Freedom House. «ազատության» տուն

1941թ. Միացյալ Նահանգներում` մեկուսացվածության և չեզոքության քաղաքականության դեմ պայքարելու, ինչպես նաև երկիրը Երկրորդ աշխարհամարտում ներգրավելու նպատակով, ստեղծվեցին մի քանի կազմակերպություններ, որոնք Փերլ Հարբորի վրա հարձակումից քիչ առաջ միավորվեցին և Սպիտակ տան գաղտնի օժանդակությամբ Նյու Յորքում հիմնեցին ընդհանուր կենտրոնակայան` Freedom House (Ազատության տուն) անվանումով:
Ջորջ Ֆիլդի ղեկավարությամբ Freedom House-ը պատերազմի ընթացքում թողարկեց հարյուրավոր ռադիոհաղորդումներ, հրապարակեց պամֆլետներ և կազմակերպեց էքսպոզիցիաներ` ներգաղթյալներին օգնելու, զինված ուժերում ռասայական ինտեգրումն արագացնելու համար: Սակայն ասոցիացիան չսահմանափակվեց սոսկ հասարակությունում պատերազմի պաշտպանմանն ուղղված կամպանիայով. այն գործատուների և արհմիությունների հատուկ բյուրոյի միջոցով նաև կազմակերպեց արդյունաբերության մոբիլիզացիան: Սկսած 1943թ., Freedom House-ը սահմանեց ազատության ամենամյա մրցանակ, որի առաջին դափնեկիրը եղավ 20-ականներին քարոզչության պետական մարմինների հիմնադիր Ուոլթեր Լիպմանը:
Պատերազմի վերջում Freedom House-ը չլուծարվեց և շարունակեց պաշտպանել Սպիտակ տան նոր ճակատամարտերը: Կազմակերպությունն անցկացրեց Մարշալի պլանին և ՆԱՏՕ-ին աջակցող, ֆրանսիական ու բրիտանական կայսրությունների ապագաղութացմանը սատարող և, իհարկե, կոմունիզմի դեմ կամպանիաներ: Այն, առավել, քան մյուս կազմակերպությունները, զարգացրեց «Միացյալ Նահանգներն ազատության երկիր է» կարգախոսը: Հենց «Ազատության տան» աշխատասենյակներում 1949թ. դրվեց արևմտաեվրոպական ինտելեկտուալների մանիպուլացման` ԿՀՎ լայնածավալ գործողության հիմքը, որի համար ստեղծվեց, այսպես կոչված, Մշակույթի ազատության կոնգրեսը:
* * *
60-ականների վերջին Ջորջ Ֆիլդը պաշտոնաթող եղավ, և Freedom House-ի ղեկավար դարձավ Լեոնարդ Սասմանը, որի առջև ծառացավ Վիետնամում ամերիկյան ինտերվենցիայի պաշտպանման դժվարին խնդիրը:
1982թ., երբ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հիմնեց Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որպեսզի պատշաճ քողի ներքո ապահովի ԿՀՎ որոշակի գաղտնի գործունեության հաջորդականությունը, Freedom House-ն ինտեգրվեց այդ նոր համակարգում: Նույն ժամանակ Փոլ Վուլֆովիցն ու իր նեոպահպանողական ընկերներն այդ կառույցներում ներդրեցին բազմաթիվ ակտիվ տրոցկիստների` ամերիկացի սոցիալ-դեմոկրատներից: NED-ը դրամական օժանդակություն է ցույց տալիս Freedom House-ին, որն իր հերթին մասնակիորեն ֆինանսավորում է NED-ի ընտրած ծրագրերը` դրանով քողարկելով ԱՄՆ միջամտության հետքերը:
1983թ. հունվարին, Իրան–Կոնտրաս սկանդալի ժամանակ, Ռեյգանը վերակազմավորեց Միացյալ Նահանգների «հրապարակային դիվանագիտության» ողջ համակարգը, որը Ազգային անվտանգության խորհրդում գլխավորեց Ուոլթեր Ռեյմոնդը: Վերջինս ստեղծեց վերահսկողության կոմիտե, որի կազմի մեջ, որպես Freedom House-ի ներկայացուցիչ, մտցրեց Սասմանին:
1986թ. Freedom House-ն աշխատանքի ընդունեց Մշակույթի ազատության կոնգրեսի հրապարակումների նախկին գլխավոր խմբագիր Մելվին Լեքսիին, որը Լոնդոնում բացեց միջազգային մամուլում պատվերով հոդվածների տարածման գործակալություն: Ինչպես ժամանակին նրա կողմից ղեկավարվող Encounter հանդեսը, այս ծրագիրը (Exchange) նույնպես ֆինանսավորում էր ԿՀՎ-ն:
Այս ծրագրում աշխատում են Վլադիմիր Բուկովսկին, Ադամ Միխնիկը, Անդրե Գլյուքսմանը, Ժան-Ֆրանսուա Ռևելը և ուրիշներ: Հոդվածները վերատպվում են Միացյալ Թագավորության The Daily Mail, The Daily Telegraph, The Times պարբերականներում, Ջամայկայի The Daily Gleaner-ում, բայց հատկապես Միացյալ Նահանգների The Wall Street Journal հանդեսում:
Նույն թվականին Freedom House-ն սկսեց «աշխարհում դավանանքի ազատության» իր ծրագիրը: Կոնգրեսի կողմից վերսկսված հատկապես այս նախաձեռնությունը 1998թ. հանգեցրեց Արտասահմանում դավանանքի ազատության խորհրդակցական հանձնաժողովի երևան գալուն, որը կազմում է ամենամյա զեկույց այդ թեմայով:
1988թ. Freedom House-ն ստեղծեց Կենտրոնական Ամերիկայի գծով աշխատանքային խումբ, որի նպատակն էր սանդինիստական հեղափոխության մասին նյութերի տարածումը: Այս առիթով AFL-CIO-ի արհմիութենական գործիչները մտցվեցին Freedom House-ի վարչության կազմի մեջ, որը հաջողությամբ օգտագործում էր արհմիության հիմնած և ԿՀՎ նպատակներին ծառայող American Institute for Free Labor Development մասնագիտացված ինստիտուտը:
* * *
90-ականներին Freedom House-ն ընդարձակեց գործունեությունը, որի համար բացեց բյուրոներ Ալժիրում, Հունգարիայում, Հորդանանում, Ղազախստանում, Կիրգիզիայում, Մեքսիկայում, Ուզբեկստանում, Լեհաստանում, Ռումինիայում, Սերբիայում և Ուկրաինայում: Ասոցիացիան ցանկացավ իր բյուրոն բացել նաև Նիգերիային սահմանակից որևէ պետությունում, սակայն հետո ժամանակավորապես հրաժարվեց դրանից:
Freedom House-ը, համագործակցելով Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի հետ (որը միջամտության արդեն գոյություն ունեցող մոդելի–գաղտնի գործողություններում արհմիությունների և գործատուների մասնակցություն–հիման վրա ստեղծել է մասնագիտացած բյուրո), գործարկեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլախոհների` մարդու իրավունքների հարցերով կրթության ծրագիրը: Այս ասոցիացիան վայելում էր Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI)` NED/ԿՀՎ-ի ներսում Ժողովրդավարական կուսակցության բաժանմունքի աջակցությունը:
1999թ. Freedom House-ը հիմնեց «Չեչնիայի խաղաղության ամերիկյան կոմիտեն»: Այն ղեկավարում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, նախկին պետքարտուղար Ալեքսանդր Հեյգը և նախկին կոնգրեսական Սթիվեն Սոլերսը: Այդ նրանք Աֆղանստանում Խորհուրդների դեմ ջիհադ նախաձեռնեցին, երբ բոլոր երեքն էլ աշխատում էին իրենց պաշտոններում, այնուհետև շարունակեցին օժանդակել Բեն Լադենին, որպեսզի ուղղեն ջիհադը սկզբում Բոսնիա-Հերցեգովինա` ընդդեմ Բելգրադի կոմունիստական իշխանությունների, իսկ հետո` Չեչնիա, որ նպաստեն Ռուսաստանի Դաշնության փլուզմանը և ստանան Կովկասի ածխաջրածինների վրա հսկողություն:
2002թ. Freedom House-ը Հունգարիայում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, բացեց վեբ-սերվիս` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այն ոչ կառավարական կազմակերպությունների համար, որոնց հետ նա համագործակցում է:
Բոլորովին վերջերս Freedom House-ը ARENA ծայրահեղ աջ կուսակցության (որը մասնակցել է Միջազգային հակակոմունիստական լիգայի աշխատանքներին և պատասխանատու է Սալվադորում բազմաթիվ անօրենք դատաստանների համար) ռեաբիլիտացման նպատակով կամպանիա անցկացրեց: Այդ ջանքերը պսակվեցին հաջողությամբ, քանզի Անտոնիո Սաքան դարձավ երկրի նախագահ:
Վերջապես, նախագահ Բուշը Freedom House-ին հանձնարարեց կազմել ամենամյա զեկույց` աշխարհում քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների վերաբերյալ, որի հիման վրա Միացյալ Նահանգները որոշում է կայացնում Millenium Challenges Corporation-ի (Հազարամյակի մարտահրավերների կորպորացիա) շրջանակներում օգնություն տրամադրելու կամ մերժելու մասին:
Վերջին տարիներին Freedom House-ի ղեկավարն էր դեմոկրատ կոնգրեսական Բիլ Ռիչարդսոնը` Նյու Մեքսիկո նահանգից. գաղտնի դիվանագիտության մասնագետ, որին 4 անգամ ներկայացրին (ապարդյուն) Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նա համատեղում էր իր ֆունկցիաները NDI-ի փոխնախագահի պարտականությունների հետ, Մադլեն Օլբրայթի հետ մեկտեղ: Սակայն Ռիչարդսոնը` Նյու Մեքսիկոյի նահանգապետ ընտրվելու կապակցությամբ (նաև հույս ուներ 2004թ. նախագահական քարոզարշավում դառնալ Ջոն Քերիի գործընկերը), վայր դրեց այդ պարտականությունները: Նրա հաջորդը դարձավ Ջեյմս Վուլսին` ԿՀՎ նախկին տնօրենը և Իրաքի Ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարի հեղինակը:
Կազմակերպության վարչության կազմը կարող է հետախուզության տեղեկագիրք ծառայել: Բացի վերոհիշյալ անձանցից, այնտեղ են նաև NDI-ի նախկին նախագահ և ԱՄՆ մարդասիրական օգնության նախկին համակարգող Բրայան Էթվուդը, Եռակողմ հանձնաժողովի նախագահ, Հետախուզության գծով նախագահին կից խորհրդակցական խորհրդի նախկին ղեկավար, դեսպան Թոմաս Ֆոլին, Empower America-ի նախագահ Թեոդոր Ֆորսթմանը, քաղաքակրթությունների բախման տեսաբան Սամուել Հանտինգտոնը, Ժնևում ՄԱԿ դեսպան, Պենտագոնի Պաշտպանության խորհրդակցական խորհրդի անդամ Ջին Քըրքպատրիկը և CME կոնսորցիումի (որը գնում կամ հիմնում է հեռուստատեսային ընկերություններ ողջ Արևելյան Եվրոպայում) հիմնադիր, դեսպան Մարկ Փալմերը:
Կազմակերպության աշխատանքային բյուջեն 2002թ. կազմել է շուրջ 14 մլն դոլար:
Reseau Voltaire,
Ֆրանսիա
«Հանրապետական», թիվ 8 (28), 2005թ.
դեպի ետ