• am
  • ru
  • en
Версия для печати
27.10.2005

Ռուսաստան. hիմնախնդիրներ և հեռանկարներ

English

   

Գագիկ Տեր-Հարությունյան

ՀՀ քաղաքական ընտրանու մի զգալի մասը ներկայումս խոր թերահավատությամբ է լցված Ռուսաստանի նկատմամբ։ Վրաստանից ռազմակայանների դուրսբերման խնդրում Ռուսաստանի անվճռական դիրքորոշումը, Ադրբեջանի հետ վարվող երկիմաստ քաղաքականությունը, ինչպես նաև Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու փորձը էլ ավելի նվազեցրին այդ երկրի վարկանիշը մեր հանրությունում։ Մինչդեռ Ռուսաստանը, մի շարք առարկայական ցուցանիշների համաձայն` վերելք է ապրում, ինչը նշանակում է, որ այդ տերությանն այսօր տրվող գնահատականներում պետք է հաշվի առնել այն դերը, որ ստանձնելու է նա մոտ ապագայում։

* * *

Այսօր ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ վարում է նույն տիպի սառը պատերազմ, ինչպիսին ԽՍՀՄ օրոք էր։ Սակայն, ի տարբերություն նախկինի, ներկայումս Ռուսաստանը դեռ չի վերականգնել երբեմնի հզորությունը, իսկ Արևմուտքը վերջին երկու տասնամյակում համաչափ զարգացել է։ Այսինքն՝ այսօր շարունակական ճնշումները Ռուսաստանի վրա էապես ավելի արդյունավետ են, քան նախկինում։ Ի լրումն, ԱՄՆ-ը իր ռազմավարությունը լրացրել է նոր տարրերով. դրանցից նշենք այն թեզը, թե ռուսներն ի վիճակի չեն միայնակ պաշտպանել իրենց միջուկային օբյեկտները «միջազգային ահաբեկիչներից», և այդ պատճառով անհրաժեշտ է ամերիկյան վերահսկողություն սահմանել ռուսական միջուկային զինանոցների վրա։ Հիշենք, որ համաձայն մի վարկածի՝ Մ.Խոդորկովսկին, իշխանության գալուց հետո, պետք է ԱՄՆ-ին վաճառեր Ռուսաստանի միջուկային վառելիքի բոլոր պաշարները։ Միաժամանակ, հայտնի են նաև որոշ սցենարներ, համաձայն որոնց՝ ամերիկյան զինուժը Ռուսաստանի միջուկային զինանոցները «ահաբեկիչներից պաշտպանելու» պատրվակով դեսանտ պետք է իջեցնի այդ երկրի տարածք։

Սակայն միջուկային զենքը մնում է Ռուսաստանի ինքնիշխանության հիմնական գրավականը։ «Միջուկային» շեշտադրումը ստիպում է այդ տերությանը անվտանգությանն ուղղված գումարների մի զգալի մասը ծախսել` միջուկային-ռազմավարական ենթակառուցվածքները պահպանելու համար։ Ամերիկյան մեթոդներն այս մասով կրկնում են սառը պատերազմի տարիների ռազմավարությունը` ուղղված ԽՍՀՄ տնտեսական թուլացմանը։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նպաստում են, որպեսզի Ռուսաստանը ծանր պայքար վարի ահաբեկչության դեմ Հյուսիսային Կովկասում։ Դա նույնպես մասամբ կրկնում է այն իրավիճակը, որը ստեղծվել էր Երկրորդ աշխարհամարտից հետո Արևմտյան Ուկրաինայում և Մերձբալթիկայում (պայքարը բանդերականների ու «անտառային եղբայրների» դեմ), այն տարբերությամբ, որ Ռուսաստանի սահմանները, ի տարբերություն նախկինի, բաց են։ Այս վերջին խնդրի լրջության մասին է վկայում Ռուսաստանի հարավային (Մոնղոլիայից մինչև Սև ծով) սահմանային համակարգի ձևավորման համար $2.3 մլրդ հատկացնելու մասին Պուտինի որոշումը, որը զուգորդվում է լրացուցիչ զինվորական միավորումների տեղակայումով Հյուսիսային Կովկասում:

Վերոհիշյալ իրողությունները ստիպում են Ռուսաստանին իր քաղաքական, ռազմական և տնտեսական ռեսուրսների զգալի մասը ուղղել նոր սառը պատերազմում դիմակայելուն։ Միևնույն ժամանակ, սեփական ռեսուրսների սահմանափակությունը ստիպում է նրան ռազմավարական գործընկերներ փնտրել։ Տեղի է ունեցել եվրակենտրոն տերությունների` Ֆրանսիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների սերտացում, սակայն ակնհայտ է, որ այդ երկրները չեն կարող Ռուսաստանի համար լիարժեք դաշնակից լինել. լավագույն դեպքում ապագայի հակամարտություններում ԵՄ-ը կարող է բուֆերային դերակատարում ունենալ։ Այս պարագայում ավելի հեռանկարային է թվում Չինաստանի հետ համագործակցությունը` հզորացող Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։ Սա համեմատաբար նոր տարր է Ռուսաստանի քաղաքականությունում, եթե հաշվի չառնենք Ստալին-Մաո կարճատև դաշինքը։ Սակայն այն տարիներին ԽՍՀՄ առաջնությունը ակնհայտ էր, իսկ ներկայումս դերերը փոխվել են։ Միևնույն ժամանակ, թվում է, թե Ռուսաստանի համար այլ աշխարհաքաղաքական այլընտրանքներ գոյություն չունեն։ Դրա մասին են վկայում այս ամռանը կայացած ռուս-չինական «Խաղաղ առաքելություն - 2005» զինավարժությունները, որոնց ընթացքում մշակվեցին ոչ թե Թայվանի (ինչպես դա շրջանառության մեջ էր դրված ԶԼՄ-ում), այլ Հյուսիսային Կորեայի հետ կապված հնարավոր զարգացումները։ Ռուս-չինական գործողությունները, թերևս, ուղերձ էին ԱՄՆ-ին առ այն, որ ուժային քայլերը Հյուս. Կորեայի ուղղությամբ հակազդեցություն են ստանալու։

Սակայն ռուս-չինական զինավարժություններն ընդամենը մի մասն էին այն ռազմավարական միջոցառումների, որոնք ձեռնարկել էր Ռուսաստանը։ Առաջին փուլում Հյուսիսային նավատորմն իր գրեթե ողջ կազմով դուրս եկավ բաց ծով և համապատասխան խուսանավումներից հետո ատոմային սուզանավից բալիստիկ հրթիռ արձակեց։ Դրան զուգահեռ՝ ռազմավարական Տու-160 ռմբակոծիչները օդ բարձրացան Սարատովի մարզից և թևավոր հրթիռներով հարված հասցրին Վորկուտայում գտնվող թիրախներին։ Պետք է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել նաև նույն ժամանակահատվածում իրականացված «Կասպից-Հակաահաբեկչություն-2005» լայնածավալ զինավարժություններին, որոնք հնարավորինս մոտեցված էին հավանական պատերազմական իրավիճակներին։

Նշենք, որ նման լայնածավալ զինավարժությունների համախումբ չէր իրականացվել անգամ ԽՍՀՄ օրոք։ Դրանով Ռուսաստանը ցույց տվեց միջազգային հանրությանը, որ ունակ է «պատերազմել» միանգամից մի քանի թատերաբեմերում (համարվում էր, որ այդպիսի գործողություններ կարող է իրագործել միայն ԱՄՆ-ը)։ Բացի դրանից, հաջող անցկացված զինավարժություններն անհրաժեշտ են Ռուսաստանին` թոթափելու կայսրության փլուզումից հետո գոյացած պարտության բարդույթը։

* * *

Ռուսաստանի ներկայիս դժվարությունների մի զգալի մասը պայմանավորված է այդ երկրի տնտեսական իրավիճակով։ Բնական մեծ ռեսուրսներով օժտված այդ տերությունը միայն վերջերս կարողացավ մտնել ամեախոշոր տնտեսություններ ունեցող երկրների տասնյակի մեջ՝ այն էլ գրավելով վերջին տեղն այդ ցուցակում։ Սակայն այդ փաստը նաև վկայում է, որ Ռուսաստանի տնտեսությունը վերելք է ապրում։ Ռուսաստանի կառավարության ներկայացրած 2006թ. նախնական բյուջեն կազմել է $176 մլրդ, ինչը 60%-ով ավելի է, քան 2005թ. $110,9 միլիարդանոց բյուջեն (հիշենք, որ 1999-ին բյուջեն կազմում էր մոտ $25 մլրդ)։ Համաձայն հաշվարկների, եթե առաջիկա 8 տարում նավթի 1 բարելի գինը չիջնի $50-ից, ապա 2013թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կհավասարվի $2.8 տրիլիոնի, իսկ միջին աշխատավարձը` $1400-ի։ Ոսկե-տարադրամային պահուստները նույնպես աճել են և համեմատական են բյուջեի չափին։ Լրացուցիչ կուտակվել են բազմամիլիարդ գումարներ, այսպես կոչված, «ստաբիլիզացիոն ֆոնդում», որը ձևավորվում է նավթի գների աճի արդյունքում լրացուցիչ գանձվող գումարներից։ Հատկանշական է, որ Պուտինը, փաստորեն, ձևավորել է իր ղեկավարությամբ գործող մի «զուգահեռ կառավարություն», որի խնդիրն է ազգային նշանակություն ունեցող նախագծեր իրագործել «ստաբիլիզացիոն ֆոնդի» միջոցով։

Տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում էներգակիրների գների կտրուկ (վերջին երեք տարում` ավելի քան 2 անգամ) բարձրացմամբ։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Ռուսաստանի էներգետիկ սեկտորի, այսինքն և՝ ողջ տնտեսության մի զգալի մասը գտնվում է օլիգարխական կապիտալի ձեռքում։ Ինչպես ցույց տվեցին Բերեզովսկու և Խոդորկովսկու հետ կապված զարգացումները, նման իրավիճակը երբեմն դուրս է գալիս տնտեսական ոլորտից ու կարող է անմիջականորեն առնչվել ազգային անվտանգության և աշխարհաքաղաքականության հետ կապված խնդիրներին։

Ելնելով վերոհիշյալ իրողությունից՝ Պուտինի վարչակազմը փորձում է համակարգել օլիգարխների հետ իր հարաբերությունները։ Այսօր դրանցից ամենահավակնոտները կամ վտարված են (Բերեզովսկի, Գուսինսկի), կամ էլ դատապարտված (Խոդորկովսկի)։ Մյուս խոշոր օլիգարխը` Չուկոտկայի նահանգապետ Աբրամովիչը, ամեն կերպ ցուցաբերում է իր չեզոքությունը Պուտինի վարչակազմի նկատմամբ։ Միաժամանակ, նա իր կապիտալը տեղափոխում է Արևմուտք և ներդնում այն եվրոպական անշարժ գույքի ու սպորտի բիզնեսում։ Աբրամովիչին պատկանող «Սիբնեֆտի» բաժնետոմսերի 72%-ը պատրաստվում է գնել «Գազպրոմը»՝ վճարելով դրա համար ավելի քան $13մլրդ (1996թ. Բերեզովսկին և Աբրամովիչը գնել էին «Սիբնեֆտը» 130 անգամ էժան՝ վճարելով ընդամենը $100 մլն)։ Բնորոշ է, որ ինչպես Խոդորկովսկուն պատկանող ընկերությունների («Յուկոս» և այլն) գնման պարագայում, այնպես էլ «Սիբնեֆտի» դեպքում, անհրաժեշտ գումարները Ռուսաստանը ստանում է գերմանական առաջատար բանկերից (ինչի դեմ յուրովի բողոքում են արևմտյան այլ ֆինանսական կառույցները՝ պարբերաբար մեղադրելով գերմանական բանկերին ռուսական փողերի «լվացման» մեջ)։

Կրեմլին իրենց հավատարմությունը հայտնած օլիգարխներին Պուտինը փորձում է օգտագործել հօգուտ պետության։ Օրինակ, Կրեմլը սերտորեն գործակցում է նավթային օլիգարխ Վեկսելբերգի հետ, որի ներկայացմամբ վերջերս Արդյունաբերական պալատի ղեկավար ընտրվեց Շոխինը (Վոլսկու փոխարեն): Ալյումինային բիզնեսի գլխավոր մագնատը` Դերիպասկան, այսօր կատարում է Պուտինի աշխարհատնտեսական հանձնարարականները ԱՊՀ երկրներում, մասնավորապես` Տաջիկստանում (որտեղ կառուցվում է խոշոր էլեկտրակայան)։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ Պուտինը փորձում է օլիգարխների նկատմամբ վարել ցարական արքունիքին բնորոշ քաղաքականություն, այսինքն՝ աշխատել նրանց հետ փոխշահավետ հիմունքներով։ Հարկ է նաև նշել, որ օլիգարխների` Պուտինի հետ աշխատելու պատրաստակամությունը վկայում է նաև այն մասին, որ այսօր Ռուսաստանը վերականգնվում է որպես ուժի կենտրոն. հայտնի է, որ միջազգային կապիտալի ներկայացուցիչները նման իրողություններն ըմբռնում են ավելի քան արագ։

Բոլոր պարագաներում պետք է փաստել, որ Կրեմլի քաղաքականության շնորհիվ էապես աճել է պետության բաժինը տնտեսության նավթագազային սեկտորում։ Եթե նախկինում պետությունը վերահսկում էր այդ ոլորտի մինչև 10-14%-ը, ապա «Սիբնեֆտ»-«Գազպրոմ» գործարքի իրականանալուց հետո այդ ցուցանիշը կգերազանցի 50%-ը: Բնորոշ է նաև, որ էներգետիկ ընկերությունների խորհուրդներում տեղ են գրավել Պուտինի աշխատակազմի անդամները, այսինքն՝ էներգետիկ բիզնեսը գտնվում է Կրեմլի անմիջական վերահսկողության տակ։

Միևնույն ժամանակ, անհնարին է միայն էներգետիկ ոլորտում ունեցած հաջողություններով լուծել տնտեսության խնդիրները։ Այսօր Ռուսաստանում ընթանում են առողջապահության, գիտության և կրթության համակարգի բարեփոխումներ։ Համաձայն կառավարության ընդունած որոշումների, բժիշկների աշխատավարձն արդեն 2006-ին լինելու է առնվազն $350, լուրջ գումարներ են հատկացվելու ոլորտի տեխնիկական վերազինմանը։ Կրթության բնագավառում բարեփոխումների հիմնական նպատակը համառուսաստանյան ծրագրերի և 11-ամյա դպրոցական ուսուցման համակարգի ներդրումն է։ Գիտության բնագավառում ենթադրվում է, որ առաջիկա 2 տարում հիմնարար գիտության ֆինանսավորումն աճելու է 2 անգամ և կազմելու է մոտ $4 մլրդ, իսկ գիտական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձը միջին հաշվով բարձրանալու է մինչև $1000։ Նկատենք, որ գիտական հանրությունն առայժմ միանշանակ չի գնահատում պուտինյան այդ բարեփոխումները։ Սակայն բոլոր դեպքերում, համաձայն պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկությունների, գիտությունը Ռուսաստանում սկսել է ոտքի կանգնել։

* * *

Ամփոփելով կարելի է փաստել, որ տնտեսական և ռազմական ոլորտում ունեցած վերելքի շնորհիվ Ռուսաստանը թևակոխել է զարգացման նոր փուլ, երբ այդ տերությունը փորձում է «արտաքին աշխարհի» նկատմամբ ավելի վստահ և համարժեք պահվածք ցուցաբերել։ Հարկ է նաև նշել ռուսաստանյան քաղաքականության հաջողությունները Ուկրաինայի, Կիրգիզիայի և հատկապես Ուզբեկստանի հետ հարաբերություններում, այսինքն՝ այն երկրների, որոնք համարվում էին «կորած» Ռուսաստանի համար։ Դա վկայում է, որ որոշակի առաջընթաց է ապրում նաև այդ տերության քաղաքական մշակույթը։ Այդ համատեքստում բացառված չէ, որ նոր որակ տրվի ՀՀ-ի հետ ունեցած հարաբերություններին։

Քաղաքական տեսակետից` Ռուսաստանի հաջողությունները նաև պայմանավորված են այն հայտնի դժվարություններով, որ վերջին ժամանակահատվածում ունեն ԱՄՆ-ը և ԵՄ-ը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ներկայիս իրավիճակը զգալի չափով պայմանավորված է Պուտինի անձով, որի վարկանիշը հասել է ռեկորդային 49%-ի սահմանին. այսինքն՝ այդ տերության ապագան դեռևս հստակ չէ։ Այդ առումով կարևորագույն դերակատարում կունենան 2008թ. նախագահական ընտրությունները։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր