Չինաստան. գերտերության կայացման փուլ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեության կտրուկ ակտիվացումը (վերջերս ՇՀԿ-ն նոր որոշում ընդունեց, համաձայն որի` արտակարգ իրավիճակների դեպքում անդամ երկրների պետական սահմանները բացվում են միմյանց համար), զարգացումները Կենտրոնական Ասիայում (որտեղ ԱՄՆ-ին հարկադրում են լքել Ուզբեկստանում գտնվող Խանաբադի օդառազմակայանը), ռուս-չինական կայացած և ռուս-չինա-հնդկական սպասվելիք զինավարժությունները (որոնք ակնհայտորեն ԱՄՆ-ի դեմ են ուղղված) և այլ փաստեր վկայում են, որ Չինաստանը, կուտակելով քաղաքական, տնտեսական և ռազմական խոշոր ներուժ, որոշել է, ի տարբերություն նախկինի, գործուն մասնակցություն ցուցաբերել գլոբալ քաղաքական գործընթացներում և գրավել համաշխարհային առաջատար տերությանը վայել դիրք, ստանձնել համաշխարհային մասշտաբի պարտավորություններ և իրավունքեր։
Գաղափարախոսությունը` որպես հզորացման նախապայման
Համաձայն պատմական փորձի և դրա վրա հենված քաղաքագիտության տեսական դրույթների` նոր ձևավորված և հավակնություններ ունեցող տերության ի հայտ գալը, որպես կանոն, փոխում է գոյություն ունեցող միջազգային հարաբերությունների ձևը և բովանդակությունը։ Ինչպես նշում են ամերիկյան վերլուծաբանները, Չինաստանը հզորանում է ոչ թե նրա համար, որպեսզի ինտեգրվի քաղաքական և տնտեսական գլոբալ համակարգում, այլ` որպեսզի փոխի այդ համակարգը։ Անշուշտ, նման իրողությունն առաջին հերթին էապես ազդելու է ԱՄՆ կարգավիճակի վրա, և Չինաստանի հզորացումն ամերիկյան ընտրանու կողմից իրավացիորեն դիտարկվում է որպես անմիջական սպառնալիք։ Որպես հետևանք` ամերիկյան քաղաքագիտական և վերլուծական գրականությունում առաջարկվում են Չինաստանի հզորությունը սահմանափակելու ամենազանազան ծրագրեր։ Ինչպես և Իրանի պարագայում, ԱՄՆ հեղինակավոր ԶԼՄ-ում տեղ են գտնում տեղեկատվական արտահոսքեր ՉԺՀ-ի նկատմամբ ենթադրվելիք ռազմական սցենարների վերաբերյալ։ Ամերիկյան քաղաքական շրջանակներում այսօր սկսել է գերիշխել այն կարծիքը, թե ԱՄՆ–ՉԺՀ հարաբերությունները բնութագրվում են որպես սառը պատերազմ։ Ավելին, ոմանք կարծում են, թե հեռու չէ այն օրը, երբ այդ սառը պատերազմը կարող է վերածվել «թեժի»։
Հարկ է նաև հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ չնայած ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ ջանքերին, մինչ այժմ դրանց չի հաջողվում Չինաստանից կերտել միջազգային հանրությանը վտանգ ներկայացնող երկրի կերպար (ինչպես դա կարողացել են անել, մասնավորապես, իսլամական աշխարհի մի շարք պետությունների հետ)։ Այդ են վկայում, օրինակ, միջազգային սոցիոլոգիական ծառայության հարցումները: Մեծ Բրիտանիայում հարցվողների 65%-ը դրական է մոտենում ՉԺՀ-ին, մինչդեռ ԱՄՆ-ի նկատմամբ (որը անգլիացիների ամենասերտ դաշնակիցն է) դրական վերաբերմունք ունի ընդամենը 55%-ը։ Ֆրանսիայում, Իսպանիայում և Հոլանդիայում Չինաստանի հանդեպ դրական մոտեցում է արտահայտել հարցվողների մոտ 55-60, իսկ ԱՄՆ-ի նկատմամբ` ընդամենը 40-45%-ը։ Մահմեդական աշխարհում այդ տարբերությունն ավելի զգալի է։ Այս փաստը վկայում է այն մասին, որ տեղեկատվական մրցակցության ոլորտում, որտեղ և ձևավորվում է այս կամ այն երևույթի նկատմամբ միջազգային հանրության կարծիքը և որտեղ ավանդաբար իշխում էր ԱՄՆ-ը, այժմ նախաձեռնությունը պատկանում է Չինաստանին։
Այս առիթով պետք է նշել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի` այսօրվա ամենամրցունակ տերություններ լինելու իրողությունը մեծ չափով պայմանավորված է նրանով, որ այդ երկու երկրներն էլ գործում են համակարգված և հենվում են սեփական գաղափարախոսական դրույթների վրա։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ արդի ամերիկյան և չինական գլոբալ ռազմավարության փիլիսոփայությունները բավական մոտ են միմյանց: Դրանք զգալի չափով հենված են ավանդական չինական ռազմավարության դրույթների վրա, որը դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում մշակել է չին նշանավոր մտածող Սուն-Ցզին։ Հայտնի է, որ այդ ռազմավարությունը մեր դարաշրջանում առաջինը սկսեցին կիրառել ԱՄՆ հատուկ ծառայությունները` Ալեն Դալեսի նախաձեռնությամբ։ Հետագայում «չինական» մոտեցումները ներդրվեցին նաև տեղեկատվական պատերազմների տեխնոլոգիաներում։ Հատկանշական է, որ վերջերս հրապարակված` «ԱՄՆ անվտանգության ռազմավարություն» անվանումը կրող հայեցակարգում ընդունվում է, որ ժամանակակից քաղաքական գործընթացները պարունակում են անորոշության մեծ չափ։ Դա դժվարացնում է անգամ միջին և կարճաժամկետ կանխատեսումներն ու այդպիսով ռազմավարությունն իրագործողներից պահանջում է մտավոր և գործնական ճկունություն։ Ամերիկյան ստրատեգների այս թեզերը միանշանակ համընկնում են Սուն-Ցզիի ռազմավարական դրույթների հետ։
Իրենք` չինացիները, ի վիճակի եղան կիրառել սեփական ռազմավարության դրույթները ՉԺՀ կայացմանը զուգահեռ։ Այսօր Չինաստանի տեղեկատվական և հոգեբանական պատերազմների հայեցակարգերն ուղղակիորեն հենված են ավանդական պատկերացումների վրա, և այդ ոլորտում չինացիները զգալի հաջողությունների են հասել (որպես դրա արտահայտություն պետք է ընկալել, օրինակ, չինական մարտաձևերի և մարտաֆիլմերի լայն տարածումը, որոնցում լավագույնս ներկայացվում է չինացու դրական կերպարը և քարոզվում չինական արժեհամակարգը)։ Ժամանակակից Չինաստանում ավանդական ռազմավարությունը լայնորեն կիրառվում է ոչ միայն քաղաքականությունում կամ ռազմական գործում, այլև կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։
Ընդհանրացնելով նշենք, որ չինական ժամանակակից գաղափարախոսությունն արտահայտվում է ոչ թե դոգմատիկ բանաձևերով (ինչպես ընդունված էր կոմունիստների, վաղ լիբերալների կամ նացիստների մոտ), այլ հանդիսանում է մի յուրովի մեթոդաբանություն, որը չունի որոշակիություն և տարբեր իրավիճակներում թելադրում է ամենատարբեր մոտեցումներ։ Այս առումով չինական և ամերիկյան գաղափարախոսությունները նման են միմյանց։
Միևնույն ժամանակ, ամերիկյան և չինական մոտեցումների միջև գոյություն ունի սկզբունքային տարբերություն. չինական քաղաքական փիլիսոփայությունը գործընթացները և զարգացումները դիտարկում է գործնականում անսահմանափակ ժամանակային տիրույթում։ Չինական ասույթն այն մասին, որ «եթե երկար նստես գետափին, ապա ջրերը կբերեն թշնամուդ դին», թերևս լավագույնս է ներկայացնում ժամանակի վերաբերյալ չինացիների պատկերացումները։ Մինչդեռ արևմտյան քաղաքական մոտեցումներում ժամանակային տիրույթները խիստ որոշակի են և սահմանափակ։ Ավելին, ԱՄՆ-ում իշխող «գերկանխարգելիչ» դոկտրինան ենթադրում է անգամ «առաջ ընկնել» ժամանակից և այդպիսով արդեն այսօր ձևավորել ապագան։ Թե որ մոտեցումն է ավելի մրցունակ, ցույց կտա տեսանելի ապագան։
Չինաստանի տնտեսական և ռազմական ցուցանիշները
Չինաստանի հզորության էական ցուցանիշներից է նրա տնտեսական առաջխաղացումը։ Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալներով` ՉԺՀ ՀՆԱ-ն, եթե հաշվարկները կատարվում են յուանի ռեալ գնողունակությունը հաշվի առնելով, արդեն մոտենում է $7 տրիլիոնի (ԱՄՆ ցուցանիշը $10,5 տրիլիոն է)։ Համեմատության կարգով նշենք, որ Ռուսաստանի` նման եղանակով հաշվված ՀՆԱ-ն կազմում է մոտ $1,3 տրիլիոն։ Սակայն, հաշվի առնելով Չինաստանի 1,3 միլիարդանոց բնակչությունը, այդ տերությունն այնքան էլ հարուստ չէ։ Ներկայումս մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է մոտ $4500, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հասնում է $34 000, իսկ Ռուսաստանում` $8300։ Սակայն 20 տարի հետո, համաձայն ՀԲ հաշվարկների, Չինաստանի տարեկան 10% աճ ցուցաբերող տնտեսությունը (ԱՄՆ միջին աճը կազմում է 3%, իսկ Ռուսաստանինը` 5%) մեկ շնչին բաժին ընկնող եկամուտով կզիջի ԱՄՆ-ին ընդամենը երկու անգամ, իսկ նրա բացարձակ ՀՆԱ-ն կգերազանցի ամերիկյան ցուցանիշը։ Նշենք, որ ուղիղ ներդրումների ծավալով` $53 մլրդ, Չինաստանն արդեն այսօր առաջին տեղում է` առաջ անցնելով ԱՄՆ-ից և Գերմանիայից։ Մեծ են նաև այդ երկրի ոսկետարադրամային ռեզերվները` մոտ $610 մլրդ։
Բնորոշ է, որ Հարավարևելյան Ասիայի տնտեսությունը հիմնականում վերահսկվում է չինական խոշոր ընկերությունների կողմից, իսկ այդ երկրների տնտեսական ընտրանին վաղուց արդեն չինարեն է սովորում։ Օրինակ, Հարավային Կորեայում գրեթե բոլոր կրթված մարդիկ կարդում են չինական հիերոգլիֆները։ Այս առումով բացառություն է կազմում միայն Վիետնամը, որի հարաբերությունները Չինաստանի հետ, 70-ականների պատերազմից հետո, դեռևս չեն վերականգնվել։ Բնորոշ է, որ Ռուսաստանի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2004թ. կազմել է ընդամենը $15 մլրդ, մինչդեռ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ նրա ապրանքաշրջանառությունը գերազանցում է $100 մլրդ-ն։
Առանձնապես կարևոր է այն հանգամանքը, որ Չինաստանում արագ զարգանում են առաջավոր տեխնոլոգիաները և գիտատար արտադրությունները։ Այդ երկրի ծախսերը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում արդեն իսկ կազմում են ՀՆԱ 5%-ը և այդ չափանիշը մոտենում է ճապոնական (7%) և հարավկորեական (8%) չափանիշներին։
Այսօր Չինաստանի տնտեսական առաջընթացի ամենահիմնական խնդիրը էներգետիկ գործոններն են։ Արտադրելով օրական 3,6 մլն բարել սեփական նավթ` Չինաստանը սպառում է ավելի քան 6,5 մլն բարել (համեմատության համար` ԱՄՆ նույն ցուցանիշները կազմում են 8,7 և 20,5 մլն բարել)։ Այս համատեքստում խիստ կարևորվում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն, ի դեպ, չի շտապում կառուցել դեպի Չինաստան տանող նավթուղին։ Առավել հաջող են զարգանում հարաբերությունները Ղազախստանի հետ, որը վերջերս չինացիներին վաճառեց իր էներգետիկ ընկերություններից մեկը։ Առ այսօր ամենաշոշափելի նավթագազային հարաբերությունները հաստատվել են Իրանի հետ։ 2004-ին կնքվեց մի պայմանագիր, համաձայն որի` ՉԺՀ-ն պարտավորվել է 30 տարվա ընթացքում գնել Իրանից 250 մլն տ հեղուկ գազ։ Իրանի տարածքում գտնվող Յադրվանի նավթային հորերի շահագործումը չինացիների կողմից թույլ կտա նրանց օրական 150 հազար բարել նավթ ներկրել Իրանից։ Այդ գործարքների ընդհանուր գումարը կազմում է մոտ $70 մլրդ, և այսօր Չինաստանը ապրանքաշրջանառության ցուցանիշով դարձել է Իրանի կարևորագույն տնտեսական գործընկերը։ Իրենց հերթին, չինացիները Իրանին մատակարարում են հրթիռային և միջուկային ռազմական տեխնոլոգիաներ։
Համաձայն ամերիկյան վերլուծաբանների գնահատականների` Չինաստանը տիրապետում է 200-ից մինչև 600 միջուկային մարտագլխիկներ ունեցող բալիստիկ հրթիռների։ Այդ տերությունն ամեն տարի ավելացնում է ռազմական ոլորտի ծախսերը 12-15%, և նրա ռազմական բյուջեն արդեն իսկ կազմում է $70 մլրդ։ Բնորոշ է, որ եթե նախկինում չինացիները գնում էին ռուսական զենքի փոքր-ինչ հնացած տեսակները, ապա այսօր նրանք պահանջում են ամենաարդիական համակարգեր։ Հատկապես մեծ է Չինաստանի հետաքրքրությունը ռուսական օդային ստրատեգիական ռմբակոծիչների և սուզանավերի նկատմամբ։ Ներկայումս չինացիները վարում են ակտիվ քաղաքականություն, որպեսզի վերացվեն Ռուսաստանի և ԵՄ արգելքները` ՉԺՀ-ին արդիական զենք վաճառելու վերաբերյալ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]