս Չինաստանի, ԱՄՆ-ին այլընտրանք հանդիսացող ռազմավարական նոր դաշնակցի ձեռքբերման հարցը։
Նշենք, որ պաշտոնական Վաշինգտոնը բավական խանդոտ է մոտենում չինա-իսրայելական ռազմական համագործակցությանը։ Վերջերս Պենտագոնը նույնիսկ դադարեցրեց Իսրայելի հետ համագործակցությունը` F-35 տեսակի ռմբակոծիչի ստեղծման ծրագրի շուրջ, ի պատասխան Չինաստանի հետ իսրայելական պաշտպանական ձեռնարկությունների համագործակցության հաստատման։ Նկատենք, որ Ռուսաստանից հետո Իսրայելը համարվում է Չինաստանին ռազմական սարքավորումներ մատակարարող երկրորդ պետությունը։ Ավելին, 2003թ. միայն առաջին կիսամյակում Չինաստանի ու Իսրայելի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $500 մլն։ Թեև այն ավելի քան 18 անգամ զիջում է Իսրայել–ԱՄՆ ապրանքաշրջանառության տարեկան ծավալներին, այդուհանդերձ, չինա-իսրայելյան տնտեսական համագործակցությունն ունի զարգացման մեծ հեռանկարներ (առաջին հերթին` բարձր տեխնոլոգիաների ասպարեզում)։
Եվ չորրորդ` Խորհրդային Միության փլուզումը հանգեցրեց հետխորհրդային հրեական համայնքների նկատմամբ Իսրայելի քաղաքականության վերանայմանը։ Արդյունքում` տեղի հրեական համայնքներն ընդունեցին որակապես նոր գործառութային ձևաչափեր, ստեղծվեցին Իսրայել–հետխորհրդային հրեական համայնքներ փոխհարաբերությունների առավել արդյունավետ մեխանիզմներ, որոնք ի վիճակի կլինեն համարժեք արձագանքել տարածաշրջանային զարգացումներին, պաշտպանել տարածաշրջանում Իսրայելի ազգային շահը։
Իսրայելի կառավարությունը, շարունակելով ողջունել ԱՊՀ տարածքից հրեական համայնքների ներկայացուցիչների հայրենադարձությունը, միևնույն ժամանակ էապես կարևորում է տեղի հրեական համայնքների առկայությունը` նրանց դիտարկելով որպես տվյալ երկրում և տարածաշրջանում իր պետական շահերի հետապնդման գլխավոր տարրերից մեկը։
Ավելին, Իսրայելի պետության առջև ծագել էր եվրասիական տարածաշրջանում գործող հրեական կազմակերպությունների ու համայնքների նկատմամբ երկրի վարած քաղաքականությանն առավել նպատակաուղղվածություն տալու խնդիրը։ Արդյունքում` 2002թ. մարտի 5-ին հիմնադրվեց «Եվրասիական հրեական կոնգրեսը» (ԵՀԿ), որի նախագահ ընտրվեց Ղազախստանի խոշոր հասարակական գործիչ, գործարար Ալեքսանդր Մաշկևիչը։
ԵՀԿ նախագահի պաշտոնում ղազախստանցի հասարակական գործչի նշանակումը խորհրդանշական է այն առումով, որ նորաստեղծ հրեական կազմակերպության կոորդինացիոն կենտրոն ընտրվել է հենց Ղազախստանը։ Վերջինս աշխարհագրական տեսանկյունից ունի կարևոր ռազմավարական նշանակություն։ Իսրայելը, ունենալով բավական սուղ բնական ռեսուրսներ, մեծ նշանակություն է տալիս Ղազախստանի և ողջ կասպյան տարածաշրջանի նավթագազային պաշարներին։
ԵՀԿ-ն կոչված է կոորդինացնելու ԱՊՀ անդամ բոլոր երկրներում, ինչպես նաև Բուլղարիայում, Մոնղոլիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում գործող հրեական կազմակերպությունների ու համայնքների (ըստ որոշ տվյալների` վերոնշյալ երկրների տարածքում ներկայումս բնակվում են շուրջ 2 մլն հրեա) աշխատանքները։
«ԱՊՀ և բալթյան երկրների հրեաների բյուրո»
Հետխորհրդային տարածաշրջանային զարգացումները գտնվում են նաև Իսրայելի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Ըստ մի շարք լրատվամիջոցների, ԱՊՀ որոշ երկրներում Իսրայելի հատուկ ծառայություններն ակտիվ գործունեություն են ծավալում Իրանի դեմ։ Մասնավորապես, պաշտոնական Թեհրանը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել Բաքվի իշխանություններին` Իրանի դեմ Ադրբեջանում իսրայելյան ռադիոլոկացիոն համակարգի ստեղծման, ինչպես նաև Ադրբեջանի տարածքից «Մոսադի» հետախուզական գործունեության կապակցությամբ։
Հետխորհրդային տարածաշրջանում ակտիվ գործունեությամբ մասնավորապես առանձնացել է «ԱՊՀ և բալթյան երկրների հրեաների բյուրոն»` «Նաթիվը» (նախկինում գործակալությունը կրում էր «ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի հրեաների հարցերով զբաղվող բյուրո» անվանումը)։ Բյուրոյի ստեղծման մասին համաձայնությունը 1951թ. տվել է Իսրայելի առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնը։ Պետք է ասել, որ բյուրոն ի սկզբանե ուներ նախկին ԽՍՀՄ-ում հետախուզական գործունեություն, սիոնիստական քարոզչություն ծավալելու առաքելություն։
Խորհրդային Միության փլուզումից հետո, ըստ էության, վերափոխվեցին նաև «Նաթիվի» գործունեության ուղղություններն ու հիմնական նպատակները։
Նկատենք, որ վերջին տասնամյակում հետխորհրդային տարածքում «Նաթիվի» գործունեության վերաբերյալ Իսրայելի պետական որոշ մարմիններում և հատկապես անվտանգության կառույցներում, ընդհանուր առմամբ, առկա է որոշակի բացասական դիրքորոշում։ Մասնավորապես, Հրեական գործակալությունն ու Իսրայելի ԱԳՆ-ն գտնում են, որ խորհրդային կարգերի փլուզման, ԱՊՀ տարածքից հայրենադարձության նվազեցման պատճառով անիմաստ է դառնում «Նաթիվի» գործունեությունը։ Սա, թերևս, պայմանավորված է հետխորհրդային տարածքում գործունեության առաջատարության հարցում Իսրայելի հատուկ ծառայությունների միջև առկա տարաձայնություններով։ Լուրեր են պտտվում նաև հետխորհրդային տարածքում «Նաթիվի» իրականացրած հետախուզական գործունեությունը «Մոսադի» իրավասությանը հանձնելու մասին։ Այդ առումով ուշագրավ է 1998թ. ապրիլի վերջին իսրայելական «Հաարեց» թերթի այն հրապարակումը (հիմնված այդ երկրի ԱԳՆ-ից ստացված անանուն տեղեկատվության վրա), ըստ որի` չնայած Իսրայելի այդ ժամանակվա վարչապետ Բենիամին Նաթանյահուի ցուցումին, «Նաթիվը», այնուամենայնիվ, շարունակում էր ԱՊՀ երկրներում զբաղվել գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ։
Չնայած իր գործունեության սահմանափակմանը, «Նաթիվի» աշխատակիցները ԱՊՀ տարածքում այսօր ևս զբաղվում են հրեական համայնքների երիտասարդ կադրերի հավաքագրմամբ, տեղի գիտնականների ու մասնագետների հետ կապերի հաստատմամբ։ Որոշ լրատվամիջոցների տվյալներով, բյուրոն միաժամանակ զբաղվում է հետխորհրդային երկրների ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հասարակական իրադրության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ։ Այս առումով, թերևս, զգալի է «Նաթիվի» համակարգում գործող «Վերլուծության և հետախուզության բաժնի» դերակատարումը։
Նկատենք, որ վերջին ժամանակներս հետխորհրդային հրեաների արտագաղթի միտում է նկատվում դեպի Արևմուտք (մասնավորապես` Գերմանիա և ԱՄՆ)։ Ելնելով այս հանգամանքից` «Նաթիվի» ղեկավարությունը, Իսրայելի կառավարությունից ստանալով համապատասխան լիազորություններ, նախատեսում է գործունեության դաշտի մի մասն ուղղել դեպի ԱՄՆ ու Գերմանիայի խոշոր հրեական համայնքներ։
«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]