Ընտրությունները Պաղեստինում և «Համաս»-ի հաղթանակը


2006թ. հունվարի 25-ին Պաղեստինի ազգային ինքնավարությունում (ՊԱԻ)՝ Հորդանան գետի արևմտյան ափին և Ղազայի շրջանում, վերջին 12 տարիների ընթացքում անցկացված երկրորդ խորհրդարանական ընտրությունները միջազգային շրջանակներում մեծ հետաքրքրություն առաջացրին: Պաղեստինում իշխանության եկավ մի խմբավորում, որը 1987-ից ի վեր ներգրավված է պաղեստինյան դիմադրության շարժման մեջ, պատասխանատու է բազմաթիվ մարտական գործողությունների համար, իր գերխնդիրը համարում է Իսրայել պետության ոչնչացումը և ազատագրված Պաղեստինի տարածքում իսլամական պետության ստեղծումը:
Օրենսդիր մարմնի 132 տեղերի համար պայքարում էին 728 թեկնածուներ: Ընտրություններին մասնակցեց քվեարկության իրավունք ունեցողների 77 տոկոսը: Արևելյան Երուսաղեմում իսրայելական իշխանությունների կողմից ընտրելու իրավունք ստացան հիսուն հազար արաբներ: Ձայների ճնշող մեծամասնություն ստացավ «Համաս» իսլամական արմատական շարժումը՝ 74 տեղ, իսկ իշխող «Ֆաթհը» ստացավ 45 տեղ: Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրին «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ» և «Այլընտրանք» դաշինքները: «Իսլամական ջիհադը» բոյկոտել էր ընտրությունները:
Օրենսդիր մարմնի շուրջ երեսուն նորընտիր պատգամավորներ` որպես ահաբեկիչներ, ներկայումս փնտրվում են իսրայելական հատուկ ծառայությունների կողմից: Կան պատգամավորներ, ովքեր իսրայելական բանտերում են գտնվում: Նրանցից է Մրվան Բարղուտին՝ «Թանզիմ» խմբավորման առաջնորդը, որը գլխավորում էր «Ֆաթհի» ցուցակը:
Արդեն հունվարի 26-ին, նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը, վարչապետ Ահմադ Քուրեյին և նրա կաբինետը հրաժարական տվեցին: Չնայած սկզբնական շրջանում տարածված լուրերին, թե Մահմուդ Աբասը հեռանալու է ՊԱԻ նախագահի պաշտոնից, նա շարունակելու է իր լիազորությունները: «Համասի» ղեկավարներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են պաղեստինյան քաղաքական այլ ուժերի, մասնավորապես` «Ֆաթհի» հետ բանակցություններ սկսել ապագա քաղաքական դաշինքի վերաբերյալ:
«Ֆաթհի» պարտությունը պատահական չէր, որը Յասիր Արաֆաթի մահվանից հետո խարիզմատիկ առաջնորդ չունեցավ, իսկ հակասությունը կուսակցության հին և նոր սերունդների միջև աստիճանաբար խորացավ: Պաղեստինցի վերլուծաբանների կարծիքով՝ շատերը քվեարկել են ոչ թե հօգուտ «Համասի» գաղափարախոսության, այլ ցանկացել են պատժել «Ֆաթհին»՝ կոռումպացվածության, Պաղեստինում սոցիալական արդարության բացակայության և պաղեստինցի ժողովրդի արդար իրավունքները պաշտպանել չկարողանալու համար: «Ֆաթհի» կողմնակիցները պարտության համար մեղադրեցին կուսակցության ղեկավարությանը՝ կազմակերպելով բողոքի բազմաթիվ ցույցեր:
Այս համատեքստում «Համասը» զգալի ժողովրդականություն է վայելում Պաղեստինում՝ նաև որպես իսլամական սոցիալական շարժում: Նա հիմնել է մի շարք բարեգործական հիմնադրամներ, հիվանդանոցներ, մզկիթներ և ուսումնական կենտրոններ, հետամուտ եղել հասարակության մեջ սոցիալական արդարության հաստատմանը` ըստ շարիաթի:
Չնայած օրենսդիր մարմնի ընտրություններն անցան ազատ և արդար, «Համասի» հաղթանակը լուրջ մտահոգություն առաջացրեց Իսրայելում, ԱՄՆ-ում և մի շարք արևմտյան երկրներում: Նրանց կողմից ահաբեկչական կազմակերպություն դիտարկվող «Համասի» հաղթանակը նշանակում է, թե կարող է հարցականի տակ դրվել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
«Համասի» հաղթանակը մտահոգիչ է նաև արաբական մի շարք երկրների համար, որոնք զգուշանում են տեղական իսլամական արմատական ուժերի ակտիվացումից:
Ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Էհուդ Օլմերտը կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, թե «Համասը» բանակցությունների գործընկեր չէ և որ իրենք այսուհետ գործ են ունենալու ահաբեկիչների հետ: Օլմերտին մեղադրում են այն բանի համար, որ թույլ է տվել ահաբեկչական կազմակերպությանը գրանցվել, իսկ Արևելյան Երուսաղեմի արաբներին՝ մասնակցել քվեարկությանը: Պաշտոնական Թել Ավիվի կարծիքով՝ «Համասի» հետ հնարավոր է բանակցել միայն այն դեպքում, եթե նա հրաժարվի ահաբեկչությունից, ճանաչի Իսրայել պետության գոյության իրավունքը, ընդունի նախկինում կողմերի միջև կնքված պայմանագրերը: Իսրայելում որոշ ծայրահեղական շրջանակների կողմից քննադատության թիրախ են դարձել «Կադիմա» կուսակցությունը և նրա առաջնորդ Արիել Շարոնը, որը 2005թ. օգոստոսին դուրս բերեց զորքերը Ղազայի շրջանից և Հյուսիսային Սամարիայից, ինչը, իբրև թե, ահաբեկիչների մեջ ամրագրեց այն գաղափարը, որ ուժի կիրառմամբ կարելի է հաջողության հասնել:
«Համասի» հաղթանակից հետո շարժման քաղբյուրոյի նախագահ Խալիդ Մաշաալի և շարժման այլ ղեկավարների հայտարարությունները հետևում են մեկը մյուսին: «Համասը» ձգտում է միջազգային հանրությանը ներկայանալ ընդունելի կեցվածքով: Նա իր նվիրվածությունն է հայտնել ժողովրդավարության սկզբունքներին` ազատությանը, արդարությանը և հավասարությանը: Շարժումը, սակայն, չի փոխի իր քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ: Դիմադրությունն օրինական է այնքան ժամանակ, քանի կա իսրայելական օկուպացիան: Խ.Մաշաալի կարծիքով՝ իրենք չեն հրաժարվում բանակցել ԱՄՆ-ի և եվրոպացիների հետ, սակայն չեն հանդուրժի, եթե նրանք փորձեն պարտադրել իրենց տեսակետները: «Ազ ադ-Դին ալ-Կասսամը»՝ շարժման ռազմական թևը, չի արձակվելու, այլ ընդլայնվելու է` վերաճելով պաղեստինյան դիմադրության բանակի, որի հիմնական գործառույթը լինելու է պաղեստինցի ժողովրդի պաշտպանությունն ու Իսրայելի օկուպացիայի դեմ պայքարը: «Եվրոպացիներն ու ամերիկացիները մեզ ասում են՝ զենքը կամ խորհրդարանը. մենք պատասխանում ենք՝ ե՛ւ զենքը, ե՛ւ խորհրդարանը»,- ասում են «Համասի» ղեկավարները:
Հունվարի 30-ին Լոնդոնում մերձավորարևելյան «քառյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ) նորընտիր պաղեստինյան խորհրդարանին կոչ արեց օրենքի գերակայության, հանդուրժողականության, բարենորոգումների և ֆինանսների հուսալի կառավարման քաղաքական կուրս վերցնել: «Քառյակի» կարծիքով` պաղեստինյան ապագա կառավարության բոլոր անդամները պետք է ձեռնպահ մնան բռնության սկզբունքից, ճանաչեն Իսրայելը, ինչպես նաև նախկինում կողմերի միջև կնքված համաձայնագրերը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի բանակցել «Համասի» հետ: Հակառակ դեպքում, Եվրամիության երկրները և ԱՄՆ-ը սպառնում են, որ կդադարեցնեն ինքնավարության ֆինանսավորումը, ինչից նա ամբողջովին կախված է (Պաղեստինի ինքնավարության բյուջեն կազմում է 1.6 միլիարդ. դրանից 1 միլիարդը ստացվում է դոնոր երկրներից, առաջին հերթին՝ ԵՄ-ից և ԱՄՆ-ից): Ի պատասխան` «Համասի» ղեկավարները նշել են, որ արտերկրից եկող գումարները ուղղորդվելու են բյուջետային աշխատավարձերի վճարմանը և ենթակառուցվածքների գործունեությանը: (Նշենք, որ ինքնավարությունն ունի 135-137 հազար բյուջետային աշխատողներ): «Համասը» հայտարարել է, որ իրականացնելու է բարենորոգումներ վարչական-տնտեսական, իրավադատական ոլորտներում, ուժային կառույցներում, պայքարելու է կոռուպցիայի, աղքատության և գործազրկության դեմ:
Ներկայումս սառեցված են Համաշխարհային բանկի, ինչպես նաև Իսրայելի փոխանցումները ՊԱԻ բանկային հաշվեհամարներին: Սակայն ֆինանսական սպառնալիքները և պաղեստինյան վարչակազմի հնարավոր անկումը դեռևս չեն ստիպել «Համասին»՝ փոխզիջումների գնալ: Նա դիմել է իսլամական աշխարհի օգնությանը՝ ֆինանսական ճեղքվածքը փակելու համար: Կատարը և Սաուդյան Արաբիան խոստացել են պաղեստինյան իշխանությունների հաշվին փոխանցել 33 մլն դոլար: Շարժմանը խոստացել է աջակցել նաև Դամասկոսը, որը դիմել է արաբական երկրներին՝ կոչ անելով փոխհատուցել Արևմուտքի կողմից դադարեցված ֆինանսական օգնությունը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կարծիքով՝ «Համասի» հաղթանակը կնպաստի պաղեստինցիների միասնությանը: Նշենք, որ Սիրիան համարվում է «Համասին» սատարող երկիր, իսկ 1997թ. սեպտեմբերին Ամմանում «Մոսադի» գործակալների հետ հայտնի միջադեպից հետո Խալիդ Մաշաալը մինչև վերջերս ապրում էր Սիրիայում:
«Համասը» ստացել է նաև Իրանի աջակցությունը, որը խոստացել է իր վրա վերցնել ինքնավարության ինը ամսվա ծախսերը: Իրանը «Համասի» հաղթանակը դիտարկում է որպես լրացուցիչ գործոն՝ Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելու համար: Տարածաշրջանում իսլամական արմատական ուժերի հաղթանակը և դրանց աստիճանական քաղաքականացումը Թեհրանի համար դառնում են մերձավորարևելյան քաղաքականության նոր հանգրվան՝ դիմագրավելու իսլամական աշխարհը բռնի «ժողովրդավարացնելու» և Մեծ Մերձավոր Արևելք ստեղծելու ամերիկյան քաղաքականությանը: Թեհրանում «Համասի» հաղթանակը նույնիսկ կապում են Իրանի իսլամական հեղափոխության նվաճումների հետ և վստահեցնում, որ պաղեստինցի ժողովուրդը պատրաստ է ռազմական ճանապարհով դիմագրավել սիոնիստական օկուպացիոն վարչակարգին:
Ստեղծված իրավիճակի վատթարացումից մտահոգված են նաև պաղեստինցիները: Վերջերս անցկացված հարցախույզի տվյալների համաձայն՝ ՊԱԻ բնակչության երեք քառորդը կցանկանար, որպեսզի «Համասը» հրաժարվեր Իսրայելին ոչնչացնելու գաղափարից: Հարցվածների 84 տոսկոսը հույս ունի, որ շուտափույթ կերպով Իսրայելի հետ հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր կնքել: «Համասը» պատրաստ է իրականացնել իր ընտրազանգվածի պահանջները՝ Իսրայելի հետ տասը տարվա զինադադար կնքելով, պայմանով, որ նա հեռանա 1967 թվականին գրաված պաղեստինյան բոլոր տարածքներից: «Համասը» պահանջում է ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաքը դարձնել Երուսաղեմը, վերադարձնել փախստականներին, իսրայելական բանտերից ազատել պաղեստինցի ձերբակալվածներին, ինչպես նաև հնարավորություն ստեղծել «Համասի» անդամներին՝ Ղազայից տեղափոխվել Արևմտյան ափ՝ Ռամալլահ, ինքնավարության նստավայրը, ինչն Իսրայելն արգելել է:
Բնականաբար, «Համասի» հաղթանակը կանդրադառնա նաև 2006թ. մարտին Իսրայելում խորհրդարանական ընտրությունների վրա: Չի բացառվում, որ իշխանության գան առավել արմատական ուժեր` ի դեմ «Լիկուդի»:
Իսկ մինչ այդ «Համասը» պատրաստվում է ստեղծել «տեխնոկրատների կառավարություն», եթե դա նրան հաջողվի, ինչը կարող է մեղմել միջազգային արձագանքը շարժման նկատմամբ: Ներկայումս շրջանառվում են վարչապետի մի քանի թեկնածուների անուններ:
«Համասի» հաղթանակը, ըստ էության, կարող է արմատապես փոխել իրադրությունը ոչ միայն Պաղեստինում և Իսրայելում, այլև ողջ տարածաշրջանում: Չհրաժարվելով իր կոշտ արմատական սկզբունքներից, «Համասը» կարող է պաղեստինցիներին գցել բարդ իրադրության մեջ. Պաղեստինը կարող է ընդգրկվել «չարի առանցքում», որի դեպքում հնարավոր է Աֆղանստանում Տալիբանի և Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի դեմ ԱՄՆ հայտնի գործողությունների տարբերակը:
Չի բացառվում նաև, որ «Համասը», իշխող կուսակցություն և քաղաքական ուժ դառնալուց հետո, վերանայի իր գաղափարախոսությունն ու մարտավարությունը, ինչպես դա եղավ «Ֆաթհի» պարագայում: Սակայն, ինչպես կարծում է եգիպտական հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանին, անգամ եթե «Համասը» որոշի փոխել իր քաղաքականությունը, դրա համար կպահանջվի ամենաքիչը կես տարի:
Ինչևէ, «Համասի» հաղթանակը կայացած իրողություն է, և ինչպես նշել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան, միջազգային հանրությունը ստիպված է գոյակցել Պաղեստինի նոր իշխանության հետ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]