Եվրոպական ինտեգրումը մտնում է «դադարի» փուլ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Յուբեր Վեդրինը լայնորեն ճանաչված է որպես «գերտերություն» եզրի հեղինակ, որով նա բնորոշում էր Միացյալ Նահանգների կարգավիճակը սառը պատերազմից հետո:
Վեդրինի ողջ գործունեությունը կապված է պետական ծառայության հետ: 34 տարեկանում դառնալով նախագահ Միտերանի դիվանագիտական խորհրդական` նա այնուհետև հաջորդաբար զբաղեցրեց նրա մամլո ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի պաշտոնները: 1997թ. խորհրդարանական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության հաղթանակից հետո Վեդրինը Ժոսպենի կառավարությունում նշանակվեց արտաքին գործերի նախարար:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության այս ազդեցիկ գործչի հետ «Свободная мысль-XXI» հանդեսի գլխավոր խմբագիր Վլադիսլավ Ինոզեմցևի հարցազրույցից:
Հարց - Պարոն Վեդրին, ԵՄ Սահմանադրության հանրաքվեի բացասական արդյունքը նշանակո՞ւմ է, արդյոք, որ Եվրոպայում ծավալվում է «երկու համակարգերի յուրատեսակ պայքար»:
Պատ. - Դա ակնհայտ չէ, քանզի ֆրանսիացիների «ոչ»-ը չափից ավելի բազմանշանակ է: Որոշ ընտրողներ քվեարկեցին կառավարության, ոմանք` Եվրամիություն Թուրքիայի մտնելու, մի մասը` եվրոպական բյուրոկրատիայի, իսկ շատերը` նաև միասնական Եվրոպայի սոցիալական քաղաքականության դեմ: Այնպես որ, ես չէի ասի, թե խոսքը ինչ-որ երկու համակարգերի պայքարի մասին է:
Միաժամանակ, հանրաքվեի արդյունքում ի հայտ եկան ամբողջ շարք լուրջ խնդիրներ:
Առաջինը վերաբերում է Միացյալ Եվրոպայի և ազգային պետությունների միջև հաշվեկշռին: Ինչպե՞ս պիտի նրանց միջև բաշխվեն լիազորությունները: Իմ կարծիքով, սահմանադրական պայմանագրի նախագիծն այս հարցին լավ պատասխան էր տալիս: Ցավոք, որոշ եվրոպական ժողովուրդներ դրան չհամաձայնեցին: Սակայն դա չափազանց կարևոր քաղաքական հարց է և անմիջապես կապված է ինչպես ազգային, այնպես էլ համաեվրոպական բյուրոկրատիայի հետ:
Երկրորդ խնդիրը Միացյալ Եվրոպայի համար սոցիալական քաղաքականության կողմնորոշիչների ընտրության մեջ է, և այնտեղ, իր հերթին, ամփոփված են երկու հարց: Մի կողմից` արժե՞, արդյոք, սոցիալական քաղաքականությունը փոխանցել վերազգային ինստիտուտների տնօրինությանը, թե՞ պետությունները պետք է պահպանեն նրա նկատմամբ հսկողությունը: Եվ, մյուս կողմից` ինչպիսի՞ սոցիալական քաղաքականություն է անհրաժեշտ Եվրոպային` հովանավորչակա՞ն, թե՞ ազատական: Արժե՞, արդյոք, ամեն կերպ հոգ տանել աշխատավորների շահերի պաշտպանության մասին` հաշվի չառնելով աճող գործազրկությունը, թե՞ նախապատվությունը տալ առավել ճկուն սկզբունքներին, որոնք ապահովում են նվազ պաշտպանվածություն, բայց խթանում են նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս թեմայով վեճեր ծավալվում են յուրաքանչյուր եվրոպական պետությունում:
Հարց - Նման պայմաններում Եվրոպան կարո՞ղ է, արդյոք, ընդարձակվել:
Պատ. - Իրավաբանական տեսանկյունից ԵՄ Սահմանադրության հավանության ու նրա ընդարձակման միջև կապ չկա: Սակայն քաղաքական տեսանկյունից այս երկու խնդիրների միջև կապն ակներև է: Ֆրանսիայում և Հոլանդիայում շատերը քվեարկելով Սահմանադրության դեմ` քվեարկեցին ընդլայնման դեմ, որը, նրանց կարծիքով, չափից ավելի սրընթաց էր:
Եվրոպական վարչարարներին չհետաքրքրեց հանրության կարծիքը, և տվյալ հարցով բանավեճեր այդպես էլ չծագեցին: Ուստի, կար զգացում, թե ընդարձակումը վերևից է պարտադրված: Մեկին դա ձեռնտու է, մեկին` ոչ, ինչն ապագայում կդանդաղեցնի ինտեգրման գործընթացները: Եվրոպան, անշուշտ, չի հրաժարվի ընդլայնման գաղափարից, բայց եվրոպական ինստիտուտների զարգացումը, որոնց լեգիտիմությունն առավել չափով տուժեց «բողոքող» քվեարկությունից, կդանդաղի: Անհնար է ժխտել կապը ընդարձակման (որը կարծես «ողողում-տանում» է Եվրոպայի ինքնությունը) և վտանգի աճող զգացումի միջև: Իրավիճակի կայունացման համար ժամանակ է պետք: Եվրոպական ինտեգրումը մտնում է «դադարի» փուլ:
Հարց - Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Եվրոպայի ապագան: Զարգանո՞ւմ է, արդյոք, Միացյալ Եվրոպան դաշնության կամ համադաշնության ուղղությամբ:
Պատ. - Ես գտնում եմ, որ Դաշնային Եվրոպան մեռած է: Այն պատրանք է, ուտոպիա, որն իր կառուցողական դերակատարումն ունեցավ Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն արդեն վաղուց հասկանալի է, որ եվրոպական ժողովուրդները չեն ցանկանում միավորվել դաշնության մեջ: Եվրոպացիները ցանկանում են ապրել խաղաղության ու լիության մեջ, լինել ազատ, զգալ իրենց պաշտպանված, ունենալ լայն քաղաքացիական իրավունքներ, ընդ որում` ցանկալի է առանց կոշտ պարտավորությունների: Միաժամանակ, նրանք ձգտում են պահպանվել որպես ազգ: Եվրոպայի Միացյալ Նահանգների ստեղծման կամ մեկ երկրում Ֆրանսիայի և Գերմանիայի միավորման գաղափարներն ուտոպիական են: Դրանք ճանաչում էին վայելում ինտելեկտուալների, փիլիսոփաների, անգամ որոշ քաղաքական գործիչների մոտ: Եվրոպական բոլոր ժողովուրդները խաղաղություն ցանկանում են, բայց չեն ուզում ձուլվել միմյանց մեջ:
Հարց - Դուք ասում եք, որ Եվրոպան չի կարող անվերջ ընդարձակվել: Բայց որտե՞ղ են Եվրոպայի սահմանները: Նշանակո՞ւմ են, արդյոք, Ձեր բառերը, թե Ռուսաստանը երբեք չի կարող մտնել ԵՄ:
Պատ. - Չնայած իմ ողջ հարուստ փորձին, ես չեմ կարող Ձեզ ասել, թե որտեղով է անցնում Եվրոպայի սահմանը: Սակայն ես համոզված եմ, որ զգալ այն անհրաժեշտ է: Իհարկե, այդ սահմանը չի կարող լինել «պաշտպանական բնագիծ», ինչպես անցյալում էր: Օրինակ, Միացյալ Նահանգներն ունի սերտ, այդ թվում` տնտեսական կապեր Կանադայի ու Մեքսիկայի հետ, բայց նա չի առաջարկում նրանց` մտնել իր կազմի մեջ. նշեմ, որ դա չեն ցանկանում ո՛չ մեքսիկացիները, ո՛չ կանադացիները: Եվրոպային նույնպես հարկ է լինելու ինչ-որ տեղ կանգ առնել: Եթե եվրոպական բյուրոկրատները չկարողանան հստակ նշել սահմանները, կբարձրանա բողոքի զանգվածային ալիք: Հենց նման փաստարկը կանխորոշեց Սահմանադրության մերժումը հոլանդացիների կողմից, չնայած նրանք բաց, ձեռներեց ու եվրոպամետ ազգ են: Եվրոպայի սահմանները գոյություն ունեն. մնում է հասկանալ, թե որտեղով են դրանք անցնում:
Եվ դրանում ողբերգական ոչինչ չկա, քանզի Եվրոպան չի պատրաստվում մարտնչել նրանց հետ, ովքեր կհայտնվեն իր սահմաններից դուրս: Գոյություն ունեն համագործակցության բազմաթիվ այլ ձևեր ոչ եվրոպական պետությունների հետ, որոնք, հնարավոր է, նույնիսկ շահագրգռված էլ չեն ԵՄ մտնելու մեջ: Անհեթեթություն է ենթադրել, թե, օրինակ, Ռուսաստանը կցանկանա մտնել 35 պետություններից կազմված կառույցի մեջ մյուսների հետ հավասար պայմաններով` նույնիսկ այն դեպքում, երբ այսօր իր լավագույն օրերը չի ապրում: Իմ կարծիքով, Ռուսաստանին վիճակված է վերադառնալ համաշխարհային ասպարեզ` որպես ինքնուրույն և հզոր «խաղացող», այլ ոչ թե եվրոպական բարդ համակարգի հասարակ պտուտակ:
Հարց - Ունի՞, արդյոք, Եվրոպան հստակ ռազմավարություն Ռուսաստանի նկատմամբ:
Պատ. - Ճշտված քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայում չկա: Յուրաքանչյուր երկիր հավատարիմ է սեփական վարքագծին: Եվրոպացիների մեծ մասը կարծում է, թե Ռուսաստանը պատճառ չունի ցանկանալու մտնել Միացյալ Եվրոպա: Չնչին փոքրամասնությունը գտնում է, որ Ռուսաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ: Կան նաև այլ տեսակետներ: Օրինակ, Ֆրանսիան Ռուսաստանը համարում է կարևոր դիվանագիտական դաշնակից: Գերմանիան Ռուսաստանը նախևառաջ ընկալում է որպես տնտեսական գործընկեր: Մյուսներն առաջնային են համարում ռուսական պետության ժողովրդավարացումը` գտնելով, որ Եվրոպայի դերն այն է, որպեսզի նպաստի ժողովրդավարության կայացմանը Ռուսաստանում: Բայց կան նաև այնպիսիները, որոնք Ռուսաստանի մեջ տեսնում են սպառնալիք. թեպետ ԽՍՀՄ փլուզումից անցել է մեկուկես տասնամյակ, խորհրդային ազդեցության գոտում գտնվող բալթյան պետությունները, Լեհաստանը շարունակում են երկյուղել Ռուսաստանից:
ԵՄ ու Եվրոպական հանձնաժողովի 25 անդամ երկրների ներկայացուցիչներ այսօր անընդունակ են սահմանել Ռուսաստանի վերաբերյալ առաջնահերթությունների աստիճանակարգը: Ուստի, կրկնում եմ, ձեր երկրի նկատմամբ համաձայնեցված քաղաքականություն Եվրոպայում բացակայում է:
Հարց - Ռուսաստանի հանդեպ եվրոպացիները կողմնակից են չմիջամտելու քաղաքականությանը և երևույթներն անվանում են այնպես, ինչպես դրանք կան: Սակայն արդարացնո՞ւմ է իրեն, արդյոք, նման քաղաքականությունն այն երկրների նկատմամբ, որտեղ իրադրությունն անհամեմատ ավելի ծանր է, քան Ռուսաստանում: Կարո՞ղ եք Դուք պատկերացնել, թե Եվրոպան կամ ԱՄՆ-ը, չհամբերելով, կմիջամտեն այդպիսի պետությունների գործերին:
Պատ. - Դա բարդ խնդիր է: Մի կողմից` ԵՄ-ը և ԱՄՆ-ը կցանկանային լինել ողջ աշխարհում ժողովրդավարության ու մարդու իրավունքների դատապաշտպանը: Ընդ որում, եթե Միացյալ Նահանգները նման նպատակների հասնելու համար չի խորշում ռազմական մեթոդներից, ապա ԵՄ-ը գերադասում է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Բայց ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ մենք մնում ենք իրատեսներ, ուստի ջանում ենք հասկանալ` որո՞նք են մեր շահերը:
Ամերիկացիները բարդույթ չեն զգում, երբ ժողովրդավարություն են պարտադրում որևէ երկրի, սակայն ընդդիմանում են հարևան պետության ժողովրդավարացմանը, եթե դա վնասում է իրենց ազգային շահերին: Նույնպիսի խնդիր ծառացած է նաև եվրոպացիների առջև: Արդեն բազում տասնամյակներ եվրոպական պետությունները տքնում են Աֆրիկան ուղղել ժողովրդավարացման ճանապարհ: Երբեմն այն տալիս է դրական արդյունքներ, սակայն հաճախ էլ հրահրում է էթնիկական բախումներ: Վերջինս հող է ստեղծում տարակուսանքի համար: Եվրոպան դեգերում է սեփական իդեալիզմի և անողորմ իրականության միջև: Չի կարելի մոռանալ` եվրոպացիներն անուղղելի իդեալիստներ են. նրանք շատ են ցանկանում, որ աշխարհը կախարդական փայտիկի շարժումով վերածվի մեծ ժողովրդավարության: Բայց նրանք չգիտեն ինչպես դրան հասնել: Այսօր նրանք կոշտ հայտարարություններ են անում, սակայն մյուս օրը լռում են կամ, որն ավելի վատ է, միմյանց միջև հարաբերություններ պարզում: Բայց, որպես կանոն, եվրոպական պետությունները պատրաստ չեն սատարել ժողովրդավարությանն այնտեղ, որտեղ չունեն անմիջական շահեր:
Նայեք Մեծ Բրիտանիային: Այն կարող է իրեն թույլ տալ կտրուկ հայտարարություններ Բիրմայի հասցեին, քանզի դա չի սպառնում իր տնտեսական շահերին: Այն խիստ քննադատության է ենթարկում Զիմբաբվեի վարչակարգը, որովհետև Ռոբերտ Մուգաբեն խրախուսում է բրիտանական ֆերմերներին հողից սեփականազրկելը: Սակայն շատ այլ հարցերում Ֆորին օֆիսը լռում է: Նույնը վերաբերում է Ֆրանսիային. մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր սերտ հարաբերությունները Հյուսիսային Աֆրիկայի երկրների և մյուսների հետ: Այլ խոսքերով` մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանման միասնական քաղաքականություն գոյություն չունի: Ես ափսոսում եմ, բայց ստիպված եմ խոստովանել. եթե դուք ժողովրդավար եք մի պետությունում, որը հավասարակշռում է ժողովրդավարությունը և ավտորիտարիզմը, հարկ չկա հույս դնել Եվրոպայի վրա: Եվրոպան կարող է ձեզ աջակցել, սակայն հազիվ թե ցանկանա լուծել ձեր խնդիրները:
ԵՄ-ը հստակ դիրքորոշում ունի միայն այն պետությունների նկատմամբ, որոնք ցանկանում են մտնել իր կազմի մեջ: Այն տարածաշրջաններում, որտեղ Եվրոպան որոշակի ազդեցություն ունի, ինչպես, օրինակ, Բալկաններում, հնարավոր են համագործակցության առավել նուրբ ձևեր: Բայց ինչ վերաբերում է մյուս խոշոր տարածաշրջանների հետ հարաբերություններին, ապա այստեղ մեզ հարկ է լինելու հաշվեկշիռ փնտրել սկզբունքայնության և անմիջական շահերի միջև:
Հարց - Միացյալ Նահանգներն աշխարհում «տարածում» է ազատություն և ժողովրդավարություն, որոնք էլ ստեղծել են ժամանակակից Ամերիկան: Սակայն Եվրոպան աշխարհին առաջարկում է կառավարման հատուկ մոդել, որը ստեղծվել ու մշակվել է իր կողմից: Կարո՞ղ է, արդյոք, եվրոպական մոդելը տարածվել Եվրոպայի սահմաններից դուրս:
Պատ. - Ամեն ինչ այդպես պարզ չէ: Ես կարծում եմ, որ ամերիկացիներն ունեն «գլոբալ» ծրագիր, և դա ամերիկյան առաջատարության ծրագիրն է: Նրանց անհրաժեշտ է իշխել աշխարհի վրա` անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի այդ աշխարհը: Ես Միացյալ Նահանգները կոչեցի «գերտերություն», մյուսներն օգտագործում են «հեգեմոն» կամ «կայսրություն» եզրերը: Իմ նախկին գործընկեր Մադլեն Օլբրայթը խորհում էր «անփոխարինելի ազգի» մասին: Ժողովրդավարացումն իր նշանակությամբ երկրորդական ամերիկյան «նախագիծ» է: Եվ չկա երաշխիք, որ այդ ժողովրդավարացումը բարօրություն կբերի Ամերիկային. չէ՞ որ այսօր պարզ է, որ եթե Սաուդյան Արաբիայում անցնեն ազատ ընտրություններ, այնտեղ կհաստատվի հակաարևմտյան վարչակարգ:
Եվրոպական քաղաքական համակարգն, իր ներկայիս տեսքով, եվրոպական մայրցամաքի բացառիկ, երբեմն նաև չափազանց արյունալի պատմության արգասիքն է: Եվրոպական հասարակությունն` իր սոցիալական պաշտպանվածությամբ և անհատի ու հանրության միջև հարաբերությունների ներդաշնակությամբ, սկսեց ձևավորվել արդեն Երկրորդ աշխարհամարտից հետո: Եվրոպացիներն այսօր անչափ բավարարված են նրանով, ինչը ձեռք են բերել և դեմ չէին լինի տարածել այդ համակարգը մնացյալ աշխարհում, բայց չգիտեն ինչպես դա անել: Չէ՞ որ յուրաքանչյուր պետություն ունի սեփական պատմությունը, և վերստեղծել այն բացառիկ պայմանները, որ Եվրոպայում ձևավորվել էին 20-րդ դարի կեսին, անհնար է:
Դատողություններ անելով աշխարհի մյուս տարածաշրջաններում կառավարման եվրոպական համակարգի ներդրման հնարավորության մասին` եվրոպացիները տատանվում են իդեալիզմի և իրականության միջև: Անձամբ ես վստահ չեմ, թե եվրոպական համակարգն ընդհանրապես հնարավոր է «պատճենել»: Չէ՞ որ խոսքն ինքնուրույն զարգացման տևական ավանդույթներ ունեցող 20-ից ավելի պետությունների միավորման մասին է. միավորում` թելադրված իրենց ինքնիշխան իրավունքները միասին վայր դնելու ձգտումով: Եվ, չնայած ես համոզված եմ, որ, օրինակ, Ռուսաստանը Եվրոպայից սովորելու բան ունի, բայց նաև գտնում եմ, որ «օտար հող» եվրոպական փորձի կուրորեն փոխադրումից հարկավոր է խուսափել:
Свободная мысль-XXI, N7, 2005
«Հանրապետական», թիվ 8 (28), 2005թ.
դեպի ետ