Հեղափոխություն կերտողները

Արդեն հինգ տարի նրանք հեղափոխությունն արտահանում են Արևելյան Եվրոպա ու Կենտրոնական Ասիա:
Նրանք երիտասարդ են, բավական կրթված. նրանց ընդհանուր լեզուն անգլերենն է: Որպես կանոն` նրանք աշխատում են արևմտյան հաստատություններում ու կազմակերպություններում` հիմնականում ամերիկյան: Նրանց կարելի է կոչել «միջազգային ժողովրդավարական բրիգադներ», որոնց գործունեությունը համակարգում է Վաշինգտոնը: Նրանցից մի քանիսն անձամբ Ջորջ Բուշի կողմից արժանացել են «ազատության հաղթողների» կոչմանը:
Նրանց ներկայացուցիչների հետ մենք հանդիպեցինք Բելգրադում և Թբիլիսիում, ինչպես նաև Բրատիսլավայում ու Կիևում, որոնք մանրամասնորեն շարադրեցին հետհամայնավարական բռնապետությունների տապալման իրենց «դեղատոմսերը»:
Նրանցից ամենափորձառուին կոչում են Պավել Դեմեշ: Նա սլովակ է, 49 տարեկան և առաջիններից է ոտք դրել այդ ճանապարհին: 2000թ. Դեմեշը գաղտնի համակարգում էր ընդդեմ Միլոշևիչի` արտասահմանյան օգնության ծրագիրը: Անցյալ տարի նա (նույնպես գաղտնի) ուկրաինական հեղափոխականների խորհրդատուն էր: Բրատիսլավայում ղեկավարում է շատ ազդեցիկ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության` «German Marshall Fund»-ի արևելաեվրոպական բաժանմունքը: Նախկինում լինելով իր երկրի ԱԳ նախարար` նա հիմնավորապես գիտի նախկին խորհրդային բլոկի քաղաքական իրադրությունը և գիտի, թե ինչպես ընտրել հեղափոխություն անցկացնելու ամենահարմար պահը:
Հաջողությունն, առաջին հերթին, պայմանավորված է առանց բռնության դեմարշով: «Բռնության չդիմելը տալիս է բարոյական առավելություն և առաջ բերում մյուսների աջակցությունը, և հետո` բռնությունն այն ոլորտն է, որտեղ իշխանությունն ուժեղ է»,–բացատրում է Դեմեշը: Հաջողության երկրորդ բանալին գործողությունների մեթոդի մեջ է: «Քվեարկության օրը, երեկոյան,–պատմում է նա,–հավաքվում են կեղծիքների ապացույցները, և այդ տեղեկությունները շատ արագ տարածվում են երկրով մեկ: Եվ անմիջապես հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց: Հետո նրանք պետք է խաղաղ ճանապարհով հսկողության տակ վերցնեն պետական հիմնարկները, որպեսզի ցույց տան ինքնակալներին, որ օրինական իշխանությունն անցել է ուրիշի ձեռքը: Եվ քանզի ոստիկանությունը չի կրակում` գործն արված է»:
Սա` տեսությունում: Որպեսզի իմանանք, թե գործնականում ինչպես է, լսենք սերբ Սրջա Պոպովիչին: Չնայած 32 տարեկան է` այդ բարձրահասակ և վտիտ անձնավորությունն արդեն առասպելական կերպար է: Նա 21-րդ դարի առաջին հեղափոխական շարժման կազմակերպիչն է, ինչը մնացածների նախատիպը հանդիսացավ. 2000թ. նրա «Отпор»-ը («Դիմադրություն»), չթափելով ոչ մի կաթիլ արյուն, տապալեց Միլոշևիչին: Այդ օրվանից խորհուրդների համար Սրջա Պոպովիչին դիմում են գրեթե ամեն տեղից` անգամ Զիմբաբվեից: Որպեսզի բավարարի պահանջարկը, նա հիմնեց հեղափոխության փորձագետների բյուրո` «Canvas Group»: «Սա մասնավոր բիզնես է,–խոստովանում է նա,– սակայն բյուրոն գրանցված է որպես ոչ կառավարական կազմակերպություն, որպեսզի չմուծի տուրքերը»: Տարեկան շրջանառությո՞ւնը` «առևտրական գաղտնիք է»: Բելգրադի կենտրոնի նորաձև «Movie Bar»-ում (որի սեփականատերն է), սեղանի շուրջ նստած, Սրջան բացում է գաղտնիքը. «Հեղափոխության հաջողության համար անհրաժեշտ է երիտասարդությո՛ւն, երիտասարդությո՛ւն ու նորի՛ց երիտասարդություն: Ինչո՞ւ: Որովհետև երիտասարդ էնտուզիաստները քաջ են, և իշխանությունը քիչ կարող է ազդել նրանց վրա: Նրանք չունեն երեխաներ, աշխատանք, հարստություն. նրանք կորցնելու ոչինչ չունեն»: Կա ևս մեկ պատճառ` առավել գործնական բնույթի, նույնիսկ փոքր-ինչ ցինիկ: «Ամեն անգամ, երբ վարչակարգն ուժ է կիրառում անզեն երիտասարդության հանդեպ, ծեծում նրանց ու բանտ նետում,–ասում է Պոպովիչը,–նա թիկունք է դարձնում նրանց հայրերին, պապերին, բարեկամներին, մտերիմներին... Կարճ ասած` շատերին, այդ թվում` նաև իրեն հավատարիմ կողմնակիցներին: Եվ հենց սա՛ է որոնելի նպատակը»:
«Ցանկանո՞ւմ եք մի խորամանկություն պատմեմ,–շարունակում է նա ժպիտով:–Ցույցերի ժամանակ, որոնք խոստանում են ավարտվել բախումներով, առաջին շարքում կանգնեցրեք սպիտակ վերնաշապիկներով երիտասարդ աղջիկների: Եվ սպասեք ոստիկանության գրոհին: Արդյունքն ապահովված է. մի քանի հարվածներից հետո սպիտակ վերնաշապիկների վրա մի քիչ (կամ` ցավոք, շատ) արյուն կլինի: Ու կստացվեն փայլուն կադրեր, որոնք կշրջեն ողջ աշխարհի էկրաններով... Եվ վարչակարգը կվարկաբեկվի»:
Հաջող հեղափոխությունը զարգանում է նույնքան ճշգրիտ սցենարով, ինչպիսին համակարգչային ծրագիրն է:
Առաջին փուլ. «Ընտրություններից շատ առաջ հարկավոր է ստեղծել ծայրահեղ շահագրգիռ երիտասարդության խմբեր, որոնք կլինեն «նիզակի ծայրակալը»` հեղափոխության գործիքը»,–բացատրում է Պոպովիչը: Այդ խմբի համար անհրաժեշտ է ընտրել անուն: Ինչպիսի՞:
Լսենք Ալեքսանդր Մարիչին: «Отпор»-ի մյուս երեք վետերանների հետ մեկտեղ այս 30-ամյա սերբը Բելգրադում ստեղծել է հեղափոխության ևս մեկ փորձագիտական գրասենյակ. նա Պոպովիչի մրցակիցն է: Մարիչը երաժշտամոլ է, և դա օգնեց նրան ընտրել անվանումը: Հեղափոխական խմբի անունը պետք է լինի կարճ, երկու վանկից ոչ ավելի, հեշտ հիշվող` ինչպես «Levis»-ը կամ «Coca»-ն, և հզոր` ինչպես կարգախոսը: Այն լինելու է հեղափոխության ստորագրությունը, «մակնիշը»:
Երկրորդ փուլ. հարկավոր է «գործի գցել» այդ նոր «մակնիշը»: Ահա բլիցկրիգ գործողության օրինակ: 2003թ. գարնանը Սորոսի հիմնադրամն Ալեքսանդր Մարիչին ու նրա թիմին ուղարկեց Վրաստան. նրանք պետք է դառնային սաղմնավորվող բողոքող խմբի առաջնորդների խորհրդատուները: Վրացի ներկայացուցիչները 20-ն էին, և նրանք արդեն ընտրել էին անվանումը` «Կմարա» («Բա՛վ է»): Մնում էր երկրով մեկ տարածել այդ անունը: Բելգրադցի «Չե Գևարա»-ները առաջարկեցին ծրագիր. վրացի երիտասարդ էնտուզիաստներն այն անմիջապես ի կատար ածեցին: Ապրիլյան գիշերը նրանք Թբիլիսիի և ինն այլ քաղաքների գլխավոր փողոցներում փակցրին «Կմարա» մակագրությամբ հարյուրավոր պլակատներ: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները. լուսաբացին ողջ երկիրը միայն խոսում էր այդ պլակատների մասին: Շևարդնաձեն ծուղակն ընկավ: Այդ «խզբզոցներն» արհամարհելու փոխարեն, նա ռադիոյով ու հեռուստատեսությամբ շարունակ հանդես էր գալիս մերկացումներով` ակամա գովազդելով այդ փոքրիկ խումբը, որը բոլորին թվում էր որպես զանգվածային շարժում: Մարքեթինգային գրոհը հաջողվեց. մի գիշերվա ընթացքում «Կմարա» հեղափոխական «մակնիշը» գործի դրվեց:
Երրորդ փուլ. գտնել միջոցներ, քանզի խմբին շուտով անհրաժեշտ է լինելու տպել հազարավոր թռուցիկներ, պիտակներ, թողարկել մակագրություններով վերնաշապիկներ: Հարկավոր է ստեղծել ինտերնետային կայք, գնել քարթրիջներ, մոբիլ հեռախոսներ, պլակատներ... Շարժմանն անհրաժեշտ է լինելու նաև կազմակերպել իր մարտնչող կողմնակիցների հավաքը, որոնք, պետք է հուսալ, կժամանեն երկրի բոլոր ծայրերից: Այդ նպատակով անհրաժեշտ է վճարել գնացքի հարյուրավոր տոմսերի, հյուրանոցներում անցկացվող գիշերների, վարձակալվող բնակելի տարածքների, սննդի համար: Եվ հետո` պահանջվելու է արտասահմանյան խորհրդատուների ծառայությունների վճարումը: Կարճ ասած` անհրաժեշտ է գտնել «ընդամենը» մի քանի միլիոն դոլար:
Որպեսզի դրանք ճարվեն, պետք է գործի լծվել նախապես, քանզի նման գումարներ կարելի է գտնել միայն արտասահմանում: Տեղերում հարուստ գործարարներն այս ձեռնարկին անվստահությամբ են վերաբերվում. նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերություններն իշխանությունների հետ: Սոսկ հեղափոխության սկսումից նրանք կնետվեն մյուս ճամբարը և կապոցներով փողեր կտան երիտասարդ հեղափոխականներին: Իսկ առայժմ օգնությունը պետք է փնտրել դրսում, մասնավորապես` Վաշինգտոնում, որովհետև, համաձայն ընդհանուր կարծիքի, եվրոպացիները զգուշավոր են, դանդաղկոտ ու ժլատ, բացառությամբ, այն էլ միայն առանձին դեպքերում` բրիտանացիների, հոլանդացիների և լեհերի: Ֆրանսիացիներին երբեք չեն դասում «դոնորների» շարքը:
Ինչ վերաբերում է «նարնջագույն հեղափոխությանը», ապա դիմումները ԱՄՆ խոշոր մասնավոր հիմնադրամներին ու հասարակական կազմակերպություններին (USAID և National Endowment for Democracy) իրականում սկսվեցին դեռ 2003թ. աշնանը, այսինքն` իրադարձություններից մեկ տարի առաջ: Սլովակ Բալաշ Յարաբիկն օգնել է ուկրաինական «կՏՐՈ» խմբին` Ատլանտիկայի մյուս ափից դրամական օժանդակություն հայթայթել: Դրա համար նա գումար է ստացել ամերիկյան «Freedom House» կազմակերպությունից, որը չի ցանկացել միայնակ ֆինանսավորել «Пора»-ին: Այո՛, հեղափոխությունում, ինչպես և բիզնեսում, հաճախ է ամեն ինչ սկսվում ներդրողների խորհրդակցությունից... «Հեղափոխությունը բարձր մրցակցությամբ շուկա է,–ասում է Յարաբիկը, որը բարձրագույն կրթություն ստացել է Կոլումբիական համալսարանում:–Ժողովրդավարական խմբերի առաջնորդները պետք է ուղևորվեն Վաշինգտոն, որպեսզի լավագույնս «իրենց վաճառեն» կապիտալ տվող հիմնադրամներին: Որպեսզի պատրաստվեն այդ մեծ քննությանը, հարկ է լինում հղկել սեփական փաստարկները, պատրաստել ծրագրեր և ֆինանսական աղյուսակներ...»: Այո՛, ճիշտ այնպես, ինչպես բիզնեսում:
Չորրորդ փուլ. հավաքել առավելագույն թվով ակտիվիստներ: Ստանալով առաջին գումարները` «բարի լուր» տանելու համար շրջաններ են ուղարկվում հեղափոխության շրջիկ գործակալները: Ժողովից ժողով նրանք պետք է նորից կրկնեն, թե ամեն ինչ հնարավոր է, որ իրենց հաջողվել է սեփական երկրում տապալել դիկտատորին:
Սովորաբար ժողովները կազմակերպվում են բաց երկնքի տակ` քաղաքից դուրս: Որպեսզի չհարուցեն ոստիկանության կասկածները, ասում են, թե դա հանգստի մեկնող խումբ է: Ժողովներում տիրող մթնոլորտը միաժամանակ հիշեցնում է ե՛ւ «խենթերի ակումբ», ե՛ւ զինվորական պատրաստության պարապմունք:
«2004թ. ապրիլին,–պատմում է հետխորհրդային տարածքում հեղափոխությունների գծով խորհրդատու` 24-ամյա Կետո Կոբիաշվիլին,–մի հոլանդական կազմակերպություն ինձ ուղարկեց Օդեսա, որպեսզի հավաքեմ մոտ 30 երիտասարդ մարդկանց, պատրաստեմ ու ոգևորեմ նրանց: Ես երկու շաբաթ ապրում էի ճոխ հյուրանոցում, առանձին համարում: Դեռ ավելին` ստացա 250 եվրո: Երա՛զ էր»: Սա դեռ ամենը չէ: «Դրանից մի քանի ամիս անց Սորոսի հիմնադրամը Ալմա Աթայում կազմակերպեց սեմինար ղազախ ակտիվիստների համար: Այնտեղ էլ մենք հանդիպեցինք մեծ հյուրանոցում: Ամեն ինչ մեր տրամադրության տակ էր. տեսախցիկներ, որպեսզի պատրաստվենք հարցազրույցներին, և անգամ սարքավորումներ` միկրոֆոնները խլացնելու համար, որոնք ղազախական գաղտնի ոստիկանությունը չէր զլացել տեղադրել նիստերի դահլիճում»:
Հինգերորդ փուլ. հասարակական կարծիքի ուշադրության գրավման նպատակով` միաժամանակ երկու կամպանիա տանել: Սա ամենաբարդ փուլն է. այստեղ պահանջվում է առավելագույն նրբություն: Առաջին կամպանիայի նպատակն է` բացատրել քաղաքացիներին, թե որոնք են ընտրություններում իրենց իրավունքները և դրդել նրանց քվեարկելու: Երկրորդի նպատակն է` կոռումպացված և ավտորիտար վարչակարգերի մերկացումը: Յուրաքանչյուր կամպանիա ունի իր անվանումը, կարգախոսը, բուկլետը: Այս երկու գործողություններն իրականացվում են ակտիվիստների միևնույն խմբով, բայց ուշադրությո՛ւն. այդ մասին չպիտի իմանան: «Հակառակ դեպքում առաջին կամպանիան, որը պիտի լինի անկախ, կձախողվի»,–բացատրում է Դմիտրի Պոտեխինը: Ոչ բարձրահասակ, կլոր ակնոցներով այս 29-ամյա ժպտերես ուկրաինացին «նարնջագույն հեղափոխության» առանցքային դեմքերից էր: Յուշչենկոյի հաղթանակից հետո նա անմիջապես մեկնեց Մոլդովա, որպեսզի նրանց «բերի իր հավատքին»: Այս նորահավատը մարքեթինգի արհեստավարժ մասնագետ է: «Միաժամանակ ու գաղտնի երկու գործողություններ անցկացնելը չափազանց դժվար է,–ասում է նա:–«Пора» շարժումում մենք այնքան քիչ էինք, որ ակտիվիստները պետք է օրվա ընթացքում մի քանի անգամ զգեստափոխվեին` տարածելով այդ և մյուս կամպանիայի թռուցիկները...»:
Վեցերորդ փուլ. փողոցներում, առանց բռնության գործադրման, կատարել արդյունավետ գործողություններ: Նպատակը` արթնացնել քաղաքացիներին և գրգռել ոստիկանությանը: Առավել նախընտրելի մեթոդը` «հայտնվող և անհետացող» խմբի կազմակերպումն է: «Դրանք մեծաքանակ մարդկանց կարճատև հավաքներ են, և ոստիկանությունը չի հասցնում ոչ ոքի կանգնեցնել,–բացատրում է Դմիտրի Պոտեխինը: –Օրինակ, հեղափոխական խմբի 15 անդամներ զգեստավորվում են բանտարկյալների հագուստով և հագնում գորշ վերարկուներ: Մոբիլ կապի միջոցով նրանք նշանակում են հանդիպում մայրաքաղաքի գլխավոր փողոցում այն պահին, երբ այնտեղ խառնաշփոթ է: Նշանակված ժամին հանում են վերարկուներն ու նմանվում բանտարկյալների: Նրանք մի քանի անգամ գոչում են. «Ես քվեարկում եմ X-ի օգտին»: X-ն, անշուշտ, հանդիսանում է տեղի դիկտատորը: Այնուհետև ցուցարարները հագնում են վերարկուները, հեռանում մետրոյի խորքը և կորչում անհետ: Արդյունքն ապահովված է. ոստիկանությունը գազազած է, սկսվում են բռնությունները»:
Յոթերորդ փուլ. պահպանել խումբը: Ինչպե՞ս: Սերբ Միլոշ Միլենկովիչն իր բելառուս կամ ադրբեջանցի «կլիենտներին» սովորեցնում է ընդհատակյա գործունեության այբուբենը: «Սրանք դիմակայության դասական հնարքներ են,–ասում է 27-ամյա այս հաղթանդամ, զվարճասեր անձնավորությունը:–Հեղափոխական խումբը չպետք է մեկ մարդ ղեկավարի: Հակառակ դեպքում նրա գործունեությունն առաջնորդի ձերբակալության պատճառով կաթվածահար կլինի: Պետք է ստեղծել կոլեգիալ ղեկավարություն, այսինքն` առաջնորդի գործառնությունները բաշխել մի քանի պատասխանատու անձանց միջև, որոնք չգիտեն այն մանրամասները, թե ինչ են անում մյուսները»: Մեկ այլ օրինակ. «Որպեսզի խճճվի կառավարման սխեման, անհրաժեշտ է ամեն շաբաթ փոխել պաշտոնական ներկայացուցչին»: Միլենկովիչի կարծիքով, հարկավոր է պահպանել գաղտնիության այս մթնոլորտը: «Երիտասարդներին հրապուրում են խորհրդավոր կազմակերպությունները,–շարունակում է նա: –Գաղտնիության այս հմայչությունը թույլ է տալիս հաղթահարել հուսահատությունը և միանալ խմբին, որին իշխանությունը համարում է ահաբեկչական»:
Ութերորդ փուլ. սովորել կառավարել վախը: «Դրա համար կան բազմաթիվ նրբություններ,–ճշտում է Միլոշ Միլենկովիչը:–Ցույցի ժամանակ երիտասարդները երբեք չպետք է իրենց մեկուսացված զգան. նրանք պետք է մյուսների հետ մշտապես ֆիզիկական շփման մեջ լինեն: Անհրաժեշտ է նաև, որ նրանք երգեն ու չլսեն ոստիկանության կամ զինվորների անհանգստություն առաջացնող աղմուկը: Որպեսզի թաքցվի ցույցի առջև բազմաքանակ զինված մարդկանց առկայությունը, կարելի է երթի սկզբից տանել մեծ ցուցապաստառ. այն ցուցարարներին կխանգարի տեսնել իրենց վախեցնող զինվորների կուտակումները»: Մյուս հնարքը` բացատրել, որ ձերբակալությունը ողբերգություն չէ: Սեմինարներում սկսնակ հեղափոխականների դաստիարակները կազմակերպում են ոստիկանական շուրջկալների փորձեր: Ոմանք հանդես են գալիս ոստիկանների դերում, մյուսները` ցուցարարների: Սեմինարներում սովորեցնում են պատասխանել խուսափողաբար, երբեք չդրսևորել ագրեսիվություն, նույնիսկ ժպտալ: Մշակվում է նաև բանտ նետված ընկերներին աջակցելու ռազմավարությունը: «Նրանք, ովքեր չեն ձերբակալվել, պետք է իմանան ում դիմել` որ փաստաբանին, ոչ կառավարական որ կազմակերպությանը, տեղական կամ արտասահմանյան որ լրագրողին: Նրանց մոտ պիտի լինի այն ակտիվիստների ցանկը, որոնց հետ հնարավոր է կապվել և որոնք այնուհետև իրենք կկապվեն նրանց հետ, որպեսզի ոստիկանական տեղամասի առջև ցույց կազմակերպեն, ինչի մասին կխոսեն զանգվածային լրատվամիջոցները»,–ասում է Գեորգի Կանդելակին, որն անցյալ տարի այս կանոնները բացատրում էր ղազախներին: Եվ քաղաքական գիտությունների այս մասնագետն ու ամերիկյան համալսարանի շրջանավարտը հետևություն է անում. «Այդպիսով, մենք հակառակորդի ուժը շրջում ենք հենց իր դեմ»:
Ահա` ամեն ինչ իր տեղում. ակտիվիստներին հավաքագրում և ուսուցանում են, տարածվում են մի քանի հազար թռուցիկներ, կազմակերպվում են մի քանի «հայտնվող և անհետացող» խմբեր, ու շարժումը հասցնում է առաջին հարվածները: Եվ երբ պետք է սկսվեն անխուսափելիորեն կեղծիքներով ուղեկցվող ընտրությունները, նորաթուխ հեղափոխականներն արդեն պատրաստ են դրանք բողոքարկելու: Դաստիարակների աշխատանքն ավարտված է:
Առաքելությունն իրականացված է, և ժողովրդավարական հեղափոխության շրջիկ գործակալներն արդեն նոր նպատակներ ունեն: Նախկին խորհրդային կայսրությունում նոր հեղաշրջումներ են պատրաստվում: Որպեսզի արագացվի գործընթացը, նրանք մտադրված են Կիևում հիմնել հեղափոխությունների տարածման նոր կենտրոն` Ժողովրդավարության միջազգային ինստիտուտ անվամբ: 2005թ. փետրվարին ինստիտուտի ստեղծման նախաձեռնող, պատվախնդիր Վլադիսլավ Կասկիվն իր նախագիծը ներկայացրեց անձամբ Ջորջ Բուշին: «Ես նրան ասացի, թե կցանկանայի, որ ինստիտուտը հովանավորեին և համակարգեին այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք են Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան կամ Մադլեն Օլբրայթը»,–ասում է «Пора» շարժման նախկին առաջնորդը, որը «նարնջագույն հեղափոխությունից» հետո ջինսը փոխեց փողկապով և մուգ կոստյումով: Այս լուրջ անձնավորությունը բախտ է ունեցել տպավորություն գործել Սպիտակ տանը. ամերիկացիները, երևում է, նրան խոստացել են օգնել, այդ թվում` նաև ֆինանսապես:
Նման ուշադրությունը նյարդայնացնում է Արևելքի վերջին բռնապետերին: Տարեմուտին ընտրություններ կանցկացվեն Ղազախստանում: Տեղի տիրակալն արդեն նախազգուշական միջոցներ է ձեռնարկել. նա բանտ է նստեցրել շատ ակտիվիստների և մերժել Վլադիսլավ Կասկիվին` գտնվել իր տարածքում:
Ինչ վերաբերում է բելառուսական միապետին, որի դեմ հղացված «թավշյա հեղափոխությունը» 2001թ. պարտվեց, ապա նա ջանում է ցանկացած գնով «ժողովրդավարական բրիգադների» անդամներին հետ պահել իր երկրի տարածք մտնելուց: Վերջերս նա բանտ նետեց ուկրաինացի հինգ ակտիվիստների: Անցած տարի նրա հրամանով ծեծի ենթարկվեցին ու հետո երկրից վտարվեցին սերբ և սլովակ հեղափոխականները: Սակայն, այնուամենայնիվ, հեղափոխության որոշակի պատրաստություններ երկրից դուրս կատարվում են: «International Republican Institute» կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, հարևան Լիտվայում գաղտնի պատրաստում է բելառուս ակտիվիստներին:
2004թ. վերջին «Freedom House» հիմնադրամը Ռուսաստանը դասեց ոչ ազատ երկրների շարքը: Խորհրդային Միության փլուզումից հետո նման բան առաջին անգամ էր տեղի ունենում: Ռուսաստանի նախագահին իրենց «ռազմական ավարների» հավաքածուում ավելացնելը նոր «Չե»-երի երազանքն է: Առավել ևս` այդ է նրանց գերագույն նպատակը: Մի քանիսն արդեն աշխատում են սկզբնավորվող հեղափոխական խմբերում: Այս ամռանը նախատեսված է սեմինարների անցկացում Ղրիմում և Ռուսաստանում, որոնց կոնկրետ վայրն առայժմ գաղտնի են պահում: Սակայն Կրեմլի տիրոջ տապալումը դյուրին գործ չէ: Թվում է, թե նա ամուր ձեռքով պահում է իր հատուկ ծառայություններն ու բանակի մեծ մասը: Նա բացահայտորեն պաշտպանեց արյունոտ բռնարարքներն Ուզբեկստանում, և այդպիսով հասկանալ տվեց, որ ինքն էլ չի վախենա կրակել ամբոխի վրա, եթե դա անհրաժեշտ համարի: Վերջապես, ՌԴ նախագահն ակտիվիստների գործունեությունը խափանելու համար այլ միջոցներ է գտել: Նա ստեղծել է սեփական երիտասարդական կազմակերպությունը: Այն «Отпор», «Կմարա» և մյուս շարժումների նմանակն է` նույնպես երկվանկանի անվանումով` «Наши». նույն վերնաշապիկներն են, նույն ժպիտները: Բայց ծրագիրն ազգայնական է, ելույթները` կոշտ: Եվ սա ամենը չէ: Անվտանգության դաշնային ծառայությունը դես ու դեն է ընկնում, լրտեսում, մանիպուլացնում. գործակալները ներդրվում են «բողոքող» խմբերում և ստեղծում այլ` կեղծ խմբեր, որպեսզի խառնեն խաղաքարտերը: Մոսկվայում միջազգային ժողովրդավարական գործակալների համար դժվար կլինի:
Շատ հարցեր են մնում: Առաջին. արդյո՞ք «ժողովրդավարական բրիգադների» անդամները Վաշինգտոնի սովորական գործակալներ են, ինչպես ցանկանում են ներկայացնել Կրեմլում և այլուր: Ճիշտ է, նրանք աշխատում են ամերիկյան (երբեմն` նաև եվրոպական) կազմակերպությունների համար, և դա չեն թաքցնում: Ճիշտ է նաև այն, որ նրանք կիսում են քեռի Սեմի արժեքները` ժողովրդավարությունն ու դոլարը, և ցանկանում են դրանք ամուր ներդնել հետխորհրդային տարածքում: Վերջապես, ակնհայտ է, որ Սպիտակ տունը, հանձինս նրանց, տեսնում է իր «փափուկ ուժի» վեկտորներին, Ռուսաստանի հետ տարվող աշխարհաքաղաքական շախմատային խաղի զինվորներին: Բայց արդյո՞ք նրանք ԱՄՆ շահերը վեր են դասում այն երկրների շահերից, որտեղ աշխատում են: Եվ ինչպիսի՞ Ամերիկայի մասին է խոսքը` «Freedom House»-ի նեոպահպանողականների՞ Ամերիկայի, թե՞ ֆինանսիստ-հումանիստ Ջորջ Սորոսի, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում Ջորջ Բուշի հետ պայքարում:
Հարց երկրորդ. իրո՞ք այդ հեղափոխությունները ժողովրդական էին, թե՞ մի քանի ակտիվիստների ձեռքի գործ: Իրականում` ե՛ւ նա, ե՛ւ մյուսը: Ինչպես մենք ցույց տվեցինք, դրանք կանխապես նախապատրաստվել էին ակտիվիստների ոչ մեծ կորիզի կողմից: Որպեսզի արթնացնեն ժողովրդին, բորբոքեն նրան, այդ խմբերը դիմեցին քարոզչության այժմ բոլորին հայտնի հնարքներին, իսկ երբեմն` նաև մանիպուլյացիաների: Սակայն առանց ավտորիտար ու կոռումպացված վարչակարգի կողմից հուսահատության հասցված ժողովրդի ցասման, առանց նրա կամքի` կրկին թույլ չտալու գողանալ իրենից ընտրությունները և առանց հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր կամովին դուրս էին եկել Բելգրադի, Կիևի կամ Թբիլիսիի փողոցները, ոչինչ տեղի չէր ունենա:
Սակայն ծագում է ևս մեկ` վերջին հարցը. իսկ ի՞նչ է լինելու հեղափոխությունից հետո: Այլ խոսքով` ի՞նչ կկատարվի այդ ժողովուրդների հետ մի քանի տարի անց: «Չե՞ն հայտնվի, արդյոք, նոր ղեկավարները նույն փոսում, ինչպես իրենց նախորդները, որոնք, հարկ է հիշել, նույնպես իշխանության եկան ժողովրդական ապստամբության ալիքի վրա»,–հարցնում է Միջազգային հետազոտությունների կենտրոնի Արևելյան Եվրոպայի գծով խոշոր մասնագետ Ժակ Ռուպնիկը: Սերբական օրինակն ավելի շուտ հուսադրում է: Միլոշևիչի վարչակարգի անկումից հինգ տարի անց երևում է, որ ժողովրդավարությունը Բելգրադում հետզհետե կայունանում է, և մարդու իրավունքներն, ընդհանուր առմամբ, պաշտպանվում են: Սակայն Թբիլիսիի պարագայում, որտեղ Ջորջ Բուշը մայիսին որպես մեսիա ընդունվեց, կացությունն առավել խնդրահարույց է. 2003թ. «վարդերի ապստամբության» շատ առաջնորդներ արդեն հանդես են գալիս նոր իշխանությունների դեմ` կոռուպցիային ու միլիտարիզմին վերադառնալու մերկացումներով:
Այսպիսով` խաղն ավարտված չէ: Եվ հեղափոխության «ալքիմիկոսների» դեղատոմսերով գրքերը դեռ պետք կգան: Քանզի Թբիլիսիում, Կիևում կամ Բիշքեկում նրանց գուցե մեկ անգամ ևս հարկ լինի ամեն ինչ նորից սկսել:
Վենսան Ժովեր
Le Nouvel Observateur,
Ֆրանսիա
«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.
դեպի ետ