Գլոբալ ահաբեկչական սպառնալիքը 2006 թվականին
Ռոհան Հունարաթնան Սինգապուրի Քաղաքական բռնության և ահաբեկչության ուսումնասիրման միջազգային կենտրոնի ղեկավարն է, «ալ-Կաիդայի» գծով ճանաչված փորձագետ: Ծնունդով շրիլանկացի դոկտոր Հունարաթնան նախկինում եղել է ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի ավագ քննիչ:
Գնահատական
Ահաբեկչական վտանգը գլոբալանում է, և կառավարությունների մեծ մասն ահաբեկչությանն սկսում է վերաբերվել որպես սեփական ազգային ավտանգությանն ուղղված սպառնալիքի: Սակայն, չնայած ահաբեկչության դեմ պայքարում պետական ներդրումների աճին, 2006 թվականին ահաբեկչության հաճախությունն ու մահաբերությունը կավելանան: Իրաքում ահաբեկչական գործողությունների բորբոքումը և Աֆղանստանում բռնության վերսկսումը կմեծացնեն քաղաքականապես հիմնավորված բռնության սպառնալիքը` ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային ու Հարավարևելյան Ասիայում: Ներգաղթածների շարունակական արմատականացման պատճառով սպառնալիքը Հյուս. Ամերիկային, Եվրոպային և Ավստրալիային ևս կմեծանա:
Միևնույն ժամանակ, «ալ-Կաիդայի» հզորությունն աստիճանաբար կնվազի, իսկ ջիհադի գլոբալ շարժման վտանգը կաճի: Ահաբեկչական բջիջների նկատմամբ իշխանությունների մեկընդմեջ հաջողությունները «կփոխհատուցվեն» Իրաքում ապստամբական լայն շարժումով: Գրոհներն Իրաքում ազդում են ողջ աշխարհի իսլամիստական խմբերի վրա` ինչպես աջակցության, այնպես էլ ԱՄՆ ու նրա դաշնակիցների օբյեկտների վրա հարձակումների առումով: Ինչպես Ուսամա բեն Լադենը կառուցեց գլոբալ ահաբեկչական ցանց` օգտագործելով Աֆղանստանը, այնպես էլ ազ-Զարքավին, «ալ-Կաիդայի» հետ զուգահեռաբար, Իրաքն օգտագործում է սեփական գլոբալ ցանցի ստեղծման համար: Հաշվի առնելով, որ առաջնորդներն ու գլխավոր սպաները ձերբակալված են, ազ-Զարքավին Հյուս. Ամերիկայից մինչև Ասիա «ալ-Կաիդայի» բջիջների վրա հսկողություն ստանալու հնարավորություն է փնտրում: Ապստամբական շարժումն Իրաքում նոր կյանք կպարգևի ջիհադի գլոբալ շարժմանը:
Ջիհադի «սրբապատկերները»
Մինչ «ալ-Կաիդան»` որպես օպերատիվ կառույց, կորցնում է ուժը, գլոբալ ջիհադի նրա գաղափարախոսությունը վարակում է ավելի ու ավելի նոր խմբերի: Մյուս կազմակերպություններն օգտագործում են «ալ-Կաիդայի» մարտավարությունը` մասնավորապես, անձնասպանական գործողությունները: Արևմտյան թիրախների վրա միաժամանակյա գրոհների կազմակերպման օպերատիվ կարողությունը մեծանում է:
Քանզի արմատական մուսուլմաններն իսլամը տեսնում են Արևմուտքի սպառնալիքի տակ, ուստի ազ-Զարքավիին համարում են ԱՄՆ-ին դիմակայության խորհրդանիշ: Օրինակ` բրիտանական բջջի առաջնորդ Մուհամեդ Սիդիք Խանը, որը պատասխանատու է Լոնդոնում հուլիսի 7-ի ահաբեկչությունների համար, հարգանքի տուրք մատուցեց բեն Լադենին, նրա տեղակալ Այման ալ-Զավահիրիին և ազ-Զարքավիին: Ներկայումս ահաբեկչական ցանցի վրա բեն Լադենի ազդեցությունը փոխարինվել է ազ-Զարքավիի ազդեցությամբ: Ազ-Զարքավին զգալի ազդեցություն է ձեռք բերել լիբիական, ալժիրյան, թունիսյան ու եգիպտական, ինչպես նաև Պարսից ծոցի ահաբեկչական բջիջներում: Ահաբեկչական վեբ-կայքերում ու մամուլում գերակայում է ազ-Զարքավիի իրականացրած ահաբեկչական գործողությունների լուսաբանումը` թողնելով բեն Լադենին և «ալ-Կաիդային» ստվերում: Ազ-Զարքավին, որը մամուլով մանիպուլացման վարպետ է, ջանում է դառնալ գլոբալ ջիհադի խորհրդանիշ: Ամենայն հավանականությամբ, ալ-Զավահիրիի ու ազ-Զարքավիի միջև խզումը կարտահայտվի հենց 2006թ.:
Մերձավոր Արևելք
Հետախուզական նոր կառույցների ստեղծման մեջ ԱՄՆ ներդրումների աճով և Պակիստանի հետախուզության հետ նրա համագործակցության ընդլայնմամբ` մեծանում է «ալ-Կաիդայի» ղեկավարությանը սպառնացող վտանգը: Ըստ ամենայնի, 2006թ. «ալ-Կաիդայի» վերնախավն աննախադեպ կորուստներ կկրի: Մինչ Իրաքը մնում է ազ-Զարքավիի համար հիմնական գործողությունների ասպարեզ, նա կփորձի հարված հասցնել Իրաքի սահմաններից դուրս: Հնարավոր է, կրկնվեն 2004թ. ապրիլին Հորդանանում քիմիական հարձակման փորձն ու 2005թ. նոյեմբերին երեք միջազգային հյուրանոցներում մահապարտների իրականացրած գործողությունները, կարող է նույնիսկ փորձ արվի` գրոհել Մերձավոր Արևելքի կամ Արևմուտքի օբյեկտները: Այդ ժամանակ ազ-Զարքավիին աջակցելու համար ստեղծված բջիջները կվերափոխվեն ահաբեկչություններ իրականացնող բջիջների: Իրաքյան ցանցերն արդեն ներթափանցել են առնվազն 10 եվրոպական երկրներ, ինչպես նաև Մաղրիբ, Լևանտ, Պարսից ծոց և ձգտում են հիմնավորվել Ասիայում:
Հարավային և Հարավարևելյան Ասիա
Սեպտեմբերի 11-ից հետո ձևավորված իրավիճակը վկայում է ինչպես գոյություն ունեցող խմբերի հզորության աճի, այնպես էլ Հարավային և Հարավարևելյան Ասիայում նոր իսլամիստական կազմավորումների առաջացման մասին: Չնայած «ալ-Կաիդայի» բջիջների հետ պայքարում գեներալ Մուշարաֆի նշանակալից հաջողություններին, տեղական պակիստանյան խմբերը շարունակում են սատարել «ալ-Կաիդային»: Laskar-e-Toiba, Jayash-e-Mohamed, Harakat-ul-Jihadi-Islami պակիստանյան խմբերն «ալ-Կաիդայի» հետ կիսում են միևնույն մարզական ճամբարները և օգնում նրան գոյատևելու: Որպեսզի փոխհատուցվեն Աֆղանստանի ճամբարների կորուստները, Հարավային Ասիայում «ալ-Կաիդայի» մերձավոր զինակից «Ջեմաա Իսլամիան» (Jemaah Islamiyah) նոր ճամբարներ ստեղծեց Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում: Այս կազմակերպությունը մարզում էր Աբու Սայաֆի խմբին, Մորոյի իսլամական ազատագրության ճակատին, որոնց միջև գաղափարախոսական, ֆինանսական և մարզական համագործակցությունը շարունակ աճում է:
Միևնույն ժամանակ, մերձավորարևելյան խմբավորումների ազդեցությունն ասիական խմբերի վրա գնալով ավելի է մեծանում: Առաջին. նրանց ապակենտրոնացված ցանցերն ահաբեկչական գործողությունների անցկացման համար ֆինանսական օգնություն են տրամադրում հարավասիական խմբերին: Երկրորդ. ասիական գաղափարախոսների բացակայության պարագայում մերձավորարևելյան գաղափարախոսները, ինչպիսին Աբու Մուհամեդ ալ-Մաքդիսին է (ազ-Զարքավիի ուսուցիչը), ազդում են ասիական իսլամիստների վրա: Երրորդ. Ասիայում հայտնվել են Մերձավոր Արևելքի ահաբեկչական տեխնոլոգիաները. օրինակ` ավտոմոբիլներում տեղադրված նույնանման ռումբեր, որոնք գտնվել էին Մեծ Բրիտանիայում, Իրաքում ու Սաուդյան Արաբիայում, հայտնաբերվել են Պակիստանում, Թաիլանդում և Ֆիլիպիններում: Չորրորդ. գլխատման գործողությունները, որ կատարվում են Իրաքում, կիրառվում են Պակիստանում, Աֆղանստանում ու Թաիլանդում: Թերևս, ժամանակի ընթացքում, ջիհադի սպառնալիքի աճին զուգընթաց, այդ միտումներն Ասիայում ավելանան: Ասիական իսլամիստների հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են սատարել ջիհադի իրաքյան իրենց եղբայրներին: 2005թ. Laskar-e-Toiba խումբն իր մարտիկներին ուղարկեց Իրաք, և հարավասիական խմբավորումները, ամենայն հավանականությամբ, կկրկնեն այդ ճանապարհը:
Բանգլադեշում իսլամիստական խմբավորումների նկատմամբ վերահսկողության իրականացման գործում իշխանությունների անհաջողությունը, թերևս, ոգևորի Jamiatul Mujahidin Bangladesh-ին: Այս խումբն ի վիճակի է ահաբեկչություններ իրականացնել երկրի սահմաններից դուրս, մասնավորապես, Հնդկաստանում: Չնայած միջազգային միջամտությանը, ապստամբների շարժումը Նեպալում 2006 կամ 2007 թվականներին կարող է հանգեցնել մաոիստական կառավարության ձևավորմանը: Խաղաղ գործընթաց տանելու Նորվեգիայի անհաջողության հետևանքով, ըստ ամենայնի, «Թամիլ-Իլամի ազատագրության վագրերը» 2006թ. նոր փորձեր կձեռնարկեն` սպանելու առանցքային քաղաքական առաջնորդներին ու հրամանատարներին և իրականացնելու խոշոր ահաբեկչական գործողություններ Շրի Լանկայի հարավում: Չնայած իրենց մայրաքաղաքներում հատուկենտ ահաբեկչություններին, Հնդկաստանի ու Պակիստանի առաջնորդները կաշխատեն միասին, որպեսզի խաղաղություն հաստատեն Քաշմիրում: Աֆղանստանում ԱՄՆ ուժերը կփոխարինվեն ՆԱՏՕ զորքերով: Ասիայում ահաբեկիչների համար «ամենահամեղ» պատառները` Քարզայը և Մուշարաֆը, ամենայն հավանականությամբ, կենթարկվեն ոչնչացման նոր փորձերի:
Վերջաբան
Որպեսզի նվազեցվի գլոբալ ահաբեկչական սպառնալիքը, անհրաժեշտ են գործողություններ երեք ուղղությամբ: Առաջին. աջակցել իսլամական վերնախավերին` գլոբալ ջիհադի գաղափարախոսությանը կոշտ պատասխանելու համար: Երկրորդ. բարձրացնել հետախուզության և օպերատիվ գործողությունների որակը` ահաբեկչական բջիջները վնասազերծելու համար: Երրորդ. հնարավորություն ստեղծել` տարածաշրջանային հակամարտություններն արագ լուծելու համար, որոնք բնակչությանը բերում են տառապանքներ, հանգեցնում փախստականների տեղաշարժերի և, որպես հետևանք, պոտենցիալ ահաբեկիչների առաջացման:
Առանց գլոբալ ջիհադի գաղափարախոսությանը քաղաքական ու գաղափարախոսական հակակշիռ ստեղծելու և տարածաշրջանային հակամարտությունները լուծելու, ուր տառապում են մուսուլմանները, ահաբեկչական խմբերն ու նրանց օժանդակության բազան կաճեն. նրանք կվերականգնեն իրենց մարդկային կորուստները: Այսպիսով, կառավարությունները ոչ միայն պետք է անմիջականորեն օպերատիվ պատասխան տան ահաբեկիչներին, այլև ռազմավարական հակազդեցություն ցույց տան ահաբեկչությանը:
Նանյանի տեխնոլոգիական համալսարանին առընթեր պաշտպանության և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ
http://www.agentura.ruդեպի ետ