• am
  • ru
  • en
Версия для печати
13.04.2006

Իրաք. պատերազմի և խաղաղության միջև

Руский

   

Արաքս Փաշայան

ԱՄՆ-ի կողմից Իրաքի գրավումից և Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո ընկած տարիներին ոչ միայն հնարավոր չեղավ այդ երկրում հիմնել արևմտյան դեմոկրատիայի վրա խարսխված պետական կառույցներ, այլև կասկածի տակ դրվեց Իրաք պետության գոյությունը:

2006թ. փետրվարի 22-ին Սամարա քաղաքի ոսկեգմբեթ «Ալ-ասքարիյա» մզկիթի մոտ տեղի ունեցած հուժկու պայթյունն ավելի սրեց Իրաքի կրոնադավանական երկու գլխավոր համայնքների՝ սուննիների և շիաների միջև առանց այդ էլ առկա լարվածությունը: Դրան հաջորդեցին շիաների պատասխան ահաբեկչական գործողությունները սուննիների և նրանց պատկան մզկիթների վրա Բաղդադում և այլ բնակավայրերում: Բռնությունների զոհ դարձան հարյուրավոր մարդիկ Իրաքի տարբեր շրջաններում: Մայրաքաղաքում հայտարարվեց պարետային ժամ, իսկ նախագահ Ջալալ Թալաբանին վարչապետ, դավանանքով շիա Իբրահիմ ալ-Ջաֆարիին կոչ արեց հրաժարական տալ՝ հանուն ազգային միասնության: Նա նաև նշեց, որ երկիրը ներքաշված է դավադրության մեջ:

Ս.Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո Իրաքի բնակչության շուրջ 60%-ը կազմող շիաները, այս երկրի պատմության մեջ առաջին անգամ փորձելով ձերբազատվել սուննի փոքրամասնության գերիշխանությունից, իրենց ձեռքն են վերցրել իշխանական լծակների զգալի մասը: Ի պատասխան, 2003-ից սկիզբ առած սուննիական հակազդեցությունն աստիճանաբար արմատացավ՝ վերածվելով լայնածավալ ահաբեկչությունների: Ներկայումս շիաների և սուննիների՝ միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը ձեռք է բերել բռնարարքների շղթայի տեսք՝ քաղաքական և կրոնական գործիչների, խաղաղ բնակիչների սպանություն, զինված հարձակումներ, մզկիթների պայթեցումներ և այլն:

Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները որոշակի հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ հեռու ապագայում բախումներն Իրաքում կարող են վերաճել քաղաքացիական պատերազմի: Իրաքի իշխանությունները, փաստորեն, ի զորու չեն վերահսկել իրավիճակը, ապահովել երկրի կայունությունն ու անվտանգությունը, իսկ ներկա փուլում օկուպացիոն զորքերի հնարավոր դուրսբերումը կարող է հանգեցնել երկրում բացարձակ անիշխանության:

Իրաքում իրավիճակի անվերահսկելիությունը հղի է մի շարք ծանր հետևանքներով: Առաջին հերթին, սպառնալիքի տակ կարող է դրվել երկրի միասնականությունը: Իրաքի հնարավոր մասնատման արդյունքում` հյուսիսում կարող է ձևավորվել քրդական պետություն: Քրդական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե քաղաքացիական պատերազմի դեպքում պաշտոնապես կհռչակի Իրաքյան (կամ Հարավային) Քուրդիստանի անկախությունը: Չի բացառվում նաև, որ քրդերը դաշնակցեն հակամարտ կողմերից որևէ մեկի, առավել հավանական է՝ շիաների հետ: Քրդական գործոնի ակտիվացումից զգուշանում են, առաջին հերթին, Թուրքիան, Սիրիան և Իրանը: Իրաքի մասնատմանը դեմ են նրա սահմանակից բոլոր երկրները, որոնք քաղաքացիական պատերազմի դեպքում կարող են ներգրավվել հակամարտության մեջ:

Այսօր մի բան պարզ է. վերականգնել Իրաքը որպես միասնական և կայուն պետություն` շատ բարդ և դժվար գործ է, քանի որ քաղաքական տարբեր խմբավորումների միջև լուրջ տարաձայնություններ կան՝ կապված Իրաքի պետական, տարածքային-քաղաքական հարցերի հետ:

Ինչպես նշեցինք, Իրաքում խիստ պայթյունավտանգ այս իրավիճակը շատ թե քիչ զսպող գործոնը երկրում ամերիկյան ռազմական ներկայությունն է: Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե նպատակ ունի զգալիորեն կրճատել կամ ընդհանրապես դուրս բերել զորքերը երկրից, միայն այն դեպքում, եթե տեղական բանակը և ոստիկանությունն ի վիճակի լինեն ապահովել անվտանգությունն ու կարգուկանոնը: Սակայն ե՞րբ իրաքցի ուժայինները կարող են ինքնուրույն իրականացնել այդ գործը, պարզ չէ: Ամերիկյան փորձագետները նշում են տարբեր ժամկետներ՝ ընդհուպ մինչև չորս տարի:

Այսօր Իրաքը վերաճել է նաև ահաբեկչության «էպիկենտրոնի», ինչպիսին Աֆղանստանն էր խորհրդային ներխուժման տարիներին, որտեղ ռազմական պատրաստվածություն անցած մոջահիդները հետագայում դարձան ահաբեկչական խմբավորումների հիմնական ռեսուրսը և սկսեցին գործել իսլամի ավանդական տարածման շրջաններում ու դրանից դուրս: Այսօր Իրաքում գործում են ահաբեկչական մի շարք խմբավորումներ, որոնց կորիզը տարբեր երկրներից Իրաք ներթափանցած վարձկաններն են:

Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար ներկայումս առաջ է քաշվում ազգային միասնության կառավարության ձևավորման հարցը: Ըստ այդմ՝ քաղաքական պաշտոնները կբաժանվեն ոչ ըստ կրոնական կամ էթնիկ պատկանելության. կարևոր նախապայման է, որպեսզի իշխանության գան այն գործիչները, ովքեր իսկապես ձգտում են Իրաքի միասնականությանն ու անկախությանը, աչքի են ընկնում արհեստավարժությամբ, անկաշառությամբ, կենտրոնամետ տրամադրություններով: Այս տեսանկյունից խիստ կարևոր դերակատարություն պետք է ստանձնեն նորացված և արդյունավետ գործող ուժային կառույցները: Բացի այդ, անհրաժեշտ է լուծարել պարտիզանական խմբերը՝ դրանց ուժերն ուղղորդելով քաղաքական պայքարի մեջ: Կարևոր նախապայման է, որպեսզի երկիրն ունենա խարիզմատիկ առաջնորդ, որը չի վախենա կտրուկ քայլերից: Ցանկացած մարդ, որին կարող է իշխանության բերել ԱՄՆ-ը, ի սկզբանե դատապարտված է:

Այսօր երկիրը քաղաքացիական պատերազմից զերծ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի կրոնադավանական երկու համայնքներն արդյունավետ երկխոսություն սկսեն՝ հանդես բերելով չափավոր և հանդուրժողական կեցվածք միմյանց նկատմամբ: Մինչդեռ թե՛ շիաները և թե՛ սուննիներն իրենց շահերն ու հետաքրքրությունները ոտնահարված և վտանգված են համարում, և փոխադարձ զիջումների գնալու պատրաստակամությունը տեսանելի չէ: Չնայած այս հանգամանքին, փետրվարի 25-ին Բաղդադում շիա և սուննի համայնքների հոգևոր առաջնորդների հանդիպմանը որոշվեց ստեղծել համազգային կրոնական-քաղաքական մարմին, որը կփորձի օպերատիվ կերպով արձագանքել ծայրահեղականների գործողություններին, որոնք ձգտում են միջկրոնական բախումների միջոցով ապակայունացնել իրավիճակն Իրաքում:

Անշուշտ, սխալ կլինի կարծել, թե առանձին հայտարարությունների միջոցով հնարավոր է հաղթահարել երկուստեք առկա անվստահությունը, իսկ առանձին դեպքերում՝ նաև թշնամությունը: Չի բացառվում, որ անկայուն այս իրավիճակը (հակամարտությունը շիաների և սուննիների միջև, թույլ կենտրոնական իշխանությունը, անվտանգության ցածր մակարդակը, բանակի և ոստիկանության ոչ արդյունավետ գործունեությունը, անջատողական ձգտումները) երկար շարունակվի:

ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը հայտարարել է, որ լուրջ չի վերաբերվում Իրաքում քաղաքացիական պատերազմի հնարավորությանը: Սակայն նրա հետ կարծես թե համամիտ չէ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջ.Նեգրոպոնտեն, որն ասել է, թե նման սցենարը կհանգեցնի ընդհուպ մինչև Մերձավոր Արևելքի սուննի և շիա պետությունների բախմանը:

Բուշի վարչակարգի իրաքյան քաղաքականությունը խիստ քննադատության է արժանանում ամերիկյան մի շարք առաջատար քաղաքագետների և վերլուծաբանների, այդ թվում` Զ.Բժեզինսկու և Ֆ.Ֆուկույամայի կողմից: Վերջինիս կարծիքով` ԱՄՆ-ը պետք է վերանայի միլիտարիզմն իր արտաքին քաղաքականության, այդ թվում` իրաքյան ուղղության մեջ: «Այսօր, երբ մենք կանգնած ենք Իրաք ներխուժման երրորդ տարելիցի նախաշեմին, գրեթե ակնհայտ է, որ պատմության դատաստանն ինքնին պատերազմի և այն ծնող գաղափարախոսության նկատմամբ, դաժան կլինի»,–նշում է նա:

Ֆ.Ֆուկույաման քննադատում է Իրաքը և ամբողջ Մերձավոր Արևելքը դեմոկրատացնելու` նեոպահպանողականների ծրագրերը: Ըստ նրա` Վաշինգտոնը ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել Իրաք ներխուժումը. նա արհեստականորեն մեծացրեց այն սպառնալիքը, որ ներկայացնում էր արմատական իսլամը` մոլեռանդ ահաբեկիչներին շփոթելով «իրաքյան» սպառնալիքի հետ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր