• am
  • ru
  • en
Версия для печати
16.02.2006

Իսլամական կոնֆերանսը արդիականացման հոլովույթում

Руский

   

Արաքս Փաշայան

2006թ. դեկտեմբերի 8-9-ը Մեքքայում սաուդական Աբդալահ բին Աբդ ալ-Ազիզ թագավորի նախաձեռնությամբ տեղի ունեցավ իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) երրորդ արտահերթ գագաթաժողովը: Նշենք, որ գագաթաժողովը կազմակերպության բարձրագույն մարմինն է, որը, ԻԿԿ կանոնադրության համաձայն, գումարվում է երեք տարին մեկ անգամ, անդամ պետություններից որևէ մեկում, միջազգային հարաբերությունների համատեքստում քննարկելու իսլամական աշխարհին մտահոգող խնդիրները: Եթե իսլամական շրջանակներում առաջանում է որևէ հրատապ հարցի քննարկման անհրաժեշտություն, ապա հրավիրվում է արտահերթ գագաթաժողով:

Մեքքայի գագաթաժողովի խորագիրը՝ «21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ. համերաշխությունը՝ գործադրման մեջ», կանխորոշեց քննարկվող հարցերի սահմանները: Ճիշտ է, գագաթաժողովում առաջադրված էր հարցերի լայն շրջանակ, սակայն հիմնական ուշադրությունը սևեռվեց երկու կարևորագույն խնդիրների՝ պաղեստինյան հարցի և 21-րդ դարում իսլամական աշխարհին սպառնացող մարտահրավերների վրա:

Այսօր, ավելի քան երբևէ, իսլամական հանրությանը մտահոգում է 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում իսլամի և իսլամական քաղաքակրթության նկատմամբ խորացող անհանդուրժողականությունը: Ստեղծված պայմաններում իսլամական աշխարհը հայտ է ներկայացնում՝ պայքարելու իսլամաֆոբիայի դեմ, որը, ինչպես նշված է փաստաթղթում, ռասիզմի և խտրականության արտահայտություն է:

Մեքքայի գագաթաժողովում իսլամական աշխարհի առաջնորդները հայտարարեցին, թե իսլամը չափավոր կրոն է, որը մերժում է ծայրահեղականությունն ու մոլեռանդությունը: Մեքքայի հանդիպումը լուրջ փորձ արեց՝ վերջ դնելու հատկապես Արևմուտքից եկող այն դիրքորոշմանը, որը, ինչպես նշում են մահմեդական աշխարհի գործիչները, հիմնված է իսլամի նկատմամբ կեղծ պատկերացումների և մեկնաբանությունների վրա: Հակաիսլամական քարոզչության մեջ բացասական դեր են խաղացել միջազգային զանգվածային լրատվամիջոցները, ուստի իսլամի մասին ճշմարիտ պատկերը վերականգնելու համար առաջարկվեց հիմնել միջազգային իսլամական լրատվացանց:

Հանդիպմանն ընդունված փաստաթղթում մասնավորապես նշված է. «...Իսլամական քաղաքակրթությունը մարդկային քաղաքակրթության մի ամբողջական հատված է, որ հիմնված է երկխոսության, չափավորության, արդարության... և հանդուրժողականության իդեալների վրա, որոնք մարդկային վեհ արժեքներ են»:

Ըստ այդմ՝ դատապարտելի են իսլամն ահաբեկչության հետ նույնացնելու փորձերը, ինչպես նաև այն մահմեդականների արարքները, ովքեր ձգտում են ահաբեկչական գործողությունները հիմնավորել իսլամի անունով, սադրում կամ էլ ֆինանսավորում են ահաբեկչությունը: Այս համատեքստում գագաթաժողովը իսլամական աշխարհին կոչ է անում պայքարել կեղծ կրոնականության և աղանդավորական ծայրահեղականության դեմ, չենթարկվել այն գործիչների ֆեթվաներին, ովքեր լիազորված չեն դրանք հրապարակելու:

Նշվում է, թե ահաբեկչությունը սխալ է վերագրել որևէ կոնկրետ կրոնի, ռասայի կամ երկրի և որևէ կերպ արդարացնել այն: Իսլամական կոնֆերանսը, ինչպես միշտ, անհրաժեշտ է համարում տարբերակում մտցնել ահաբեկչության և ազատագրական պայքարի միջև, վեր հանել ահաբեկչությանը նպաստող պատճառները:

Իսլամական առաջնորդների համոզմամբ՝ աշխարհում խաղաղության կարելի է հասնել փոխադարձ հարգանքի, փոխհամաձայնության և ժողովուրդների հավասարության վրա հիմնված քաղաքակրթական երկխոսությունների միջոցով:

Իսլամական աշխարհի ամենահեղինակավոր ֆորումը կոչ է անում մահմեդականներին՝ չանջրպետվել աշխարհի մնացյալ հատվածից, այլ ներդաշնակ քայլել աշխարհի գիտատեխնիկական նվաճումների հետ, գործել չափավորության և հանդուրժողականության սահմաններում:

Մեքքայի գագաթաժողովը վերստին արձանագրեց այն իրողությունը, որ իսլամական ումման հայտնվել է աղքատության, տնտեսական հետամնացության, հիվանդությունների, տգիտության, տարանջատման, օտար ազդեցությունների, մոլորեցնող արժեքների և խառնաշփոթ իրողությունների ծիրում, ինչը կարելի է հաղթահարել միայն իսլամի հիմնարար արժեքները վերականգնելով ու դավանելով:

Մահմեդական երկրների ղեկավարների հանդիպմանն ընդունված փաստաթղթում նշված է, թե իսլամական պետությունները պետք է հետամուտ լինեն ժամանակակից կառավարմանը, քաղաքացիական ինստիտուտների ձևավորմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, պայքարեն կոռուպցիայի և հասարակության մեջ արատավոր երևույթների դեմ:

Առաջարկվեց ստեղծել մարդու իրավունքների մշտական գործող իսլամական ինստիտուտ, որը պետք է ուսումնասիրի ԻԿԿ անդամ պետություններում մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցերը:

Վերջին շրջանում Իսլամական կոնֆերանսը կարևորում է կազմակերպության ներսում բարենորոգումների անհրաժեշտությունը, ինչը պետք է վերանայի նրա նպատակները, կառուցվածքն ու գործունեությունը: Ըստ այդմ՝ արդիականացված կազմակերպությունը պետք է համապատասխանի 21-րդ դարի պահանջներին: Նախատեսվում է ԻԿԿ քարտուղարության շրջանակներում հիմնել «ուղեղային կենտրոն»:

Չնայած Իսլամական կոնֆերանսը հաճախ է քննադատության ենթարկվում սեփական որոշումները գործադրելու անկարողության և անսկզբունքայնության պատճառով, սակայն փաստ է, որ կազմակերպությունը հայտ է ներկայացնում՝ մշակելու 21-րդ դարում իսլամի գլոբալ ռազմավարությունը, ինչպես նաև՝ միասնական իսլամական քաղաքականության և մարտավարության սկզբունքները:

Փաստորեն, առաջիկայում նույնպես միջիսլամական հարաբերությունների առանցքը կշարունակի մնալ էթնիկ, ռասայական և աշխարհագրական պատկանելությունը ժխտող հանրության՝ իսլամական ազգի գաղափարը, իսկ իսլամը կշարունակի հանդես գալ որպես իսլամական աշխարհի զարգացման ուղղություն, մահմեդական երկրների և ժողովուրդների միջև համագործակցության և առաջընթացի կարևոր նախապայման:

Ուշագրավ է, որ Մեքքայի գագաթաժողովն ընդունեց «Միացյալ իսլամական գործողության» տասը տարվա ծրագիր, ինչը նախատեսում է մեծացնել իսլամական պետությունների միջև առևտրի ծավալները: Ծրագիրը նախատեսում է պայքարել կրոնական ծայրահեղականության դեմ, ինչը մահմեդական գործիչներից շատերի համոզմամբ՝ հանգեցրեց ճգնաժամի: ԻԿԿ գլխավոր քարտուղար Իհսանօղլուի համոզմամբ՝ չափավորությունը կօգնի պայքարել ծայրահեղականության դեմ, իսկ արդիականությունը՝ հետամնացության:

Ակնհայտ է, որ ԻԿԿ մոտեցումներում և հարցադրումներում նոր շեշտադրումներ կան: Այսօր, իսլամական աշխարհի նկատմամբ առկա լարվածության պայմաններում՝ ԻԿԿ-ն ձգտում է ապացուցել, որ իսլամական աշխարհն անջրպետված չէ մնացյալ աշխարհից, իսկ մահմեդականներին առնչվող ամենասուր հակամարտություններն անգամ կոչ է անում լուծել խաղաղ ճանապարհով:

Իսլամական կոնֆերանս կազմակերպության վերջին շրջանի գործունեությունը գալիս է հիմնավորելու արևմտյան քաղաքագիտության կողմից համեմատաբար վերջերս շրջանառության մեջ դրված «հետիսլամիզմի» տեսությունը, համաձայն որի 21-րդ դար իսլամական աշխարհը մուտք կգործի՝ զարկ տալով արդիականացմանը, իսլամական ժողովրդավարությանն ու ազատականացմանը. հասարակական գիտակցության մեջ որոշակիորեն կհաղթահարվեն առկա անհանդուրժողականությունն ու կրոնական մոլեռանդությունը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր