Աբխազական երկաթգծի վերաբացման հարցի շուրջ

Աբխազական երկաթգծի վերաբացման հարցը վերջին ամիսներին դարձել է հարավկովկասյան տարածաշրջանային հրատապ հիմնախնդիրներից մեկը։ Երկաթգծի վերագործարկումը ռազմավարական տեսանկյունից առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսական և տարածաշրջանային անվտանգության առումով։ Հոկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի հետ հանդիպման ընթացքում երկու կողմերը շեշտը դրեցին հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար աբխազական երկաթգծի վերագործարկման կարևորության վրա։ Երկաթուղային հաղորդակցության վերաբացման կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ հոկտեմբերի կեսերին հարցին հատուկ անդրադարձավ ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։
Վերջերս աբխազական երկաթուղային հաղորդակցության վերագործարկման հարցում նոր փոփոխություններ են նկատվում, մասնավորապես, վրացական կողմի մոտեցումներում։ Եթե մինչև վերջերս Վրաստանի իշխանություններն աբխազական երկաթգծի վերագործարկման խնդիրն անմիջականորեն պայմանավորում էին Աբխազիայի Գալիի շրջան ազգությամբ վրացի փախստականների վերադարձով, ապա ներկայումս վրացական կողմը, հավանություն տալով երկաթգծի Սոչի-Սուխում հատվածի վերագործարկմանը, ի լրումն ռուսական ու աբխազական կողմերի, պաշտոնապես պատրաստակամություն է հայտնել մասնակցել երկաթգծի Փսոու-Ինգուրի հատվածի վերաբացմանն անհրաժեշտ հետազոտական աշխատանքներին։
Սակայն թե՛ վրացական կողմի իրականում բացասական դիրքորոշումը, թե՛ հարցի կապակցությամբ, առաջին հերթին, Միացյալ Նահանգների պասիվությունը թերահավատություն են ներշնչում Աբխազիայի տարածքով երկաթգծի վերաբացման հարցի նկատմամբ՝ մի քանի հիմնական պատճառներով.
- երկաթգծի վերագործարկումը խոշոր հաշվով ձեռնտու չէ Հարավային Կովկասում ԱՄՆ շահերին այն առումով, որ հարցի դրական լուծումը կնպաստի տարածաշրջանում ռուսական ազդեցության ընդլայնմանը, ինչն էլ, իր հերթին, ներկայիս Թբիլիսիում դիտարկվում է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը,
- երկաթգծի վերաբացումը զգալի տնտեսական ու քաղաքական նշանակություն ունի աբխազական կողմի համար. այն կարող է համալրել Աբխազիայի ֆինանսական ու քաղաքական ռեսուրսները,
- այս ամենով հանդերձ, երկաթգծի վերագործարկմանը որոշակի վերապահումով են մոտենում նաև պաշտոնական Սուխումում. պատճառը Վրաստանի հետ կապերի ակտիվացումից հետո Աբխազիայում վրացական տարրի և ազդեցության հավանական ընդլայնման հանգամանքն է։
Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ աբխազական երկաթգծի վերագործարկումը կարող է աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական առումներով լուրջ ազդեցություն ունենալ ողջ Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա։
Վերոհիշյալի համատեքստում, սակայն, աբխազական երկաթգծի վերաբացման հարցի շուրջ վերջերս առկա ակտիվացումը կարող է պարունակել մի քանի հանգամանքներ։
Հատկանշական է, որ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման շուրջ պայմանավորվածությունից հետո վրացական կողմը, առանց նախապայմանների, դրական դիրքորոշում ընդունեց աբխազական երկաթգծի Սոչի-Սուխում հատվածի վերագործարկման հարցում։ Ավելին, ռուս խաղաղապահների գործունեության մասին Վրաստանի խորհրդարանի ընդունած որոշմանն անմիջապես հաջորդեց վրացական կողմի համարժեք արձագանքը՝ մասնակցել աբխազական երկաթգծի Փսոու-Ինգուրի հատվածի հետազոտման աշխատանքներին։ Չպետք է բացառել, որ ողջ Հարավային Կովկասի համատեքստում աշխարհաքաղաքական դերակատարների միջև կայացած որոշ «փոխհամաձայնության» ճանապարհով բարձրացվում է երկաթգծի վերաբացման հարցը։
Միևնույն ժամանակ, ի պատասխան վերջին տարիների ընթացքում ռուս-վրացական հարաբերություններում Մոսկվայի ունեցած լուրջ զիջումների (աջարական ճգնաժամ, ռազմակայանների դուրսբերում) և հաշվի առնելով Հարավային Կովկասում Ռուսաստանի հատուկ շահերը՝ վրացական կողմը կարող է աբխազական երկաթգծի հավանական վերագործարկման հարցում որոշակիորեն մեղմել իր դիրքորոշումը։
Երրորդ՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, որը ռազմավարական-տնտեսական կարևորագույն նշանակություն ունի նաև Աբխազիայի համար, վրացական կողմը ձգտում է շահարկել աբխազական հիմնախնդրի և, խոշոր հաշվով, վրաց-աբխազական հարաբերությունների համատեքստում։ Թերևս, այս տրամաբանության շարունակությունն էր հոկտեմբերի երկրորդ կեսին Վրաստանի երկաթգծերի վարչության ղեկավարի պաշտոնում ազգությամբ աբխազ Իրակլի Էզուխբաիայի նշանակման փաստը, որը մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի վարչապետի՝ տրանսպորտային ու էներգետիկ հարցերով խորհրդականի պաշտոնը,
Չորրորդ՝ մյուս կողմից, խնդիրն անհրաժեշտ է դիտարկել հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից։ Ինչպես արդեն նշվեց, երկաթգծի վերաբացումն առանցքային նշանակություն ունի նաև Հայաստանի համար, ուստի հարցի բարձրացումը վրացական կողմը դիտարկում է հայ-վրացական հարաբերություններում և, մասնավորապես, ջավախահայության հիմնախնդրում հայկական կողմի կառուցողական մոտեցումների դրսևորման ակնկալիքով։
Ի վերջո, չի բացառվում, որ երկաթգծի վերագործարկման հարցը ԱՄՆ կառավարությունը կարող է շահարկել ռուս-ամերիկյան և իրանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, Երևանից որոշ քայլեր ակնկալելու առումով։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]